«Մեր նպատակը կայունությունն է»
Իրակլի Քավթարաձե, «Միասնական ազգային շարժում» կուսակցության միջազգային քարտուղար
- Որո՞նք են Վրաստանի անվտանգության գլխավոր բաղկացուցիչները, եւ ինչպե՞ս եք բնութագրում դրանց ներկա մակարդակը:
- Եթե խոսքն անվտանգության որակի մասին է, ապա վերջին երկու տարում Վրաստանի անվտանգությունը շոշափելիորեն ամրապնդվել է։ Դա վերաբերում է թե՛ պաշտպանության բուն համակարգին, թե՛ ավելի ընդհանուր իմաստով հասկացված անվտանգությանը, նրա էներգետիկ, տնտեսական եւ մի շարք այլ ասպեկտներին։ Սրանից ելնելով՝ շատ բան է արվում այդ ուղղություններից յուրաքանչյուրով, որպեսզի երկիրն ունենա կառավարման անկախ մեխանիզմներ։ Չէ՞ որ դրանք պետության՝ լայն իմաստով հասկացված անվտանգության, անկախության հիմնական բաղադրիչներն են։ Վրաստանն ընդունել է Անվտանգության հայեցակարգ, որտեղ սահմանված են անվտանգության բոլոր բաղադրիչները։ Այս փաստաթղթից ելնելով՝ կարելի է ասել, որ պետությունը բոլոր ուղղություններով ունի հիմնավորված, հստակ տեսլական։
- Ինչպե՞ս եք ընկալում «եվրոպական անվտանգություն» հասկացությունը, արդյո՞ք այն լիովին համապատասխանում է Վրաստանի շահերին:
- Եվրոպական անվտանգությունն առաջին հերթին ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միջոցառումներն են կամ հենց էներգետիկ անվտանգությունը, որն այսօր խիստ հրատապ է դարձել։ Էներգետիկան պետք է ազատագրվի ամեն տեսակի քաղաքական ճնշումներից։ Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք այն համապատասխանում է մեր երկրի շահերին, ապա ուզում եմ ընդգծել, որ այսօրվա դրությամբ եվրոպական անվտանգությունը լիովին համապատասխանում է Վրաստանի անվտանգության բոլոր ասպեկտներին։
- Կարո՞ղ է, արդյոք, եվրաինտեգրման կուրսը, իրական ինտեգրումը ապահովել Վրաստանի կայուն անվտանգության ձեւավորումը (ամրապնդումը):
- Իհարկե, այսօրվա դրությամբ Եվրոպային եւ եվրատլանտյան կառույցներին ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունն է։ Դա պատահական չէ, քանի որ մեր պետությունն իր անվտանգ ապագան կապում է հենց այդ կառույցների հետ: Հենց դրանից ելնելով էլ՝ հստակ ձեւավորվել է երկրի հիմնական արտաքին քաղաքական վեկտորը։ Եւ Վրաստանը երբեք չի շեղվի այդ ճանապարհից։
- Վրաստանի կայուն ապագան անվտանգության ո՞ր համակարգերին մասնակցության հետ եք կապում Դուք, երկրի պաշտոնական շրջանակները:
- Հասկանալի է, որ բացի եվրոպական կազմակերպություններից եւ կառույցներից, մեր նպատակը ՆԱՏՕ-ն է։ Այդ կազմակերպությունը դեպի Արեւմուտք մեր ընթացքի հիմնական նախապատվություններից մեկն է, եթե չասենք՝ ամենագլխավորը։ Այսօր մեր երկիրը Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցությունը համարում է սեփական անվտանգության զարգացման եւ պահպանման ամենահուսալի նեցուկը։ Դրա համար կատարվում են միանգամայն լուրջ քայլեր, դա մեր կողմնորոշումն է։ Բացի այդ, Վրաստանը նաեւ ուրիշ միավորումների անդամ է, այդ թվում՝ տնտեսական բնույթի. ԲԻՍԵԿ (Սեւծովյան տնտեսական համագործակցություն-խմբ.), ՎՈՒԱՄ։ Դրանցից յուրաքանչյուրն ունի իր ուղղությունը, որի պատճառով էլ Վրաստանն անդամակցում է դրանց։ Այդուհանդերձ, հիմնական ուղղությունը ՆԱՏՕ-ն է, ինտեգրումը եվրատլանտյան կառույցներին։
- Համարվո՞ւմ են, արդյոք, Վրաստանի եվրաինտեգրումը եւ Եվրոպայի ընդլայնումը եվրոպական պրեվենտիվ անվտանգության տարրեր:
- Այո, իհարկե։ Թեեւ Վրաստանը դեռ Եվրամիության ադամ չէ, բայց անվտանգության տեսակետից Եվրոպան Վրաստանը դիտում է որպես իր բաղադրիչ։ Այս առումով մեր երկրի եւ Եվրոպայի շահերը համընկնում են։ Դրանից ելնելով՝ անհնար է Վրաստանի անվտանգությունն անջատել եվրոպական անվտանգությունից։ Ներկա պահին Վրաստանը գործնականում սահմանակից է Եվրոպային, ուստի վերջինս շահագրգռված է, որ իր արտաքին սահմանների մոտ պահպանվի կայուն վիճակ եւ այդպիսով երաշխավորվի անվտանգություն։
- Որո՞նք են Վրաստանի ներքին եւ արտաքին անվտանգության սպառնալիքները: Դրանցից որո՞նք են գլխավորները Ձեր եւ Վրաստանի հասարակայնության տեսանկյունից:
- Կարող եմ ասել, որ Վրաստանի անվտանգության գլխավոր սպառնալիքը գալիս է հակամարտությունների գոտիներից։ Այսպես կոչված «սառեցված հակամարտությունները» մեր երկրի կայունության եւ ընդհանուր անվտանգության հիմնական սպառնալիքներն են։ Այստեղ խոսքն այն բոլոր տարրերի մասին է, որոնք կարող են սպառնալիք լինել պետության համար. թմրադեղեր, զենքի առեւտուր, թրա ֆիկինգ, տնտեսական հանցագործություն եւ այլն։ Սրանք այնպիսի խնդիրներ են, որոնք սկիզբ են առնում չվերահսկվող տարածքներում, որտեղ կարող են տեղի ունենալ բազմաթիվ վտանգավոր գործընթացներ։
- Ինչպե՞ս եք վերաբերվում «սահմանակից պետության անվտանգությունը մեր երկրի անվտանգության բաղկացուցիչն է» ձեւակերպմանը: Սահմանակից ո՞ր պետություններն են նպաստում Վրաստանի անվտանգության ամրապնդմանը, եւ հակառակը` խոչընդոտում են դրան:
- Ինչ վերաբերում է մեր բարեկամներին՝ կովկասյան հարեւաններին, ապա այդ պետությունները Վրաստանի համար ոչ մի սպառնալիք կամ վտանգ չեն ստեղծում։ Ընդհակառակը, մենք բավականաչափ լավ հարաբերություններ ունենք ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ։ Վրաստանի անվտանգության համար սպառնալիքներ կարող են առաջանալ այն տարածքներում, որտեղ պահպանվում են անջատողական ռեժիմներ։ Հակամարտությունների գոտիներում իրականացվող անարդյունավետ գործողություններով Վրաստանի անվտանգության համար որոշ խնդիրներ ստեղծում է Ռուսաստանը։ Սա ուղղակի սպառնալիք չէ, բայց նրա անգործությունը Ցխինվալիի շրջանում (Հարավային Օսիայում - խմբ.) եւ Աբխազիայում կարող է ունենալ իր հետեւանքները։ Ռուսաստանն ունի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը նպաստելու մանդատ, բայց այդ մեխանիզմների անարդյունավետ օգտագործումն ինքնին ստեղծում է խնդիրներ։ Սա Վրաստանի անվտանգության հետ կապված գլխավոր գործոններից մեկն է։
Ինչ վերաբերում է Թուրքիային, որի հետ մեր երկիրն ունի ցամաքային եւ ծովային սահման, ապա այդ պետության հետ մենք ունենք բավական լավ տնտեսական հարաբերություններ։ Լինելով ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիան ավելի շուտ մեր դաշնակիցն է, քան հակառակորդը։ Հասկանալի է, որ մենք ցանկանում ենք տարածաշրջանում ոչ մեկի հետ չունենալ լարված հարաբերություններ։ Մենք չենք ցանկանում արհեստականորեն սրել իրադրությունը տարածաշրջանում, մեր նպատակը կայունությունն է։
- Հնարավո՞ր է, արդյոք, Հարավային Կովկասում տարածաշրջանային ու սուբտարածաշրջանային անվտանգության համակարգերի ձեւավորումը միջազգային հարաբերությունների արդի իրողությունների պայմաններում, ի՞նչ այլընտրանքներ կան:
- Հենց չկարգավորված հակամարտությունների առկայությունն է բարդացնում տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծումը։ Թեեւ, անվտանգության համակարգ մասամբ գոյություն ունի։ Վրաստանը հարաբերություններ ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, ինչը ենթադրում է համագործակցություն բազմաթիվ ոլորտներում, ինչպես, օրինակ, տնտեսական եւ էներգետիկ։ Ուստի, այդ հարաբերությունները ենթադրում են անվտանգության պահպանման ինչ-ինչ տարրեր, որոնք, թեեւ չեն հասցվել համակարգի մակարդակի, արդեն իսկ նախադրյալներ են այն բանի համար, որպեսզի ապագայում ստեղծվի անվտանգության մի ինչ-որ համատեղ համակարգ։ Օրինակ՝ այն, որ Հայաստանը ԱՊՀ հավաքական անվտանգության համակարգի անդամ է, ոչ մի կերպ չի անդրադառնում մեր շահերի վրա։ Հայաստանն ունի զարգացման ինքնիշխան իրավունքներ եւ, բնականաբար, ազատ է որոշելու, թե որն է իր գերադասելի ռազմավարությունը։
Ինչ վերաբերում է ԱՊՀ-ին, ապա Հարավային Կովկասի երկրներից յուրաքանչյուրն ինքն է որոշում այդ կազմակերպության հետ իր հարաբերությունները։ Եվ դա չի կարող սպառնալիք լինել որեւէ մեկի, այդ թվում՝ Վրաստանի համար։ Այսօր մենք խոսում ենք ՆԱՏՕ-ի ֆորմատով հավաքական անվտանգության համակարգի մասին, բայց դա ոչ մի հակասություն չի ստեղծում։ ԱՊՀ անվտանգության համակարգն ուղղված չէ ոչ մեկի դեմ, այն պաշտպանության համար է։ Ինչպես եւ ՆԱՏՕ-ն, որը պաշտպանական, այլ ոչ թե հարձակողական համակարգ է։ Դրանք երկու դաշինքներ են, ու թեեւ կարող է հարց առաջանալ, թե դրանցից ո՞րն է ավելի ուժեղ, հասկանալի է, որ երկուսն էլ հետամուտ են անվտանգության եւ չեն ենթադրում ագրեսիա։
- Արդյո՞ք եվրոպական արժեքների հաստատումը բավարար պայման է Վրաստանի անվտանգության ապահովման համար:
- Ինչ վերաբերում է եվրոպական արժեքներին, ապա դրանց հաստատումը չի կարող բավարար լինել անվտանգության համար։ Ավելի ընդունելի է խոսել համամարդկային արժեքների, արեւմտյան արժեքների մասին։ Իրոք, մեր երկիրը շատ ընդհանուր բան ունի այդ արժեքների հետ, ու թեեւ նման հայտարարություններ չեն արվում, այդ բանը դրսեւորվում է առօրյա կյանքում։ Միայն այդ արժեքները չեն կարող լինել անվտանգության երաշխիք, բայց դրանք այն գլխավոր բանն են, որի վրա հիմնվում է բազմաթիվ երկրների զարգացումը։ Անվտանգության առումով այդպիսի արժեքները կարող են բացառիկ կարեւոր դեր խաղալ, եթե չեն պարտադրվում, այլ համահունչ են տվյալ հասարակությանը։ Դրանից ելնելով էլ՝ կարծում եմ, որ երկրի անվտանգության համար նմանօրինակ սկզբունքները նշանակալի դեր ունեն։ Համամարդկային եւ, մասնավորապես, եվրոպական արժեքների ներդրումը պետության անվտանգության ապահովման գործընթացի նախադրյալն է։
Անվտանգություն եւ եվրաինտեգրում
«Եվրաինտեգրման երեք փորձ. հարավկովկասյան երկրների անվտանգություն եւ եվրաինտեգրում, եվրոպական արժեքներ» ծրագրի շրջանակներում, որին աջակցում է Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակությունը, Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» հետազոտական կենտրոնն անց է կացրել Հարավային Կովկասի երեք երկրների քաղաքական կուսակցությունների առաջնորդների հարցում «Հարավային Կովկասի երկրների անվտանգություն եւ եվրաինտեգրում» թեմայով: Տիպային հարցերին պատասխանել են երեք երկրներից 5-ական գործիչներ: Հարցումներն անցկացրել են ` Հայաստանում` Ռաֆայել Թեյմուրազյանը, Վրաստանում` Նինա Արգուտինսկայան, Ադրբեջանում` Շահին Ռզաեւը: Մենք շարունակում ենք ներկայացնել հարցազրույցների շարքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել