
Արա Պետրոսյանի կարծիքով` տուրիզմն ու հանքարդյունաբերությունը համատեղելի են
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց հոկտեմբերի 8-14 Հարավային Կորեայի Կյոնջու քաղաքում կայացած ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) գերագույն մարմնի` Գլխավոր ասամբլեայի 19-րդ նստաշրջանի արդյունքները: Նստաշրջանին մասնակցել էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: ՄԱԿ ԶՀԿ-ի հետ պայմանավորվածության արդյունքում 2012թ.-ի աշնանը Հայաստանում կանցկացվի զբոսաշրջության միջազգային նախարարական վեհաժողով:
«Այստեղ Հայաստանը հանդես է գալու ընդամենը կազմակերպիչ երկիր: Այսինքն` միջազգային հարթակ նախարարական վեհաժողով անցկացնելու համար, որի արդյունքում ընդունվելու է Երևանյան հռչակագիր»,- նշեց Ա. Պետրոսյանը:
Վերջինս հավելեց, որ կազմակերպչական աշխատանքները սկսված են, այժմ ճշտվում են վեհաժողովի խորագիրը, ժամկետները: Ըստ նրա`Հայաստանն իր ենթակառուցվածքներով պատրաստ է կազմակերպել միջազգային մասշտաբի միջոցառումներ:
Ա. Պետրոսյանը նաև նշեց, որ նստաշրջանի ժամանակ անցկացված զբոսաշրջային պաստառների Vettor Giusti ցուցահանդես-մրցույթում Հայաստանը ներկայացնող պաստառը շահել է «Ժողովրդի ընտրություն» անվանակարգում, որն անցկացվել է առցանց տարբերակով: 2 տարի պաստառը լինելու է ՄԱԿ ԶՀԿ ինտերնետային կայքի գլխավոր էջում: Ա. Պետրոսյանի կարծիքով` դա լուրջ ձեռքբերում և «լուրջ գովազդ է» Հայաստանի համար:
Սվարանց գյուղն ընդգրկված է Ազգային մրցունակության հիմնադրամի զարգացման ծրագրում, սակայն գյուղի մոտակայքում նախատեսվում է երկաթի հանքի շահագործում: «Հետքի» հարցին, թե ի՞նչ լուծում կարելի է առաջարկել խնդրին, նախարարի տեղակալը պատասխանեց, որ Հայաստանի նման երկիրը, որը չունի բնական շատ հարուստ պաշարներ, պետք է «բոլոր ճյուղերից ստանա մաքսիմում արդյունք»:
«Այսօր հանքեր կան շատ երկրներում, շատ լուրջ տուրիստական վայրերում: Ուղղակի պետք է պահպանել այն չափանիշները, որոնք անհարաժեշտ են էկոլոգիային չվնասելու համար: Այսօր անգամ տուրիզմ է իրականացվում հանքերում: Այսօր կա հանքարդյունաբերական տուրիզմ հասկացողությունը: Տուրիզմը, հանքարդյունաբերությունը համատեղելի են»,- ասաց Ա. Պետրոսյանը:
Այնուհետև նա հավելեց, որ բազմաթիվ երկրներում զարգանում է արդյունաբերական տուրիզմ ասվածը: Զբոսաշրջիկների համար հրապուրիչ են հին գործարանները, հաստոցները: Այդ գործարանների մի մասը դարձել է թանգարան, մի մասի տարածքներում էլ կառուցում են հյուրանոցներ: Նա նշեց, որ Հայաստանում նման գործարաններ չկան, սակայն Հայաստանի մասնավոր հատվածը կարող է այդ ուղղությամբ մտածել` օգտագործելով խորհրդային ժառանգությունը:
Ներկայացնելով վիճակագրական տվյալները` Ա. Պետրոսյանը նշեց, որ ըստ փորձագիտական եզրահանգումների և նախնական գնահատականների` հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով արաձանագրվել է զբոսաշրջության զարգացման մոտ 18 % աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, և գրանցվել է շուրջ 600 հազար զբոսաշրջային այցելություն:
Նրա խոսքերով` աճը պահպանելու դեպքում տարվա վերջում զբոսաշրջային այցելություննների թիվը կկազմի շուրջ 800 հազար: Նախարարի տեղակալը նշեց, որ դեռևս չկան ներքին տուրիզմի պաշտոնական թվերը, սակայն նա համոզված է, որ այն աճում է, և «մենք այստեղ խնդիր չունենք»: Գնային առումով էլ, նրա խոսքերով, Հայաստանում կա լայն առաջարկ` և էժան, և թանկ սպասարկում:
Ա. Պետրոսյանը նշեց, որ Վրաստան այցելած զբոսաշրջիկները ի հաշիվ Հայաստանի չեն մեկնել, իսկ որ այնտեղ գնում են երիտասարդ զբոսաշրջիկներ, և Հայաստան գալիս են ծերերը, նա չհամաձայնվեց այս գնահատականի հետ: Հայաստան այցելած զբոսաշրջիկների մոտ 25-30%-ն այցելում է նաև Վրաստան, այդ պատճառով էլ տարիքային կտրուկ տարբերություն չի կարող լինել: Բացի այդ, նրա կարծիքով` Հայաստանի «պատմաշակութային տուրիզմը պետք է հրապուրի որոշակի տարիք, ինտելեկտ ունեցող մարդկանց», իսկ զբոսաշրջիկների մոտ 80%-ը քաջատեղյակ է Հայաստանի պատմությանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել