HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բեռնար Շալանդ. «Մեզ պակասում էին կառուցողական գործողությունները»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը Պորտուգալիա-Հայաստան (1-0) խաղից հետո.

-Նախ շնորհավորում եմ Պորտուգալիային, որը շատ լավ թիմ ունի: Ցանկանում եմ շնորհավորել նաեւ իմ թիմին, նրանք կռվեցին, լավ պայքարեցին, լավ էինք տրամադրված խաղին: Այո, Պորտուգալիան լավ թիմ է, բայց մենք հիմար գոլ ընդունեցինք՝ չկարողանալով գնդակը հեռացնել տուգնային հրապարակից: Մենք կարող էինք ավելի լավ արդյունքի հասնել: Ես հիասթափված եմ արդյունքից: Բայց ես վստահ եմ, որ մենք լավ ապագա ունենք:

-Հրայր Մկոյանի վնասվածքից հետո Ձեր ծրագրերը որքանո՞վ էին փոխվել:

-Ոչ, այդ վնասվածքը չազդեց: Տարոն Ոսկանյանը լավ խաղ անցկացրեց Սերբիայի դեմ: Մկոյանը երկար ժամանակ չէր խաղացել: Ես ընտրություն ունեի, թե ում խաղացնել, եւ ես ընտրել էի Ոսկանյանին: Բացի գոլի պահից, ես գոհ եմ Ոսկանյանի խաղից: Պետք է նաեւ նշեմ, որ Մկոյանն էլ ասաց ինձ, որ 100 տոկոսով պատրաստ չէ:

-Միգուցե ժամանակն է՞, որ նոր խաղացողներ հրավիրեք պաշտպանական գծի համար: Դուք գիտեք ում մասին է խոսքը…

-Այս պահին իմ խնդիրը միայն պաշտպանությունը չէ: Մեզ պակասում էին կառուցողական գործողությունները, որոնք պետք է սկսվեն դարպասապահից մինչեւ հարձակման գծի խաղացողներ: Մենք կարող ենք պահել գնդակը, կարող ենք ավելի հաջող գործել: Մենք պետք է ավելի արագ գործենք: Պետք է ավելի արագ անցնենք գրոհների, երկար փոխանցումներով ավելի հաջող գործենք:

-Դուք ասում եք մենք հիմար գոլ բաց թողեցինք, բայց մրցակիցը տարածքային մեծ առավելություն ուներ:

-Դուք գիտե՞ք, թե ով է Պորտուգալիան Եվրոպայում: Պորտուգալիան իր կազմում ունի «Ռեալի» խաղացողներ: Դա հեշտ չէ: Նորմալ է, որ մրցակիցն առավելություն ուներ: Պորտուգալիան միշտ էլ հարձակվողական ֆուտբոլ է խաղում եւ ստիպում է մրցակցին պաշտպանվել: Հետաքրքիր կլիներ, եթե այդ հարցը հնչեր 0:0 հաշվի ժամանակ:

Վերջում Բեռնար Շալանդը զայրացած ավելացրեց հետևյալը.

«Ես հարգանք ունեմ Պորտուգալիայի նկատմամբ, բայց երբ մենք ժամանեցինք այստեղ, մեզ տվեցին շատ վատ խաղադաշտ, չտվեցին լավ խաղադաշտ՝ ասելով, որ այնտեղ Պորտուգալիան է մարզվում: Բացի այդ այսօր խաղին մենք ուշացած եկանք, քանի որ ավտոբուսի վարորդը և ոստիկանները չգիտեին ճանապարհը: 40 րոպե մեզ պտտեցին: Ես շատ զայրացած եմ, սա պատիվ չի բերում Պորտուգալիային: Այդպես չի կարելի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter