HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եվրոպական արժեքները անհրաժեշտ պայման են, բայց ոչ՝ բավարար»

Անդրանիկ Մարգարյան, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ վարչապետ

- Որո՞նք են Հայաստանի անվտանգության գլխավոր բաղկացուցիչները, եւ ինչպե՞ս եք բնութագրում դրանց ներկա մակարդակը:

- Հայաստանի անվտանգության ներկա մակարդակը մենք դիտարկում ենք հետեւյալ երեք բաղկացուցիչների համատեքսում`

- ներքին անվտանգություն, 
- տարածաշրջանային անվտանգություն, 
- միջազգային անվտանգություն:

Ներքին անվտանգություն

Այն ենթադրում է ժողովրդավարության զարգացում, ամրապնդում եւ ժողովրդավարացման միջոցով միջազգային ինտեգրում, ինչպես նաեւ օրենսդրական, ինստիտուցիոնալ, տնտեսական, սոցիալական բարեփոխումներ, որոնք ուղղված են պետական ու հասարակական, քաղաքական անհրաժեշտ բոլոր ինստիտուտների կայացմանն ու կատարելագործմանը, պետության միջազգային վարկի բարձրացմանը, երկրի կայուն զարգացմանն ու հասարակության բարեկեցության ապահովմանը :

Ժողովրդավարական բարեփոխումների ռազմավարությունը համակարգված կառուցողական աշխատանք է պահանջում պետական մարմիններից, իշխանության բոլոր օղակներից եւ հասարակությունից: Բարեփոխումների ձախողումը կնշանակի անմիջական եւ համապարփակ սպառնալիք ազգային անվտանգության ապահովմանը, քանի որ կարող է խաթարել երկրի կայուն զարգացումը: Տվյալ վտանգի աղետալի հետեւանքը կարող է լինել նման վարկանիշով պետության հանդեպ միջազգային հանրության վերաբերմունքի վատթարացումը եւ արդյունքում նրա մեկուսացումը` այդպիսով ներքին անվտանգությունից վերաճելով նաեւ արտաքին անվտանգության խնդրի:

Հայաստանը հաստատակամ է իր միջազգային գործընկերների հետ օրենսդրական բարեփոխումների անընդհատ գործընթացը զարգացնելու մեջ: Այս առումով վճռական դերակատարություն ունեցան սահմանադրական բարեփոխումները, որոնք հնարավորություն կտան մեր օրենսդրական դաշտն ամբողջությամբ համապատասխանեցնել միջազգային ընդունված չափանիշներին:

Տնտեսական բարեփոխումների ասպարեզում Հայաստանը կարեւոր տեղ է հատկացնում բարենպաստ ներդրումային դաշտի ձեւավորմանը, կապիտալի ներհոսքի խրախուսմանը, արտահանման ծավալների ավելացմանը, այդ նպատակով մաքսային եւ հարկային հստակ քաղաքականության իրականացմանը, ինչը միտված է նաեւ Հայաստանի տնտեսության եվրաինտեգրմանը:

Տարածաշրջանային անվտանգություն

ա) Հարաբերությունները Վրաստանի հետ

Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացված շրջափակման պայմաններում Վրաստանն այն հիմնական երկիրն է, որի միջոցով ապահովվում է տնտեսատրանսպորտային ելքը դեպի արտաքին աշխարհ՝ Ռուսաստան, Եվրոպա եւ ԱՄՆ: Բացի այդ, իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Վրաստանը հանդես է գալիս Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական եւ առեւտրային միջնորդի դերում: Երկու երկրների հարաբերություններին ռազմավարական բնույթ է հաղորդում նաեւ վիրահայության գործոնը, հատկապես Վրաստանի հայաբնակ շրջանը՝ æավախքը:

Վրաստանի ներքաղաքական իրավիճակի ապակայունացումը վտանգում է Հայաստանի տնտեսատրանսպորտային կապը արտաքին աշխարհի հետ, իսկ ազգամիջյան անհանդուրժողականությունը կարող է նաեւ ստեղծել հակահայկական տրամադրություններ՝ դառնալով æավախքի հայության արտագաղթի պատճառ:

Ուստի, Հայաստանը մեծապես շահագրգռված է Վրաստանի ներքաղաքական կայունության, հաստատուն եւ անվտանգ զարգացման մեջ եւ իր հարաբերություններում առաջնորդվում է հենց այդ սկզբունքով: Մենք ամեն կերպ աջակցում ենք Վրաստանին æավախքում սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման գործում: Սակայն վրաց-թուրքական, վրաց-ադրբեջանական համատեղ տնտեսական, տրանսպորտային, ռազմական ծրագրերը, որքան էլ վրացական կողմն այդ հարցում շահագրգիռ չլինի, նպատակաուղղված են մեր տարածաշրջանում հավասարակշռության խախտմանը եւ Հայաստանի մեկուսացմանը: Նմանատիպ ծրագրերից են Բաքու-Թբիլիսի-æեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը եւ Կարս-Ախալքալաք երկաթուղու նախագիծը:

Այս ծրագրերը բխում են Վրաստանի ազգային անվտանգության շահերից, ուստի Հայաստանը փորձում է հավասարակշռել դրանք՝ առաջարկելով Վրաստանին վերագործարկել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սուխում-Թբիլիսի երկաթուղին: Մյուս կողմից, տնտեսական մեկուսացման վտանգը չեզոքացնելու նպատակով Հայաստանը փորձում է բանակցությունների միջոցով բացել Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթուղին:

Հայ-վրացական հարաբերությունները կարելի է գնահատել որպես Հարավային Կովկասում կայունության պահպանման կարեւոր գործոն:

Այսպիսով` Վրաստանի հետ մեր հարաբերությունները բխում են երկու երկրների ռազմավարական շահերից եւ նպատակաուղղված են տարածաշրջանային ու եվրոպական ինտեգրմանը, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, ռազմական ոլորտներում կայուն եւ շարունակական համագործակցության զարգացմանը, այդ ոլորտները կարգավորող օրենսդրական դաշտի բարեփոխմանը:

բ) Հարաբերությունները Իրանի հետ

Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները կրում են առավելապես տնտեսական եւ մշակութային բնույթ: Տնտեսական եւ, հատկապես, էներգետիկ բնագավառում այդ հարաբերություններում տեղի է ունեցել զգալի առաջընթաց, նախագծվել եւ իրականացվում են մի շարք տնտեսական-էներգետիկ ծրագրեր, որոնց նպատակն է Հայաստանի էներգետիկ անվտանգության այլընտրանքային ռեսուրսի ստեղծումը:

Տնտեսատրանսպորտային շրջափակման պայմաններում Հայաստանի մեկուսացումը չեզոքացնելու տեսակետից Հայաստանի համար էլ ավելի է շեշտվում Իրանի նշանակությունը` իբրեւ դեպի Ասիա եւ Մերձավոր Արեւելք ռազմավարական կարեւորագույն ճանապարհ ապահովող երկրի: Այն այլընտրանքային կապ է ապահովում նաեւ Ռուսաստանի հետ: Բացի այդ, Իրանը ԼՂ հակամարտության օջախին ամենամոտ, փաստորեն սահմանակից պետություն է, որը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում վարում է հավասարակշռված քաղաքականություն:

Հայաստանը փորձում է Իրանի հետ պահպանել հավասարակշռված հարաբերություններ: Այդ նպատակով մեր համագործակցությունը ԱՄՆ-ի հետ մենք չենք հակադրում Իրանի շահերին: Իրանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը մեր քաղաքականության այն կարեւորագույն մասն է, որը նպատակաուղղված է նաեւ իսլամական աշխարհում Հայաստանի նկատմամբ բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանը:

գ) Հարաբերությունները Թուրքիայի հետ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը մնում է մեր տարածաշրջանի ամենաարդիական հարցերից մեկը: Միաժամանակ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրն առնչվում է ոչ միայն երկու պետությունների փոխհարաբերություններին, այլեւ անմիջականորեն ազդում է տարածաշրջանում կայունության ամրապնդման, տարածաշրջանային համագործակցության զարգացման վրա՝ դրանով իսկ կանխորոշելով կարեւոր գործընթացներ:

Հայ-թուրքական հարաբերությունները բնորոշվում են հետեւյալ խնդիրներով. առաջինը՝ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի շուրջ ստեղծված իրավիճակն է: Հայաստանի վրա ճնշում գործադրելով` Թուրքիան փորձում է աշխարհի հայությանը ստիպել հրաժարվել այդ քաղաքականությունից, քանի որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, Թուրքիայի կարծիքով, իր տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիքներից մեկն է: Բացի այդ, հարցի առկայությունն իսկ Եվրամիությանը նրա ինտեգրվելու առաջնային խոչընդոտներից մեկն է: Այս պատճառով Թուրքիան, խեղաթյուրելով փաստերը, ծավալում է միջազգային ապատեղեկատվական եւ այլ բնույթի բուռն գործունեություն:

Հայոց ցեղասպանության ճանաչումը մենք դիտարկում ենք պատմական արդարության վերականգնման, այդ երկրի կողմից իր անցյալի վերարժեվորման, դրանով իսկ նոր ցեղասպանությունների կանխարգելման համատեքստում:

Հաջորդը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հօգուտ Ադրբեջանի կարգավորելու Թուրքիայի ձգտումն է, մեր երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման նախապայմանների թվում Թուրքիան դնում է նաեւ իր այս ցանկությունն ու կողմնակալ մոտեցումը: Թուրքիան լավ է գիտակցում, որ Լեռնային Ղարաբաղի հարցի արդարացի լուծումը Հայաստանի ազգային անվտանգության ապահովման առաջնահերթություններից մեկն է, եւ հակամարտության լուծումը հօգուտ Ադրբեջանի կհանգեցնի Հայաստանի միջազգային ու տարածաշրջանային դերի նվազեցմանը, վտանգի տակ կդնի հայ ժողովրդի հետագա գոյությունը: Այդ նպատակին հասնելու համար Թուրքիան ծավալուն ռազմական օգնություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ փորձելով խախտել ռազմական հավասարակշռությունը եւ ստեղծել խնդրի ռազմական լուծման հեռանկարներ:

Տվյալ սպառնալիքների չեզոքացումը հնարավոր է Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ ոչ թշնամական վերաբերմունքի ձեւավորման դեպքում: Այս առումով մեծ դեր կարող է խաղալ միջազգային հանրության, հատկապես եվրոպական կառույցների՝ Եվրամիության, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի միջնորդական դերը: Հայաստանի արտաքին անվտանգության ռազմավարությունը նպատակաուղղված է այդ ջանքերի եւ Թուրքիայի վրա գործադրվող ճնշումների ակտիվացմանը:

Թուրքիայի անդամակցումը Եվրամիությանը չի հակասում Հայաստանի ազգային անվտանգության շահերին, քանի որ դա կստիպի առավել կանխատեսելի եւ վերահսկելի դարձնել այդ երկիրը, ժողովրդավարացնել այն, փոխել այդ երկրի արտաքին քաղաքականության, տնտեսական զարգացման, մարդու անհատական եւ կոլեկտիվ իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները:

դ) Հարաբերությունները Ադրբեջանի հետ. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը

Հայ-ադրբեջանական հարաբերությունների բացակայության հիմքում Լեռնային Ղարաբաղի չկարգավորված զինված հակամարտությունն է: Մեր երկրի համար անմիջական ռազմական սպառնալիք է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը` Հայաստանի նկատմամբ ռազմական գերազանցության հասնելու միջոցով Ղարաբաղյան պրոբլեմն այդ եղանակով լուծելու ձգտումը: Այդպիսի քաղաքականությունը սպառնում է ամբողջ տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը: Բացի այդ, մշտական ռազմական սպառնալիքի առկայությունը խոչընդոտում է մեր պաշտպանական բնագավառում արմատական բարեփոխումների իրականացման գործընթացին եւ հանգեցնում սպառազինությունների մրցավազքի: Ավելին. այդ նպատակով Բաքուն ադրբեջանական հասարակության մեջ մշտապես սերմանում է ատելություն հայերի հանդեպ: Այդպիսի դիրքորոշումն անհարիր է եվրոպական արժեքային համակարգ կառուցող երկրին եւ ապացուցում է, որ քաղաքական շահերի հետամուտ ադրբեջանական իշխանությունների կողմից այդ սկզբունքների հռչակումը կրում է զուտ դեկլարատիվ բնույթ:

Հնարավոր վտանգ են ներկայացնում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից այլ հարթություն ( մասնավորապես` ՄԱԿ, Եվրոպայի Խորհուրդ կամ ՆԱՏՕ ) տեղափոխելու Ադրբեջանի փորձերը: Դրանք ուղեկցվում են Ադրբեջանի քարոզչական մեքենայի ապատեղեկատվական գործունեությամբ, ինչը խնդրի էությանն անծանոթ միջազգային կազմակերպությունների շրջանակներում դրական միավորներ է բերում Բաքվին: Այս առումով զգալի աշխատանք ունեն ՀՀ տեղեկատվական անվտանգության համակարգը, արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը, որոնք պետք է արդյունավետ կերպով օգտագործեն թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի ամբողջ ներուժը:

Մինսկի խումբը՝ ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, որը ներկայացնում է նաեւ Եվրոպական համայնքը, առավելագույն արդյունավետությամբ արտացոլում է տարածաշրջանային զարգացումներում որոշակի շահագրգռություն ունեցող ուժերի հարաբերակցությունը: Բացի այդ, երեք համանախագահ երկրներն էլ ծանրակշիռ դերակատարություն ունեն միջազգային հարաբերություններում, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են, եւ դժվար է պատկերացնել միջնորդական առավել պատշաճ ձեւաչափ: Հայաստանը խնդրի լուծումը տեսնում է Մինսկի խմբի շրջանակներում, փոխզիջումային եւ խաղաղ կարգավորման միջոցով՝ ելնելով Ղարաբաղի հայության ֆիզիկական անվտանգության երաշխավորման պահանջներից, ինչպես նաեւ նրա կայուն ժողովրդավարական զարգացման համար անհրաժեշտ պայմաններից, ընդունելի համարելով կարգավորման միայն այն տարբերակները, որոնք կբխեն հետեւյալ սկզբունքներից.

- պետք է միջազգայնորեն ճանաչվի ԼՂՀ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, 
- ԼՂՀ-ն չպետք է լինի Ադրբեջանի ենթակայության ներքո, 
- պետք է ապահովվի ԼՂՀ-ի բնակչության եւ սահմանների անվտանգությունը, 
- ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն պետք է ունենան ընդհանուր սահման, 
- ԼՂՀ հարցի կարգավորումը չպետք է տեղի ունենա ՀՀ սահմանների փոփոխման հաշվին, 
- հարցի խաղաղ կարգավորման գործընթացում ԼՂՀ-ն պետք է հանդես գա որպես բանակցային կողմ:

Միջազգային անվտանգություն

ա) Ռազմավարությունը հետխորհրդային տարածքում. ԱՊՀ/ՀԱՊԿ

Ստեղծվելով հետխորհրդային տարածքում` ԱՊՀ-ն նպատակ ուներ լրացնելու այն ռազմաքաղաքական եւ տնտեսական վակուումը, որն առաջացավ ԽՍՀՄ փլուզումից հետո: Այս առումով ԱՊՀ-ն զգալի դեր կատարեց նախկին խորհրդային հանրապետությունների միջեւ ձեւավորված տնտեսական, ռազմաքաղաքական կապերի լիակատար փլուզումը կանխելու գործում: Սակայն այսօր ԱՊՀ երկրների միջեւ մի շարք բնագավառներում կան լուրջ տարաձայնություններ, հետեւաբար կա նրա դերի վերաիմաստավորման անհրաժեշտություն:

Կարեւորելով եւ ակտիվորեն մասնակցելով ԱՊՀ շրջանակներում ընթացող գործընթացներին, Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ որպես Հայաստանի անվտանգության ապահովման կարեւորագույն բաղադրատարրերից մեկի:

ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում, բնականաբար, առաջնային ռազմավարական են մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Այս հարաբերությունները պայմանավորված են երկու երկրների պետական շահերի համընկնումով եւ ժողովուրդների դարավոր բարեկամությամբ:

բ) Եվրոպական ինտեգրում եւ ՆԱՏՕ

Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է եւ ներգրավված է նրա մարմիններում՝ Խորհրդարանական վեհաժողովում, Նախարարների կոմիտեում եւ մի շարք այլ կառույցներում: Բարեփոխումների իրականացման եւ ժողովրդավարական արժեքների ամրագրման գործում մենք առաջնային ենք համարում Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարումը: Հայաստանի անվտանգության ապահովման վրա դրանց դրական ազդեցությունը շոշափելի է: Հայաստանը պետք է իր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ավելի նպատակային ձեւով արտացոլի Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության ապահովման բնագավառում Եվրախորհրդի դերի մեծացման իրողությունը:

ԵԱՀԿ-ն Հայաստանի համար ունի մի առանձնահատուկ նշանակություն. Հայաստանի անվտանգության առաջնային խնդիրներից մեկը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, գտնվում է ԵԱՀԿ շրջանակներում: Վերջին ժամանակներս նկատվում է այնպիսի միտում, երբ կարող է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը ԵԱՀԿ-ից տեղափոխվել այլ կազմակերպության, օրինակ, Եվրոպայի խորհրդի շրջանակներ: Այս նպատակով զգալի աշխատանք է կատարում Ադրբեջանը:

Հայաստանի շահերից է բխում ԵԱՀԿ դերի ամրապնդումը: Ուստի մենք շարունակելու ենք ակտիվ գործունեությունը ԵԱՀԿ կառույցներում` Մինսկի խմբի շրջանակներում` նպաստելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

Եվրոպական Միության հետ Հայաստանի հարաբերությունները պայմանավորված են աշխարհառազմավարական զարգացումներով: Դրանցից առավել նշանակալից են համաշխարհային քաղաքականության ու տնտեսության մեջ Եվրամիության ազդեցության մեծացումը նրա ընդլայնման հետեւանքով, ինչպես նաեւ Հարավային Կովկասի ներառումը եվրաինտեգրման ծրագրերում: Եթե համաեվրոպական կառույցների զարգացումն ու ամրապնդումը կարելի է համարել Եվրոպայի ինտեգրման ներքին քաղաքականություն, ապա այդ առումով արտաքին քաղաքականությունը բնորոշվում է «Եվրոպական հարեւանության» սկզբունքով, որում ընդգրկվել է նաեւ Հարավային Կովկասը:

Եվրոպական հարեւանությունը Հայաստանի համար ունի նաեւ մեծ տնտեսական նշանակություն: Եվրամիությունը Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերներից է, նրա ձեռնարկած լուրջ քայլերը միտված են եվրոպական մոդելով տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ու բարեփոխումների ծրագրերի իրագործմանը: Նշենք, որ սույն թվականի նոյեմբերի 14-ին Բրյուսելում հաստատվեց Եվրամիություն-Հայաստան անհատական գործողությունների ծրագիրը, ինչն ամուր հիմքերի վրա է դնում մեր համագործակցությունը Եվրամիության հետ:

ՆԱՏՕ-ի հետ համագործակցության որակական զարգացումն անմիջականորեն բխում է մեր ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, եւ Հայաստանը շարունակելու է այդ կազմակերպության հետ համատեղ ծրագրերի իրականացումը:

Հատկապես վերջին տարիներին Հայաստան - ՆԱՏՕ համագործակցությունն առարկայական պատկեր է ստանում` բարձրանալով լիովին նոր մակարդակի: Դա պայմանավորված է ոչ միայն Հայաստանի ցանկությամբ, այլեւ ՆԱՏՕ-ի կողմից նոր քաղաքականության որդեգրմամբ, Հարավային Կովկասն իր ռազմավարական շահերի շրջանակում ներառելու եւ գործընկերների հետ անհատական հարաբերություններ զարգացնելու որոշումներով: Հարաբերությունների որակական զարգացումը դրսեւորվում է այդ համագործակցության հայեցակարգային եւ գործնական չափումներում: Մասնավորապես, Պլանավորման եւ վերանայման գործընթացի (ՊՎԳ/PARP) շրջանակներում մշակվել ու հաստատվել են ՀՀ Գնահատման փաստաթուղթը եւ Գործընկերության նպատակների փաթեթը:

2004 թ. Հայաստանը միացել է նաեւ Անհատական գործընկերության գործողությունների պլանին (ԱԳԳՊ/IPAP): Ներկայումս ընթանում է ԱԳԳՊ «Ներկայացման փաստաթղթի» ձեւավորումը, որով նախատեսվում է համագործակցություն` պլանավորման եւ հայեցակարգերի մշակման ու ներդաշնակեցման գործընթացներում:

- Ինչպե՞ս եք ընկալում «եվրոպական անվտանգություն» հասկացությունը, արդյո՞ք այն լիովին համապատասխանում է Հայաստանի շահերին:

- «Եվրոպական անվտանգություն» ասելով՝ այսօր նկատի է առնվում անվտանգության ռազմաքաղաքական, տնտեսական ու շրջակա միջավայրի եւ մարդկային ասպեկտները: Աշխարհում անվտանգության արագ փոփոխվող պայմաններում՝ ԵԱՀԿ-ն նոր ռիսկերին ու մարտահրավերներին դիմակայելու մոտեցումները զուգակցում է Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների հետ, որն անվտանգության երաշխիքների մեջ ներառում է տնտեսական զարգացումը, շրջակա միջավայրին առնչվող խնդիրները, մշակութային հարցերը, մարդու իրավունքները՝ հանդիսանալով անվտանգության ընդհանուր եւ համապարփակ հայեցակարգ:

Բոլոր այն միջոցառումները, որոնք պարտավորվել են իրականացնել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության խորհրդաժողովի մասնակից պետությունները՝ ելնելով Եվրոպայում անվտանգության ապահովման նկատառումներից, միտված են այնպիսի պայմանների ապահովմանը, որոնցում իրենց ժողովուրդները կարող են ապրել կայուն խաղաղության մեջ՝ զերծ ցանկացած սպառնալիքից կամ իրենց անվտանգությանն սպառնացող ոտնձգությունից: Եվրոպայում եւ, ընդհանրապես, ամբողջ աշխարհում խաղաղության ու անվտանգության սերտ կապ գոյություն ունի, եւ անվտանգությունը հիմնված է խաղաղության ամրապնդման ու բոլոր ժողովուրդների համար հիմնարար իրավունքների, տնտեսական ու սոցիալական առաջադիմության, բարօրության ապահովման վրա:

Եվրոպական անվտանգության մեջ պետք է հասկանալ նաեւ բուն եվրոպական-քրիստոնեական արժեհամակարգի անվտանգությունը: Ինչպես հայտնի է, մեր երկրի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է եվրոպական կառույցներին անդամակցությունը: Արդեն նշեցի, որ մենք Եվրոպական խորհրդի, ԵԱՀԿ անդամ ենք, սերտորեն համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ, համագործակցում ենք Եվրամիության հետ «Եվրոպայի հարեւանության քաղաքականություն» ծրագրի շրջանակներում:

Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե այս հասկացությունը լիովին համապատասխանում է մեր երկրի շահերին, կարելի է ասել, որ հիմնականում համապատասխանում է այն առումով, որ եվրոպական երկրներն ունեն ժողովրդավարության վաղեմի ավանդույթներ, որոնք այդ երկրների կայուն զարգացումն ապահովելու հնարավորություն են տալիս: Սակայն նշեմ, որ մեզ համար որոշակի մտահոգություն են առաջացնում այդ երկրների ժողովրդագրական ահագնացող վիճակը եւ քրիստոնեական արժեքների ներկայիս կերպափոխումները: Ժողովրդագրական վիճակը մտահոգիչ է այն առումով, որ մի կողմից որոշ եվրոպական երկրներում նկատվում է ազգային դիմագծերի աղավաղում, մյուս կողմից՝ Մերձավոր եւ Միջինարեւելյան երկրներից ներգաղթողները, չընդունելով տվյալ երկրի հոգեւոր-մշակութային արժեքները, իրենց բացասական ազդեցությունն են թողնում Եվրոպայի ընդհանուր մշակութային եւ ժողովրդագրական պատկերի վրա:

Հարկ է նշել, որ ժողովրդավարության հիմնարար սկզբունք համարվող կրոնի եւ դավանանքի ազատության, մարդու իրավունքների եւ ազատությունների բացարձակացումը բերել է նրան, որ քրիստոնեական արժեքների իրենց յուրահատուկ մեկնաբանություններով հանդես եկող աղանդավորական կազմակերպությունների գործունեության, միասեռականների ամուսնությունների եւ նրանց կողմից երեխաներ որդեգրելու խրախուսումը հանգեցնում են քրիստոնեական իրական արժեքների խեղաթյուրման:

- Կարո՞ղ է, արդյոք, եվրաինտեգրման կուրսը, իրական ինտեգրումն ապահովել Հայաստանի կայուն անվտանգության ձեւավորումը (ամրապնդումը):

- Ես արդեն նշեցի, որ մեր երկրի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից է եվրոպական կառույցներին ինտեգրումը եւ այո՛, հիմնականում այս ինտեգրումը կամրապնդի մեր երկրի անվտանգությունը: Սակայն նշեմ նաեւ, որ մենք մեր երկրի արտաքին քաղաքականությունը հռչակել ենք փոխլրացնող, ելնելով այն համոզմունքից, որ անվտանգության միայն մեկ համակարգը չի կարող լիովին ապահովել մեր երկրի անվտանգությունը: Սա է պատճառը, որ մեր պետությունը ԱՊՀ եւ ՀԱՊԿ անդամ է եւ սերտորեն համագործակցում է եվրոպական ու միջազգային կառույցների հետ:

- Հայաստանի կայուն ապագան անվտանգության ո՞ր համակարգերին մասնակցության հետ եք կապում Դուք, եւ մեր երկրի պաշտոնական շրջանակները:

- Կարծում եմ, Ձեր նախորդ հարցերին պատասխանելով, արդեն այս հարցի պատասխանը ներկայացրել եմ:

- Համարվո՞ւմ են, արդյոք, Հայաստանի եվրաինտեգրումը եւ Եվրոպայի ընդլայնումը եվրոպական պրեվենտիվ անվտանգության տարրեր:

- Դիտարկելով Եվրոպայի ընդլայնումը զուտ պրագմատիկ քաղաքական տեսանկյունից՝ կարելի է ասել, որ այո՛, եվրոպական առաջատար երկրները այս ընդլայնումով հիմնականում ձգտում են ապահովել իրենց իսկ անվտանգությունը, իսկ մյուս կողմից՝ նաեւ զսպել այլ գերտերությունների հավակնությունները:

- Որո՞նք են Հայաստանի ներքին եւ արտաքին անվտանգության սպառնալիքները: Դրանցից որո՞նք են գլխավորները Ձեր եւ Հայաստանի հասարակայնության տեսանկյունից:

- Հայաստանի զարգացմանը խոչընդոտող, մեր ազգային անվտանգությանն սպառնացող բազմաթիվ մարտահրավերներ եւ վտանգներ կան: Դրանք դրսեւորվում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական դաշտում, առնչվում պետության զարգացման բոլոր բնագավառներին:

Մեր երկրի հիմնական արտաքին վտանգներն են` ժողովրդի ֆիզիկական գոյության, պետության անկախության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ հնարավոր ոտնձգությունները, Ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի ռազմական լուծման նպատակով Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների վերսկսումը, Հայաստանի շրջափակումը, թշնամական պետությունների կողմից Հայաստանի քաղաքական, տնտեսական ու հաղորդակցային մեկուսացումը եւ այդ պատճառով նրա միջազգային դերի նվազումը` մարգինալացումը, մեր երկրին առնչվող բարեկամական դաշինքների թուլացումը կամ քայքայումը, ինչպես նաեւ ոչ բարեկամական ռազմաքաղաքական դաշինքների ստեղծումն ու կայացումը, թշնամական պետությունների կողմից ապատեղեկատվությունը` ուղղված Հայաստանի կենսական ու ռազմավարական շահերի դեմ, եւ Հայաստանի շուրջ միջազգային բացասական կարծիքի ձեւավորումը:

Որպես արտաքին վտանգներ կարելի է նշել նաեւ թշնամական ոչ կանոնավոր ռազմական ուժի գործունեությունը` ուղղված Հայաստանի դեմ, Հայոց Սփյուռքի դերի անկումը նրա ուծացման, ինքնության կորստյան հետեւանքով, միջազգային, այդ թվում` տեղեկատվական-տեխնոլոգիական ահաբեկչությունը:

Հիմնական ներքին վտանգներ կարող են դառնալ` իրավական ու սոցիալական պետության եւ քաղաքացիական հասարակարգի անհրաժեշտ բնութագրերի ձեւավորման ոչ բավարար որակն ու տեմպերը, պետական համակարգի անկատարությունը կամ չկայացումը, արդարադատության եւ ներքին անվտանգության մարմինների գործունեության անբավարար մակարդակը, ներքին հաղորդակցությունների ու կապի, ինչպես նաեւ պետական տեղեկատվական-քարոզչական հնարավորությունների անկումը:

Ներքին վտանգներն են նաեւ սոցիալական շերտավորման խորացումը եւ աղքատությունը, կոռուպցիան, հասարակական հարաբերությունների հնարավոր քրեականացումը, պետական համակարգի նկատմամբ քաղաքացիական ժողովրդավարական վերահսկողության գործում ոչ պետական կազմակեպությունների դերի նվազումը, իշխանությունների հանդեպ հասարակական անվստահությունը, հասարակության ազդեցիկ հատվածների միջեւ անհանդուրժողական մթնոլորտի առկայությունը, ժողովրդագրական գործընթացների բացասական միտումները եւ արտագաղթը, խոսքի ազատության պակասը եւ լրատվամիջոցների տեղեկատվական-քարոզչական հնարավորությունների նվազումը, կրթական ու գիտական ներուժի արտահոսքը, հոգեւոր եւ բարոյական արժեքների խաթարումը, բնական-էկոլոգիական աղետները, մահաբեր համաճարակները:

- Ինչպե՞ս եք վերաբերվում «սահմանակից պետության անվտանգությունը մեր երկրի անվտանգության բաղկացուցիչն է» ձեւակերպմանը: Սահմանակից ո՞ր պետություններն են, Ձեր տեսանկյունից, նպաստում Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, եւ հակառակը, խոչընդոտում են դրան:

- Իհարկե, ցանկալի է ունենալ բարիդրացիական հարաբերություններ բոլոր սահմանակից հարեւանների հետ: Նման հարաբերությունները բարձրացնում են երկրի անվտանգության մակարդակը, բայց այսօր իրողությունները տարածաշրջանում այլ են: Հայաստանի սահմանակից պետությունները չորսն են, որորնցից 2-ի՝ Վրաստանի եւ Իրանի հետ պահպանվում են նորմալ բարիդրացիական հարաբերություններ եւ վստահ եմ, որ մոտ ապագայում դրանք փոխվելու միտումներ չեն ունենա:

Թուրքիայի հետ դիվանագիտական եւ տնտեսական հարաբերություններ սկսելու պատրաստակամություն Հայաստանը միշտ էլ հայտնել է եւ այսօր էլ պատրաստ է, բայց մեր արեւմտյան հարեւանը պետք է հրաժարվի իր կողմից պարտադրվող նախապայմաններից, որոնք ի սկզբանե անընդունելի են մեզ համար: Սահմանների վերաբացման հարցում մենք որդեգրել ենք պրագմատիկ մոտեցում: Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու մասին դեռ վաղ է խոսել, քանի որ այս երկրի հետ մենք ունենք չլուծված խնդիր, հետեւաբար, Ղարաբաղյան խնդրի կարգավորումից հետո միայն հնարավոր կլինի արձանագրել Ադրբեջանի կողմից մեր երկրի անվտանգության սպառնալիքի նվազում: Այսինքն՝ «սահմանակից պետության անվտանգությունը մեր երկրի անվտանգության բաղկացուցիչն է» ձեւակերպմանը համամիտ եմ մասնակիորեն:

- Հնարավո՞ր է, արդյոք, Հարավային Կովկասում տարածաշրջանային եւ սուբտարածաշրջանային անվտանգության համակարգերի ձեւավորումը միջազգային հարաբերությունների արդի իրողությունների պայմաններում:

- Կարծում եմ, որ այսօր դեռեւս վաղ է խոսել տարածաշրջանային անվտանգության համակարգ ստեղծելու մասին: Հարավային Կովկասում գոյություն ունեցող փակ սահմանները, «թեժ կետերը» (Լեռնային Ղարաբաղ, Հարավային Օսիա, Աբխազիա), Ադրբեջանի կողմից տարվող հակահայկական քարոզչությունը, պատերազմի վերսկսման կոչերը անվստահության մթնոլորտ են ստեղծում տարածաշրջանում, որոնք չեն կարող հող ստեղծել բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար ամբողջ տարածաշրջանի կտրվածքով:

- Արդյո՞ք եվրոպական արժեքների հաստատումը բավարար պայման է Հայաստանի անվտանգության ապահովման համար:

- Եվրոպական արժեքների հաստատումը մեր պետության անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ պայման է, բայց ոչ՝ բավարար: Կա մեր ազգային-ավանդական եւ եվրոպական արժեքների համադրման կարիք, ինչը տեւական գործընթաց է: Մյուս կողմից, Հայաստանի նկատմամբ արտաքին վտանգները դեռեւս վերացած չեն, ինչը թույլ չի տալիս մեր անվտանգությունը կապել միայն եվրոպական արժեքների հաստատման հետ:

Անվտանգություն եւ եվրաինտեգրում

«Եվրաինտեգրման երեք փորձ. հարավկովկասյան երկրների անվտանգություն եւ եվրաինտեգրում, եվրոպական արժեքներ» ծրագրի շրջանակներում, որին աջակցում է Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակությունը, Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» հետազոտական կենտրոնն անց է կացրել Հարավային Կովկասի երեք երկրների քաղաքական կուսակցությունների առաջնորդների հարցում «Հարավային Կովկասի երկրների անվտանգություն եւ եվրաինտեգրում» թեմայով: Տիպային հարցերին պատասխանել են երեք երկրներից 5-ական գործիչներ: Հարցումներն անցկացրել են ` Հայաստանում` Ռաֆայել Թեյմուրազյանը, Վրաստանում` Նինա Արգուտինսկայան, Ադրբեջանում` Շահին Ռզաեւը: Մենք շարունակում ենք ներկայացնել հարցազրույցների շարքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter