Սփյուռքահայ ուսանողների հավաք ԱՄՆ-ում
Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Կանադայի 67 համալսարաններից 180-ից ավելի հայ ուսանողներ փետրվարի 3-ին եւ 4-ին հավաքվել էին Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում (Columbia University)` քննարկելու իրենց մասնակցության հնարավորությունները Հայաստանի զարգացման գործում:
«Ուսանողների դերը հայաստանյան զարգացումներում» անվանումը կրող խորհրդաժողովը կազմակերպվել էր Կոլումբիա համալսարանի հայկական ակումբի եւ «Վասն Հայրենյաց» (Advocates for Armenia) խմբի կողմից ու հովանավորվել Կոլումբիա համալսարանի հայկական կենտրոնի ու Հայ Բարեգործական Ընդհանուր Միության կողմից:
Այս ծրագրի կարեւորագույն նպատակն էր ոգեշնչել հայ երիտասարդներին եւ ներգրավել նրանց Հայաստանի կյանքում դրական փոփոխություն մտցնելու գործում:
Երկoրյա խորհրդաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան մի շարք ճանաչված անձինք: Նրանք զեկույցներ կարդացին ներկայումս Հայաստանում զարգացող բնագավառների վերաբերյալ, մասնավորապես` գործարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, օրենսդրության եւ կրթության:
Զեկույցներն ունկնդրելուց հետո ուսանողները բաժանվեցին աշխատանքային խմբերի, կազմակերպեցին քննարկումներ եւ աշխատեցին մասնագետների հետ, փոխանակեցին իրենց մտքերն ու պատկերացումները Հայաստանի վերաբերյալ:
Այդ քննարկումների արդյունքներով կազմվեցին յոթ փոքրամասշտաբ, բայց խոստումնալից ու հավակնոտ ծրագրեր մոտակա երկու տարիներին Հայաստանում իրականացնելու նպատակով:
«Վասն Հայրենյաց» խումբը խոստանում է ամենայն կերպ օգնել աշխատանքային խմբերի անդամներին հիշյալ ծրագրերը Հայաստանում իրականացնելու գործում` ակնկալելով նաեւ Հայաստանում եւ սփյուռքում գործող կազմակերպությունների հովանավորությունը:
Խորհրդաժողովի ընթացքում կազմակերպչական կոմիտեի ղեկավար Լեւոն Բաղրամյանն իր ելույթում ասաց. «Այս խորհրդաժողովի կազմակերպմամբ մենք փորձում ենք սփյուռքահայ ուսանողության ուշադրությունը հրավիրել Հայաստանի զարգացման հեռանկարների եւ առկա դժվարությունների վրա: Մենք դեռ պետք է շատ ավելին անենք: Եթե Հայաստանը, որ տունն է աշխարհասփյուռ բոլոր հայերի, պիտի դառնա ծաղկուն, զարգացած եւ ժողովրդավարական երկիր, ապա սփյուռքը շատ ավելին պետք է անի, քան այսօր: Այո, մենք պետք է ուղղենք մեր հայացքները դեպի հայրենիք եւ սատար կանգնենք նրան զարգացման այդ դժվար ճանապարհին: Ավելին սպասեք մեզանից»:
«Վասն Հայրենյաց» խումբը կազմված է ամերիկահայ երիտասարդներից, ովքեր փորձում են կենտրոնացնել ԱՄՆ-ի սփյուռքի ուշադրությունը հայաստանյան հիմնախնդիրների եւ զարգացման հեռանկարների վրա: Խումբը պատրաստ է համագործակցել սփյուռքի ցանկացած կազմակերպության հետ, որը հավատում է, որ ավելի մեծ ուշադրություն է պետք դարձնել Հայաստանի զարգացման խնդիրներին, եւ պատրաստ է իր ողջ կարողություններն ու ջանքերը ներդնել այդ ուղղությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել