HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրանսֆերային ամառ. Պրեմիեր Լիգա

Հայկ Դավթյան

Ինչպես յուրաքանչյուր տրանսֆերային պատուհանի, այնպես էլ վերջին` 2014թ. ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում անգլիական Պրեմիեր Լիգայում հանդես եկող թիմերը գրեթե ամեն օր մեկը մյուսի հետեւից հայտնում էին նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու մասին:

Անդրադառնանք Պրեմիեր Լիգայում հանդես եկող ուժեղագույն թիմերի կարեւորագույն տրանսֆերներին:

«Մանչեսթեր Յունայթեդ»

Ձախողված մրցաշրջանից հետո ոչ մի երկրպագուի մոտ կասկած չկար, որ «մանկունյանցիներն» ամռան ընթացքում կհայտարարեն մի քանի աստղային ֆուտբոլիստների` իրենց թիմը համալրելու մասին: Ինչպես բոլորս տեսանք` «Յունայթեդը» տրանսֆերային պատուհանի փակման նույնիսկ վերջին ժամերին աստղային ձեռքբերում ունեցավ: Խոսքը գնում է ֆրանսիական Մոնակոյի արդեն նախկին հարձակվող Ռադամել Ֆալկաոյի մասին: Յունայթեդը վարձակալել է կոլումբիացուն, եւ ըստ պայմանավորվածության, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլորիկ գումարի դիմաց կարող է գնել Ֆալկաոյի ամբողջական տրանսֆերը:

Մադրիդի Ռեալի հետ երկար բանակցությունների արդյունքում մանչեսթերյան ակումբի շարքերը համալրեց եւս մեկ աշխարահռչակ ֆուտբոլիստ` Անխել Դի Մարիան, ում տեղափոխությունը «Յունայթեդի» համար արժեցավ մոտ 75 մլն եվրո: Դաշտի կենտրոնն ուժեղացնելու համար թիմը համալրեց Անդեր Հերեյրան, իսկ պաշտպանողական օղակն ուժեղացվեց աշխարհի վերջին առաջնությունում իրենց փայլուն դրսեւորած Մարկոս Ռոխոյի եւ Դեյլի Բլինդի ժամանումով: Բոլոր այս տեղափոխությունների համար թիմի ղեկավարները վճարեցին ավելի քան 193 մլն եվրո: Այսպիսով, Լուի Վան Գալն իր տրամադրության տակ  ունեցավ այն կազմը, որը ցանկանում էր տեսնել:

«Չելսի»

Գաղտնիք չէ, որ լոնդոնյան թիմն ամեն մրցաշրջանի մեկնարկից առաջ ուժեղացնում է մի քանի խաղային օղակներ: Այս անգամ  միակ լուրջ խնդիրը վերաբերում էր հարձակման գծին, որը հզորացնելու համար «Չելսին» գնեց Մադրիդի Ատլետիկոյում հոյակապ մրցաշրջան անցկացրած Դիեգո Կոստային, ում տեղափոխությունն արժեցավ 38 մլն եվրո: Անսպասելի կերպով Բարսելոնայից հեռացած Ֆրանսեսկ Ֆաբրեգասն էլ ավելի անսպասելի կերպով համալրեց լոնդոնցիների կազմը: Այս տրանսֆերն էլ իր հերթին արժեցավ 33 մլն եվրո:  «Չելսին» գնեց նաեւ Ատլետիկոյի մեկ այլ խաղացող` Ֆիլիպե Լուիսի եւ ֆրանսիացի հարձակվող Լոիկ Ռեմիի տրանսֆերային իրավունքները, որոնք ակումբի համար արժեցան ավելի քան 30 մլն: Վարձակալության ավարտից հետո թիմ վերադարձան Տիբո Կուրտուան եւ Կուրտ Զուման: Այս ամենով հանդերձ, կարեւոր ենք համարում նշել, որ Չելսին ի հաշիվ թիմից հեռացած Դավիդ Լուիզի, Ռոմելու Լուկակուի եւ Դեմբա Բայի կորցրեց ընդամենը 9 միլիոն եվրո:

«Մանչեսթեր Սիթի»

Այն բանից հետո, երբ 2008թ.-ին թիմի սեփականատեր դարձավ շեյխ Մանսուրը` յուրաքանչյուր տրասնֆերային պատուհանի ընթացքում թիմը շատ մեծ գումարներ է ծախսում էլ ավելի զորեղ դառնալու համար: Ֆուտբոլում նման քաղաքականությանը դեմ գնացող անձինք` ՖԻՖԱ-ի օգնությամբ այս անգամ կարողացան ստիպել «Սիթիի» ղեկավարությանը շատ ավելի քիչ գումար ծախսել, քան թիմն այդ անում էր նախորդ տարիներին: Գնված եւ վաճառված խաղացողների գումարային տարբերությունն այս անգամ կազմեց գրեթե 32 մլն եվրո: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ «քաղաքաբնակների» ղեկավարությունը մեկ 40 միլիոնանոց տեղափոխություն իրականացրեց: Խոսքը գնում է Պորտուի նախկին պաշտպան Էլյակիմ Մանգալայի տրանսֆերի մասին: «Սիթի» տեղափոխվեց նույն ակումբի մեկ այլ խաղացող` Ֆերնանդոն: Տրանսֆերն արժեցավ 15 մլն, իսկ ահա արգենտինացի բազմափորձ դարպասապահ Վիլի Կաբալյերոն մանչեսթերցիների կազմն համալրեց 8 մլն եվրո փոխհատուցման դիմաց:

«Արսենալ»

Վերջապես լոնդոնյան այս ակումբը մեծ գումար ներդրեց թիմի կազմն ուժեղացնելու համար: Նախորդ մրցաշրջանում իրեն լավագույնս դրսեւորած չիլիացի վինգեր Ալեքսիս Սանչեսի համար «Արսենալը» 42,5 մլն եվրո վճարեց «Բարսելոնային»: Բացի Ալեքսիսից ակումբի կազմն համալրեցին եւս 4 ֆուտբոլիստներ: Դենի Ուելբեքը` «Մանչեսթեր Յունայթեդից», Կոլյում Չեմբերսը` «Սաութհեմփթոնից», Մաթյո Դեբուշին` «Նյուքասլից» եւ «Դավիդ Օսպինան»` ֆրանսիական Նիցից: Ընդանուր առմամբ` Արսեն Վենգերի թիմը ծախսեց ավելի քան 100 մլն եվրո գումար:

«Լիվերպուլ»

Միայն Լուիս Սուարեսի վաճառքից Լիվերպուլ քաղաքի համանուն թիմը տրանսֆերների համար ստացավ 81 մլն եվրո գումար: Իհարկե, սա ողջ գումարը չէ, որը ծախսվեց թիմն ուժեղացնելու համար: Լիվերպուլի կազմը համալրեցին այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Մարիո Բալոտոլլին, Դեյան Լովրենը, Ալբերտո Մորենոն, Լազար Մարկովիչը, Ադամ Լալլանան եւ Էմրե Ջանը: Ակումբի ղեկավարությունը ողջ ամռան ընթացքում ծախսեց շուրջ 150 մլն եվրո գումար:

Այլ ակումբների թանկարժեք ձեռքբերումները ներկայացնենք ստորեւ:

Ռոմելու Լուկակու. «Չելսի»-«Էվերթոն»- 35,36 մլն եվրո

Սադիո Մանե. «Սալզբուրգ»-«Սաութհեմփթոն»-15 մլն եվրո

Էներ Վալենսիա. «Պաչուկա»-«Վեսթ Հեմ»-15 մլն եվրո

Շեյն Լոնգ. «Հալ Սիթի»-«Սաութհեմփթոն»-14.9 մլն եվրո

Դուսան Տադիչ. «Տվենտե»-«Սաութհեմփթոն»-14 մլն եվրո

Բեն Դեյվիս. «Սուոնսի Սիթի»-«Տոտնհեմ»-12.65 մլն եվրո

Ջեք Ռոդվել. «Մանչեսթեր Սիթի»-«Սանդերլենդ»-12.6 մլն եվրո

Ֆրայսեր Ֆորսթեր. «Սելթիկ»-«Սաութհեմփթոն»-12.5 մլն եվրո

Աբել Հերնանդես-«Պալերմո»-«Հալ Սիթի»-12 մլն եվրո

Սթիվեն Կոլկեր. «Քարդիֆ Սիթի»-«ՔՊՌ»-1,75 մլն եվրո

Լեոնարդո Ուլոա. «Բրայթոն»-«Լեյսթեր Սիթի»-10,12 մլն եվրո

Բրաուն Իդեյե. «Դինամո Կիեւ»-«Վեսթ Բրոմվիչ»-10 մլն եվրո

Լերոյ Ֆեր. «Նորվիչ Սիթի»-«ՔՊՌ»-10 մլն եվրո

Ռեմի Կաբելյա. «Մոնպելյե»-«Նյուքասլ»-10 մլն եվրո

Ֆեդերիկո Ֆերնանդես. «Նապոլի»-«Սուոնսի Սիթի»-10 մլն եվրո

Ֆեդերիկո ֆացիո. «Սեվիլյա»-«Տոտնհեմ»-10 մլն եվրո

Գրազիանո Պելե-«Տվենտե»-«Սաութհեմփթոն»-10 մլն եվրո

 

Հ.Գ. Տրասնֆերների արժեքների մասին տեղեկությունները վերցված են transfermarket.com կայքից:

 

 

 

 


Մեկնաբանություններ (1)

ominac
եթէ լատինատառ հայերէնով գրուածը պիտի չհրատարակուի հապա ինչպէս կը հրատարակէք այս յօդուածը, մէկ հատ կարդացէք վերնագիրը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter