HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարավային Կովկասը «մեծ» Եվրոպայի ճանապարհին

Դավիթ Բերձենեշվիլի, Վրաստանի հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի անդամ

- Որո՞նք են Վրաստանի անվտանգության գլխավոր բաղկացուցիչները, եւ ինչպե՞ս եք բնութագրում դրանց ներկա մակարդակը:

- Ցավոք, Վրաստանը եւ Ռուսաստանը չկարողացան ստեղծել երկու կողմերի համար ընդունելի փոխհարաբերությունների ձեւաչափ։ Ուստի, Վրաստանի քաղաքական, ռազմական, տնտեսական եւ տարածքային անվտանգության խնդիրը մնում է չլուծված։ Ոչ միայն գործնական նպատակահարմարությունից ելնելով, այլեւ իր մենթալիտետի թելադրանքին հետեւելով` Վրաստանը պատրաստվում է մտնել եվրաատլանտյան տարածություն, եւ մեր հեռանկարը, այդ թվում եւ անվտանգության հեռանկարը, մենք կապում ենք եվրոպական եւ եվրաատլանտյան կողմնորոշման հետ։

-Ինչպե՞ս եք հասկանում «եվրոպական անվտանգություն» հասկացությունը, արդյո՞ք այն լիովին համապատասխանում է Ձեր երկրի շահերին:

- Եվրոպական անվտանգությունն ավելի շատ է համապատասխանում Վրաստանի շահերին, քան որեւէ այլ ձեւաչափ։ Ապագայում եվրոպական տարածություն մտնելու Վրաստանի հնարավորությունը մենք ընկալում ենք որպես գոյություն ունեցող տարբերակներից լավագույնը։ Երբ Վրաստանը հայտարարում է, որ պատրաստվում է մտնել ՆԱՏՕ, եւ այդ հարցի շուրջ կա ազգային համաձայնություն, ապա այստեղ Վրաստանի իշխանության, ընդդիմության եւ ողջ քաղաքական սպեկտրի կարծիքներն այնքան էլ չեն տարբերվում։ Դա մեր ժողովրդի, ինչպես նաեւ քաղաքական ուժերի ընտրությունն է, որոնք, ըստ էության, կատարում են սոցիալական պատվեր։

Գոնե մինչեւ այժմ գոյություն չունի եվրաատլանտյան ռազմական անվտանգություն առանց ամերիկյան բաղադրիչի։ Ամենայն հավանականությամբ, այդպես կլինի նաեւ մոտակա տասը տարում։ Ինչ վերաբերում է մյուս ասպեկտներին, ապա ինձ համար ամենակարեւորն այն է, որ Վրաստանը լուծի ժողովրդավարության առումով եվրոպական ստանդարտներին համապատասխանելու խնդիրը։ Եթե այդպես լինի, ապա ճանապարհ կբացվի դեպի տնտեսական, էներգետիկական եւ ցանկացած այլ տեսակի անվտանգություն։

- Կարո՞ղ է, արդյոք, եվրաինտեգրման կուրսը, իրական ինտեգրումը ապահովել Վրաստանի կայուն անվտանգության ամրապնդումը:

- Դրանք փոխլրացնող գործոններ են։ Վրաստանի կայունությունը կնպաստի, որպեսզի երկիրը մտնի եվրոպական տարածություն։ Եվրամիությունը եւ Եվրախորհուրդը, եվրոպական ինստիտուտները կօժանդակեն հաղթահարելու բազմաթիվ խնդիրներ, որոնց առջեւ կանգնած է մեր երկիրը։

Թեեւ քաղաքական մակարդակում նման բան չի հայտարարվում, բայց Վրաստանում կան մարդիկ, ովքեր ասում են, թե Եվրամիություն մտնելու սուր անհրաժեշտություն չկա, բայց նաեւ պնդում, թե պետք է ապրել ըստ եվրոպական ստանդարտների։ Ուստի, առնվազն առայժմ, մեր ձգտումը երկրում ժողովրդավարության մակարդակը բարձրացնելն է։ Վերջին երեք տարում այդ ուղղությամբ այնքան էլ շատ բան չի արվել, իսկ բաներ էլ կան, որ կարելի է բնութագրել որպես հետընթաց։ Դրա օրինակն է դատական բարեփոխումը։ Հաճախ, իսկական բարեփոխումների փոխարեն, բազմաթիվ ուղղություններով կատարվում է դրանց նմանակումը։

- Վրաստանի կայուն ապագան անվտանգության ո՞ր համակարգերին մասնակցության հետ եք կապում Դուք, երկրի պաշտոնական շրջանակները:

- ՆԱՏՕ-ի ծրագրերի ձեւաչափով աշխատելը ամենագլխավոր խնդիրներից մեկն է։ Մենք աշխատում ենք Եվրախորհրդում, Եվրահանձնաժողովի եւ համաշխարհային նշանակության այնպիսի միջազգային կազմակերպությունների հետ, որոնց անդամն ենք, օրինակ՝ ԱՀԿ։ Այս ամենը պետք է նպաստի, որպեսզի Վրաստանն ինտեգրվի նորմալ ժողովրդավարական տարածություն։

Որպես հայտարարություն` նման տեսակետը համընկնում է իշխանությունների տեսակետի հետ, բայց տեխնոլոգիական ապահովման տեսանկյունից մեր մոտեցումները տարամիտում են։ Մենք համարում ենք, որ իշխանությունները վարում են մակերեսային քաղաքականություն, ուստի երբեմն, իշխանության ներկայացուցիչների անձեռնահասության պատճառով, հայտարարված խնդիրը չի լուծվում։

- Համարվո՞ւմ են, արդյոք, Վրաստանի եվրաինտեգրումը եւ Եվրոպայի ընդլայնումը եվրոպական պրեվենտիվ անվտանգության տարրեր:

- Այո, ես համոզված եմ։ Մի ժամանակ Եվրոպան բաժանված էր մի քանի տարածաշրջանների։ Եվրոպայի Կենտրոնական, Արեւմտյան եւ Արեւելյան մասերի միավորումից հետո հասավ բալթյան երկրների հերթը։ Կարծում եմ, որ Եվրոպան Բալկաններին անդրադարձավ որոշ ուշացումով։ Այնտեղ կատարվածից հետո Եվրոպան արտոնյալ պայմաններով իր կազմի մեջ ընդունեց Ռումինիան եւ Բուլղարիան։ Դրանք երկրներ են, որոնցում դեռ եվրոպական ստանդարտներ չեն հաստատվել, որոնք զիջում են նույնիսկ Էստոնիային, Սլովենիային, Չեխիային եւ Հունգարիային։ Այդուհանդերձ, իմ կարծիքով, հենց անվտանգությունը հաշվի առնելով Եվրոպան դիմեց այդ քայլին, որպեսզի դուրս գա դեպի Սեւ ծով։ Եկող տարվա հունվարի 1-ից, երբ պաշտոնապես ԵՄ կմտնեն Ռումինիան եւ Բուլղարիան, Եվրամիությունը գործնականում կդառնա Վրաստանի սեւծովյան հարեւանը։

Եվրոպա, Եվրամիություն «եկող» յուրաքանչյուր երկիր հայտարարում էր, որ ինքը վերջինն է Արեւելքում, որ ավելի արեւելյաններն արդեն բոլորովին Եվրոպա չեն։ Վրաստանին ընդունեցին Եվրախորհուրդ, իսկ մի տարի անց ԵԽ մտան Հայաստանը եւ Ադրբեջանը։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ առայժմ հիպոթետիկ հարավկովկասյան տարածաշրջանի մեջ ենք մտնում։ Ես չեմ կարծում, որ այն ձեւավորվել է որպես տարածաշրջան, բայց այդ հասկացությունը գոյություն ունի առնվազն աշխարհագրական իմաստով։ Կան հեռանկարներ, որ Հարավային Կովկասը գոյություն կունենա ե՛ւ աշխարհաքաղաքական, ե՛ւ աշխարհառազմավարական իմաստներով։

Եվրոպական ինքնությունը, եվրոպական քաղաքակրթությունն այլեւս միայն քրիստոնեական չեն, թեեւ տիրապետող է քրիստոնեական աշխարհը։ Բնականաբար, Հայաստանը եւ Վրաստանը իրենց մենթալիտետով հեռու չեն Եվրոպայից։ Թուրքիայի գտնվելը ԵՄ-ում կօգնի, որպեսզի Ադրբեջանում նույնպես ձեւավորվի աշխարհիկ, ոչ իսլամական, որոշակի ստանդարտների բավարարող ժողովրդավարական իշխանություն։

- Որո՞նք են Վրաստանի ներքին եւ արտաքին անվտանգության սպառնալիքները: Դրանցից որո՞նք են գլխավորները Ձեր եւ Վրաստանի հասարակայնության տեսանկյունից:

- Չնայած, որ մեր հյուսիսային հարեւան Ռուսաստանը բնավ էլ մեր բարեկամը կամ գործընկերը չէ, այլ՝ մրցակիցը, ես չեմ կարող ասել, թե դա մեր անվտանգության՝ արտաքին քաղաքական բնույթ ունեցող գլխավոր խնդիրն է։ Բացասական ռուսական գործոնը նվազեցնելու բանալին Թբիլիսիում է, մեր երկրի ինտեգրացիոն գործընթացներում, եւ առաջին հերթին՝ նորմալ ժողովրդավարական միջավայր, վրացական հասարակության` ժողովրդավարական պետություն ստեղծելու հնարավորության մեջ։

Եթե Վրաստանն անընդունակ գտնվի առաջիկա տարիներին մոտենալ ժողովրդավարական ստանդարտին, ապա որպես երկիր կմնա քարտեզի վրա, բայց չի լինի գրավիչ պետություն։ Ժողովրդավարությունը գոյություն ունի միայն ժողովրդավարական ինստիտուտների միջոցով, եւ եթե հաջողվի դրանք ստեղծել, ապա Վրաստանը իր հարեւանների համար կդառնա ոչ վատ օրինակ, որովհետեւ աշխարհաքաղաքականորեն ավելի է կապված Եվրոպային եւ եվրաատլանտյան տարածությանը։

Եթե Վրաստանին հաջողվի լուծել իր ներքին խնդիրները, ապա հնարավորություն կունենա Եվրոպա մտնել թե՛ սեւծովյան, թե՛ հարավկովկասյան ճանապարհներով։ Մենք ունենք ընտրության հնարավորություն, մենք մեր հարեւանների պատանդը չենք։ Սակայն մենք շատ լավ հասկանում ենք, որ եթե մեզ հաջողվի բարձրացնել մեր ժողովրդավարության մակարդակը, եւ եթե այն աճի նաեւ Հայաստանում եւ Ադրբեջանում, ապա դա կօգնի թե՛ ամբողջ տարածաշրջանին, թե՛ երկրներից յուրաքանչյուրին ավելի վստահ զգալ եվրոպական տարածությունում։

Իհարկե, մեծ խնդիր են Վրաստանում առկա չլուծված հակամարտությունները, «զենք զրնգացնելը»։ Հանրապետական կուսակցության վերաբերմունքը աբխազական խնդրի նկատմամբ համարվում է ամենալոյալը։ Մենք մշակում ենք տարբեր մոտեցումներ, հանդիպում ենք աբխազների հետ։ Դա հեշտ խոսակցություն չէ։ Չլուծված հակամարտություններն իրենց մեջ սպառնալիք են պարունակում։ Եւ ոչ թե նրանով, որ դրանք լուծված չեն, այլ այն բանի հնարավորությամբ, որ մի ինչ-որ քաղաքական ուժ մասսայականություն վայելող ուռա-հայրենասիրական կոչերի օգնությամբ կարող է երկիրը հասցնել անկայունության։

Ես առայժմ հանգիստ եմ, քանի որ վրացական քաղաքական դաշտի գլխավոր խաղացողներն իրադրությունը գնահատում են բավական սթափ։ Եւ առաջին հերթին հենց իշխանությունն է, որ կարող է երբեմն անզգուշություն թույլ տալ։ Վրաստանի ղեկավարության հռետորությունը բնավ դուրեկան չէ։ Մենք խիստ դեմ ենք այդ խնդրի ռազմական լուծմանը։ Մյուս կողմից՝ մենք կարծում ենք, որ Ռուսաստանն իրավունք չունի խոսել այն մասին, թե Վրաստանը պատրաստվում է խնդիրը լուծել ուժային մեթոդներով, ուստի եւ ինքը չի կարող հեռանալ հակամարտությունների գոտուց։ Խոսքը Վրաստանի տարածքի մասին է, որը ճանաչվում է ողջ համաշխարհային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից։

Վրաստանում Ռուսաստանը չի ընկալվում որպես ամենաբարեկամական երկիր։ Իր վարկանիշով նա մյուս բոլոր հարեւաններից եւ նույնիսկ Միացյալ Նահանգներից ցածր տեղ է զբաղեցնում։ Սակայն Վրաստանում ռուսատյացություն չկա, եւ ռուսական պետության նկատմամբ վերաբերմունքը չի անդրադառնում ռուսների նկատմամբ վերաբերմունքի վրա։ Ըստ հարցումների՝ ԱՊՀ-ից դուրս գալու հարցում Վրաստանի բնակչության մեծամասնությունը սատարում է մեր կուսակցությանը։ Այստեղ մեր դիրքորոշումը հստակ է. Վրաստանը պետք է հեռանա այդ կազմակերպությունից։

Առանց այդ էլ մեր երկիրը չի մտնում հավաքական անվտանգության համակարգի մեջ, մենք Ռուսաստանի հետ ունենք վիզային ռեժիմ, մեզ գազ վաճառում են համաշխարհային գներով, ուստի Վրաստանի համար ԱՊՀ անդամությունը չունի ոչ մի (ոչ տնտեսական, ոչ ռազմական, ոչ քաղաքական) գրավչություն։ Մյուս կողմից՝ ԱՊՀ-ն դիտվում է որպես ռուսական-կենտրոնասիական, ոչ ժողովրդավարական տարածություն։

- Ինչպե՞ս եք վերաբերվում «սահմանակից պետության անվտանգությունը մեր երկրի անվտանգության բաղկացուցիչն է» ձեւակերպմանը: Սահմանակից ո՞ր պետություններն են նպաստում Վրաստանի անվտանգության ամրապնդմանը, եւ հակառակը` խոչընդոտում են դրան:

- Ռուսաստանի մասին խոսելու կարիք չկա, նրա հետ հարաբերությունները շատ թե քիչ պարզ են։ Ռուսաստանը, ռուսական իշխանությունները ոչ միայն չեն նպաստում Վրաստանի անվտանգության ապահովմանը, այլ, ընդհակառակը, ձգտում են Վրաստանն ընկալել որպես իրենց իշխանության տակ գտնվող տարածք, որպես ռուսական նոր կայսերական տարածության մաս։ Ինչ վերաբերում է մյուս երկրներին, ապա շատ բան որոշվում է Սեւ ծովի մերձությամբ։ Դա մի տարածություն է, որը Վրաստանի ողջ պատմության ընթացքում մեր երկրի համար որեւէ վտանգ չի ներկայացրել։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք գտնվում ենք անվտանգության տարբեր համակարգերում. Հայաստանը հավաքական անվտանգության համակարգի մեջ է, իսկ Վրաստանն այդ համակարգի մեջ չի մտնում եւ ձգտում է դառնալ հյուսիսատլանտյան անվտանգության համակարգի անդամ։ Սակայն մեր երկրների միջեւ հարաբերությունները միանգամայն նորմալ են եւ կարող են ավելի աշխուժանալ։ Կարծում եմ` այդ բանի օգտին է խոսում ե՛ւ պատմությունը, ե՛ւ այն հանգամանքը, որ մենք ավելի շատ ընդհանուր հակառակորդներ ենք ունեցել եւ շատ հազվադեպ ենք իրար հետ հարաբերություններ պարզել։ Շատ ավելի հաճախ մենք միասին պաշտպանվել ենք ուրիշներից։

Զանգվածային գիտակցության մեջ արմատացել է այն պատկերացումը, որ վրացիները եւ հայերը միասին գոյատեւել են թշնամական միջավայրում։ Ուստի, Վրաստանը հրաշալի հասկանում է, որ իր նավահանգիստները կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի համար։ Մեր հարեւանների համար դա ուղիղ ելք է դեպի Եվրոպայի ժողովրդավարական տարածություն։ Ինչ էլ պատահի, արեւմտյան աշխարհի համար Վրաստանը կմնա ավելի կայուն եւ ընդունելի գործընկեր, քան, ասենք, Իրանը։ Թեեւ Իրանի հետ այս պահին Վրաստանն ու Հայաստանն ունեն միանգամայն ընդունելի հարաբերություններ։ Այդուհանդերձ, Իրանը ուրիշ տարածություն է։ Վրաստանն ավելի հեռացած է Իրանից, բայց ես Իրանը եւ Հայաստանը չեմ ընկալում որպես նույն տարածության բաղադրիչների։ Նրանք մեկ ամբողջի մասեր չեն։

Վրաստանում հասկանում են եւ այն, որ գործերի վիճակը այն երեք շրջաններում, որտեղ ամփոփ ապրում է մեր երկրի հայ բնակչությունը, շատ բանով կախված է Վրաստանի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ հարաբերություններից։ Վրաստանում չի դիտարկվում æավախեթիում ինքնավարություն ստեղծելու հարցը, իսկ բազմաթիվ առկա խնդիրները թե՛ այնտեղ, թե՛ մյուս շրջաններում տեղական կառավարման մարմինների թուլության արդյունք են։

Վրաստանին պետք է, որ Հայաստանը հասկանա նրա խնդիրները։ Մյուս կողմից՝ Հայաստանին պետք է, որ Վրաստանը լինի լավ հարեւան եւ պահպանի այն հավասարակշռությունը, որ առկա է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ հարաբերություններում։ Տվյալ դեպքում մեր երկիրն իրեն բավական խելացի է պահում. երկար տարիների ընթացքում մենք կարողացել ենք լավ հարաբերություններ պահել Ադրբեջանի հետ, որը որոշ առումներով մեր ռազմավարական եւ աշխարհատնտեսական գործընկերն է, ինչպես նաեւ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, որի հնարավորությունից մենք երկար ժամանակ զուրկ էինք։

Ինձ թվում է, որ սահմանների բացումը եւ հայ-թուրքական ակտիվ երկխոսությունը կնպաստեն Հայաստանի դիրքերի ամրապնդմանը հարավկովկասյան տարածաշրջանում, դուրս կբերեն երկիրը ներկա վիճակից. Ռուսաստանը նայում է Հայաստանին որպես իր պատանդի եւ ռազմավարական գործընկերոջ։ Բայց չէ՞ որ 1915 թիվը պատահեց ոչ առանց Ռուսաստանի օգնության…

Այո, Վրաստանի հարեւան երկրների անվտանգության ընդհանուր իրավիճակը ազդում է նաեւ մեր երկրի վրա, բայց այդ արտաքին ազդեցությունը կնվազի, եթե մեզ մոտ մեծանա ներքին ժողովրդավարական պաշարը։ Իհարկե, ամեն բան փոխկապակցված է. որքան ավելի ժողովրդավարական դառնա Վրաստանը, այնքան ավելի շատ կզարգանա տնտեսապես, այնքան ավելի քիչ կլինի արտաքին գործոնների բացասական ազդեցությունը։ Բայց տվյալ պահին, կարծում եմ, Վրաստանը գտել է Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների օպտիմալ տարբերակ։

- Հնարավո՞ր է, արդյոք, Հարավային Կովկասում տարածաշրջանային ու սուբտարածաշրջանային անվտանգության համակարգերի ձեւավորումը միջազգային հարաբերությունների արդի իրողությունների պայմաններում, ի՞նչ այլընտրանքներ կան:

- Կասկածում եմ։ Առայժմ տարածաշրջանն ունի միայն անուն. Հարավային Կովկասը ընդամենը աշխարհագրական հասկացություն է։ Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքականությանը, աշխարհատնտեսությանը, ժողովրդավարական բաղադրիչին, ապա այդ տեսանկյունից Հարավային Կովկասն առայժմ որպես տարածաշրջան չի ձեւավորվել։ Առավել եւս իրականության մեջ գոյություն չունի այնպիսի կազմավորում, ինչպիսին է «Կովկասը եւ Կենտրոնական Ասիան»։ Այս ձեւաչափով գոյություն ունեն միայն առեւտրային հարաբերություններ եւ այն էլ՝ ավելի Ադրբեջանի, քան Վրաստանի, առավել եւս՝ Հայաստանի մոտ։ Հակառակ նրան, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտում այդ անվանմամբ մի ամբողջ բաժին կա, այդուհանդերձ, այդպիսի տարածաշրջան գոյություն չունի։

Եթե չհաջողվի առաջիկա տարիներին կարգավորել Հարավային Կովկասի գլխավոր՝ Ղարաբաղյան հակամարտությունը, որը շատ լուրջ աշխարհաքաղաքական բաղադրիչ ունի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության չգան, ապա տարածաշրջանում ժողովրդավարական եւ տնտեսական տարածության ստեղծումը կլինի քիչ հավանական։

Վրաստանի համար «պահեստային» տարբերակ է սեւծովյան ուղղությունը։ Տեսականորեն, որպես վարկած, եթե Հարավային Կովկասը չձեւավորվի, ապա կան երկու այլընտրանքային ուղղություններ սեւծովյան ուղղությամբ՝ Հայաստանի կամ Ադրբեջանի հետ։ Ես նկատի ունեմ ոչ թե ռազմական միավորումը, այլ միայն ժողովրդավարական տարածությունը։

- Արդյո՞ք եվրոպական արժեքների հաստատումը բավարար պայման է Վրաստանի անվտանգության ապահովման համար:

- Մեր երկրում հռչակված են եվրոպական արժեքներ, բայց Վրաստանն այդ արժեքներով չի ապրում։ Մենք դեռ շատ հեռու ենք այդ ստանդարտներով ապրելուց։ Թեեւ, հենց Եվրոպայի կեսն ապրում է ոչ այդ ստանդարտներով։ Բայց այնտեղ, շնորհիվ ժողովրդավարական ինստիտուտների, այդ արժեքները տիրապետող են եւ ապահովում են համապատասխան իրադրություն, որտեղ դժվար, գործնականում անհնար է ապրել հակառակ այդ արժեքների։ Տասը տարի առաջ Ռումինիայում եւ Բուլղարիայում իրադրությունը շատ չէր տարբերվում նրանից, ինչ այսօր կատարվում է մեր երկրում։ Բայց այս ընթացքում նրանք կարողացան մոտենալ եվրոպական արժեքներին, մտան ՆԱՏՕ եւ այսօր Եվրամիություն մտնելու շեմին են։ Կարծում եմ, որ մոտավորապես հենց այդքան ժամանակ է պետք, որպեսզի Վրաստանը նույնպես նմանվի ձեւավորված արեւելաեվրոպական պետության։

Տնտեսական տվյալները բավական մռայլ են։ Մեր տարածաշրջանի երեք երկրներում էլ սղաճը բարձր է, իսկ տնտեսական ցուցանիշները շատ տարբեր են նոր եվրոպական ստանդարտներից։ Մեր երեք երկրների տնտեսական ցուցանիշները մոտ 2,5-3 անգամ ցածր են, ասենք, Խորվաթիայի ցուցանիշներից։ Բաքու-æեյհան նախագծի շնորհիվ Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, առաջ կպոկվի, սակայն մինչեւ ժողովրդավարական ինստիտուտների լուրջ կայացումը եւ նորմալ ներդրումային տարածության ստեղծումը մեզանից ոչ մեկն էլ չի կարող իրական եվրոպական ինտեգրման հույս ունենալ։ Ուստի, ես եզրակացնում եմ, որ մենք կանգնած ենք մարտահրավերի առաջ։ Մեզանից է կախված` կկարողանա՞նք ընդունել այն, ժողովրդավարական ինստիտուտների օգնությամբ կառուցել ժողովրդավարական հասարակություն, ձեւավորել մրցունակ քաղաքական էլիտա, թե՞ կմնանք Շեւարդնաձեի ժամանակից ժառանգվածի պատանդը։

Անվտանգություն եւ եվրաինտեգրում

«Եվրաինտեգրման երեք փորձ. հարավկովկասյան երկրների անվտանգություն եւ եվրաինտեգրում, եվրոպական արժեքներ» ծրագրի շրջանակներում, որին աջակցում է Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակությունը, Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» հետազոտական կենտրոնն անց է կացրել Հարավային Կովկասի երեք երկրների քաղաքական կուսակցությունների առաջնորդների հարցում «Հարավային Կովկասի երկրների անվտանգություն եւ եվրաինտեգրում» թեմայով: Տիպային հարցերին պատասխանել են երեք երկրներից 5-ական գործիչներ: Հարցումներն անցկացրել են ` Հայաստանում` Ռաֆայել Թեյմուրազյանը, Վրաստանում` Նինա Արգուտինսկայան, Ադրբեջանում` Շահին Ռզաեւը: Մենք շարունակում ենք ներկայացնել հարցազրույցների շարքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter