HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանի համար ամենամեծ սպառնալիքն առանց նավթային դոլարների ապրելու անպատրաստությունն է

Ֆուադ Մուստաֆաեւ, Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության (ԱԱՃԿ) փոխնախագահ

- Որո՞նք են Ադրբեջանի անվտանգության գլխավոր բաղկացուցիչները, եւ ինչպե՞ս եք բնութագրում դրանց ներկա մակարդակը:

- Ներկայումս Հարավային Կովկասում անվտանգության հարցը, լինելով խիստ հրատապ, շատ սուր է դրված։ Նախ՝ Հարավային Կովկասի երկրների տարածքներում առկա են հակամարտություններ. Վրաստանի տարածքում՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ կապված իրադրությունը, իսկ Ադրբեջանի տարածքում՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը, մեր երկրի տարածքների զավթումը։ Այս առումով Հարավային Կովկասն աշխարհի այն անկյուններից է, որոնք մարմրող օջախներ են հիշեցնում։

Սա տարածաշրջանի գլխավոր ապակայունացնող գործոնն է։ Երկրորդ՝ Խորհրդային Միության փլուզումից հետո Հարավային Կովկասի երկրները վերածվեցին տարբեր պետությունների բախման ասպարեզի։ Առաջին հերթին խոսքը Ռուսաստանի մասին է, որը ցանկանում է վերագտնել տարածաշրջանում ունեցած ռազմաքաղաքական տիրապետությունը։ Դա մասամբ վերաբերում է նաեւ Իրանին, որը շահագրգռված չէ իր սահմանների հարեւանությամբ ունենալ կայուն քաղաքական համակարգով եւ Արեւմուտքին ինտեգրվող երկրներ։

Չպետք է բացառել նաեւ Իրանի աշխարհաքաղաքական գործոնը, որը վերաբերում է Հարավային Ադրբեջանին։ Կարծում եմ` այս գործոնների հետ միասին պետք է հաշվի առնել նաեւ արեւմտյան երկրների դերը, որոնք ինչ-որ չափով մասնակցում են այդ, կարելի է ասել, խաղին։ Չպետք է մոռանալ, որ արեւմտյան երկրներն այս տարածաշրջանում ունեն առավելապես էներգետիկ ոլորտի հետ կապված տնտեսական շահեր։ Եւ երրորդ՝ ցավոք, հարավկովկասյան երկրները, որոնք Խորհրդային Միության կազմալուծումից հետո անկախություն ստացան, չկարողացան բռնել կայուն տնտեսական եւ քաղաքական զարգացման ուղին։ Այս երկրներում չկան ժողովրդավարական ինստիտուտներ, կառավարման ժողովրդավարական համակարգ։

Այստեղ շատ բարձր է սոցիալական անարդարության, սոցիալական լարվածության մակարդակը։ Եւ Հարավային Կովկասի երկրների ավտորիտար ռեժիմները նույնպես էական հետք են թողնում անվտանգության հարցի վրա, քանի որ անկայուն սոցիալ-քաղաքական եւ կառավարման ավտորիտար համակարգ ունեցող երկրներում ներքին անկայունությունը միշտ կարեւոր գործոն է։ Հարավկովկասյան երկրների անվտանգությունը կարող է ձեռք բերվել այդ երեք գործոնները վերացնելու միջոցով։ Բոլոր երեք գործոններն էլ հրատապ են Ադրբեջանի համար։

Իսկ եթե համեմատենք Հայաստանի եւ Վրաստանի հետ, ապա կտեսնենք, որ Ադրբեջանն է՛լ ավելի վտանգավոր վիճակում է, քան իր հարեւանները, քանի որ Հայաստանում եւ Վրաստանում կան իրավիճակի որոշ փոփոխություններ։ Հայաստանում դա կապված է Ռուսաստանի եւ Իրանի հետ ռազմավարական հարաբերությունների հետ։ Վրաստանում դա կապված է Սաակաշվիլու կառավարության բարեփոխումների հետ, որոնք, վերջին հաշվով, ուղղված են երկրի ժողովրդավարացմանը։ Ադրբեջանում նման գործոններ չկան։

- Ինչպե՞ս եք ընկալում «եվրոպական անվտանգություն» հասկացությունը, արդյո՞ք այն լիովին համապատասխանում է Ադրբեջանի շահերին:

- Եթե այդ հարցը դիտարկենք ռազմավարական տեսանկյունից, ապա, իհարկե, Ադրբեջանի անկախության ամրապնդման եւ սոցիալապես կայուն համակարգի ստեղծման համար տնտեսական եւ քաղաքական անվտանգության եվրոպական համակարգերն այլընտրանք չունեն։ Ինտեգրումը եվրոպական տնտեսական, ռազմաքաղաքական տարածություն հարավկովկասյան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի համար ամենաընդունելի տարբերակն է։ Դրանով մեր երկիրը կարող է երաշխիքներ ստանալ մի կողմից՝ անկախությունը պահպանելու, իսկ մյուս կողմից՝ երկրի ժողովրդավարական զարգացման համար։

Բայց այդ ճանապարհը լի է խոչընդոտներով, որոնք կապված են հենց այն գործոնների հետ, որոնց մասին արդեն խոսել ենք. չլուծված հակամարտությունների գոյությունը, Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասի եւ, մասնավորապես, Ադրբեջանի նկատմամբ, որի հետ Արեւմուտքը ստիպված է հաշվի նստել, եւ ադրբեջանական կառավարության քաղաքականությունը։ Այս բոլոր գործոնները բացասաբար են անդրադառնում եվրակառույցներին Ադրբեջանի ինտեգրման հարցի վրա։ Քանի դեռ գոյություն ունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը, անիմաստ է խոսել գործնական եվրաինտեգրման մասին։

Ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը կարող են հայտնվել մի իրադրության մեջ, երբ դժվար կլինի անցնել Եվրախորհրդի անդամությունից այն կողմ։ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամությունը պահանջում է պահպանել որոշակի պայմաններ։ Առաջին պայմանը տարածքային, էթնիկական հակամարտությունների բացակայությունն է։ Երկրորդ պայմանը կայուն ժողովրդավարական զարգացումն է եւ շուկայական տնտեսությունը։ Հարավկովկասյան երկրներում դեռ այդպիսի պայմաններ չկան։

Այդ առումով, դեռ վաղ է ասել, թե Ադրբեջանի ինտեգրումը Եվրախորհուրդ եւ ՆԱՏՕ ժամանակի հարց է։ Կարծում եմ, որ այդ խնդիրը դեռեւս լուծված չէ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Եվրոպայի համար։ Ինձ չի թվում, թե այսօրվա դրությամբ Եվրոպայում ձեւավորվել է քաղաքական կամք, որն անհրաժեշտ է Ադրբեջանի՝ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ դառնալու համար։ Նույնը կարելի է ասել Ադրբեջանի մասին։ Ադրբեջանի կառավարությունը չի դրսեւորում իրապես Եվրոպա մտնելու համար անհրաժեշտ քաղաքական կամք եւ ցանկություն։ Ցավոք, այն ինչ կատարվում է, հաճախ կրում է իմիտացիոն բնույթ։ Ուստի, ես համարում եմ, որ այսօր Ադրբեջանի եվրաինտեգրումը ավելի տեսական, քան գործնական հարց է։

-Կարո՞ղ է, արդյոք, եվրաինտեգրման կուրսը, իրական ինտեգրումը ապահովել Ադրբեջանի կայուն անվտանգության ձեւավորումը :

- Ադրբեջանի անվտանգությունը կապահովվի այն դեպքում, եթե նախ՝ ստեղծվի տարածաշրջանային անվտանգության որոշակի համակարգ, երկրորդ՝ ձեւավորվի սոցիալապես կայուն քաղաքական համակարգ։ Այդ պայմաններում արդեն Եվրոպա մտնելը կլիներ ժամանակի հարց։ Այդ ժամանակ, անկախ նրանից` Ադրբեջանը պաշտոնապես կլինի Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ, թե պարզապես տնտեսական, քաղաքական սերտ կապեր կունենա Եվրոպայի երկրների եւ Ամերիկայի հետ (այսինքն՝ անկախ ձեւից), Ադրբեջանը կունենա անվտանգության լուրջ երաշխիքներ։ Բայց այդ հարցերի լուծման համար նախ եւ առաջ Ադրբեջանը ներքին վերափոխումների կարիք ունի։ Ավստրալիան Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ չէ, բայց այդ երկրի անվտանգությունն ապահովված է։ Իհարկե, ժողովրդավարական երկրի համար ավելի լավ է լինել Եվրախորհրդի անդամ, քան նրա դաշնակիցը։ Մի անգամ էլ եմ ասում՝ ինձ համար Ադրբեջանի անվտանգության հարցն ավելի շատ կապված է երկրի կառավարման ներքին համակարգի, քան արտաքին գործոնների հետ։

-Անվտանգության ո՞ր համակարգերին մասնակցության հետ եք կապում Ադրբեջանի կայուն ապագան։

- Ադրբեջանի կայուն ապագայի երաշխավոր կարող է լինել միայն ինքը՝ Ադրբեջանը։ Ադրբեջանի անվտանգության երաշխիք կարող է լինել կայուն սոցիալ-քաղաքական համակարգի կառուցումը։ Այլ խոսքով՝ Ադրբեջանի անվտանգությունը կարող է ապահովել երկրի ժողովրդավարական զարգացումը եւ տնտեսական ողջ ներուժի իրականացումը։ Նման պայմաններում Ադրբեջանի անվտանգության նկատմամբ սպառնալիքն էապես կպակասի։ Գաղտնիք չէ, որ կոռումպացված, ավտորիտար ռեժիմը թույլ է եւ ավելի ենթակա արտաքին ազդեցությանը, քան բնակչության օժանդակությունը վայելող կայուն ժողովրդավարական իշխանությունները։

Այս իմաստով, կարծում եմ, որ ներկա պահին Ադրբեջանի անվտանգության նկատմամբ առկա թե՛ տեսական, թե՛ գործնական սպառնալիքներն ուղղակի կապ ունեն Ադրբեջանի կառավարման համակարգի հետ։ Մեր երկրի ավտորիտար ռեժիմը ստիպում է կառավարությանը օժանդակություն փնտրել իր նկատմամբ բարեհաճ վերաբերմունք ունեցող երկրների մոտ։ Օրինակ՝ գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Ռուսաստանը օժանդակում է հետխորհրդային տարածքի բոլոր ավտորիտար ռեժիմներին։ Դա հանգեցնում է նրան, որ այդ ռեժիմներն ավելի մեծ ռազմաքաղաքական կախվածության մեջ են ընկնում Ռուսաստանից։ Այդ իմաստով Ադրբեջանն այնքան էլ շատ չի տարբերվում ավտորիտար մյուս ռեժիմներից։

Ես վստահ եմ, որ Ադրբեջանի անվտանգությունը եւ կայուն ապագան առաջին հերթին կախված են նրա զարգացումից բոլոր ոլորտներում։ Իհարկե, որպես անվտանգության ռազմաքաղաքական համակարգ` ՆԱՏՕ-ն ամենաընդունելին է։ Առավել եւս, որ ՆԱՏՕ-ի ընդարձակման հետ միասին նրա մեջ պակասում են ռազմական եւ ավելանում են քաղաքական բաղադրիչները։ ՆԱՏՕ-ն աստիճանաբար դառնում է ավելի քաղաքական, քան ռազմական կազմակերպություն։

Դա ձեռնտու է Ադրբեջանին։ Եթե մեր երկիրը կարողանա դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, ապա դա կլինի նրա անվտանգության լուրջ երաշխիք։ Բայց պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Ադրբեջանի անվտանգության ամբողջական ապահովումը սերտորեն կապված է Հարավային Կովկասի անվտանգության համակարգի հետ։ Անկարելի է ապահովել անվտանգությունը առանց հակամարտությունները լուծելու եւ տարածաշրջանային բնույթ ունեցող անվտանգության կայուն համակարգի համար պայմաններ ստեղծելու։ Այդ իմաստով Ադրբեջանի համար մեծ նշանակություն ունի Վրաստանի հետ համագործակցությունը։ Կարծում եմ, որ Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցությունը պետք է պահպանել եւ զարգացնել։ Ադրբեջանը պետք է ձգտի նորմալացնել փոխհարաբերությունները Իրանի եւ Ռուսաստանի հետ։ Եւ, իհարկե, պետք է լուծել Հայաստանի հետ հակամարտությունը։

Տեսանելի ապագայում Հարավային Կովկասի անվտանգությունը մեծապես կախված կլինի այն բանից, թե ինչպես կլուծվի այդ հակամարտությունը։ Եթե այն լուծվի միջազգային իրավունքի հիման վրա` պահպանելով բոլոր կողմերի շահերը, ապա կարելի կլինի խոսել տարածաշրջանի անվտանգության երկարաժամկետ համակարգի ստեղծման մասին։ Իսկ եթե լուծման ժամանակ պահպանվեն միայն մեկ կողմի շահերը, ապա դա կլինի խաղաղություն, որը կողմերից մեկին պարտադրվել է ուժով։

Այդ դեպքում կայունությունը կունենա ժամանակավոր բնույթ։ Բնականաբար, դա կլինի տարածաշրջանի տակ դրված ական։ Ինչու՞ եմ խոսում այդ մասին։ Ներկա պահին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության լուծումն ավելի հակվում է ոչ թե դեպի միջազգային իրավունքի հիմքերը (տարածքային ամբողջականության պահպանումը՝ հարգելով Ադրբեջանում ապրող հայկական փոքրամասնության իրավունքները), այլ վկայակոչում է արդեն կատարված փաստերը։ Եւ ավելի մեծ ճնշման ենթարկվում է Ադրբեջանը։ Եթե հաշվի առնենք Ադրբեջանում իշխող ռեժիմի շահերը, որի համար սեփական իշխանության պահպանումն ավելի գերադասելի է, քան ազգային ռազմավարական շահերը, Ադրբեջանին նման խաղաղության պարտադրման հավանականությունը շատ մեծ է։

- Համարվո՞ւմ են, արդյոք, Ադրբեջանի եվրաինտեգրումը եւ Եվրոպայի ընդլայնումը եվրոպական պրեվենտիվ անվտանգության տարրեր:

- Սկզբունքորեն, այո։ Ես համոզված եմ, որ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրոպայի, այսինքն՝ այսպես կոչված ժողովրդավարական աշխարհի համար որքան շատ ժողովրդավարական երկրներ լինեն իր սահմանների մոտ, այնքան ավելի անվտանգ եւ կայուն կլինի։ Որքան ավելի քիչ լինեն հյուսիսի եւ հարավի միջեւ հակասությունները, այնքան ավելի քիչ սպառնալիք կլինի անվտանգությանը, քանի որ անվտանգության համար գլոբալ սպառնալիքը հենց հյուսիսի եւ հարավի, հարստության եւ աղքատության միջեւ հակադրությունն է։ Այդ աղքատ աշխարհը լարվածության օջախ է։ Եթե այդ հարավին պատկանող Ադրբեջանը սկսի աստիճանաբար հաղթահարել այդ սահմանը եւ դառնա սոցիալ-տնտեսական առումով ավելի կայուն երկիր, ապա ավելի լավ կլինի Եվրոպայի եւ Ամերիկայի համար։

Այո, սկզբունքորեն դա այսպես է։ Այլ հարց է, թե որքանով է դա հրատապ ներկա ժամանակահատվածում։ Գուցե առաջիկայում դրա հրատապությունն աճի։ Նոր հարեւանության մասին համաձայնագիրը ստորագրված է եւ գործողության մեջ կմտնի հունվարի 1-ից։ Սա նշանակում է, որ այս տարածաշրջանի կարեւորությունն աճում է։ Դա կապված է այն հանգամանքի հետ, որ, փաստորեն, Եվրամիությունն ավարտում է Արեւելյան Եվրոպայի երկրների կլանման փուլը։ Ըստ էության, դրանով ավարտվում է Եվրամիության ընդարձակումը սեփական աշխարհագրական սահմաններում։ Մնում են Բելառուսը եւ մի քանի բալկանյան երկիր, որոնք սկզբունքորեն պատրաստ են մտնել Եվրամիություն։ Եւ Եվրամիության մեջ կարծիքներ կան, թե ընդարձակումը հասել է իր սահմաններին։

Մասամբ դրանք ճիշտ են, քանի որ Եվրամիություն մտնող նոր երկրները պետք է ժամանակի ընթացքում համապատասխանեն այն ստանդարտներին, որոնք գոյություն ունեն այդ կառույցում։ Առայժմ նկատվում է զարգացման որոշ անհավասարաչափություն։ Այդպիսի վիթխարի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումը բավական դժվար խնդիր է։ Դրա համար Եվրամիությունից կպահանջվի որոշակի ժամանակ։ Եվրոպայի ընդարձակման գործընթացի շարունակությունը կախված կլինի նոր անդամների ինտեգրման հաջող ընթացքից։ Ուստի, ես չգիտեմ, թե այսօր Եվրամիության համար որքանով է հրատապ Ադրբեջանի մուտքը այդ կառույց։ Գուցե առաջիկա տասնամյակում այդ հարցը հրատապ չդառնա։

Բոլորովին այլ բան է, թե Եվրոպայի համար ինչ կարեւորություն կունենա Ադրբեջանի կայունությունը եւ անվտանգությունը։ Այդ իմաստով Ադրբեջանի կարեւորությունն աճում է, քանի որ Եվրոպայի սահմանները գրեթե հասել են Հարավային Կովկաս։ Իհարկե, Եվրամիությունը շահագրգռված է, որ իր սահմանների մոտ լինեն ռազմական եւ քաղաքական առումով ավելի կայուն երկրներ։ Ադրբեջանի կարեւորությունը մեծանում է նաեւ էներգետիկ խնդրի առնչությամբ։ Հայտնի է, որ էներգետիկ անվտանգությունն ամբողջ աշխարհի համար դառնում է հիմնական խնդիրներից մեկը, եւ այդ առումով կարեւոր է Կասպիական ավազանի էներգապաշարների անվտանգությունը, որոնց տարանցումը կարող է իրականացվել Ադրբեջանով։

- Որո՞նք են Ադրբեջանի ներքին եւ արտաքին անվտանգության սպառնալիքները: Դրանցից որո՞նք են գլխավորները Ձեր եւ Ադրբեջանի հասարակայնության տեսանկյունից:

- Եթե պահպանվի Ադրբեջանի զարգացման այժմյան վեկտորը, ապա գոյություն ունեցող սպառնալիքները կաճեն, ինչպես նաեւ կառաջանան նորերը։ Եթե երկրում մեծանան սոցիալական անարդարությունը եւ սոցիալական դժգոհությունը, ապա սպառնալիքը կարող է փոխել ձեւը՝ պահպանելով ուժը։ Այսօրվա որոշիչ ուժը ժողովրդավարական ընդդիմությունն է, որն առաջարկում է փոխել երկրի զարգացման վեկտորը դեպի ժողովրդավարություն։ Բայց, ավտորիտարիզմի ամրապնդման եւ կոռուպցիայի արմատացման հետ միասին, ժողովրդավարական ընդդիմությունն անկարող կլինի խաղաղ ժողովրդավարական միջոցներով հասնել երկրում տիրող իրավիճակի փոփոխության։

Ընտրությունից ընտրություն աճում է իշխանությունների դրսեւորած դաժանության եւ ճնշումների աստիճանը եւ կշարունակի աճել, քանի որ կրճատվում է ռեժիմի սոցիալական հիմքը, նվազում է իշխանությունների հնարավորությունը՝ իշխանությունը պահելու համար օգտագործել ինչ-որ քաղաքական, գաղափարաբանական մեթոդներ։ Ղեկավարությունն ավելի ու ավելի շատ է ստիպված լինում դիմել բռնության։ Այդ իմաստով, ժողովրդավարական ընդդիմության թուլացումը կհանգեցնի նրան, որ աստիճանաբար կփոխվի ընդդիմության ձեւը։ Եւ մյուս ուժերը կողմնորոշված չեն լինի դեպի Արեւմուտքի հետ ինտեգրում, չեն հետեւի համամարդկային, ժողովրդավարական արժեքներին։ Նրանք կհենվեն այլ արժեքների վրա։ Այս իրավիճակը Ադրբեջանի ներքին անվտանգության համար ամենագլխավոր սպառնալիքներից մեկն է։

Մյուս կողմից՝ արդեն երկար տարիներ մենք ականատես ենք Ադրբեջանի հարավային եւ հյուսիսային շրջաններում էթնիկական տեսանկյունից իրավիճակն ապակայունացնելու փորձերի։ Ես չեմ բացառում, որ Ադրբեջանի նկատմամբ ճնշումը մեծացնելու համար մեր հյուսիսային եւ հարավային հարեւանները կարող են առկա սոցիալական դժգոհությունը տեղափոխել ուրիշ հուն եւ այդ շրջաններում հրահրել միջէթնիկական հակամարտություններ։ Մեր երկրի համար սա նույնպես լուրջ սպառնալիք է։ Վերջապես, Ադրբեջանի համար ամենամեծ սպառնալիքն այն է, որ աճող նավթային շահույթների ոչ խելամիտ օգտագործումը կարող է հանգեցնել մի իրադրության, երբ Ադրբեջանը պատրաստ չի լինի այնպիսի կյանքի, որը կգա, երբ կպակասեն նավթային շահույթները։

Որպես հասարակություն մենք պատրաստ չենք ապրել նավթային շահույթների աճի պայմաններում, քանի որ դա ավելի դժվար է, քան առանց այդպիսի շահույթների ապրելը։ Բնական հարստություններից զուրկ երկիրը ստիպված է իրականացնել ինչ-որ տնտեսական քաղաքականություն, որպեսզի գոյատեւի։ Իսկ երբ կա նավթ, կարելի է պարզապես ապրել շահույթների հաշվին՝ չմտածելով տնտեսության մյուս ճյուղերի մասին։ Եւ մի գեղեցիկ օր, երբ այդ շահույթները վերջանան, երկիրը կարող է հայտնվել մի իրադրության մեջ, երբ պարզապես պատրաստ չէ ապրել առանց այդ շահույթների։

Ցավոք, վերջին տարիներին Ադրբեջանն ընթանում է հենց այդ ուղով։ Այդ ամբողջ, այսպես կոչված, տնտեսական բումը անմիջականորեն կապված է նավթային ոլորտից եկող շահույթների հետ։ Իսկ եթե Ադրբեջանի տարեկան շահույթից հանենք նավթային շահույթները, ապա Ադրբեջանը կհայտնվի ավելի վատ վիճակում, քան Հայաստանը կամ Վրաստանը։ Այդ խզումը մեծանում է։ Չպետք է մոռանալ այն մասին, որ Ադրբեջանի նավթային պաշարներն այնքան էլ մեծ չեն։ Ես համարում եմ, որ սա ամենամեծ սպառնալիքն է Ադրբեջանի անվտանգությանը։ Չի բառացվում, որ Ադրբեջանին սպասում է այնպիսի երկրների ճակատագիրը, ինչպիսին է Նիգերիան։

- Ինչպե՞ս եք վերաբերվում «սահմանակից պետության անվտանգությունը մեր երկրի անվտանգության բաղկացուցիչն է» ձեւակերպմանը: Սահմանակից ո՞ր պետություններն են նպաստում Ադրբեջանի անվտանգության ամրապնդմանը, եւ հակառակը` խոչընդոտում են դրան:

- Ցավոք, այդ առումով Ադրբեջանի վիճակը շատ բարդ է։ Նախ՝ Ադրբեջանի հարեւանների մեջ են նախկին կայսրություններ, որոնք չեն հրաժարվել եւ, ամենայն հավանականությամբ, առաջիկայում չեն հրաժարվի այս տարածաշրջանում տիրապետության հասնելու ջանքերից։ Պատճառները շատ են։ Հաճախ պատճառը ոչ թե տնտեսական շահը, այլ այդ երկրների քաղաքական ինքնաբավությունն է։ Երկրորդ պատճառն այն է, որ մնացած հարեւան երկրներն Ադրբեջանի հետ ունեն ինչ-որ խնդիրներ. էթնիկական, քաղաքական կամ տնտեսական։

Սա էլ հետեւանք է այն բանի, որ չկան փոխադարձ վստահություն ստեղծելու մեխանիզմներ, այդ երկրներն իրար կապող տնտեսական, սոցիալական կամուրջներ։ Ուստի, աշխարհագրորեն մոտ երկրները քաղաքական առնչությունների իմաստով միմյանցից հեռու են։ Որպես օրինակ կարելի է բերել Ադրբեջանի փոխհարաբերությունները Թուրքմենիայի հետ Կասպից ծովի նավթահանքերի շուրջ, Իրանի հետ առկա խնդիրը Կասպից ծովի բաժանման առնչությամբ, գումարած Հարավային Ադրբեջանի խնդիրը Իրանում, որն ինքնին մի գործոն է, որը Իրանին ստիպում է անվստահությամբ վերաբերվել Ադրբեջանին, անգամ եթե Ադրբեջանն այդ առումով ոչ մի քաղաքականություն չի վարում։

Եթե սրան ավելացնենք Ադրբեջանում Արեւմուտքի տնտեսական ներկայությունը, որն անցանկալի է Իրանի համար, ապա ստացվում է, որ Իրանն Ադրբեջանի հետ խնդիրներ ունի։ Հայաստանի դեպքում ամեն ինչ պարզ է. մեր միջեւ զինված հակամարտություն կա, որի լուծումը մոտակա ժամանակում միջազգային իրավունքի արդարացի սկզբունքների հիման վրա պետք չէ ակնկալել։ Մենք շատ թե քիչ նորմալ հարաբերություններ ունենք Ղազախստանի հետ, քանի որ մեր միջեւ չկան տնտեսական եւ քաղաքական խնդիրներ։ Վատ չեն մեր հարաբերությունները Վրաստանի հետ։ Ցավոք, այդ հարաբերությունները մթագնվում են երկու գործոններով։

Առաջինը վրացական ղեկավարության վերաբերմունքն է ադրբեջանական փոքրամասնության նկատմամբ։ Երկրորդը Վրաստանի եւ Ադրբեջանի զարգացման ուղղությունների տարբերությունն է։ Իր բոլոր խնդիրներով հանդերձ՝ Վրաստանը ձգտում է ինտեգրվել Արեւմուտքին, իսկ Ադրբեջանը որդեգրել է ավելի զգուշավոր քաղաքականություն։ Իսկ դա զրկում է Վրաստանի հետ հարաբերությունները սինխրոնացնելու հնարավորությունից։ Եւ վերջապես, մեր պատմական դաշնակիցը` Թուրքիան։ Արտաքուստ այստեղ ամեն ինչ լավ է՝ մենք ռազմավարական դաշնակիցներ ենք։ Այնինչ, իրականում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ չկա փոխհարաբերությունների այն մակարդակը, որը կհամապատասխաներ հռչակված ռազմավարական գործընկերությանը։

Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ չկան մշտական խորհրդակցությունների եւ միասնական դիրքորոշումների մշակման մեխանիզմներ։ Բացի Լեռնային Ղարաբաղի եւ Կիպրոսի հարցերից, միջազգային ասպարեզում մենք չենք տեսնում Ադրբեջանի եւ Թուրքիայի ընդհանուր դիրքորոշումները։ Իսկ այդ երկու հարցերի շուրջ մեզ միավորում է Հայաստանից եկող սպառնալիքը։ Եթե չլիներ այդ ընդհանուր սպառնալիքը, գուցե Թուրքիան ուրիշ դիրքորոշում ունենար։ Այդ իմաստով ես չեմ տեսնում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական գործընկերություն։ Այսպիսով` մենք տեսնում ենք, որ չկան Ադրբեջանի եւ հարեւան երկրների միջեւ փոխհարաբերությունների այն իրական մեխանիզմները, որոնք կարող էին ստեղծել բարիդրացիության եւ տնտեսապես ձեռնտու համագործակցության նորմալ մթնոլորտ։

- Հնարավո՞ր է, արդյոք, Հարավային Կովկասում տարածաշրջանային ու սուբտարածաշրջանային անվտանգության համակարգերի ձեւավորումը միջազգային հարաբերությունների արդի իրողությունների պայմաններում, ի՞նչ այլընտրանքներ կան:

- Սկզբունքորեն, դա հնարավոր է անցումային փուլի համար։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ բազմաթիվ տարածաշրջանային եւ սուբտարածաշրջանային անվտանգության համակարգեր չեն արդարացրել իրենց։ Այսօր մրցակցության արդյունքում մնացել է անվտանգության միակ համակարգը՝ ՆԱՏՕ-ն։ Այդ առումով, ես չեմ կարծում, թե այս տարածաշրջանում կարող է ստեղծվել երկարաժամկետ հեռանկարում կայուն տարածաշրջանային անվտանգության համակարգ։ Այդպիսի համակարգը կարող է լուծել ժամանակավոր մարտավարական խնդիրներ։ Բայց կարելի է սկսել ոչ թե համակարգ ստեղծելով, այլ ստորագրելով անվտանգության պակտ, որին ինչ-որ ձեւով կմասնակցեն Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան։ Ի միջի այլոց, նման առաջարկներ արդեն եղել են։ Նախ՝ պակտի ստորագրում, ապա անվտանգության համակարգի ստեղծում, որի մեջ կմտնեին երեք հարավկովկասյան երկրները, գումարած Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան եւ գուցե ԱՄՆ-ը։ Դա կլինի հարկադրված եւ ժամանակավոր համակարգ, քանի որ մասնակցում են տարաբնույթ երկրներ, որոնք ունեն տարբեր քաղաքական եւ ռազմական շահեր, ես նույնիսկ կասեի՝ զարգացման տարբեր հեռանկարներ։ Իհարկե, կարելի է ասել, թե ՆԱՏՕ-ի մեջ նույնպես կային աշխարհագրական, ռազմաքաղաքական առումով իրարից տարբեր երկրներ, բայց չպետք է մոռանալ, որ պայմաններն էին ուրիշ։ Սկզբնական տարբերակում ՆԱՏՕ-ի երկրներին միավորում էր ընդհանուր քաղաքական-գաղափարախոսական հիմքը եւ Խորհրդային Միությունից եկող ընդհանուր սպառնալիքը։ Իսկ ներկա իրադրության մեջ դժվար է պատկերացնել շահերի ընդհանրություն այնպիսի երկրների միջեւ, ինչպիսիք են Ռուսաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը, Իրանը, Թուրքիան, գումարած ԱՄՆ-ը կամ, ասենք, Եվրամիությունը։

- Արդյո՞ք եվրոպական արժեքների հաստատումը բավարար պայման է Ադրբեջանի անվտանգության ապահովման համար:

- Դարձյալ ամեն բան կախված կլինի նրանից, թե իրականում ինչպիսին կլինի Ադրբեջանի հետագա զարգացման վեկտորը։ Եթե պահպանվի Ադրբեջանի զարգացման ներկա վեկտորը, ապա, կարծում եմ, որ եվրոպական արժեքները որպես այդպիսին Ադրբեջանի համար կարեւորություն չեն ունենա։ Եթե մենք զարգանանք ոչ թե դեպի Եվրոպա, այլ դեպի Միջին Ասիա, ապա, իհարկե, դրանք մեզ համար կարեւոր չեն լինի։ Բայց եթե Ադրբեջանի զարգացման վեկտորը փոխվի, ապա Ադրբեջանի նպատակը կլինի ինտեգրումը Եվրոպային։ Այստեղ նկատի ունեմ նույնիսկ ոչ այնքան Եվրամիության անդամությունը, որքան նրա հետ սերտ համագործակցությունը։ Այս դեպքում, ունենալով ընդհանուր արժեքներ, բնականաբար Ադրբեջանը կսկսի հարմարվել Եվրոպայի անվտանգության համակարգերի պայմաններին։

Անվտանգություն եւ եվրաինտեգրում

«Եվրաինտեգրման երեք փորձ. հարավկովկասյան երկրների անվտանգություն եւ եվրաինտեգրում, եվրոպական արժեքներ» ծրագրի շրջանակներում, որին աջակցում է Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակությունը, Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» հետազոտական կենտրոնն անց է կացրել Հարավային Կովկասի երեք երկրների քաղաքական կուսակցությունների առաջնորդների հարցում «Հարավային Կովկասի երկրների անվտանգություն եւ եվրաինտեգրում» թեմայով: Տիպային հարցերին պատասխանել են երեք երկրներից 5-ական գործիչներ: Հարցումներն անցկացրել են ` Հայաստանում` Ռաֆայել Թեյմուրազյանը, Վրաստանում` Նինա Արգուտինսկայան, Ադրբեջանում` Շահին Ռզաեւը: Մենք շարունակում ենք ներկայացնել հարցազրույցների շարքը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter