HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եվրոպական անվտանգությունը չի համապատասխանում Ադրբեջանի շահերին»

Հաջի Հաջիաղա Նուրիեւ, Ադրբեջանի իսլամական կուսակցության նախագահ

- Որո՞նք են Ադրբեջանի անվտանգության գլխավոր բաղկացուցիչները, եւ ինչպե՞ս եք բնութագրում դրանց ներկա մակարդակը:

- Ներկա պահին Ադրբեջանի անվտանգության համակարգը պատշաճ մակարդակի վրա չէ։ Հակառակ դեպքում Հայաստանը չէր կարողանա զավթել Ադրբեջանի տարածքները։ Քանի դեռ մեր հողերը չեն ազատագրվել, մեր երկրի անվտանգությունը սպառնալիքի տակ կլինի։ Ես կարծում եմ, որ սեփական անվտանգությունն ապահովելու համար Ադրբեջանը չպետք է մտնի ոչ մի ռազմական բլոկի մեջ։ Ադրբեջանի անվտանգությունը կարող է ապահովել նրա սեփական բանակը։ Ադրբեջանն աչք չունի հարեւան երկրների տարածքների վրա, ուստի պետք է խույս տա այն բլոկներից, որոնք առաջնորդվում են ագրեսիվ քաղաքականությամբ։

Մյուս կողմից՝ Ադրբեջանը պետք է հավասարակշիռ քաղաքականություն վարի հարեւան երկրների հետ` հաշվի առնելով սեփական աշխարհաքաղաքական դիրքը եւ տեղն աշխարհի քարտեզի վրա։ Եւ չպետք է սադրի հարեւաններին, երբ մտնում է որեւէ բլոկի մեջ։ Բայց, կարծում եմ, որ Ադրբեջանին ավելի ձեռնտու կլինի չմտնել ոչ մի ռազմական բլոկի մեջ։ Եթե մենք համագործակցենք ՆԱՏՕ-ի կամ Ռուսաստանի հետ եւ թողնենք, որ նրանց զինված ուժերը մտնեն մեր երկիրը, ապա դա կարող է միայն աղետի հանգեցնել։ Մենք մեզ ավելի անվտանգ կզգանք, եթե մեր երկրում չլինեն ուրիշ երկրի կամ բլոկի զինված ուժեր։

- Ինչպե՞ս եք ընկալում «եվրոպական անվտանգություն» հասկացությունը, արդյո՞ք այն լիովին համապատասխանում է Ադրբեջանի շահերին:

- «Եվրոպական անվտանգություն» հասկացությունը չի համապատասխանում Ադրբեջանի շահերին, քանի որ Եվրախորհուրդը նույն ձեւով համագործակցում է ե՛ւ մեզ հետ, ե՛ւ Հայաստանի, որը զավթել է մեր տարածքները։ Եթե Եվրոպան տարբերություն չի տեսնում զավթիչի եւ այն երկրի միջեւ, որի հողերը զավթված են, ապա դա խոսում է երկակի ստանդարտների եւ այն բանի մասին, որ այդ կառույցը չի առաջնորդվում արդարության սկզբունքներով։ Այդ դեպքում ի՞նչ եվրոպական անվտանգության մասին կարող է խոսք լինել։ Այսօրվա դրությամբ Ադրբեջանը, Պաղեստինից հետո, երկարատեւ բռնազավթման ենթարկված երկրորդ մուսուլմանական երկիրն է։ Եվրոպան չի կամենում լսել ճշմարտության մեր ձայնը։ Նույնիսկ ՄԱԿ-ում քվեարկության ժամանակ բազմաթիվ եվրոպական երկրներ չցանկացան քվեարկել հօգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականության։ Ուրեմն, մեզ ի՞նչ անվտանգություն կարող է խոստանալ եվրաինտեգրումը։

- Կարո՞ղ է, արդյոք, եվրաինտեգրման կուրսը, իրական ինտեգրումը ապահովել Ադրբեջանի կայուն անվտանգության ձեւավորումը:

- Ոչ, մենք այդպիսի հույսեր չենք փայփայում, քանի որ եվրոպացիներն այլ կերպ են վերաբերվում մեզ՝ մուսուլմաններիս։ Օրինակ՝ արդեն քանի տարի Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց Եվրամիությունը նրա առաջ ամեն տեսակի անկարեւոր պայմաններ է դնում եւ չի ցանկանում իր կազմի մեջ ընդունել։ Ուստի, չեմ կարծում, թե եվրաինտեգրումը կարող է երաշխավորել Ադրբեջանի անվտանգությունը։ Եվրոպան նման երաշխիք չի տալիս։ Մենք ողջունում ենք ինտեգրումն աշխարհին, բայց դա չպետք է կատարվի ի հաշիվ մեր ազգային, հոգեւոր արժեքների։ Եվրոպացիները պետք է հարգեն մեր արժեքներն այնպես, ինչպես մենք են հարգում նրանց ավանդույթները, պատմությունն ու մշակույթը։

- Ադրբեջանի կայուն ապագան անվտանգության ո՞ր համակարգերին մասնակցության հետ եք կապում Դուք, երկրի պաշտոնական շրջանակները:

- Ճիշտ եմ համարում անվտանգության մասին համաձայնագրերի ստորագրումը բոլոր հարեւան երկրների հետ, բացի Հայաստանից։ Եթե Հայաստանը հրաժարվի իր զավթողական քաղաքականությունից, ապա հետագայում Ադրբեջանը կարող էր անվտանգության ոլորտում համագործակցել նաեւ Հայաստանի հետ։ Բայց ես մի ինչ-որ միջազգային անվտանգության համակարգի հետ համագործակցության կողմնակից չեմ։ Կարծում եմ, որ անվտանգության ոլորտում համագործակցությունն առաջին հերթին պետք է իրականացվի հարեւան պետությունների հետ՝ երկկողմանի սկզբունքով։

- Համարվո՞ւմ են, արդյոք, Ադրբեջանի եվրաինտեգրումը եւ Եվրոպայի ընդլայնումը եվրոպական պրեվենտիվ անվտանգության տարրեր:

- Ես ինչ-որ չափով արդեն պատասխանեցի այդ հարցին։ Անվտանգության եվրոպական համակարգ մտնում են Եվրոպայի երկրները։ Բայց մեր երկիրը Եվրոպայի մեջ չի մտնում։ Մեզ կարող են անվանել եվրոպացի, բայց դրանով մենք եվրոպացի չենք դառնում։ Եվրոպան իր շահերն ունի Կովկասում։ Խոսքն այս տարածաշրջանը մշակութապես գրավելու մասին է։ Այսօր Եվրոպան նվիրված չէ արդարության սկզբունքներին։ Նա ոչ միայն հանդուրժում, այլեւ խրախուսում է մուսուլմանական երկրների նկատմամբ Ամերիկայի, Անգլիայի եւ Իսրայելի զավթողական քաղաքականությունը։ Քանի դեռ Եվրոպան աչք է փակում այդ արյունահեղության վրա, անիմաստ է նրա հետ համագործակցելը։

- Որո՞նք են Ադրբեջանի ներքին եւ արտաքին անվտանգության սպառնալիքները: Դրանցից որո՞նք են գլխավորները Ձեր եւ Ադրբեջանի հասարակայնության տեսանկյունից:

- Երկրի անվտանգության համար ամենագլխավոր սպառնալիքը Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ագրեսիվ դիրքորոշումն է։ Բայց ուրիշ սպառնալիքներ էլ կան։ Օրինակ՝ օրակարգում է ՆԱՏՕ-ի «խաղաղապահ ուժերը» Ադրբեջանի տարածք մտցնելը։ Եթե նման բան տեղի ունենա, ապա մեծ սպառնալիք կդառնա երկրի անվտանգությանը։ Բայց, կրկնում եմ, մեր երկրի անվտանգությանն ամենամեծ սպառնալիքը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի զավթումը եւ այնտեղ անջատողական ռեժիմի ձեւավորումն է։ Ավելի քան 15 տարի Եվրոպան հանդուրժողական վերաբերմունք է դրսեւորում այդ խնդրի նկատմամբ։

- Ինչպե՞ս եք վերաբերվում «սահմանակից պետության անվտանգությունը մեր երկրի անվտանգության բաղկացուցիչն է» ձեւակերպմանը: Սահմանակից ո՞ր պետություններն են նպաստում Ադրբեջանի անվտանգության ամրապնդմանը, եւ հակառակը` խոչընդոտում են դրան:

- Հայաստանը միակ հարեւան երկիրն է, որը սպառնում է Ադրբեջանի անվտանգությանը։ Փաստորեն, Հայաստանը զավթել է մեր հողերի մի մասը։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը, ո՛չ Թուրքիան, ո՛չ Վրաստանը մեր երկրի անվտանգությանը չեն սպառնում։ Բացի Հայաստանից, մնացած բոլոր հարեւանների հետ Ադրբեջանը պահպանում է նորմալ հարաբերություններ՝ ընդհուպ մինչեւ փոխօգնությունը տարբեր ոլորտներում։ Ամենամոտ հարաբերությունները եւ ամենասերտ համագործակցությունը Թուրքիայի եւ Իրանի հետ են։

- Հնարավո՞ր է, արդյոք, Հարավային Կովկասում տարածաշրջանային ու սուբտարածաշրջանային անվտանգության համակարգերի ձեւավորումը միջազգային հարաբերությունների արդի իրողությունների պայմաններում, ի՞նչ այլընտրանքներ կան:

- Իհարկե, եթե Հայաստանը հրաժարվի իր զավթողական քաղաքականությունից եւ չլինի Արեւմուտքի միջամտությունը, ապա մեր տարածաշրջանի երկրները կարող են ստեղծել անվտանգության նորմալ համակարգ։ Բայց Արեւմուտքի՝ ՆԱՏՕ-ի եւ Ամերիկայի ազդեցությունը խոչընդոտում է այդպիսի համակարգի ձեւավորմանը։ Եթե նրանք ցանկանում են, որ Հարավային Կովկասում լինի խաղաղություն եւ կայունություն, թող մի կողմ քաշվեն, մենք ինքներս իրար հետ ընդհանուր լեզու կգտնենք։

- Արդյո՞ք եվրոպական արժեքների հաստատումը բավարար պայման է Ադրբեջանի անվտանգության ապահովման համար:

- Ադրբեջանն ունի հարուստ ազգային արժեքներ եւ պետականության փորձ։ Եվրոպան նույնպես ունի սեփական ազգային եւ մշակութային արժեքները։ Բայց Ադրբեջանում եվրոպական արժեքների հաստատումը հակասում է մեր ազգային հիմքերին։ Դրանք մեր ժողովրդին ոչ մի լավ բան չեն բերի։ Իսկ եթե եվրոպական արժեքներ ասելով հասկացվում է ժողովրդավարությունը, ապա այդ հարցը դեռ կարելի է դիտարկել։

Անվտանգություն եւ եվրաինտեգրում

«Եվրաինտեգրման երեք փորձ. հարավկովկասյան երկրների անվտանգություն եւ եվրաինտեգրում, եվրոպական արժեքներ» ծրագրի շրջանակներում, որին աջակցում է Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակությունը, Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» հետազոտական կենտրոնն անց է կացրել Հարավային Կովկասի երեք երկրների քաղաքական կուսակցությունների առաջնորդների հարցում «Հարավային Կովկասի երկրների անվտանգություն եւ եվրաինտեգրում» թեմայով: Տիպային հարցերին պատասխանել են երեք երկրներից 5-ական գործիչներ: Հարցումներն անցկացրել են ` Հայաստանում` Ռաֆայել Թեյմուրազյանը, Վրաստանում` Նինա Արգուտինսկայան, Ադրբեջանում` Շահին Ռզաեւը: Մենք շարունակում ենք ներկայացնել հարցազրույցների շարքը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter