HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարցազրույց Ադրբեջանի Անկախ իրավաբանների լիգայի նախագահ Իսահան Աշուրովի հետ

Հարցազրույց Ադրբեջանի Անկախ իրավաբանների լիգայի նախագահ Իսահան Աշուրովի հետ

- Ոստիկանությունը երկրի իրավապահ մարմինների բաղկացուցիչ մասն է, ինչպե՞ս է նա կատարում քաղաքացու անվտանգության, օրենքի, կարգի պաշտպանության իր գործառույթը:

- Մեր հասարակության մեջ ոչ միայն լավ գիտեն այդ տհաճ, բայց անկհայտ փաստը, որ ադրբեջանական ոստիկանությունն անկարող է կատարել իր հիմնական գործառույթները, այլեւ ձանձրացել են այդ մասին խոսելուց։ Բայց սա միայն մեր օրինապահների առանձնահատկությունը չէ։ Ըստ իմ դիտարկումների՝ հետխորհրդային տարածքի բոլոր երկրներում առկա է ՆԳ մարմինների անհամապատասխանությունը հայտարարված կանոնադրական եւ օրենսդրական սկզբունքներին։

Ներկա պահի իրողությունները կտրուկ շեղվում են «Ոստիկանության մասին» գործող օրենքից։ Այդ փաստաթղթում սեւով սպիտակի վրա գրված է, որ ոստիկանությունը պետք է լինի երկրի քաղաքացիների եւ նրանց ունեցվածքի պահապանը։ Բայց «ուսադիրներով կերպափոխուկների» վերջին մերկացումները վկայում են այն մասին, որ իրադրությունը վերահսկվում է ոչ ամբողջովին։ Իսկ եթե վերահսկվում էլ է, ապա՝ ոչ օրինականության պահպանման սկզբունքների հիման վրա։ Իմ կարծիքով, վնասազերծված բանդան, որտեղ առաջին ջութակի դերը կատարում էին ոստիկանության նախկին բարձրաստիճան աշխատակիցները, ՆԳՆ-ի էության մարմնացումը չէ։ Նախարարությունում քիչ չեն պատրաստված կադրային սպաները, որոնք մասնագիտորեն կատարում են իրենց ծառայողական պարտքը եւ պատկերացում ունեն պատվի եւ արժանապատվության մասին։

Եթե հաշվի առնենք գլոբալացման գործոնը եւ դրա հետ կապված, այսպես կոչված, XXI-րդ դարի մարտահրավերները, ապա կարելի է արձանագրել, որ տեղական ոստիկաններն անելիքներ շատ ունեն։ Ի միջի այլոց, կան նաեւ դրական կողմեր։ Ադրբեջանը ստորագրել է նավթի եւ գազի մատակարարման մի քանի կարեւոր ռազմավարական պայմանագրեր։ Այսօր իրականացվել է ածխաջրածնային հումքի վերամշակման աղմուկ հանած նախագծերից մեկը՝ Բաքվից դեպի թուրքական միջերկրածովյան Ջեյհան նավահանգիստը։

Եթե հաշվի առնենք, որ այդ խողովակաշարի ադրբեջանական հատվածի պահպանությունը հանձնարարված է ՆԳՆ ուժերին, ապա կարելի է պատկերացնել այդ կառույցի աշխատանքի լարվածությունը եւ մասնագիտական մակարդակը։ Բնականաբար, միլիարդավոր ներդրումների իրական արդյունքի պահպանությունը նրանց վստահելուց առաջ, ներդրողները մեկ անգամ չէ, որ գնահատել են մեր երկրի ներքին գործերի մարմինների հնարավորությունները։ Հետեւաբար, այս կառույցը, եթե այն քաղաքական խաղերի մեջ չներքաշեն, ի վիճակի է հաջողությամբ կատարել իր առջեւ դրված խնդիրները։

Ինչպես դուք ճիշտ նկատեցիք, իրավապահ մարմինների համակարգում խիստ կարեւոր տեղ է գրավում հենց ոստիկանությունը, որի աշխատակիցները հանցագործության դեմ պայքարում են առաջին գծում՝ երբեմն վտանգելով իրենց կյանքը։ Սակայն եկեք սոցիալական բնույթ ունեցող մի հարց տանք, քանի որ ոստիկանները նույնպես հասարակության քաղաքացիներ են. համեմատելի՞ են ՆԳՆ-ի աշխատակիցների եւ, օրինակ, դատախազության աշխատակիցների աշխատավարձերի չափերը։ Մեզանից ո՞վ է պարզապես հետաքրքրվել ոստիկանության շրջանային բաժինների եւ վարչությունների օպերատիվ աշխատակիցների ծառայության պայմաններով։ Իհարկե, այս գործոնը չի կարող արդարացնել հաճախ կատարվող անօրինականությունները, բայց ՆԳՆ-ը բնավ էլ ինքնաբավ եւ ինքնիշխան կառույց չէ։ Ուստի, առաջին հերթին պատասխան պետք է պահանջել նրանցից, ովքեր գտնվում են քաղաքական իշխանության վերին օղակում։

- Ոստիկանության գոյությունն ապահովվում է հարկատուների հաշվին։ Ի՞նչ եք կարծում, մեր երկրում ոստիկանությունը պաշտպանում է քաղաքացիների՞, թե՞ իշխողների անվտանգությունը, առողջությունը եւ ունեցվածքը։

- Ես ստիպված եմ արձանագրել, որ մեր ոստիկանությունը հաճախ պաշտպանում է միայն իշխանության շահերը։ Թեեւ, վերացականորեն, ոստիկանությունը պետք է պաշտպանի բոլոր քաղաքացիների, այլ ոչ թե իշխանամերձ շրջանակի, օրինական շահերը։ Այն չպետք է խաղա ինչ-որ քաղաքական ամորտիզատորի դեր, այսինքն՝ իր վրա ընդունի եւ մեղմի իշխանության դեմ ուղղված հասարակական զայրույթը։

Տարօրինակ պատկեր է ստացվում։ Հանրահայտ փաստ է, որ ոստիկանությունը գոյություն ունի հարկատուների փողերի հաշվին։ Բայց նրա աշխատակիցներին հետեւողականորեն ներշնչում են այն միտքը, թե սեփական բարեկեցության թեկուզ աննշան բարելավման եւ աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման համար ոստիկանությունը պարտական է ներկա իշխանություններին։ Սա արմատապես սխալ երեւույթ է։ Այսպիսով փորձ է արվում բացատրել այն անվիճելի փաստը, որ երկրի համար ճակատագրական պահերին մեր ոստիկանությունը դարձել է ոչ թե ժողովրդի, այլ գոյություն ունեցող ռեժիմի հենարանը։

Ես ինքս երկար տարիներ փորձում եմ գտնել այն հարցի պատասխանը, թե ինչպե՞ս կարելի է բացատրել այդ իրողությունը, եւ հանգել եմ որոշ եզրակացությունների։ Օրինակ՝ ոստիկանությունը եւս կազմված է մեր երկրի շարքային քաղաքացիներից, պարզ ադրբեջանցիներից։ Իսկ կյանքն ապացուցում է, որ շարքային ադրբեջանցու համար իշխանությունը նվիրական բան է։ Բերեմ եւս մեկ հետաքրքիր օրինակ։ Փաստ է, որ ոստիկանությունում ազատ տեղեր չկան։ Ստացվում է պարադոքսային իրավիճակ։ Մեր երկրի բնակչությունը հաճախ դատողություններ է անում սեփական ժողովրդի նկատմամբ ոստիկանության ներկայացուցիչների ծայրահեղ դաժանության մասին, բայց այդ նույն բնակիչները ջանք չեն խնայում, որպեսզի այդ, իրենց իսկ բառերով ասած՝ պատժիչ մարմիններում տեղավորեն իրենց եղբայրներին, հայրերին, որդիներին։ Սա խոսում է այն մասին, որ հավանաբար ճիշտ էին Ստրուգացկի եղբայրները, երբ պնդում էին, թե առավել բնական է այն, ինչ ամենաքիչն է վայելում մարդուն։

- Որքանո՞վ են հասարակությունը եւ քաղաքացիները վստահում ոստիկանությանը։

- Ոստիկանության ներկայացուցիչների նկատմամբ երկրի բնակչության վստահության մակարդակը խիստ ցածր է։ Դա հրաշալի երեւում է այն պարզ, կենցաղային փաստից, որ անհարմար լինելու չափ քիչ է, եթե ընդհանրապես հավասար չէ զրոյի, այն դեպքերի քանակը, երբ մեր երկրի քաղաքացիները փորձում են ճշմարտություն փնտրել ոստիկանության ներկայացուցիչների մոտ։ Փոխարենը կարելի է գտնել բազմաթիվ դեպքեր, երբ հակամարտ իրադրություն ստեղծվելու դեպքում հակամարտության երկու կողմերն էլ անում են ամեն հնարավոր բան, որպեսզի ոստիկանները չիմանան պատահածի մասին։

Մարդիկ նաեւ որոշակիորեն ծանրութեթեւ են անում, թե իրենց վրա ինչ կնստի հակամարտության հարթումը ոստիկանության մասնակցությամբ եւ առանց դրա։ Ես անձամբ հանդիպել եմ մարդկանց, ովքեր եղել են այս կամ այն հանցագործության անմիջական ականատեսը, բայց, վստահություն չունենալով ոստիկանության նկատմամբ, չեն համագործակցել նրանց հետ հետաքննության ընթացքում։ Իհարկե, ոստիկանության նկատմամբ այդպիսի վերաբերմունքն առաջ է եկել ոչ մեկ օրում։ Ես հաճույքով դա կանվանեի անցյալի վերապրուկ, բայց, ցավոք, այս հարցում ես չեմ տեսնում ոչ մի դրական փոփոխություն։

Մենք միայն փոխել ենք անունը մի մարմնի, որը նախկինում կոչվում էր միլիցիա, իսկ հիմա կոչվում է ոստիկանություն։ Ցավոք, փոխվել է միայն խանութի ցուցանակը, իսկ բովանդակությունը մնացել է նույնը։ Հիմա հաճախ խոսում են այն մասին, թե հասարակության վստահության աստիճանը պակասեց, երբ լայն հասարակայնությունն իմացավ բոլոր հանցագործությունների մասին, որ կատարել էր Հաջի Մամեդովի բանդան, որի ղեկավարների թվում էին ՆԳՆ-ի ավագ սպաներ։ Ես համաձայն չեմ այդպիսի մեկնաբանության հետ։ Շատ ավելի ճիշտ կլիներ խոսել այն մասին, որ որոշ ժամանակով մեծացավ բնակչության վստահությունը Ազգային անվտանգության նախարարության նկատմամբ, որը վնասազերծեց հայրենի ՆԳՆ-ի «ուսադիրներով կերպափոխուկների» բանդան, այլ ոչ թե ոստիկանության հեղինակության անկման մասին։ Քանզի կարող է ընկնել այն, ինչ գտնվում է որոշակի բարձրության վրա, իսկ ոստիկանության հեղինակության դեպքում նման բան չկա։

- Որքա՞ն հաճախ են ոստիկանները ոչ օրինական մեթոդներ կիրառում, կտտանքների ենթարկում ձերբակալվածներին:

- Սկսենք նրանից, որ ոստիկանության կատարած հանցագործությունների գերակշիռ մեծամասնությունը կրում է ծառայողական իրավասությունների գերազանցման բնույթ։ Դուք ճիշտ եք, որ հարկ է գտնել արմատները, բացահայտել պատճառները, թե ինչու են ոստիկանության աշխատակիցները կատարել այս կամ այն հանցագործությունը։ Ես ձեզ հավատացնում եմ, որ, մեծամասամբ, հայրենի ոստիկաններին նման հանցագործությունների մղում են առկա բարդ նյութական-կենցաղային խնդիրները։ Ինչ վերաբերում է կտտանքների գործադրման դեպքերին, ապա, ցավոք, մեր ոստիկանների աշխատանքի մեջ խիստ բացասական եւ ոչ մի արդարացում չունեցող այդպիսի բան էլ կա։

Դա պատահում է քննիչների մասնագիտական ցածր կարողությունների պատճառով, ովքեր ցանկանում են «աչքի ընկնել» իրենց հանձնարարված գործում։ Այս խնդրի արմատները ձգվում են դեպի Ադրբեջանի քրեական օրենսգիրքը, որտեղ, ի տարբերություն ուրիշ երկրների համանման փաստաթղթերի, նախատեսված չէ քրեական պատասխանատվություն մարդու նկատմամբ անմարդկային, նրա արժանապատվությունը ոտնահարող վերաբերմունքի համար։ Իսկ հայրենի ոստիկանությունը հաճախ ձերբակալվածների նկատմամբ կիրառում է ոչ այնքան ? ֆիզիկական, որքան բարոյական ճնշումներ։ Գործածվում է ամեն բան ՝ շանտաժից մինչեւ տանջանքի ենթարկելու սպառնալիքը։ Ավելին, մեր դատարաններում դատավորները վկայակոչում են ձերբակալվածների նախնական ցուցմունքները` հաշվի չառնելով այն, որ հաճախ այդ ցուցմունքները ձեռք են բերվել տարբեր տեսակի ազդեցություններ գործադրելու միջոցով։ Այս անկարգությունների պատճառն անկախ դատական համակարգի բացակայությունն է։ Ամփոփեմ. միայն նշված խնդիրների ամբողջ համալիրի լուծման դեպքում կարելի է հուսալ, որ կվերանա ոստիկանության կողմից տանջանքների եւ ճնշման այլ մեթոդների կիրառումը ձերբակալվածների նկատմամբ։

- Կա՞, արդյոք, կապ ոստիկանության եւ հանցագործ աշխարհի միջեւ, եթե այո, ինչպե՞ս է այն արտահայտվում:

- Եթե դուք նկատի ունեք անմիջական հանցագործ կապը ոստիկանության աշխատակիցների եւ քրեական աշխարհի միջեւ, ապա, իմ կարծիքով, նման բան չկա։ Ինձ չի թվում, որ ազատության մեջ մնացել է Հաջի Մամեդովի բանդայի նման եւս մեկ հանցագործ խմբավորում։ Թեեւ ես չեմ բացառում, որ ՆԳՆ որոշ աշխատակիցներ մինչ օրս չեն կրել իրենց պատիժը այս կամ այն հանցագործության համար, բայց դրանք ընդամենը եզակի դեպքեր են։ Այժմ ՆԳՆ համակարգում չկա լուրջ հանցագործ խումբ, որը կատարած լինի այնպիսի աղմկահարույց հանցագործություններ, ինչպես հիշատակված բանդան։ Բացի այդ, ես համոզված եմ, որ հմուտ, գրագետ եւ զգույշ ձեւով կազմակերպված աշխատանքի դեպքում հանցագործ խումբը կարող է գոյություն ունենալ նաեւ առանց ՆԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորության։ Ինչ վերաբերում է որոշ օպերատիվ աշխատակիցների համագործակցությանը քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ, ապա նման փաստեր կան։ Եւ դա լիովին բնական է, քանի որ դա նրանց աշխատանքի բնույթն է, որի բաղադրիչներից մեկը «ինֆորմատորների» առկայությունն է, այդ թվում ՝ քրեական միջավայրում։

- Որքանո՞վ է ոստիկանության շարքային աշխատողների եւ ավագ սպաների աշխատավարձը բավարարում նրանց նորմալ կյանքի համար, կա՞ տարբերություն նրանց եւ մյուս բյուջետային աշխատողների աշխատավարձերի միջեւ: Ոստիկանների շրջանում որքանո՞վ է զարգացած կոռուպցիան։

- Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ոստիկանության աշխատակիցների աշխատավարձն առհասարակ չի համապատասխանում կենսաապահովման պահանջներին, եւ մասնավորապես, համեմատություն չի բռնում ուրիշ իրավապահ կառույցների ներկայացուցիչների վարձատրման հետ: Կարելի է բերել կոնկրետ օրինակ` ավտոտեսուչների անօրինական գործողությունների նկատմամբ բողոքները կտրուկ պակասեցին այն բանից հետո, երբ բարձրացվեց նրանց աշխատավարձը։ Պարզվում է` կա միանգամայն գործուն մեխանիզմ, որը թույլ է տալիս լուծել միանգամից մի քանի խնդիր։ Ես հույս ունեմ, որ եթե հարթվի ոստիկանության եւ մյուս իրավապահ կառույցների աշխատակիցների աշխատավարձերի միջեւ առկա անհամաչափությունը, ապա դրա հետ միասին կանհետանան կոռուպցիայի հանգեցնող առիթները։

Հարցազրույցը` Աքպեր Հասանովի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter