
Շարունակում են տուգանել ջավախքցիներին
Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների համակարգող Արտակ Գաբրիելյանը, ով այսօր է եկել Ջավախքից, ասում է, որ ՀՀ կամ օտարերկրյա այլ քաղաքացիություն ունեցող ջավախքցիներին շարունակում են տուգանել սահմանին միգրացիոն կանոնները խախատելու համար: Այդ մասին Արտակ Գաբրիելյանը հայտարարեց այսօր «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնած երիտասարդական համաժողովի ընթացքում:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 1-ից վրացական կողմը սկսել է կիրառել միգրացիոն նոր կանոնները, որոնք բխում են ԵՄ-ի հետ Վրաստանի ստորագրած Ասոցացման համաձայնագրից: Նախկին 390 օրվա փոխարեն այժմ օտարերկրացիները կարող են 180 օրվա ընթացքում երկրում գտնվել 90 օր: Իսկ ջավախքցիների զգալի մասը ՌԴ արտագնա աշխատանքի գնալու համար դարձել է ՀՀ քաղաքացի, և այժմ «օտարերկրացի» է համարվում:
Արտակ Գաբրիելյանը նշեց, որ մեկ ամիս առաջ ընդհանրապես դադարեցված էր ժամանակավոր կացության և քաղաքացիության տրամադրումը Վրաստանում ապրող ջավախքցիների և այն մարդկան համար, ովքեր ունեին հայկական կամ ռուսական անձնագրեր:
Այդ հարցի առնչությամբ Վրաստանի խորհրդարանի երեք հայազգի պատգամավորները հանդիպել են Վրաստանի արդարադատության նախարարի հետ: Չնայած նախարարը մեծ խոստումներ էր տվել հայազգի պատգամավորներին, խնդիրը դեռևս կաղ վիճակում է: «Ամենակարևոր ձեռքբերումը եղավ այն, որ սեպտեմբերից երկիր մտած քաղաքացիների ժամկետը, որը լրանում էր մինչև մարտի 1-ը, տեղափոխեցին մինչև հուլիսի 1-ը: Բայց այսօր, ցավոք սրտի, ես սահմանի վրա նորից ականատես եղա տուգանքների, որովհետև այդ օրենքն, ասացին մեզ չի հասել և չի գործում»:
Արտակ Գաբրիելյանը նշեց, որ որքան խնդիր ջավախքցիներն ունեն Վրաստանի իշխանությունների հետ, պակաս խնդիրներ չկան նաև Հայաստանի իշխանությունների հետ: Հայաստանի իշխանությունները, ըստ Գաբրիելյանի, պետք է պարտականություն ստանձնեն, որպեսզի ստեղծված միջկառավարական և միջպետական հանձնաժողովներընմանատիպ խնդիրները պահեն իրենց օրակարգում:
Մեկնաբանել