HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եվրամիության համար շատ կարեւոր է իր արժեքների տարածումը նաեւ Հայաստանում»

Գեղամ Մանուկյան, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ

- Որո՞նք են Հայաստանի անվտանգության գլխավոր բաղկացուցիչները, եւ ինչպե՞ս եք բնութագրում դրանց ներկա մակարդակը:

- Երկրի անվտանգությունն ունի հիմնական մի քանի բաղադրիչներ. ռազմական, քաղաքական եւ տնտեսական: Իբրեւ սոցիալիստական կուսակցություն` մեզ համար առանձնահատուկ տեղ ունի սոցիալական պաշտպանվածությունը: Մեր պատկերացմամբ` ՀՀ-ն ողջ հայության հայրենիքն ու պաշտպանն է: Այդ պաշտպանության մեջ է մտնում բոլոր հայերի իրավունքների վերականգնումը եւ իրացումը: Խոսքը Հայոց ցեղասպանության ճանաչման, Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների վերականգնման, ջավախահայության մասին է (նրանց մենք պատկերացնում ենք Վրաստանի կազմում որպես ինքնավար գործող կառույցի) եւ այլն:

ՀՀ ռազմական պաշտպանունակությունը կայուն, ձեւավորված հիմքերի վրա է, սակայն, եթե հաշվի առնենք, որ այսօր Ադրբեջանի հարաբերությունները Հայաստանի հետ կարգավորված չեն, այն վտանգված է: Ինչ վերաբերում է քաղաքական անվտանգությանը, ապա Հայաստանի քաղաքական համակարգն ամբողջությամբ կայուն չէ, ձեւավորված չէ, որովհետեւ նախ` լիովին ձեւավորված չէ քաղաքացիական հասարակությունը, երկրորդ` այսօր Հայաստանի կառավարումն ամբողջությամբ քաղաքական ուժերի ձեռքում չէ: Տնտեսական եւ սոցիալական անվտանգության առումով Հայաստանը ոչ շահեկան վիճակում է, հատկապես սոցիալական բեւեռացվածության ու կոռուպցիայի առկայության պատճառով: ՀՀ ազգային անվտանգության հիմնական սպառնալիքներից մեկը սոցիալական վիճակն է. հասարակական խիստ բեւեռացումը:

- Ինչպե՞ս եք ընկալում «եվրոպական անվտանգություն» հասկացությունը, արդյո՞ք այն լիովին համապատասխանում է Հայաստանի շահերին:

- Բնականաբար, չի կարող լինել այնպես, որ նման խոշոր կառույցի հայեցակարգային բոլոր հարցերը համապատասխանեն ՀՀ շահերին, որովհետեւ յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության խնդիրը կա: Սակայն գործող չափանիշների, հին աշխարհի համար հիմնարար սկզբունքների` ՀՀ տարածքում գործադրումը նոր հնարավորություն կտա Հայաստանում պետական լիարժեք միավոր ու քաղաքացիական հասարակություն ձեւավորելու համար:

Մյուս կողմից, օրինակ` Եվրոպայում այսօր գործող բանակաշինության սկզբունքն այս պահին ՀՀ համար չի կարող ընդունելի լինել, որովհետեւ Եվրոպան աշխարհաքաղաքական լրիվ այլ իրավիճակում է, իսկ մեր պետությունն այսօր գտնվում է ժամանակավոր զինադադարի պայմաններում ու իր հանդեպ ոչ բարյացակամ տրամադրություն ունեցող գոնե երկու պետությունների հարեւանությամբ: Կամ այլ օրինակ. էներգետիկ անվտանգության հարցում ատոմակայանը փակելու հետ կապված մեր երկրի առջեւ դրվող պահանջների կատարումն այսօր մեր շահերից չի բխում, որովհետեւ Հայաստանը տարածաշրջանի հազվագյուտ երկրներից է, որը խաղաղ նպատակների համար մշակում է ատոմային ներուժ, ու այս պայմաններում անհնար է, որ ՀՀ-ն զրկվի քաղաքական եւ տնտեսական նման մեծ հնարավորությունից:

- Կարո՞ղ է, արդյոք, եվրաինտեգրման կուրսը, իրական ինտեգրումը ապահովել Հայաստանի կայուն անվտանգության ամրապնդումը:

- Այո, իհարկե: Ու այդ առումով էլ մեզ համար ողջունելի է ինչպես ՀՀ անդամակցությունը Եվրախորհրդին, այնպես էլ «Նոր հարեւանության» ծրագրին Հայաստանի մասնակցությունը: Սակայն դա անվտանգության բավարար երաշխիք լինել չի կարող:

- Հայաստանի կայուն ապագան անվտանգության ո՞ր համակարգերին մասնակցության հետ եք կապում Դուք, Հայաստանի պաշտոնական շրջանակները:

- Մենք կարծում ենք, որ ներկայիս պայմաններում Հայաստանի անդամությունը ՀԱՊԿ-ին լիովին համապատասխանում է մեր երկրի շահերին, թեեւ Հայաստանն իր ռազմաքաղաքական կողմնորոշումների մեջ պետք է միշտ նկատի ունենա իր աշխարհաքաղաքական դիրքը: Մենք չենք մերժում այսօր ՆԱՏՕ-ի հետ գոյություն ունեցող (թեեւ առայժմ ստորին մակարդակներում) համագործակցությունը, բայց դեռ վաղ է խոսել Հայաստանի` ՆԱՏՕ-ին լիիրավ ինտեգրման սխեմայի մասին: Եթե այնպես լինի, որ տարածաշրջանի երեք երկրներն անվտանգության նույն համակարգում հայտնվեն, բնականաբար նույն մակարդակներում, նույն կառույցներում գործունեությունը հնարավորություն կտա նաեւ խնդիրներ լուծել, սակայն տվյալ դեպքում Հայաստանը չէ, որ փոխել է իր դիրքորոշումը: Տարածաշրջանի բոլոր երկրները նույն համակարգում էին: Հայաստանն իր դիրքորոշումը չի փոխել, մյուս երկու երկրները փոխել են: Հայաստանն ինչո՞ւ պետք է պարտադրված լինի հետեւել իր մյուս երկու հարեւաններին, երբ ժամանակին երեքն էլ գտնվում էին նույն սխեմայի մեջ:

- Համարվո՞ւմ են, արդյոք, Հայաստանի եվրաինտեգրումը եւ Եվրոպայի ընդլայնումը եվրոպական պրեվենտիվ անվտանգության տարրեր:

- Այո: Բնականաբար, աշխարհի գերտերություններն ու խոշոր կառույցները, ինչպիսին է Եվրամիությունը, աշխարհի տարբեր տարածաշրջաններում ներկայություն ունենալու մրցակցության մեջ են: Աշխարհի խոշոր տերություններն ու կազմակերպությունները միշտ շահագրգռված են իրենց արժեքներով ձեւավորել աշխարհը: Եվրամիության համար շատ կարեւոր է իր արժեքների տարածումը նաեւ Հայաստանում: Եվ եթե Հայաստանը գիտակցում է, որ այդ արժեքների կիրառումն իր տարածքում իր պետականությունը նոր մակարդակի է բերում, բնականաբար Հայաստանն էլ է շահագրգռված այդ հարցում: Հայաստանի տարածքում ներդրվող եվրոպական արժեքները Եվրամիությանը հնարավորություն են տալիս նաեւ իր սահմանակից տարածաշրջաններում ունենալ կայուն եւ կանխատեսելի պետականություններ եւ զերծ մնալ անկանխատեսելի իրադարձություններից:

- Նշեք, խնդրեմ, Հայաստանի ներքին եւ արտաքին անվտանգության սպառնալիքները: Դրանցից որո՞նք են գլխավորները Ձեր եւ Հայաստանի հասարակայնության տեսանկյունից:

- Մեր երկրի համար ներքին սպառնալիքներ են սոցիալական անկայունությունը, հասարակական բեւեռացումը, կոռուպցիան ու դրանից բխող անարդարությունները: Արտաքին սպառնալիք է Ադրբեջանի հետ շարունակվող պատերազմական վիճակը, որովհետեւ մենք այժմ ընդամենը փխրուն խաղաղության շրջանում ենք: Արտաքին սպառնալիք է նաեւ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն ու այդ երկրի կողմից ՀՀ նկատմամբ մինչ օրս դրսեւորվող թշնամական վերաբերմունքը: Սպառնալիք են նաեւ աշխարհաքաղաքական մի շարք գործոններ, մասնավորապես` Իրանի նկատմամբ Արեւմուտքի ճնշումներն ու տարատեսակ սահմանափակումները, որոնք, բնականաբար, Հայաստանի վրա ազդեցություն են ունենում: Վտանգ են նաեւ Վրաստանի ներքին քաղաքական, տնտեսական, ռազմական անկայունությունը եւ Ռուսաստանի հետ այդ երկրի հարաբերությունները, այս ամենը սպառնում է Հայաստանի եւ՛ քաղաքական, եւ՛ տնտեսական անվտանգությանը: Եվ տվյալ դեպքում արտաքին սպառնալիքներն ավելի գերիշխող են:

- Ինչպե՞ս եք վերաբերվում «սահմանակից պետության անվտանգությունը մեր երկրի անվտանգության բաղկացուցիչն է» ձեւակերպմանը: Սահմանակից ո՞ր պետություններն են, Ձեր տեսանկյունից, նպաստում Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, եւ հակառակը, խոչընդոտում են դրան:

- Եթե սահմանակից պետություններն ավելի հանդուրժող ու բարյացակամ են ՀՀ-ի նկատմամբ, բնականաբար, սահմանակից պետությունների անվտանգությունը նպաստում է մեր երկրի անվտանգության ամրապնդմանը: Այս տեսակետից Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ դեմ չէ եւ շահագրգռված է, որպեսզի Թուրքիան դառնա Եվրամիության անդամ: Սակայն պետք է տարբերակել Հայաստանի պետականությունը եւ հայ ժողովուրդը: Հայ ժողովուրդը Թուրքիայի առջեւ քաղաքական խնդիրներ է դնում. Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ ընդհանրապես այս խնդրի լիարժեք լուծումը, որով հնարավոր կլինի, որ Թուրքիան դառնա այն ընտանիքի մասը, որտեղ կան բարոյական, քաղաքական չափանիշներ: Իսկ Թուրքիան այսօր չի բավարարում այդ չափանիշներին:

Թուրքիայի ներքին անկայունությունը, քաղաքական ներքին խնդիրները, ազգայնականության դրսեւորումները սպառնում են Հայաստանի անվտանգությանը: Քանի դեռ Թուրքիան չի ձերբազատվել իր բարդույթներից եւ քանի դեռ չի կարգավորել իր հարաբերությունները ՀՀ-ի հետ, չի կարող անդամակցել Եվրամիությանը: Եվ քանի դեռ չեն լուծվել քաղաքական հարցերը, բնականաբար ՀՀ անվտանգության տարր չի կարող դիտվել, ասենք, Ադրբեջանի անվտանգությունը: Ադրբեջանի ռազմատենչ ու անհանդուրժող կեցվածքը սպառնում է մեր երկրի անվտանգությանը: Սակայն միանշանակ կարելի է ասել, որ Իրանը Հայաստանի նկատմամբ իր հանդուրժող վերաբերմունքով նպաստում է մեր երկրի անվտանգության ամրապնդմանը: Վրաստանում կայունության եւ ավելի կանխատեսելի վիճակի հասնելու մղումը եւս նպաստում է ՀՀ անվտանգությանը:

- Հնարավո՞ր է, արդյոք, Հարավային Կովկասում տարածաշրջանային ու սուբտարածաշրջանային անվտանգության համակարգերի ձեւավորումը միջազգային հարաբերությունների արդի իրողությունների պայմաններում, ի՞նչ այլընտրանքներ կան:

- Արդի պայմաններում նման համակարգերի ձեւավորումն անհնար է: Դա հնարավոր կլինի այն պարագայում, երբ տարածաշրջանում ձեւավորվի խաղաղ, կայուն եւ փոխըմբռնման իրավիճակ: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողանան տարածաշրջանային անվտանգության համակարգ ձեւավորել, երբ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հարցը: Իսկ այլընտրանքներ կարող են լինել քաղաքական խնդիրների լուծումը, որից հետո միայն հնարավոր կլինի գտնել տարածաշրջանային համագործակցության ինչ-որ կառույցներ կամ սխեմաներ:

- Արդյո՞ք Հայաստանում եվրոպական արժեքների հաստատումը բավարար պայման է երկրի անվտանգության ապահովման համար:

- Իհարկե, ոչ: Պետք է նաեւ քաղաքական կամք, որի շնորհիվ հնարավոր կդառնա հասնել տնտեսական անվտանգությանը, վերացնել անարդարությունն ու կոռուպցիան, ինչն էլ իր հերթին կհանգեցնի բոլոր ոլորտներում լիարժեք անվտանգության տարրեր ունենալուն: Այսինքն` եվրոպական արժեքների հաստատումը մեր երկրում Հայաստանի անվտանգության ապահովման անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է:

Անվտանգություն եւ եվրաինտեգրում

«Եվրաինտեգրման երեք փորձ. հարավկովկասյան երկրների անվտանգություն եւ եվրաինտեգրում, եվրոպական արժեքներ» ծրագրի շրջանակներում, որին աջակցում է Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակությունը, Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» հետազոտական կենտրոնն անց է կացրել Հարավային Կովկասի երեք երկրների քաղաքական կուսակցությունների առաջնորդների հարցում «Հարավային Կովկասի երկրների անվտանգություն եւ եվրաինտեգրում» թեմայով: Տիպային հարցերին պատասխանել են երեք երկրներից 5-ական գործիչներ: Հարցումներն անցկացրել են ` Հայաստանում` Ռաֆայել Թեյմուրազյանը, Վրաստանում` Նինա Արգուտինսկայան, Ադրբեջանում` Շահին Ռզաեւը: Մենք շարունակում ենք ներկայացնել հարցազրույցների շարքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter