«Ընդհանուր պատմություն, խաղաղ հարեւանություն…»
Դավիթ Սաղանելիձե, «Նոր աջեր» քաղաքական շարժման գլխավոր քարտուղար
- Որո՞նք են Վրաստանի անվտանգության գլխավոր բաղկացուցիչները, եւ ինչպե՞ս եք բնութագրում դրանց ներկա մակարդակը:
- Մեր երկրի անվտանգությունն աններելիորեն ցածր մակարդակի վրա է։ Վրաստանը փոքր պետություն է, եւ Խորհրդային Միության փլուզումից հետո անցած ժամանակը, բնականաբար, բավարար չէր ուժեղ բանակ կառուցելու համար։ Մենք ունենք այնպիսի վիթխարի եւ ուժեղ հարեւան, ինչպիսին Ռուսաստանն է, որն իր շահերն ունի Աբխազիայում եւ Հարավային Օսիայում: Ռուսաստանի դեմ պայքարելը կամ ինչ-որ ուժային մեթոդներով հակադրվելը դժվար է ոչ միայն Վրաստանի, այլեւ ցանկացած ուրիշ երկրի համար։
Նման մեթոդներով մեր երկիրը չի կարող եւ չպետք է լուծի գոյություն ունեցող հարցերից եւ ոչ մեկը։ Իհարկե, Արեւմուտքի որոշ քաղաքական օժանդակությունը լավ է։ Երբեմն այդ օժանդակությունը նպաստում է իրադրության կայունացմանը, բայց ներկա պահին վերոհիշյալ խնդիրների լուծման բանալին գտնվում է Ռուսաստանում, իսկ դա այն երկիրն է, որի հետ, ինչպես ասվեց, հնարավոր չէ խոսել ուժի լեզվով։
Հասկանալի է, որ մեր անվտանգությունը բաղկացած է ոչ միայն ռազմական, այլեւ տնտեսական բաղադրիչներից։ Վրաստանով անցնող գազատարներն ու նավթատարները նույնպես Վրաստանի անվտանգությունը ձեւավորող գործոններ են։ Մեր անվտանգությամբ շահագրգռված են բազմաթիվ երկրներ, խոշոր անդրազգային ընկերություններ, քանի որ նրանք այդ խողովակաշարերի մեջ կատարել են լուրջ ներդրումներ։
Բնական է, որ ամեն ինչ կարվի, որպեսզի Վրաստանը չդառնա ռազմական գոծողությունների ասպարեզ, եւ չկորչեն այդ նախագծերում ներդրված մեծ գումարները։ Այնպես որ, որոշ իմաստով այս հանգամանքը եւս մեր երկրի անվտանգության երաշխիք է։ Ի դեմս Ադրբեջանի՝ մենք ունենք պատմականորեն բարեկամական երկիր, որի նավթն անցնում է Վրաստանի տարածքով, եւ հասկանալի է, որ այդ երկիրը խիստ շահագրգռված է Վրաստանի կայունությամբ։
Դա նաեւ կայունության պահպանման խթան է։ Վերջին շրջանում մենք բավական լավ քաղաքական շփումներ ունենք Թուրքիայի հետ։ Հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում դրանք ավելի կլավանան եւ կամրապնդվեն, եւ բնական է, որ դա միայն կբարձրացնի կայունության աստիճանը։ Ինչպես նաեւ այն, որ ամեն տարի մենք նոր քայլեր ենք կատարում դեպի ՆԱՏՕ, որի անհրաժեշտության մասին մեր կուսակցութունը խոսում է վաղուց, դեռ Շեւարդնաձեի ղեկավարության ժամանակից։ Գործնականում ՆԱՏՕ ինտեգրվելու հարցը միակն է, որում մենք միասնական ենք իշխող կուսակցության հետ։ Մենք համարում ենք, որ եթե Վրաստանն ի վերջո մտնի ՆԱՏՕ, ապա մեր երկրի կայունության համար դա կլինի մեծ նեցուկ։
- Ինչպե՞ս եք ընկալում «եվրոպական անվտանգություն» հասկացությունը, արդյո՞ք այն լիովին համապատասխանում է Վրաստանի շահերին:
- Եվրոպական անվտանգությունը ձեռք բերվեց այն բանից հետո, երբ Եվրոպայի երկրները միավորվեցին Եվրամիության, Եվրախորհրդարանի եւ այլ եվրակառույցների մեջ։ Դրանք անվտանգության երաշխիք են ե՛ւ Եվրոպայի երկրների, ե՛ւ, բնականաբար, նրանց հարեւան պետությունների համար։ Ես հույս ունեմ, որ մեր մերձեցումը, մեր շարժումը դեպի եվրոպական ընտանիք ինչ-որ չափով Վրաստանի անվտանգության երաշխիք է։ Իհարկե, ներկա պահին այդպիսի երաշխիքներն ավելի քիչ են, քան կուզենայինք, բայց հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում Վրաստանը կմտնի համաեվրոպական ընտանիք, եւ դա մեզ համար կդառնա լավ երաշխիք։ Եւ հանուն դրա պետք է արվի ամեն ինչ։ Սակայն դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե հաշվի առնվեն Վրաստանի տարածքային շահերը։ Ներկա պահին թե՛ Եվրոպայի պետությունները, թե՛ Եվրախորհուրդը, թե՛ ՆԱՏՕ-ն ճանաչում են Վրաստանի տարածքային ամբողջականությունը։
- Կարո՞ղ է, արդյոք, եվրաինտեգրման կուրսը, իրական ինտեգրումը ապահովել Վրաստանի կայուն անվտանգության ձեւավորումը (ամրապնդումը):
- Ամենայն հավանականությամբ, այո։ Բայց, ըստ երեւույթին, այդ ճանապարհին մենք կունենանք շատ խնդիրներ։ Ոչ մեկը չի վիճարկի այն բանը, որ Վրաստանի եվրաինտեգրմանն ընդդիմանում է ռուսական քաղաքականությունը։ Խնդիրների պակաս չի զգացվում ո՛չ Աբխազիայում, ո՛չ Հարավային Օսիայում։ Երբեմն խնդիրներ են առաջանում Վրաստանի հարավային սահմանների մոտ։ Մեր հյուսիսային հարեւանն ամեն բան անում է, որպեսզի ինչ-որ ձեւով արգելակի մեր շարժումը դեպի եվրոպական հանրություն։ Բայց, ի վերջո, կարծում եմ` մենք կհաղթահարենք այդ ամենը։
Եթե Ռուսաստանը չի գիտակցում, որ ունի հարեւան անկախ պետություն, որին պետք է հարգել անկախ նրանից` մե՞ծ է այն, թե՞ փոքր, ապա այդ հարցը երբեք չի լուծվի։ Ես հասկանում եմ, որ տասնամյակներ շարունակ Ռուսաստանը վարժվել է այն բանին, որ տիրապետող դեր ունի ԽՍՀՄ-ի ողջ տարածքում։ Ռուսաստանն էր որոշում, թե ինչպես պետք է զարգանա խորհրդային հանրապետություններից յուրաքանչյուրը, ովքեր պետք է նշանակվեն դրանց ղեկավարներ։ Բայց այսօր Վրաստանն անկախ երկիր է, եւ ինքն է որոշում ամեն ինչ, այդ թվում՝ իր քաղաքական եւ տնտեսական կողմնորոշման հետ կապված հարցերը։ Ցավոք, Ռուսաստանում դեռ դրան չեն վարժվել, շարունակ ուշադրությունը ծանրանում է այն բանի վրա, թե ինչու է Վրաստանն ինչ-որ ինքնուրույն վճիռներ կայացնում։ Ես շատ եմ սիրում Ռուսաստանը, չափազանց մեծ հարգանքով եմ վերաբերվում ռուսաստանցիներին։ Երկար տարիներ ապրել եմ այնտեղ, սովորել եւ աշխատել։ Մեր միջեւ պետք է լինեն բարիդրացիական հարաբերություններ։ Հուսով եմ, որ, ի վերջո, ժամանակը կանի իր գործը, Վրաստանն ու Ռուսաստանը նորից կունենան ջերմ եւ լավ փոխհարաբերություններ, եւ մենք շատ հարցեր կլուծենք միասին։
- Վրաստանի կայուն ապագան անվտանգության ո՞ր համակարգերին մասնակցության հետ եք կապում Դուք, երկրի պաշտոնական շրջանակները:
- Առաջին հերթին՝ ՆԱՏՕ-ն։ Դա ավելի մոտ հեռանկարն է, իսկ հետագայում՝ Եվրամիությունը։ Այդ կառույցներին անդամակցելը կարող է լինել Վրաստանի անվտանգության երաշխիք։ Կառույցները, որոնց մեջ այսօր մտնում է Վրաստանը (ինչպես ԱՊՀ-ն, որը մեզ ոչ մի լավ բան չտվեց), Խորհրդային Միության յուրատեսակ շարունակությունն են, ԱՊՀ-ն վերակենդանացնելու փորձերը, իմ կարծիքով, անիմաստ են։
Ինչ վերաբերում է տնտեսական սկզբունքով ստեղծված կազմակերպություններին, ինչպիսին, օրինակ, ՎՈՒԱՄ-ն է, ապա դրանք տնտեսական կողմնորոշում ունեցող կառույցներ են, եւ կարելի է միայն ողջունել կապերի ամրապնդումը այդ ձեւաչափով։
- Համարվո՞ւմ են, արդյոք , Վրաստանի եվրաինտեգրումը եւ Եվրոպայի ընդլայնումը եվրոպական պրեվենտիվ անվտանգության տարրեր:
- Կարծում եմ` այո։ Եւ Վրաստանը, որպես Եվրոպայի լիիրավ անդամ, կարող է եւ պետք է նպաստի դրան։ Մեր երկիրն անպայման կգտնի իր տեղն այդ համակարգում, կունենա իր խնդիրները եւ պարտականությունները։ Դա անհրաժեշտ է ե՛ւ մեր երկրին, ե՛ւ Եվրոպային։
- Որո՞նք են Վրաստանի ներքին եւ արտաքին անվտանգության սպառնալիքները: Դրանցից որո՞նք են գլխավորները Ձեր եւ Վրաստանի հասարակայնության տեսանկյունից:
- Գլխավորն այն է, որ նախագահը եւ իշխող կուսակցությունը երկրի կառավարումը դարձրել են իրենց մենաշնորհը։ Դա նշանակում է երկրի միանձնյա ղեկավարում, նախագահի ակտիվ PR. տպավորություն է ստեղծվում, թե միայն նա է, որ կա։ Իշխանությունը փորձում է ամեն կերպ ճնշել, դուրս մղել ընդդիմությանը։ Իշխող կուսակցությունն ամեն բան անում է, որպեսզի ըստ էության երկրում չլինի ընդդիմություն, իսկ եթե լինի, ապա այնպիսին, ինչպիսին հարմար է իրենց։ Ընդդիմություն, որը կլինի իշխանության վերահսկողության տակ եւ իրեն կպահի համապատասխան ձեւով։
Մեր պետության համար ամենամեծ խնդիրը Վրաստանում իրական ժողովրդավարության բացակայությունն է հակառակ նրան, որ ամեն կերպ գովազդվում է, որ իբրեւ թե մեր երկիրը մեծ քայլերով շարժվում է դեպի ժողովրդավարություն։ Մեզ մոտ չի զարգանում բիզնեսը, քանի որ այս ասպարեզը եւս մենաշնորհային է. հաջողության հասնում են միայն այն ընկերությունները, որոնցում շահեր ունի իշխանության մեջ մտնող մարդկանց մի շատ նեղ շրջանակ։ Եւ եթե այդպես շարունակվի, ապա մենք կհայտնվենք խիստ աննպաստ իրադրության մեջ։ Ցավոք, հիմա հենց այդ ուղղությամբ էլ շարժվում ենք։
Ես կարծում եմ, որ գոյություն ունեն նաեւ մեր երկրի անվտանգության արտաքին սպառնալիքներ։ Այդ սպառնալիքն ակնհայտ է եւ արդյունք է այն բանի, որ տարիներ շարունակ չի լուծվում Աբխազիայի եւ Ցխինվալիի շրջանի (Հարավային Օսիա - խմբ.) խնդիրը։ Կան ուժեր, որոնք ցանկանում են յուրացնել բուն վրացական հողերը։
Սկզբում՝ ուժային մեթոդներով, երբ այնտեղից դուրս էր քշվում վրացի բնակչությունը, երբ տեղական անջատողականների նշանաբանների ու կոչերի ներքո այնտեղ մտան ռուս զինվորականները եւ ռուսական զենքը։ Դա արվում էր Օսիային եւ Աբխազիային օգնելու պատրվակով, եւ այնտեղ գտնվող խաղաղապահները ոչինչ չեն անում իրենց կարգավիճակն արդարացնելու համար։ Սա ինքնին փոքր սպառնալիք չէ, քանի որ խոսքը տարածքային խնդիրների մասին է։
Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ մտնելն իրոք կօգնի Վրաստանին՝ կարգավորելու այդ խնդիրները։ Ես համաձայն եմ մեր կառավարության հետ, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Բայց մինչեւ վերջերս մեր երկրի ղեկավարության մի մասը խոսում էր խաղաղ ուղիների մասին, մինչդեռ կային այնպիսիք, որոնք պնդում էին ճիշտ հակառակը։ Վատ է, երբ թիմում չկա միաձայնություն։ Խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի չլինի ռազմական հակամարտություն։
Մենք տեսել ենք այդ ամենը, եւ դա մեր երկրի վրա թանկ է նստել։ Եթե մենք կարողանայինք առանց կողմնակի միջամտության բանակցությունների սեղանի շուրջ նստել աբխազների եւ օսերի հետ, ապա լուծումը կգտնվեր բավական արագ։ Սակայն, ցավոք, գործընթացին խառնված է ռուսական քաղաքականությունը։ Ըստ իս, Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի, որ իր կողքին լինի միասնական Վրաստան, որն այդ դեպքում միշտ կօժանդակի եւ կհասկանա Ռուսաստանին։
- Ինչպե՞ս եք վերաբերվում «սահմանակից պետության անվտանգությունը մեր երկրի անվտանգության բաղկացուցիչն է» ձեւակերպմանը: Սահմանակից ո՞ր պետություններն են նպաստում Վրաստանի անվտանգության ամրապնդմանը, եւ հակառակը` խոչընդոտում են դրան:
- Ներկա պահին Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի դիրքորոշումները դարձել են համահունչ, նրանց կարելի է դիտարկել մեկ համատեքստի մեջ։ Չի կարելի բացառել եւ հայկական կողմին. մեզ շատ բան է կապում։ Մենք ունենք ընդհանուր շահեր, ընդհանուր պատմություն, խաղաղ հարեւանություն։ Բայց վերջին տարիներին, փաստորեն, Հայաստանը արտացոլում է Ռուսաստանի շահերը, որոնք տվյալ պահին հակադիր են Վրաստանի քայլերին եւ, ցավոք, մասամբ հայտնվում է լուսանցքում։ Ես կարծում եմ, որ Հայաստանը շատ բան է կորցնում, քանի որ դուրս է մնում Հարավային Կովկասում իրականացվող բազմաթիվ անդրտարածաշրջանային նախագծերից։
Խոսքը ոչ միայն նավթատարների եւ գազատարների, այլեւ երկաթուղու, ավտոմայրուղիների մասին է։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա տարածքային հակամարտության պատճառով Հայաստանն ասես հայտնվել է փակուղում, ընկել դժվարին կացության մեջ։ Իհարկե, նրան փրկում է այն հանգամանքը, որ Արեւմուտքում գոյություն ունի շատ ուժեղ հայկական սփյուռք, եւ այսպես, թե այնպես ֆինանսական հոսքերը մտնում են Հայաստան։ Եւ դա շատ լավ է, քանի որ դրա շնորհիվ հազարավոր մարդիկ գոնե կարողանում են ապրել։ Շատ ավելի լավ կլիներ, եթե Հայաստանը մասնակցեր հարավկովկասյան տարածաշրջանի բոլոր նախագծերին։ Ճիշտ չի լինի, եթե Հայաստանը ներկայացնի միայն ռուսական շահերը։ Պետք է բացել դեպի ապագա տանող սեփական ճանապարհը…
- Հնարավո՞ր է, արդյոք, Հարավային Կովկասում տարածաշրջանային ու սուբտարածաշրջանային անվտանգության համակարգերի ձեւավորումը միջազգային հարաբերությունների արդի իրողությունների պայմաններում, ի՞նչ այլընտրանքներ կան:
- Անկասկած, այո։ Հարավային Կովկասն առանձին տարածաշրջան է, որտեղ կան ընդհանուր խնդիրներ ու շահեր, դրանց նկատմամբ ընդհանուր մոտեցում, որը շատ բանով տարբեր է եվրոպականից։ Այսինքն՝ անվտանգության համակարգի նկատմամբ պետք է լինի հատուկ տարածաշրջանային մոտեցում։ Թեեւ հիմա դժվար է ասել, թե այն ինչպիսին կլինի։
Գոյություն ունեցող կազմակերպությունները, ինչպիսիք են, օրինակ, ՎՈՒԱՄ-ը, ԲԻՍԵԿ-ը, քիչ բան չեն արել, բայց դա բավարար չէ։ Ես կարծում եմ, որ այսօր գոյություն ունեցող կազմակերպությունները եւ նրանք, որոնք ապագայում կհայտնվեն տարածաշրջանում, պետք է ավելի վճռական լինեն իրենց անդամ-պետությունների նկատմամբ, որոնք խախտում են ընդունված կանոններն ու համաձայնությունները։
Հիմա, այն պատրվակի ներքո, թե միավորման նպատակները տնտեսական են, եւ ուրեմն պետք չէ հաշվի նստել որոշ հարցերի քաղաքական ասպեկտների հետ, մեղմ քաղաքականություն է վարվում, որի նպատակն է ոչ մեկին չնեղացնել, շրջանցել սուր հարցերն ու անկյունները։ Բայց վաղ թե ուշ քաղաքականությունը իր մասին հիշեցնում է ամեն ինչում՝ տնտեսության մեջ, տրանսպորտի, բնապահպանության եւ, իհարկե, անվտանգության հարցերում։
- Արդյո՞ք եվրոպական արժեքների հաստատումը բավարար պայման է Վրաստանի անվտանգության ապահովման համար:
- Կարծում եմ` բավարար չէ։ Գլխավոր եվրոպական արժեքը, որն անհրաժեշտ է, որպեսզի երկիրը շարունակի առաջ շարժվել, ժողովրդավարությունն է։ Ցավոք, մենք դեռ հեռու ենք ժողովրդավարությունից, թեեւ հաճախ կրկնում ենք, թե Վրաստանը ժողովրդավարական երկիր է։ Այսօրվա դրությամբ դա բնավ այդպես չէ։ Հաճախ ասում են, թե մեր երկրում ընդդիմությունը թույլ է։ Դուք չեք գտնի ոչ մի իսկապես զարգացած եւ ժողովրդավարական երկիր, լինի դա Միացյալ նահանգները, Կանադան, թե որեւէ եվրոպական երկիր, որտեղ չլինի ուժեղ ընդդիմություն։ Վրաստանում ժողովրդավարությունը թույլ է, քանի որ մենք գլորվում ենք դեպի ավտորիտարիզմ։ Ժողովրդավարության նկատմամբ սպառնալիքն առաջին խոչընդոտն է Եվրոպա ինտեգրվելու ճանապարհին։ Թեեւ մենք համարում ենք, որ առաջ ենք շարժվում դեպի ՆԱՏՕ, այդ կազմակերպության դռները մեր առաջ չեն բացվի, եթե երկրում տիրի ավտոկրատիա։ Այսօրվա իրականությունը խիստ տարբերվում է նրանից, ինչ հռչակվում է ամենաբարձր ամբիոններից։
Անվտանգություն եւ եվրաինտեգրում
«Եվրաինտեգրման երեք փորձ. հարավկովկասյան երկրների անվտանգություն եւ եվրաինտեգրում, եվրոպական արժեքներ» ծրագրի շրջանակներում, որին աջակցում է Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակությունը, Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» հետազոտական կենտրոնն անց է կացրել Հարավային Կովկասի երեք երկրների քաղաքական կուսակցությունների առաջնորդների հարցում «Հարավային Կովկասի երկրների անվտանգություն եւ եվրաինտեգրում» թեմայով: Տիպային հարցերին պատասխանել են երեք երկրներից 5-ական գործիչներ: Հարցումներն անցկացրել են ` Հայաստանում` Ռաֆայել Թեյմուրազյանը, Վրաստանում` Նինա Արգուտինսկայան, Ադրբեջանում` Շահին Ռզաեւը: Մենք շարունակում ենք ներկայացնել հարցազրույցների շարքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել