
Կառավարությունը պատասխանել է բնապահպանի բաց նամակին. այն նոր հարցեր է առաջացրել
Օրեր առաջ «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանն ստացել է ՀՀ վարչապետին ուղղված բաց նամակի պատասխանը: Այն բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Խ. Աղաբեկյանի անունից է:
Կապանցի բնապահպանն այս տարվա մարտին բաց նամակով վարչապետին կոչ էր արել Սյունիքում բնապահպանական վիճակի գնահատում և առողջական խնդիրների հետազոտություն իրականացնել: «Հասարակության լայն շրջանակներում հաճախակի են քննարկվում Սյունիքի մարզում տարատեսակ հիվանդությունների տարածվածության մասին մտահոգությունները (սիրտ-անոթային, օնկոլոգիական հիվանդություններ, չբերություն, անոմալ ծնունդներ և այլն), որոնց անհաղորդ են պատկան մարմինները»,- ասվում է նամակում:
Պատասխան-նամակում մեջբերվել են պետական կառույցների կայքերի հղումներ, որտեղ ներկայացվել է բնակչության շրջանում արված առողջության մասին որոշակի վիճակագրություն: Սակայն այդ վիճակագրական տվյալների մեթոդաբանությունը, ըստ Փարսադանյանի, հստակորեն չի նշվում: «Կարևորը մեթոդաբանությունն է, որպեսզի իմանանք տվյալ բնակավայրերի բնակիչների առողջական խնդիրները: Դրա համար պետք է իրականացնենք համալիր, այլ ոչ թե միակողմանի ուսումնասիրություններ: Եթե ներկայացվում է, որ Սյունիքում, օրինակ, օնկոլոգիական հիվանդությամբ այսքան մարդ կա, պետք է նշել, թե կոնկրետ ինչ տվյալներ են. միգուցե դա տեղի՝ Սյունիքի բժշկական կենտրոնների կողմից ներկայացված տվյալ է, կամ առհասարակ Հայաստանում բժշկական կենտրոններին դիմող սյունեցիների քանակն է»,- ասում է Ա. Փարսադանյանը:
Բնապահպանն ասում է նաև, որ կառավարությունը նամակում խոստովանում է, որ բնապահպանական վիճակի համալիր հետազոտություն չի իրականացնում, որպեսզի հասկանանք, թե ինչ ազդեցություն ունի այն տվյալ միջավայրում ապրող քաղաքացիների վրա: Իսկ դրանով, ըստ Փարսադանյանի, խախտվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի 5-րդ հոդվածը:
Իսկ պատասխան-նամակն ավելի շատ հարցեր է առաջացրել: Բնապահպանի կարծիքով՝ կառավարությունը համալիր ուսումնասիրություններ չի իրականացնի, և եթե նույնիսկ ունենա տվյալներ, չի հրապարակի արդյունքները: Իսկ պատճառն այն է, որ այդ արդյունքները «տխուր կլինեն Սյունիքի մարզի համար»:
ԲՆ-ի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի աշխատանքին անդրադառնալով՝ Արմեն Փարսադանյանն նշում է, որ բաժինը չունի տեխնիկապես հագեցած լաբորատորիա, այն վերազինելու անհրաժեշտություն կա: «Պետական վերահսկողությունն անբավարար եմ գնահատում, որովհետև վթարների դեպքում տուգանքների չափերը զավեշտալի են, նույնիսկ տեսանյութերում ակնհայտ երևում է շրջակա միջավայրին հասցված վնասները, սակայն դրանք կամ անտեսվում են, կամ էլ անհամաչափ տուգանք են նշանակում»,- ասում է նա՝ կրկին շեշտելով, որ այսօր հրատապ հարց է հանքարդյունաբերության հետևանքով մարդկանց առողջությունը գնահատելը: Պատճառներից մեկն օրեցօր ընդլայնվող հանքարդյունահանման ծավալներն են, նոր հայտեր են ներկայացվում երկրաբանական ուսումնասիրությունների համար: Ըստ մեր զրուցակցի՝ թեև հիմա միջազգային շուկայում մետաղների գները նվազել են, և գուցե որոշակիորեն պակասել է նաև հետաքրքրությունը հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ուղղությամբ, բայց այն կարող է փոխվել:
Օրերս բնապահպանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին գրավոր հարցեր է ուղարկել: Ա. Փարսադանյանի խոսքով՝ նոր տնօրինությունը շարունակում է վարել նախորդի ոչ թափանցիկ գործելաոճը: Նա նշում է, որ բազմիցս փորձել է հանդիպել նոր տնօրինությանը, բայց վերջինս, կարծես, հրաժարվում է հանդիպումներից: «Չգիտենք՝ թե ինչ թերացումներ կամ դրական տեղաշարժեր են լինում կոմբինատում: Դա է պատճառը, որ նամակ եմ գրել: Մի քանի հարցադրումներ եմ կատարել՝ տնտեսական, բնապահպանական և սոցիալական: Տնօրինությունը պետք է հասկանա, որ թափանցիկ պետք է աշխատի ՀԿ-ների և մամուլի հետ, և նման փակ աշխատաոճը չի բխում իր շահերից»,- նշում է կապանցի բնապահպանը:
Նրա կարծիքով՝ պետությունը խնդիր պետք է դնի իր առջև, թե տվյալ միջավայրում տվյալ ընկերությունը, արդյունահանման ծավալներն ընդլայնելով, ի՞նչ խնդիրներ է լուծում և առաջացնում: «Պետությունը պետք է նժարին դնի՝ ինչքանո՞վ են համադրելի այս իրավիճակները՝ արտադրողականության ծավալներն ընդլայնի և գենոֆոնդն ապականի՞, թե՞ տնտեսական կարճաժամկետ խնդիր ապահովի»,- ավելացնում է Արմեն Փարսադանյանը:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել