«Դպրոցի տնօրենը գտել է, որ ինքը ճիշտ է»
«Հետքը» մի քանի հոդվածներով անդրադարձել է Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանի կողմից մի քանի դատական ատյաններով ամրագրված դատարանի որոշումը չկատարելու, այդ հիմքով նրա դեմ ԴԱՀԿ կատարողական վարույթ հարուցելու, իսկ արդեն վերջինիս չենթարկվելու համար' քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվելու փաստերին:
«Հետքը» փորձեց ճշտել Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի դիրքորոշումը դպրոցի տնօրենի և նրա հրամանով աշխատանքից ազատված ուսուցչուհու միջև տարիներ շարունակվող դատական վեճի և օրենքին չենթարկվող տնօրենի վերաբերյալ:
Պարոն մարզպետ, ինչպե՞ս եք վերաբերվում դպրոցի տնօրենի և նախկին ուսուցչուհու միջև արդեն 6 տարի շարունակվող դատական գործընթացին:
Վատ եմ վերաբերվում, երբ դպրոցներում տնօրեն-ուսուցիչ իրար հետ անհաշտ են լինում: Տգեղ բան է: Դպրոցներում պիտի բացառել նման երևույթները: Արդյունքում կրթական գործն է տուժում: Տուժում են նաև այդ մարդիկ: Համոզված եմ, որ 2-ն էլ լուրջ առողջական խնդիրներ ունեն այս' երկար տարիներ ձգվող վեճի մեջ:
Երկու կողմին էլ ես լսել եմ: Յուրաքանչյուրը իր նկատառումներն է ասում, իր արդարացի լինելը: Բազմաթիվ անգամ դատական ատյաններում քննարկվել է խնդիրը: Դատարանը վճիռ է կայացրել' ուսուցչուհու իրավունքները վերականգնելու և նյութական վնասը վերականգնելու մասին, որը կատարվել է: Բայց ուսուցչուհին պնդում է, որ հրամանը, որի համաձայն տնօրենն իրեն ազատել է, պիտի փոխել (հեռացման հրամանը' սեփական դիմումով ազատվելու հրամանի' հեղ.):
Որպես իշխանության ներկայացուցիչ և պետական պաշտոնյա' ի՞նչ վերաբերմունք ունեք օրենքը շրջանցող տնօրենի նկատմամբ:
Տնօրենը օրենքը չի շրջանցել: Ուղղակի նա մշտապես գտել է, որ ինքը ճիշտ է: Բայց դատարանի որոշումները կատարել է: Եթե չկատարեր, այդ պարագայում կա հարկադիր կատարման մարմին:
Տնօրենի կողմից դատարանի որոշումը 2 տարի չկատարելու հետևանքով ուսուցչուհուն վճարելիք գումարը հասել էր մոտ 2 մլնի, որն էլ հօգուտ նրա բռնագանձվեց դպրոցի բյուջեից: Արդյո՞ք դա ճիշտ եք համարում:
Իհարկե ճիշտ չէր, իհարկե տնօրենի մեղքն էլ կար: Բարոյական տեսակետից ես էլ եմ գտնում, որ դպրոցի միջոցներից չպիտի գանձվեր:
Քանի որ դպրոցի բյուջեն տնօրենի պատճառով էր տուժել, ճիշտ չէ՞ր լինի նշված գումարը հետ գանձել տնօրենից:
Այդպիսի մեխանիզմ չկա: Եթե դա անեինք, կլիներ ցանկությունների, աճպարարության մասով, որը կարող էր նույն դպրոցի տնօրենի կողմից լավ չընդունվել:
Ինչպե՞ս է դպրոցի տնօրենի պաշտոնում աշխատում մեկը, ով մեղադրյալի աթոռին է հայտնվել:
Երբ քրեական գործի ավարտը կլինի, և տնօրենին կենթարկեն քրեական պատասխանատվության, նրան կազատենք աշխատանքից: Երբ որ դատարանը կտա նման վճիռ, պարտավոր ենք կատարելու: Դատարանի որոշումն է այս դեպքում որոշիչը:
Որպես մարզպետ' ի՞նչ եք մտածում անել' վերջնականապես լուծելու այս խնդիրը. նախկին ուսուցչուհին հաստատ կշարունակի պայքարել իր իրավունքների համար:
Խնդիրը իրավական կարգի է. միայն դատարանը կարող է որոշել այս պարագայում' ով է իրավացի: Այուամենայնիվ, կրթության վարչության պետին հանձնարարություն եմ տվել' վերջ դնելու այս ամենին: Կամ պիտի տնօրենն ու ուսուցչուհին աշխատեն խաղաղ, կամ պիտի մի այլ ձևով կարգավորվի: Վարչության պետին ասել եմ, որ զբաղվի այդ հարցով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել