HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Քաղաքապետի հրաժարականի ու նրա հաջորդի տարբերակը մեկնաբանում են խմբագիրները

«Հետքը» սկսում է նոր շարք «Status» խորագրով, որում կներկայացնենք մասնագետների կարծիքները կոնկրետ որեւէ հարցի շուրջ: Քանի որ այս օրերին ամենաքննարկվող թեման Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականն է, որոշեցինք երեւանյան մի քանի օրաթերթերի գլխավոր խմբագիրներին ուղղել հետեւյալ հարցը.

-Ըստ Ձեզ՝ ո՞րն էր քաղաքապետի հրաժարականի իրական պատճառը, եւ ո՞վ է լինելու նրա հաջորդը:  

Արամ Աբրահամյան («Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր)- Երեւի Մոսկվայում լավ աշխատավարձ են տալիս, գնում է այնտեղ: Քաղաքական պատճառ չեմ տեսնում: Ես կուզեի, որ հաջորդը Տարոն Մարգարյանը լիներ, որովհետեւ համեստ, չափված-ձեւված երիտասարդ է:

Արմինե Օհանյան («Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր)- Ոչ ոք չի կարող պնդել, թե իրականում որն է պատճառը: Ընդամենը կարող ենք ենթադրություններ անել ստեղծված իրավիճակի շուրջ: Կարեն Կարապետյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը քաղաքական գործիչ չէ, քաղաքական գործընթացներին չի մասնակցում եւ, բնականաբար, չի պատրաստվում ընտրությունների շրջանում ղեկավարել Հանրապետականի շտաբը կամ նպաստել Հանրապետականին ձայներ բերելուն: Ես ենթադրում եմ, որ ամենահավանական տարբերակը դա է, քանի որ այժմ պետք է նշանակվի մեկը, որը նաեւ պատասխանատվություն է կրելու ընտրությունները մայրաքաղաքում կազմակերպելու համար, իսկ Կարեն Կարապետյանը նման փորձ չուներ ու, ըստ ամենայնի, չուներ նման ցանկություն:

-Հավանակա՞ն է, որ դեր են խաղացել նրա կապերը Ռոբերտ Քոչարյանի հետ:

Նրա նշանակման պահին էլ հայտնի էր, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի հետ ինչ-որ կապեր ունի եւ աշխատել է, սերտ հարաբերություններ ունի: Այնպես որ եթե դա գործոն լիներ, չպիտի նշանակեին: Այդ հիմքով 10 ամիս անց աշխատանքից հեռացնելը ես ողջամիտ չեմ համարում: Գուցե այս ընթացքում ինքը ինչ-որ խոչընդոտների բախվեց, տեսավ, որ հեշտ չէ քաղաքապետ աշխատելը, եւ ինչ-որ մարդիկ շատ փորձեցին խանգարել, ինքն էլ սովոր չէ նման վերաբերմունքի, նման հակազդեցության: Ի նկատի ունեմ ոչ միայն կրպակների ապամոնտաժման գործընթացը, այլեւ այն, որ ցուցապաստառները հանելուց հետո բողոքի ալիք բարձրացավ. հիմա ընդհանրապես Հայաստանում դժվար է անել որեւէ քայլ եւ չհանդիպել հակազդեցության: Այդ առումով, ինձ թվում է, նա նաեւ ինչ-որ տեղ անպատրաստ էր, մտածում էր, որ ավելի հեշտ է լինելու: Ու ես վստահ եմ, որ դա իր որոշումն է. ոչ այնքան իրեն հեռացրին, որքան ինքը կամավոր հեռացավ:

Դե, արդեն հայտնի է, որ Տարոն Մարգարյանի վրա է կանգնել ընտրությունը: Այս տարիներին չափանիշներն այնքան անկում են ապրել, որ ցանկացած մարդու պաշտոն զբաղեցնելը զարմանք չի պատճառում: Բնականաբար, Տարոնը այդպիսի դեմք չէ, ֆիգուր չէ, եւ բոլոր ընդունակությունները հաշվի առնելով՝ կարծում եմ, որ դա իր տեղը չէ, բայց երեւի չարյաց փոքրագույնն է այս պարագայում, դրա համար էլ իր վրա է կանգնել ընտրությունը: Եվ կառավարելի է, եւ այս ընթացքում որպես վառ անհատականություն հանդես չի եկել: Ոչ մեկս չգիտենք, թե ինքն ինչ է մտածում տարբեր խնդիրների շուրջ: Խնդիր ունի հարաբերվելու նաեւ մամուլի հետ, չգիտեմ՝ ով է ընդհանրապես լսել նրա բանավոր խոսքը, ինքն ինչպես է պատկերացնում Երեւանի քաղաքապետի գործառույթները, ինչ ծրագրեր ունի ընդհանրապես: Ո՞վ գիտի այդ մասին: Ոչ ոք:

Հակոբ Ավետիքյան («Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր)- Շատ են խոսում Տարոն Մարգարյանի մասին, բայց ես չեմ կարծում, որ նրան այդ պաշտում կնշանակեն՝ նկատի ունենալով, որ քաղաքի պրոբլեմների՝ տրանսպորտի, էլեկտրասնուցման եւ նման հարցերի լուծման մեջ տվյալ անձը պետք է ունենա մասնագիտական հմտություններ եւ փորձառություն ամենակարեւորը, որոնք Տարոն Մարգարյանը դեռ չունի: Շատ համակրելի մարդ է,  թաղապետի հանգամանքում շատ էր սիրված, բայց չեմ կարծում, որ իրեն կնշանակեն:

Հավանակա՞ն եք համարում, որ Կարեն Կարապետյանի հրաժարականի հարցում դեր խաղաց քաղաքի կառավարման հարցում նրա ընտրած քաղաքականության շուրջ բարձրացած աղմուկը՝ կրպակների ապամոնտաժումից մինչեւ գովազդային պաստառների հանելը:

Նման քայլերն անելուց առաջ նա պետք է համապատասխան «դաբրոն» ստացած լիներ: Պատճառը քաղաքական էր կամ հենց այն, ինչ ասվում է. շատ բարձր աշխատավարձով աշխատանք Ռուսաստանում:

Թագուհի Թովմասյան («Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր)- Քաղաքապետի հրաժարականը պայմանավորում եմ կոնկրետ գործոններով: Ռուսաստանից ստացած հրահանգների արդյունքում նա պատրաստվում է լքել Հայաստանը, եւ այսօր մենք գրել ենք, որ առաջիկայում ռուսական կապեր ունեցող շատ պաշտոնյաներ գուցե հրաժարական տան: Սա, կարծում եմ, ռուսական քաղաքական էսթաբլիշմենթից եկած հրահանգ էր: Ըստ իս՝ սա նույն ձեռագիրն է, ինչ եղավ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականի պարագայում: Իրական պատճառները թաքնված են երկու Կարապետյանների թիկունքում, որոնց մասին իրենք հանրությանը տեղյակ չեն պահում: Այսինքն՝ մենք կարող ենք ընդամենը ենթադրություններ անել պատճառների մասին, բայց այդպես էլ չենք իմանա իրականությունը: Ի դեպ, քաղաքապետ Կարապետյանը մյուս Կարապետյանի սանիկն է:    

Կարծում եմ, որ հաջորդը կլինի Տարոն Մարգարյանը, որը կղեկավարի նաեւ Երեւան քաղաքի ՀՀԿ շտաբը: Ինչքան էլ, որ բացասական բաներ խոսեն Կարեն Կարապետյանի մասին, այնուամենայնիվ, նա ձգտում էր որեւէ բան անել Երեւան քաղաքի համար, գուցե ուրիշների հաշվին, այդուհանդերձ, կարողացավ ինչ-որ կարգուկանոն հաստատել քաղաքում: Հետեւաբար, քանի որ Տարոն Մարգարյանի փորձը կա Ավան համայնքը ղեկավարելու մասով, ցանկանում եմ հույս ունենալ, որ նա կկարողանա քաղաքը ղեկավարել, թեպետ մի քիչ թերահավատ եմ. հաշվի առնելով նրա ՀՀԿ-ական շրջապատը՝ չեմ կարծում, որ նրան կթողնեն այդքան ազատ գործել, այսինքն՝ ավելի շատ քաղաքական պատվերների շրջանակում որոշումներ կկայացնի:    

Շողեր Մաթեւոսյան («Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի գլխավոր խմբագիր)- Երեւի Սերժ Սարգսյանը հասկացել է, որ Կարեն Կարապետյանը քաղաքական քաղաքապետ չի լինելու:

Ըստ էության՝ վերջինս ասել է, որ ինքն ընտրություններին չի մասնակցելու, իսկ քաղաքապետն, իրենց կարծիքով, պետք է քաղաքական լինի ու «իրենով անի» քաղաքի բնակչությանը:

Գագիկ Բեգլարյանի անունը, ըստ մեզ, ընդհանրապես չկա, եւ Տարոն Մարգարյանը դառնալու է ոչ միայն քաղաքապետ, այլ նաեւ քաղաքի ՀՀԿ շտաբի պետը:

Մեկնաբանություններ (1)

ANAHIT
ASTVAC JAN ERANI TARON@ @NTRVI, XNDRUM EM

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter