HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կեղծարարությունները կատարվում են գործադիր իշխանության ակտիվ միջամտությամբ»

Հարցազրույց Ադրբեջանի «Հանուն քաղաքացիական հասարակության» ՀԿ նախագահ Էլդար Իսմայլովի հետ

- Ադրբեջանում ձեւավորվե՞լ է իրական բազմակուսակցական համակարգ, ո՞րն է գործող քաղաքական կուսակցությունների հիմնական տարբերությունները, նրանց ազդեցության չափը։ Արդյո՞ք ստեղծվել են պայմաններ նրանց գործունեության համար։

- Զուտ իրավաբանական տեսանկյունից՝ կարելի է ասել, որ Ադրբեջանում ձեւավորվել է բազմակուսակցական համակարգ։ Բայց մեր երկրի կուսակցությունները գտնվում են անհավասար պայմաններում։ Անկասկած, առավել նպաստավոր պայմաններ ստեղծված են իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության, եւ շատ ավելի նվազ պայմաններ՝ մնացած կուսակցությունների համար։ Բացի այդ, խիստ թույլ է բազմակուսակցական համակարգի սատարման մեխանիզմը։ Կարելի է վստահորեն պնդել, որ փոքրամասնություն կազմող կուսակցությունները, որոնք «Յենի Ազերբայջանի» «կրտսեր եղբայրներն են», իրենց լավագույն օրերը չեն ապրում։

Դրա պատճառն այն է, որ կուսակցություններն ի վիճակի չեն իրենց նյութապես ապահովել։ Ուստի, ո՛չ այդպիսի կուսակցությունների քանակն է ավելանում, ո՛չ էլ դրանց անդամների քանակը։ Այսօրվա դրությամբ, բացի իշխող եւ ընդդիմադիր կուսակցություններից, Ադրբեջանում կա կուսակցությունների մի երրորդ խումբ, որը հստակ կեցվածք չունի երկրի առջեւ ծառացած խնդիրների նկատմամբ։ Այդ խումբն ունի բավական մեծաթիվ անդամներ, բայց ինձ համար մեծ գատնիք է մնում, թե նրանք ի՞նչ գաղափարներով են առաջնորդվում։ Ձեւականորեն հանդես գալով որպես ընդդիմադիր՝ դրանք, ըստ էության, իշխանամետ կուսակցություններ են։ Իմ կարծիքով, հենց այս կուսակցություններն են կոչված Ադրբեջանում ստեղծելու բազմակուսակցականության պատրանք։ Կա եւս մի հանգամանք, որի մասին հարկ է խոսել։ Ինձ թվում է, որ հնացել է կուսակցությունների գործունեությունը կարգավորող օրենսդրական բազան։

Ժամանակին ընդունված «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքը կարիք ունի վերամշակման եւ ներկա պայմաններին հարմարեցման։ Բայց այս հնացած օրենքի մեջ փոփոխություններ մտցնելու մասին միտքն անգամ հարուցում է հայրենի ընդդիմության ներկայացուցիչների անթաքույց վրդովմունքը։ Եւ դա բնական է։ Չէ՞ որ ընդդիմադիրները ենթադրում են, որ օրենքում որոշակի փոփոխություններ մտցնելուց հետո իրենց՝ առանց այդ էլ ոչ նախանձելի վիճակը է՛լ ավելի կվատանա։ Իհարկե, ներկա իրողությունների պայմաններում, իրադարձությունների նման ընթացքը չի բացառվում, քանզի երկրի ներքաղաքական կյանքի ամենամեծ խնդիրներից մեկը չափից շատ թշնամանքն է ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների եւ իշխող «Յենի Ազերբայջանի» միջեւ։

Ցավոք, երկու կողմերն էլ չափից շատ ժամանակ են վատնում խոսքակռվի եւ հրապարակային անվանարկումների վրա։ Ավելին, հաճախ ընդդիմության ներկայացուցիչներն անհաշտ բանավեճի մեջ են մտնում հակաիշխանական ճամբարի՝ իրենց, իբրեւ թե, բնական դաշնակցի հետ։ Ցավոք, ստիպված ենք նաեւ արձանագրել, որ ընդդիմադիր կուսակցությունները չեն ստեղծել իրենց կայունությունն ապահովող մեխանիզմներ։ Ուստի, այսօր Ադրբեջանում գործող բազմակուսակցական համակարգը մեծ չափով արդյունք է արհեստական ջանքերի։

Այո՛, իշխանության ներկայացուցիչները շահագրգռված չեն, որ ընդդիմադիր կուսակցություններն ասպարեզից դուրս գան։ Այո՛, իշխանությունը որոշակի ջանքեր է թափում, որպեսզի ընդդիմադիր կուսակցությունները շարունակեն գոյություն ունենալ, բայց ոչինչ չի անում դրանց ամրապնդման համար, եւ դա միանգամայն բնական է։ Չէ՞ որ իշխանությանն առաջին հերթին մտահոգում է իր դիրքերի ամրապնդումը, եւ այն շահագրգռված չէ իրոք ուժեղ ընդդիմախոսի առաջացմամբ։ Բայց ընդդիմադիր կուսակցությունների եւ, մյուս կողմից, իշխող ու իշխանամետ կուսակցությունների ծրագրերի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանց միջեւ առկա տարբերությունն այնքան էլ մեծ չէ։

Սա խոսում է այն մասին, որ հայրենի կուսակցությունները չունեն լուրջ գաղափարաբանական հիմք։ Համենայն դեպս, ես չեմ կարող Ադրբեջանում գործող կուսակցությունները դասակարգել «ձախերի», «աջերի» եւ «կենտրոնամետների»։ Այս պայմաններում նույնիսկ Կոմունիստական կուսակացությունը, որը կարծես թե անհետացել էր, հռչակելով անցյալի զինանոցից փոխ առած սկզբունքներ՝ կարող է հայտնվել ավելի շահեկան դիրքում, քան իրարից ոչնչով չտարբերվող կուսակցությունները, որոնց գաղափարախոսական հիմքը մնում է խիստ աղոտ։

- Իրականում ի՞նչ նշանակություն ունեն ընտրությունները քաղաքական կուսակցությունների եւ հասարակության համար։

- Ցանկացած ընտրության հետ մարդիկ կապում են առկա իրադրության փոփոխության հույսեր։ Մինչդեռ հասարակության կյանքի համար Ադրբեջանում անցկացվող ընտրություններն իրական նշանակություն չունեն։ Եւ դա հասկանալի է, քանի որ Ադրբեջանում ընտրությունների արդյունքները հայտնի են նախօրոք։ Հետեւաբար, մնացած կուսակցությունների պարտությունը եւս կանխորոշված է։ Արդյունքում, ընտրազանգվածի այն մասը, որը նախկինում հույս ուներ, թե երկրում տեղի կունենան քաղաքական փոփոխություններ, այժմ արդեն կորցրել է հույսը, թե նման փոփոխությունների կարելի է հասնել ընդդիմության միջոցով։

Վերջինս ի ցույց է դրել իր կատարյալ անօգնականությունը ներկա իշխանության հետ պայքարում եւ գործնականում կորցրել իր նշանակությունը։ Ցավոք, հայրենի ընդդիմությունը, դասեր չքաղելով նախկին պարտություններից, նախանձելի համառությամբ շարունակում է օգտագործել քաղաքական պայքարի նույն մեխանիզմները, որոնք նախկինում նրան հաջողության չեն հասցրել։ Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա այն արդեն գտել է ստատուս քվոն պահելու հստակ մեխանիզմներ եւ հանգիստ գործադրում է դրանք՝ ստեղծելով սեփական դիրքերի անսասանության երեւութականություն, թեեւ ես համաձայն եմ, որ հաճախ այդ ստատուս քվոն պահպանելու մեթոդները չեն համապատասխանում ներկա իրողություններին եւ վերցված են անցյալի զինանոցից։

- Ի՞նչ ակտիվությամբ են քաղաքացիները մասնակցում ընտրություններին, ինչպե՞ս են օգտագործում իրենց ձայնի իրավունքը։

- Ես համաձայն եմ, որ տեղական ընտրություններում բնակչության ակտիվությունը լինում է խիստ ցածր։ Բայց դա ունի իր բացատրությունը. մեր քաղաքացիները տեղական իշխանությունների հետ հատուկ հույսեր չեն կապում։ Մինչդեռ, որքան էլ տարօրինակ թվա, հակառակ նշված բացասական գործոններին, խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում Ադրբեջանի քաղաքացիների ակտիվությունը բավական բարձր է։ Այո՛, ընտրողների մասնակցության տոկոսների մասին ԿԸՀ-ի հայտարարած տվյալները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, բայց ընտրողների 45-50% մասնակցությունը, ժամանակակից եվրոպական չափանիշների համաձայն, միանգամայն նորմալ արդյունք է։ Իսկ Ադրբեջանի խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում առկա է ակտիվության այդպիսի մակարդակ։ Շատ փորձագետների համար զարմանալի այս երեւույթը, իմ կարծիքով, ունի մի քանի պատճառ։

Օրինակ՝ Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենում մեծամասնական համակարգով, որը նախատեսում է կոնկրետ թեկնածուի ընտրություն, այլ ոչ թե ինչ-որ կուսակցության ներկայացուցչի։ Եւ բնակչության յուրաքանչյուր հատված կենտրոնանում է մի թեկնածուի վրա՝ առաջնորդվելով անձնական շահերով եւ համակրանքով, հույս ունենալով խորհրդարանում ունենալ սեփական ներկայացուցիչը։ Իսկ նախագահական ընտրությունների ժամանակ բնակչության բավական բարձր ակտիվությունն ինքնին հասկանալի է, քանի որ ընտրվում է երկրի ղեկավարը, այսինքն՝ որոշվում է երկրի ապագան։

- Արդյո՞ք ընտրությունները ժողովրդավարական են, եւ ի՞նչ դեր են խաղում արտաքին ուժերն ընտրություններում։

- Անկեղծ լինելու դեպքում չենք կարող Ադրբեջանում անցկացվող ընտրություններն անվանել ժողովրդավարական։ Բանը միայն այն չէ, որ մենք չենք վստահում ԿԸՀ-ի հայտարարած թվերին, այլ այն, որ ընտրություններում չափից շատ են պատահում բացահայտ կեղծարարություններ, որոնք կատարվում են գործադիր իշխանության ակտիվ միջամտությամբ։ Դա կոպիտ եւ անթաքույց ձեւով կատարվում է մեր քաղաքացիների եւ ընտրությունների ընթացքին հետեւող տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների աչքի առաջ։

Ինչ վերաբերում է արտաքին գործոնին, ապա այն ազդեցություն չի թողնում Ադրբեջանում անցկացվող ընտրությունների վերջնական արդյունքների վրա, ինչպես նաեւ չի նկատվում արտաքին ուժերի ակտիվ աշխատանքը՝ երկրում առկա վիճակը փոխելու ուղղությամբ։ Այդուհանդերձ, կասկածից վեր է, որ Ադրբեջանի քաղաքական իրադրության կայունությունը կախված է արտասահմանյան երկրներից։ Շատ հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես խոշոր տերությունների ներկայացուցիչները ընտրությունների նախնական կամ վերջնական արդյունքների ամփոփման ժամանակ անում են հայտարարություններ, որոնք դժվար է համարել կոռեկտ։

- Այս առնչությամբ, խիստ տեղին է հարցն այն մասին, թե, Ձեր կարծիքով, երկրում ինչպե՞ս են վերաբերվում ընտրություններին միջազգային դիտորդների տված գնահատականներին, եւ առհասարակ, Ադրբեջանում անցկացվող ընտրություններում ի՞նչ դեր է խաղում միջազգային դիտորդների ինստիտուտը։

- Սկսած 1998թ. նախագահական ընտրություններից՝ միջազգային դիտորդների՝ Ադրբեջանում անցկացվող ընտրությունների մոնիտորինգի որակն ավելի ու ավելի է ընկնում։ Նրանց մեծամասնությունն ի ցույց է դնում իր ոչ կոմպետենտությունը ընտրությունների մոնիտորինգի եւ գնահատման հարցում, իսկ հաճախ պարզապես խուսափում իր վրա դրված պարտականությունները կատարելուց։ Ուստի, բնակչության մեծ մասը, մեղմ ասած, զգուշավորությամբ է վերաբերվում մեր ընտրություններին միջազգային կազմակերպությունների տված գնահատականներին։ Մեր ընտրությունների նկատմամբ միջազգային դիտորդների այդպիսի վերաբերմունքը ձեւավորվել է աստիճանաբար, ընտրությունից ընտրություն։ Բայց վերջին տարիներին մեր ընտրությունների նկատմամբ նրանց բացահայտ արհամարհական վերաբերմունքն ուղղակի վրդովեցուցիչ է։

Աքպեր Հասանով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter