
Պատգամավորական կարծիքներ. «սեքսի՞» լինել, թե՞ կույս մնալ մինչեւ ամուսնանալը
1988 թ. մինչեւ 2011 թ. սեպտեմբերի 30-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1116 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 148-ը` 2010 թ. ընթացքում: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները` 789 մարդ (70,7%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 327 դեպք (29,3%):
ՄԻԱՎ վարակի 22 դեպք (2%) է արձանագրվել երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների 57,5%-ը 25-39 տարիքային խմբում է արձանագրվել: Սրանք պաշտոնական թվեր են, սակայն գաղտնիք չէ, որ սեռավարակների մասին շատերը փորձում են չբարձրաձայնել, եւ բազմաթիվ դեպքեր դուրս են մնում վիճակագրությունից: Եղածն էլ արդեն մտահոգիչ է:
Սեռական դաստիարակության եւ իրենց փորձի մասին կարծիք են հայտնում կին պատգամավորները
Լիլիթ Գալստյան
ՀՅԴ խմբակցություն
4-5-րդ դասարանցիներն ուզում են «սեքսի» լինել
Սեռական դաստիարակությունը բազմաշերտ խնդիր է` անհատի առողջությունից մինչեւ հասարակության բարոյահոգեբանական առողջություն, արժեքների համակարգ: Ավաղ, հասարակությունը գերադասում է լռել, կարծես տաբու ենք դրել ու նետվել է փակ թեմաների շարքը:
Բայց չանդրադառնալը դեռ չի նշանակում, թե խնդիր չկա, եւ այս դեպքում կեղծ պարկեշտությունը խնդրի լավագույն լուծումը չէ: Կարելի է գտնել քաղաքակիրթ մոտեցումներ երեխաներին վաղ շրջանից սեռական դաստիարակություն տալու համար: Վիճակագրական տվյալներ ունենք, իհարկե ահագնացող չեն, բայց չանհանգստանալու առիթ էլ չունենք, որովհետեւ սեռավարակների աճ է նկատվում, այդ թվում` անչափահասների շրջանում:
Ընտանիքի կողքին նաեւ կրթական համակարգի դերակատարումն եմ տեսնում, բայց, ցավոք սրտի, կրթական համակարգում որեւէ լուրջ քայլ չի ձեռնարկվում: 1-2 ամոթխած քայլեր կատարվեցին, բայց դրանով ամեն ինչ ավարտվեց: Տեսեք, գրականության, մշակույթի մեջ էլ փակ թեմաներ չկան, խնդիրը մատուցման եւ իրազեկման առողջ ձեւեր մշակելու եւ դպրոց- ընտանիք համատեղ գործակցությամբ բացը լուծելն է:
Սա առհասարակ հասարակության բոլոր ինստիտուտների խնդիրն է` հեռուստատեսություն, մշակույթ, լրահոս... Իսկ հասարակության բեռն ու հոգսն այնքան շատ է, կեղծ ավանդապաշտությունն էլ կաշկանդող, որ այս խնդիրը չի կարեւորվում:
Տեղեկատվական այս սելավի մեջ դժվար է առողջ, կողմնորոշված, բարոյական քաղաքացի եւ երիտասարդ դաստիարակելը: Իսկապես, եթե անկեղծ` ազգային անվտանգության խնդիր է, ժողովրդագրական հետեւանքներով: Վիճակագրությունը փաստում է կանանց անպտղության, տղամարդկանց ամլության անհանգստացնող աճի մասին:
Գրագետ սեռական դաստիարակության պարագայում երիտասարդներին զերծ կպահենք նաեւ սեռական փոքրամասնությունների վտանգից: Եթե մեծ ազգերի համար սա ժողովրդավարության կամ հանդուրժողականության դաշտից է, ապա մեզ համար ազգային անվտանգության խնդիր է: Հայաստանում սեռական փոքրամասնությունների ալիք եմ նկատում, եւ Երեւանում որոշակի թաղամասեր արդեն ասոցացվում են նրանց հետ եւ պետք չէ մեզ չիմացողի տեղ դնենք, սա նաեւ սեռական դաստիարակության պակասի արդյունքն է:
Ես ավանդական, բայց միեւնույն ժամանակ շատ բաց ընտանիքում եմ մեծացել: Մեզ մատուցվող արժեքները լավ կրթություն ստանալն էր, ազգային դիմագիծ ունենալն էր, ազնիվ, անկեղծ, պարկեշտ լինելը, մի խոսքով` մարդ դառնալը: Մյուս կողմից էլ մեր ժամանակներում սերիալների, համացանցի, էրոտիկ ֆիլմերի անկառավարելիություն-անհսկելիությունը չկար, որն ինչ-որ չափով նպաստում էր սեռական ուշ հասունացմանը:
5-6-րդ դասարանում մտածում էի միայն լավ սովորելու, շատ գիրք կարդալու մասին եւ երազում Երեւանի պետական համալսարանի աստիճաններով բարձրանալու մասին: Հիմա արագ ու անսահման ժամանակներ են` այլ արժեքների տարափով: Դատարկ սերիալների, էրոտիկ եւ բաց տեսարաններով ֆիլմերի, մկնիկի մեկ սեղմումով համացանցում հայտնվող մարմնավաճառների շքերթը, պարզ է, որ արժեքների այլ դաշտ է պարտադրում:
Շատ եմ լսում 4-5-րդ դասարանի աղջիկների զրույցները, որոնք ուզում են սեքսի եւ ցանկալի լինել, սեռի զգացողություն ունեն եւ բարեկեցությամբ ապահովված ամուսնության մասին են բարձրաձայն մտածում: Իսկ ես դպրոցում կենսաբանության առարկայից բազմացման թեման էի սովորել, բայց այդպես էլ չէի հասկացել, թե ինչի մասին է:
10-րդ դասարանում չգիտեի, թե թմրանյութն ինչ է, իսկ 5-րդ կուրսն ավարտում էի, եւ պայուսակիս միակ կոսմետիկան օծանելիքն էր: Եվ իմ նման շատերն էին: Համեմատության պարզունակ խնդիր չեմ դնում, պարզապես պիտի ժամանակը ճիշտ ընկալել եւ հասարակության համար ֆիզիկապես եւ հոգեպես, նաեւ մարմնակրթությամբ առողջ քաղաքացի պատրաստել:
Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ խմբակցություն
Պատգամավորի պատժամիջոցներն աղջկա նկատմամբ
Խնդիրը, թերեւս, այն է, թե ինչու դպրոցներում մի համապարփակ ձեռնարկ չեն կարողանում մշակել, որ կարողանան գտնել ճիշտ մոդուլը եւ այն մատուցել դպրոցահասակ երեխային: Ես գտնում եմ, որ դրա ճիշտ ժամանակն է:
Շատ դեպքերում թաքցնում ենք վիճակագրությունը դպրոցահասակ երեխաների մոտ սեռավարակների վերաբերյալ: Մենք գիտենք, որ վիճակագրություն կա, եւ այլ երկրների հետ համեմատ` թվերը մտահոգիչ չեն, բայց խնդիրը կա: Երեխաները պետք է դպրոցներում անցնեն սեռական դաստիարակություն, բայց ինքս պատրաստ չեմ, դրա մասնագետը չեմ, որ հուշեմ, թե ինչպես ձեւավորվի այդ դասագիրքը:
Ես` որպես ծնող, իմ աղջկա համար ընտրել եմ հայկական պաշտպանության լավագույն ձեւը` շատ փակ եմ պահել իմ երեխային: Շատ բաներ ես նրան արգելել եմ: Օրինակ` նա իրավունք չուներ երեկոյան ժամը 21-ից հետո տանից դուրս գալու, իրավունք չուներ առանց իմ գիտության սրճարան հաճախելու: Գուցե շատ խիստ եմ եղել, բայց ընտրել եմ պաշտպանության անվտանգ տարբերակը: Ես ինքս եմ իմ երեխային ամեն ինչի հետ ծանոթացրել, որպեսզի ինքը չճշտված, խեղաթյուրված աղբյուրներից ինֆորմացիա չստանա:
Աղջկաս բացատրել եմ բոլոր վտանգների մասին, մինչեւ նա կառնչվեր բաց աշխարհի հետ: Քանի որ աղջիկ երեխա է, ես ապահովության համար եմ այդպես արել: Այսօր գաղտնիք չէ, որ բարձր դասարանցիներն արդեն սեռական կյանքով են ապրում, եւ դպրոցներում թաքցնելով դեպքերը` մենք լավ բանի չենք տանի: Պիտի հրապարակայնացվի, որովհետեւ պրոբլեմի դեմ կարող ենք պայքարել միայն խնդիրը բաց ափի մեջ դնելով:
Անահիտ Բախշյան
«Ժառանգություն» խմբակցություն
Ամուսնության ժամանակ կույս լինելը պարտադիր է
Ինչ-որ տարիքից երեխաների մոտ հետաքրքրություն է առաջանում իրենց մարմնի տարբեր մասերի նկատմամբ եւ այդ ուղղությամբ նրանց պետք է կրթել:
Ես 64 տարեկան կին եմ, բայց կդժվարանամ ասել, թե այդ նյութն ինչպես մատուցել երեխային, բայց փաստ է, որ միանշանակ պետք է արվի: Օրինակ` ես մայրիկիցս ոչ մի նման դաստիարակություն չեմ ստացել եւ իմ կյանքում օրեր են եղել, որ չիմացության պատճառով ուղեղս մթագնել է:
Բայց ես իմ 3 աղջիկներին էլ ինչ-որ չափով տեղեկացրել եմ: Դժվարը ավագ աղջկաս հետ խոսելն էր, հետո նա արդեն տեղեկացրեց քույրերին: Ասեմ, որ մեր երեխաները շատ տեղեկացված են եւ զարմանալիորեն շատ գրագետ են, եւ մեկը մյուսի հետ կիսվում է այդ մասին: Բայց կան նաեւ դեպքեր, երբ ոչ ճիշտ ինֆորմացիա են փոխանցում իրար:
Ես միանշանակ չեմ կարող ասել, որ բարձր դասարանցիների շրջանում սեքսը պետք է արգելել կամ թույլ տալ, դժվար է ասել: Երեխաներին պետք է ճիշտ բարոյահոգեբանական արժեքներով դաստիարակել եւ բացատրել, որ ինչ-որ ժամանակից հետո դու պետք է սեռական կյանքով ապրես: Մեր մարմինը երբեմն խելագար բաներ է ուզում, բայց չպիտի կուլ գնանք եւ պետք է սանձահարենք դրանք:
Եթե իմ աղջիկը դպրոցական տարիքից սեռական կյանքով ապրեր, շատ կնեղվեի, կխոցվեի, բայց երբեք հիստերիկ բան չէի անի: Իսկ այն, որ աղջիկը պիտի կույս լինի մինչեւ ամուսնանալը, դա վիճարկելի չէ:
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել