«Ցանկացած սպառնալիք ինքներս ենք ստեղծում մեզ համար»
Անդրանիկ Հովակիմյան, ՀՀՇ վարչության փոխնախագահ
- Որո՞նք են Հայաստանի անվտանգության գլխավոր բաղկացուցիչները, եւ ինչպե՞ս եք բնութագրում դրանց ներկա մակարդակը:
- Հայոց Համազգային Շարժումը (ՀՀՇ) բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխիքը ժողովրդավարական պետության կառուցումն է, միաժամանակ, մենք միշտ արձանագրել ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգն անպայմանորեն պետք է ներառի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, ինչպես նաեւ Եվրամիությանը եւ եվրոպական այլ կառույցներին: Ներկայումս Հայաստանի իշխանությունները վարում են տրամագծորեն հակառակ քաղաքականություն:
- Ինչպե՞ս եք ընկալում «եվրոպական անվտանգություն» հասկացությունը, արդյո՞ք այն լիովին համապատասխանում է Հայաստանի շահերին:
- Որպես քաղաքական մարմին` Եվրամիությունը եւ եվրոպական այլ կառույցները ներգրավված են ՆԱՏՕ-ի մեջ որպես ռազմաքաղաքական անվտանգության համակարգ: Եվ այս երկու հասկացություններն իրարից անջատելը դժվար է: Դա է պատճառը, որ մենք այս երկու ուղղությունները` եւ՛ դեպի Եվրամիություն ու եվրոպական այլ կառույցներ, եւ՛ դեպի ՆԱՏՕ, իրար հետ ենք տեսնում: Դա անվտանգության ամենաարդյունավետ համակարգն է:
- Կարո՞ղ է, արդյոք, եվրաինտեգրման կուրսը, իրական ինտեգրումը ապահովել Հայաստանի կայուն անվտանգության ամրապնդումը:
- Իհարկե: Մեր կարծիքով` եվրոպական անվտանգությունը թույլ կտա Հայաստանին`
ա) պահպանել ինքնիշխանությունը, անկախությունը եւ խրախուսել դա,
բ) խթանել ազատ շուկայական տնտեսության զարգացումն ու առաջընթացը, աջակցել ժողովրդավարական գործընթացներին ու ինստիտուտներին,
գ) հասնել տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, ինչպես նաեւ անվտանգության ու կայունության հաստատմանը:
- Հայաստանի կայուն ապագան անվտանգության ո՞ր համակարգերին մասնակցության հետ եք կապում Դուք, երկրի պաշտոնական շրջանակները:
- ՀՀՇ-ն որպես ամենաարդյունավետ անվտանգության համակարգ դիտում է ՆԱՏՕ-ն: Ցավոք, Հայաստանի ներկայիս իշխանությունները Հայաստանի անվտանգությունը տեսնում են ռուսական ռազմական բազաների ներկայության եւ ՀԱՊԿ-ին անդամակցելու մեջ: Եթե մենք մեր ապագան տեսնում ենք Եվրամիության եւ եվրոպական այլ կառույցների մեջ, ապա նաեւ տեսնում ենք այն անվտանգության համակարգում, որն աշխատում է այնտեղ: Եվ բնական է, եթե մենք ձգտնում ենք մտնել Եվրամիություն, ՀԱՊԿ-ի մեջ մնալն ուղղակի հիմարություն է: Չի կարելի լինել մի քաղաքական եւ մեկ այլ ռազմաքաղաքական կամ անվտանգության համակարգում: ՆԱՏՕ-ն մի քանի անգամ ավելի արդյունավետ անվտանգության համակարգ է, քան ՀԱՊԿ-ը, որը մինչեւ այսօր անհասկանալի մի ինչ-որ միավոր է:
Բացի այդ էլ, պետք է արձանագրել, որ մենք ընդհանրապես Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունենք: Եվ մեր հարեւանները` Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, գտնվում են ՆԱՏՕ-ում կամ իրենց զարգացման վեկտորն ուղղված է ՆԱՏՕ: Մենք չենք կարող լինել ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի ճակատային գիծ: Հիմա, փաստորեն, մենք մեզ վրա վերցրել ենք այդ ֆունկցիան, որն ուղղակի հիմարություն է: Մեր տարածաշրջանն իրենից ինչ-որ արժեք ներկայացնում կամ դիտարկվում է, երբ տարածաշրջանի բոլոր երկրներն իրար հետ գործում են նույն` եւ՛ տնտեսական, եւ՛ քաղաքական, եւ՛ անվտանգության համակարգերում, որովհետեւ առանձին Հայաստանն աշխարհի համար հետաքրքրություն չի ներկայացնում ո՛չ իր թվաքանակով, ո՛չ շուկայով, ո՛չ ազդեցությամբ: Իսկ, օրինակ, Հարավային Կովկասի երկրներն իրենց 15 միլիոն բնակչությամբ ... դա արդեն ինչ-որ չափով լուրջ շուկա է, տարածքն արդեն ինչ-որ չափով ազդեցիկ է, եւ փորձ կարվի այս տարածաշրջանում լուրջ ներդրումներ անել, թեեւ արդեն արվում են: Բացի դա, այն կոմունիկացիաները, որոնք անցնում եւ անցնելու են այդ տարածաշրջանով, եւս նկատելի ազդեցություն են:
Այսինքն` անհնար է Հայաստանը պատկերացնել մեր հարեւան այդ երկու երկրներից` Վրաստանից եւ Ադրբեջանից առանձին: Իսկ այն, որ Ադրբեջանը եւ Վրաստանը միտված են դեպի ՆԱՏՕ, կարծում եմ` պարզ է: Կա նաեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության խնդիրը: Մենք գտնում ենք եւ վստահ ենք, որ անհրաժեշտ է, որպեսզի մենք որեւէ կերպ չխոչընդոտենք, այլ ավելին` աջակցենք Թուրքիային որքան հնարավոր է շուտ դառնալ Եվրամիության անդամ, որովհետեւ այդ պարագայում հարավկովկասյան երեք երկրների` ավելի ողջամիտ ժամկետում Եվրամիության անդամ դառնալու հնարավորությունները մեծանում են: Բացի դրանից, երբ Թուրքիան դառնա Եվրամիության անդամ, այն կդառնա բավականին կանխատեսելի երկիր:
- Համարվու՞մ են, արդյոք, Հայաստանի եվրաինտեգրումը եւ Եվրոպայի ընդլայնումը եվրոպական պրեվենտիվ անվտանգության տարրեր:
- Ոչ: Այդ տեսակետը վաղուց արդեն շրջանառության մեջ է դրված Ռուսաստանի որոշ քաղաքական շրջանակների կողմից: Ըստ էության, Ռուսաստանը կամ Ռուսաստանի որոշ քաղաքական ուժեր, որոնք այսօր իշխանության շուրջն են կամ իշխանության մեջ են ու խնդիրներ են լուծում, միշտ նախկին Խորհրդային Միության հանրապետությունների այդ ընտրությունը դեպի Եվրոպա եւ Եվրամիություն, չգիտես ինչու, ընկալում են որպես իրենց նկատմամբ թշնամանք: Դա է պատճառը, որ իրենք միշտ փորձում են ներկայացնել, որ երբ Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն փորձում են ընդլայնվել, դա անում են այն բանի համար, որպեսզի ավելի լուրջ ազդեցություն ունենան Ռուսաստանի վրա:
Եվրոպայի համար դա պրեվենտիվ անվտանգության խնդիր չէ: Մե՛նք ենք, չէ՞, դիմում Եվրոպային իր կառույցներին ինտեգրվելու համար: Մե՛նք ենք գտնում, որ դա մեզ համար անհրաժեշտ է: Եվրոպան մեզ չի ասում` ամեն գնով եկեք-մտեք Եվրամիություն: Իսկ եթե Եվրոպան ինքը մեզ ստիպեր ինտեգրվել այդ կառույցներին, դա կլիներ պրեվենտիվ քաղաքականություն Եվրոպայի կողմից` իր անվտանգությունն ավելի լավ ապահովելու համար: Այսինքն` դա մե՛ր կողմից է պրեվենտիվ միջոց` մեր անվտանգությունն ապահովելու կամ երաշխավորելու, կամ ավելի արդյունավետ դարձնելու համար: Իսկ Ռուսաստանի քաղաքական որոշ շրջանակներ մեր նման երկրների ընտրությունը դեպի Եվրոպա դիտարկում են Եվրոպայի կողմից պրեվենտիվ միջոցներ իրենց դեմ ու շրջանառության մեջ են դնում եվրոպական պրեվենտիվ անվտանգության տարրերի մասին այդ թեզը: Բայց սա մե՛ր խնդիրն է: Մե՛նք ենք դա ուզում, ո՛չ թե Եվրոպան է մեզ ստիպում, թե մտեք իմ անվտանգության համակարգի մեջ եւ այլն:
- Նշեք, խնդրեմ, Հայաստանի ներքին եւ արտաքին անվտանգության սպառնալիքները: Դրանցից որո՞նք են գլխավորները Ձեր եւ երկրի հասարակայնության տեսանկյունից:
- Ցանկացած սպառնալիք մենք ինքներս ենք ստեղծում մեզ համար: Որեւէ այլ արտաքին սպառնալիք ես չեմ տեսնում: Ընդհանրապես, արտաքին եւ ներքին սպառնալիքներն այնքան շաղկապված են, որ չի կարելի ասել, թե որեւէ երկիր ինչ-որ լուրջ արտաքին սպառնալիքներ ունի: Օրինակ` ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Ադրբեջանի կողմից ես արտաքին սպառնալիք չեմ տեսնում: ՀՀՇ-ն բազմիցս արձանագրել է, որ թե՛ ներքին, թե՛ արտաքին սպառնալիքները Հայաստանի իշխանությունների որդեգրած արկածախնդիր քաղաքականության հետեւանք են:
Դա է պատճառը, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը մտել է մեզ համար ծանր պայմաններով լուծման պարտադրանքի կամ կործանարար պատերազմի վերջնագիծ, խորացել է սոցիալական եւ իրավական անպաշտպանվածությունը: ԼՂ խնդիրը տեղավորվում է ներքին սպառնալիքի մեջ, որովհետեւ եւ՛ Ադրբեջանում, եւ՛ Հայաստանում այսօրվա իշխանությունների կողմից ԼՂ խնդրում ստատուս քվոյի պահպանումն օգտագործվում է իշխանությունը վերարտադրելու, իշխանությունը պահելու համատեքստում: Սա ավելի շատ ներքին խնդիր է: Չեմ կարծում, թե Ադրբեջանը կգնա ռազմական գործողությունների` առանց ունենալու միջազգային կառույցների գոնե ոչ բացասական տեսակետը: Այն, որ ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում դրված է ցեղասպանության ճանաչման խնդիրը, դա եւս կարելի է համարել ներքին լուրջ սպառնալիք:
Այդ խնդիրը, անշուշտ, պետք է լուծվի, սակայն երբ դա դրվում է երկրի արտաքին քաղաքականության հիմքում, բերում է նրան, որ մենք լուրջ խնդիրներ ենք ունենում տարածաշրջանում մեր հարեւանների հետ եւ անվտանգության այդ միասնական համակարգը ձեւավորելու հարցում: Եթե մենք մի կողմից կարողանանք արտաքին հստակ քաղաքականություն վարել, եթե վերադառնանք հայ-ռուսական այն հարաբերություններին, որը կար` գործընկերային, իրականում դաշնակցային հարաբերություններ, որտեղ երկու երկրների շահերն ու իրավունքները միմյանց կողմից հարգվում են, եւ մյուս կողմից` եթե այդ քաղաքականության ուղղությունը լինի դեպի Եվրամիություն, եվրոպական կառույցներ, ՆԱՏՕ, այս արտաքին քաղաքականությունը կլինի ամենաարդյունավետը: Այսօր մեր արտաքին քաղաքականության ամենակարեւոր ուղղությունը Հայոց ցեղասպանության ճանաչումն է, որն արտաքին քաղաքականության հիմնախնդիր սարքելու համար ուղղակի սխալ է: Չի կարելի արտաքին քաղաքականության հիմքում դնել միայն ցեղասպանության ճանաչումը: Չմոռանանք նաեւ այն այլանդակ հարաբերությունները, որոնք այսօր Հայաստանն ունի Ռուսաստանի հետ: Այս խնդիրներն իրոք սպառնում են Հայաստանին:
- Ինչպե՞ս եք վերաբերվում «սահմանակից պետության անվտանգությունը մեր երկրի անվտանգության բաղկացուցիչն է» ձեւակերպմանը: Սահմանակից ո՞ր պետություններն են, Ձեր տեսանկյունից, նպաստումՀայաստանի ա նվտ անգության ամրապնդմանը, եւ հակառակը` խոչընդոտում են դրան:
- Ընդհանրապես, աշխարհը հարավկովկասյան երկրներին ընկալում է որպես մեկ միասնական տարածք: Եվ այդ պարագայում մենք աշխարհի համար եւ՛ քաղաքական, եւ՛ տնտեսական առումով հետաքրքրություն ենք ներկայացնում: Այս տարածաշրջանը պետք լինի նույն քաղաքական, տնտեսական եւ անվտանգության գոտում: Դա մեր զարգացման ու անվտանգության ամենաարդյունավետ ձեւն է: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնաքարը պետք է լինի այլ պետությունների, եւ առաջին հերթին հարեւան երկրների հետ բնականոն միջպետական, փոխշահավետ տնտեսական հարաբերությունների հաստատումը:
Մեր կարծիքով` Հայաստանի անվտանգության կարեւորագույն երաշխիքը տարածաշրջանային ինտեգրացիան է: Հարավային Կովկասի երկրները հնարավորություն կունենան արդյունավետ լուծել իրենց անվտանգության խնդիրները` անդամակցելով նույն անվտանգության համակարգին: Անհրաժեշտ է նշել նաեւ, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը կարեւորագույն արտաքին քաղաքական գործոն է Հարավային Կովկասի երկրների համար: Դա մեծացնում է մեր հնարավորությունները հետագայում ողջամիտ ժամկետներում անդամակցել ինչպես Եվրամիությանը, այնպես էլ ՆԱՏՕ-ին: Իսկ մեր հարեւան երկրներից ոչ մեկը չի սպառնում կամ խոչընդոտում մեր երկրի անվտանգությանը:
- Հնարավո՞ր է, արդյոք, Հարավային Կովկասում տարածաշրջանային ու սուբտարածաշրջանային անվտանգության համակարգերի ձեւավորումը միջազգային հարաբերությունների արդի իրողությունների պայմաններում, ի՞նչ այլընտրանքներ կան:
- Մենք առանձին այդքան ո՛չ հնարավորություն, ո՛չ ազդեցություն, ո՛չ էլ ռեսուրս ունենք, որ առանձին անվտանգության համակարգ ստեղծենք: Քանի որ, մեր կարծիքով, անվտանգության ամենաարդյունավետ համակարգը ՆԱՏՕ-ն է, ու քանի որ մեր հարեւանները` եւ՛ Ադրբեջանը, եւ՛ Վրաստանն ուղղված են դեպի ՆԱՏՕ, իսկ Թուրքիան արդեն ՆԱՏՕ-ի անդամ է, մենք չպետք է այնպես անենք, որ ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի ճակատային գիծն անցնի Հայաստանով: Չի կարելի: Պետք է նույն ուղղությամբ շարժվենք առաջ:
Տարածաշրջանային եռյակի` մի անվտանգության համակարգում լինելուն, տվյալ դեպքում խոսքը ՆԱՏՕ-ի մասին է, այլընտրանք չենք տեսնում: Արդի պայմաններում հնարավոր է, որ տարածաշրջանի երեք երկրներն էլ` Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, անդամակցեն նույն անվտանգության համակարգին` ՆԱՏՕ-ին: Սակայն մինչեւ ԼՂ խնդիրը չլուծվի, նման համակարգի ստեղծումը հնարավոր չէ: Կյանքը ցույց տվեց, որ ԼՂ խնդրի չկարգավորված լինելը տարածաշրջանային ինտեգրացիայի լուրջ խոչընդոտ է:Դա է պատճառը, որ մենք միշտ պնդում ենք, որ ԼՂ խնդրի կարգավորումը խանգարում է տարածաշրջանին հանդես գալ այդ տեսքով: Նաեւ դա է պատճառը, որ մենք պնդում ենք, որ ԼՂ խնդրի կարգավորման համար պետք է սկսել իրական բանակցություններ:
- Արդյո՞ք եվրոպական արժեքների հաստատումը բավարար պայման է Հայաստանի անվտանգության ապահովման համար:
- Չեմ կարծում, որ միայն դրանով կարելի է վստահ խոսել լիակատար անվտանգության մասին: Այնուամենայնիվ, ամենալուրջ խնդիրը ժողովրդավարական երկրի ստեղծումն է: Դա հնարավորություն կտա ավելի ռեալ քայլեր ձեռնարկել եւ՛ եվրոպական կառույցներին ինտեգրվելու եւ, որ ամենակարեւորն է, ներսում` Հայաստանում արդեն կստեղծվի համապատասխան մթնոլորտ, իսկ դրսում կունենանք այնպիսի համբավ, որը մեր անվտանգության ամենալուրջ երաշխիքն է, որովհետեւ ցանկացած ժողովրդավարական, իրավական պետության դեմ իրականացվող քայլերն ավելի բարդ են եւ ավելի ծանր են ընկալվում միջազգային հանրության կողմից, քան այնպիսի երկրների դեմ, որոնք ունեն ոչ ժողովրդավարական համբավ: Անվտանգության ամենակարեւոր երաշխիքը ժողովրդավարական երկիրն է:
Դա հնարավորություն է տալիս ավելի արագ տեմպերով ու ավելի արդյունավետ ինտեգրվել եվրոպական կառույցներին ու դառնալ Եվրոպայի լիիրավ մաս: Սակայն, անվտանգության համար եվրոպական արժեքների արմատավորումն անհրաժեշտ, բայց ոչ այնքան լիակատար, բավարար պայման է, որովհետեւ Եվրախորրդի եւ եվրոպական այլ կառույցների կարծիքով` կան երկրներ, որ, որպեսզի տվյալ երկրում շարունակվեն ժողովրդավարական բարեփոխումները, անհրաժեշտ է ինչ-որ չափով պահպանել կապերը նույնիսկ այդ ոչ ժողովրդավարական երկրի հետ, այսինքն` այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի պարագայում, երբ Եվրամիությունն ու Եվրախորհուրդը ոչ այնքան լուրջ քննադատության ենթարկեցին Ադրբեջանի ընտրությունները, Հայաստանի սահմանադրական հանրաքվեն, 2003-ի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները: Այսինքն` այստեղ էլ ինչ-որ կրկնակի ստանդարտների խնդիր կա: Ահա սա է պատճառը, որ միայն դա չի կարող լինել լիակատար անվտանգության երաշխիք:
Անվտանգության մի քանի բաղադրիչներ կան: Քաղաքական բաղադրիչը եվրոպական կառույցներին անդամագրվելն է, ռազմականը` ՆԱՏՕ-ին, տնտեսական անվտանգությունը` ռեգիոնալ տնտեսական կառւյցների մաս կազմելն է. գազամուղները, նավթամուղները, որոնք անցնում են քո երկրով, դարձյալ տնտեսական անվտանգության ինչ-որ երաշխիքներ, այնուամենայնիվ, ապահովում են: Եվ, բացի եվրոպական ինտեգրման խնդրից, անվտանգության առումով կա նաեւ տարածաշրջանային համագործակցության խնդիր:
Անվտանգություն եւ եվրաինտեգրում
«Եվրաինտեգրման երեք փորձ. հարավկովկասյան երկրների անվտանգություն եւ եվրաինտեգրում, եվրոպական արժեքներ» ծրագրի շրջանակներում, որին աջակցում է Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակությունը, Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» հետազոտական կենտրոնն անց է կացրել Հարավային Կովկասի երեք երկրների քաղաքական կուսակցությունների առաջնորդների հարցում «Հարավային Կովկասի երկրների անվտանգություն եւ եվրաինտեգրում» թեմայով: Տիպային հարցերին պատասխանել են երեք երկրներից 5-ական գործիչներ: Հարցումներն անցկացրել են ` Հայաստանում` Ռաֆայել Թեյմուրազյանը, Վրաստանում` Նինա Արգուտինսկայան, Ադրբեջանում` Շահին Ռզաեւը: Մենք շարունակում ենք ներկայացնել հարցազրույցների շարքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել