ՀՀ մարզերը եւ Արցախի վարչական շրջանները կխորացնեն փոխգործակցությունը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում այսօր ԼՂՀ կառավարությունում կայացած խորհրդակցությանը քննարկվել են Հայաստանի մարզերի եւ Արցախի վարչական շրջանների փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր:
Փոխվարչապետ Ա. Գեւորգյանը ու ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը բարձր են գնահատել վերջին տարիներին ձեւավորված համագործակցությունը` միաժամանակ ընդգծելով այն առավել սերտացնելու անհրաժեշտությունը: Կարեւորվել է նաեւ Երեւանի ու Ստեփանակերտի միջեւ կապերի խորացումը, ինչպես նաեւ այլ համայնքների միջեւ ուղիղ շփումների հաստատումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների գործընթացին վերաբերող քննարկումներին նաեւ արցախցի մասնագետներին ներգրավելու մասին:
Կարեւորվել են գյուղատնտեսության ոլորտում փորձի, տեղեկատվության փոխանակման հարցերը: Անդրադարձ է եղել նաեւ զբոսաշրջային հնարավորութունների ընդլայնման խնդիրներին: Նշվել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը նոր հեռանկարներ է բացելու ոլորտի զարգացման համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանի զբոսաշրջային ոլորտի կազմակերպությունների հետ կքննարկեն նոր երթուղիների, զբոսաշրջային նոր փաթեթների մշակմանը վերաբերող հարցեր:
Խորհրդակցությունից հետո Ա. Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտից ոչ հեռու գտնվող ջեռուցման կաթսաների, վառարանների արտադրության մեջ մասնագիտացած «Բիոտեխնոլոգիա» ընկերություն, ծանոթացել արտադրությանը: Գործարանի արտադրանքը նախատեսված է համեմատաբար մեծ տարածքների (180-1500քմ) ջեռուցման համար, եւ հիմնական պատվիրատուները հիմնարկ-ձեռնարկությունները, դպրոցներն ու զորամասերն են: Նոր տեխնոլոգիաներով արտադրվող ջեռուցման համակարգերը նաեւ տնտեսապես շահավետ են, քանի որ շահագործման համար օգտագործվում է պինդ վառելիք:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել գործարանի արտադրանքը նաեւ Հայաստանում օգտագործելու վերաբերյալ:
ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ Արարատի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզպետները: Պատվիրակությունն այսօր կվերադառնա Երեւան: Այս մասին հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել