HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ընդունելով եվրոպական արժեքներ՝ չի կարելի կտրվել ազգային արմատներից»

Ալի Ահմեդով, «Յենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղար

- Որո՞նք են Ադրբեջանի անվտանգության գլխավոր բաղկացուցիչները, եւ ինչպե՞ս եք բնութագրում դրանց ներկա մակարդակը:

- Ներկա պահին Հարավային Կովկասի անվտանգության հարցը սեւեռուն ուշադրություն է պահանջում, քանի որ այստեղ առկա են մի քանի, այսպես կոչված, սառեցված, չլուծված հակամարտություններ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ, Վրաստանի տարածքում գտնվող հակամարտությունները։ Ադրբեջանը գտնվում է այս աշխարհաքաղաքական տարածաշրջանում, ուստի մեր երկրի, ինչպես եւ Հարավային Կովկասի մյուս երկրների անվտանգությունը բավական խոցելի է։

Հետեւաբար, այս խնդիրների չլուծվածության պայմաններում, շատ դժվար է խոսել տարածաշրջանի անվտանգության մասին։ Կարծում եմ, որ տարածաշրջանում անվտանգության շուտափույթ ապահովման համար անհրաժեշտ է լուծել բոլոր հակամարտ իրադրությունները, այդ թվում՝ ղարաբաղյան խնդիրը։ Ինձ թվում է, որ սառեցված հակամարտությունների լուծումը նշանակալիորեն կամրապնդի ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը։ Այսինքն՝ այդ հակամարտ իրադրությունների պահպանումը կայունության խախտման շատ լուրջ գործոն է։ Մյուս կողմից՝ չի կարելի մոռանալ, որ Հարավային Կովկասի անվտանգությունը եվրոպական անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասն է։

Հարավկովկասյան պետությունների տարածքում օտարերկրյա զինուժի ներկայությունը նույնպես ինչ-որ չափով բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի անվտանգության վրա։ Ուստի տարածաշրջանի, եւ մասնավորապես Ադրբեջանի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է հարավկովկասյան պետությունների տարածքից դուրս բերել օտարերկրյա ռազմական ուժերը։ Ուզում եմ ասել, որ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հակամարտության պայմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա զինված ուժերի ներկայությունն Ադրբեջանի անվտանգության դեմ ուղղված անմիջական սպառնալիք է։

Բայց պետք է նշել, որ այս հարցի վրա կարող է դրական ազդեցություն ունենալ անվտանգության միջազգային կառույցների եւ հարավկովկասյան պետությունների միջեւ տեղի ունեցող համագործակցությունը։ Ես նկատի ունեմ Եվրամիության՝ հարավկովկասյան երկրների հետ հարեւանության, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի հովանավորությամբ տարածաշրջանում իրականացվող ծրագրերը։ Իմ կարծիքով, սրանք զսպող գործոններ են։

- Ինչպե՞ս եք ընկալում «եվրոպական անվտանգություն» հասկացությունը, արդյո՞ք այն լիովին համապատասխանում է Ադրբեջանի շահերին:

- Հարավային Կովկասի, այդ թվում՝ Ադրբեջանի անվտանգության հասկացությունը մտնում է եվրոպական անվտանգության մեջ, քանի որ Ադրբեջանը գտնվում է Եվրոպայի հարավային մատույցներում։ Հետեւաբար, Ադրբեջանի եւ, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասի կայունությունը ինչ-որ չափով նաեւ Եվրոպա անունը կրող վիթխարի տարածքի կայունությունն է։ Կարծում եմ, որ անվտանգության եվրոպական կառույցները պետք է շահագրգռված լինեն, որպեսզի ավելի մեծ ուշադրություն դարձնեն իրենց հետ սերտորեն համագործակցող երկրների անվտանգության ապահովմանը։ Այստեղ մենք ընդհուպ մոտենում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման խնդրին, որովհետեւ առանց դրա ուղղակի անհնար է կայունություն եւ անվտանգություն ապահովել Հարավային Կովկասում, ինչպես նաեւ ողջ եվրոպական տարածքում։ Խելամիտ չի լինի տարանջատել Հարավային Կովկասի եւ Եվրոպայի անվտանգության հասկացությունները։

- Կարո՞ղ է, արդյոք, եվրաինտեգրման կուրսը, իրական ինտեգրումը ապահովել Ադրբեջանի կայուն անվտանգության ձեւավորումը:

- Ադրբեջանի եւ մյուս հարավկովկասյան պետությունների ինտեգրումը եվրակառույցներին տարածաշրջանում անվտանգության ամրապնդման կարեւոր գործոն է։ Լավ կլիներ, եթե եվրակառույցները Հարավային Կովկասի վրա տարածեին կայունության ապահովման այնպիսի ծրագրեր, որոնցում տեղ կգտներ տարածաշրջանի սառեցված հակամարտությունները լուծելու նրանց մտադրությունը։

- Անվտանգության ո՞ր համակարգերին մասնակցության հետ եք կապում Ադրբեջանի կայուն ապագան։

- Առաջին հերթին՝ պետությունների անվտանգությունը պետք է հիմնվի այն բանի վրա, որ աշխարհում պահպանվեն պետությունների իրավահավասարության, սահմանների անխախտության, երկրների կառավարությունների նկատմամբ հարգալից վերաբերմունքի սկզբունքները, դատապարտվեն ագրեսիան եւ անջատողականությունը։ Ցավոք, մենք հաճախ բախվում ենք իրադրությունների, երբ այդ սկզբունքները չեն պահպանվում, երբ գործադրվում են երկակի ստանդարտներ։ Մեր երկրի կայունությունը եւ անվտանգությունը կարող է երաշխավորել միայն այնպիսի եվրոպական կառույցների հետ համագործակցությունը, որոնք հավատարիմ են վերոհիշյալ սկզբունքներին եւ չեն թույլատրում երկակի ստանդարտներ։

- Համարվո՞ւմ են, արդյոք, Ադրբեջանի եվրաինտեգրումը եւ Եվրոպայի ընդլայնումը եվրոպական պրեվենտիվ անվտանգության տարրեր:

- Եվրոպայի ընդլայնումը բաղկացուցիչ մասն է մի օբյեկտիվ գործընթացի, որի ականատեսն ենք 21-րդ դարում։ Իհարկե, համաշխարհային քաղաքականության եւ տնտեսության մեջ, ինչպես նաեւ միջազգային հարաբերություններում, ավելի ու ավելի է մեծանում եվրոպական երկրների նշանակությունը։ Համապատասխանաբար, Եվրոպայի դերի մեծացումն անխուսափելի է դարձնում նրա ընդարձակումը։ Եվրամիության երկրների քանակության աճն արագացնում է գործընթացը։ Այսօր շատ երկրներ ձգտում են մտնել Եվրոպա։ Այս իմաստով, Ադրբեջանը եւս բացառություն չէ։ Կարծում եմ, որ Եվրոպայի դիրքերի ամրապնդումը, Եվրամիության սահմանների ընդարձակման գործընթացը եւս տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործոն է։ Պայմանով, որ Եվրամիության ընդարձակումը կունենա սպասվող հետեւանքները, այն է՝ վերացնել մեր տարածաշրջանի հակամարտությունները։ Այս իմաստով, Եվրոպայի սահմանների ընդլայնումը կարելի է դիտել որպես պրեվենտիվ անվտանգության տարր։

- Նշեք, խնդրեմ, Ադրբեջանի ներքին եւ արտաքին անվտանգության սպառնալիքները: Դրանցից որո՞նք են գլխավորները Ձեր եւ ադրբեջանական հասարակայնության տեսանկյունից:

- Առաջին բանը, որ անհանգստացնում է ադրբեջանցի ժողովրդին, Ադրբեջանի հասարակությանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չլուծված հակամարտությունն է։ Ինչպես սկզբում ընդգծեցի, մեր երկիրը գտնվում է խոցելի աշխարհաքաղաքական խաչմերուկում, ինչն իր կնիքն է դնում այս խնդրի վրա։ Այդուհանդերձ, ամենագլխավոր խնդիրը Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն է Ադրբեջանի դեմ։ Այս պահին Ադրբեջանի ներքին անվտանգության համար որեւէ սպառնալիք չեմ տեսնում։

- Ինչպե՞ս եք վերաբերվում «սահմանակից պետության անվտանգությունը մեր երկրի անվտանգության բաղկացուցիչն է» ձեւակերպմանը: Սահմանակից ո՞ր պետություններն են, Ձեր տեսանկյունից, նպաստում Ադրբեջանի անվտանգության ամրապնդմանը, եւ հակառակը՝ խոչընդոտում են դրան:

- Բնականաբար, հարեւան երկրների անվտանգության խնդիրները սերտորեն փոխկապակցված են։ Ինչպես արդեն ասվեց, ներկա պահին Հայաստանը, որը զավթել է ադրբեջանական հողի մոտ 20 տոկոսը եւ մոտ մեկ միլիոն մարդու զրկել տանիքից, խոչընդոտում է մեր երկրում անվտանգության հաստատմանը։

- Հնարավո՞ր է, արդյոք, Հարավային Կովկասում տարածաշրջանային ու սուբտարածաշրջանային անվտանգության համակարգերի ձեւավորումը միջազգային հարաբերությունների արդի իրողությունների պայմաններում, ի՞նչ այլընտրանքներ կան:

- Անվտանգության ապահովման համար շատ մեծ նշանակություն ունի տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծումը։ Ցանկանում եմ ասել, որ այդ ուղղությամբ արդեն ձեռնարկվել են իրական քայլեր։ Սակայն տարածաշրջանի պետությունների միջեւ առկա հակամարտությունները խնդիրներ են ստեղծում այդ գաղափարի իրագործման համար։ Ժամանակին Հեյդար Ալիեւի նախաձեռնությամբ առաջ քաշվեց տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծման գաղափարը առնվազն երեք պետության՝ Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի մասնակցությամբ։

Այդ առումով, որոշ նշանակություն ունի ՎՈՒԱՄ կազմակերպությունը, որի մեջ մտնում են Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը եւ Մոլդովան։ Իհարկե, տարածաշրջանում անվտանգություն ապահովելու համար անհրաժեշտ է ուժեղացնել այդ կառույցների դերը եւ գործառույթը։ Այդ կառույցների ստեղծումն արդեն կարելի է համարել առաջին քայլը անվտանգության տարածաշրջանային կառույցների ստեղծման ուղղությամբ։

- Արդյո՞ք եվրոպական արժեքների հաստատումը բավարար պայման է Ադրբեջանի անվտանգության ապահովման համար:

- Կարծում եմ, որ եվրոպական արժեքների հաստատումը շատ մեծ նշանակություն ունի հասարակության արդիականացման, երկրի տնտեսական, սոցիալական, ինչպես նաեւ քաղաքական ոլորտների զարգացման համար։ Եւ այդ գործընթացն Ադրբեջանում հաջողությամբ է ընթանում, այդ ուղղությամբ մեր երկիրն օրեցօր առաջադիմում է։ Ինձ թվում է, որ Ադրբեջանում բավական խորացել են մարդու իրավունքների պահպանումը եւ ժողովրդավարական արժեքները։

Այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է, եւ երկիրն աստիճանաբար եւ հաջողությամբ ինտեգրվում է Եվրոպային։ Բայց, հաստատելով մեզ մոտ եվրոպական արժեքներ, չի կարելի թույլ տալ, որ անհետանա մեր հասարակության եւ ժողովրդի ինքնատիպությունը։ Չի կարելի մոռանալ ազգային արժեքների մասին։ Առանց փոխլրացման, եվրոպական տարածության մեջ ձեւավորված սկզբունքների արմատացումը կլիներ միակողմանի գործընթաց։ Դա կհանգեցներ այն արժեքների անհետացմանը, որոնց շնորհիվ դարերի ընթացքում ձեւավորվել է ադրբեջանցի ժողովրդի ինքնությունը։ Ամենամեծ օգուտը կարելի է ստանալ այն դեպքում, երբ, ընդունելով եվրոպական արժեքներ, չկտրվենք ազգային արմատներից, դարերի վաղեմություն ունեցող բարոյական նորմերից։

Անվտանգություն եւ եվրաինտեգրում

«Եվրաինտեգրման երեք փորձ. հարավկովկասյան երկրների անվտանգություն եւ եվրաինտեգրում, եվրոպական արժեքներ» ծրագրի շրջանակներում, որին աջակցում է Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակությունը, Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» հետազոտական կենտրոնն անց է կացրել Հարավային Կովկասի երեք երկրների քաղաքական կուսակցությունների առաջնորդների հարցում «Հարավային Կովկասի երկրների անվտանգություն եւ եվրաինտեգրում» թեմայով: Տիպային հարցերին պատասխանել են երեք երկրներից 5-ական գործիչներ: Հարցումներն անցկացրել են ` Հայաստանում` Ռաֆայել Թեյմուրազյանը, Վրաստանում` Նինա Արգուտինսկայան, Ադրբեջանում` Շահին Ռզաեւը: Մենք շարունակում ենք ներկայացնել հարցազրույցների շարքը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter