Երկու ամիս՝ առանց ջրի. Աշտարակի ձորի ո՞ւմ օբյեկտների պատճառով բնակիչները ջուր չունեն
Աշտարակ քաղաքի Թամազյան 42 տան բնակիչ Բաբկեն Մկրտչյանն արդեն երկու ամիս է՝ Երևանից Աշտարակ ջուր է «կրում»: «Հետքի» հետ զրույցում Բաբկենը պատմեց, որ Թամազյան փողոցի, Շահազիզի և Վանի հերոսների փողոցների որոշ բնակիչներ շոգ ամառը առանց ջրի են անցկացնում: «Հայջրմուղը»-ին բազմիցս ահազանգել ու հարցը բարձրացրել են, սակայն այդպես էլ լուծում չի տրվում:
«Ես երկու ամիս է՝ ջուր եմ կրում տուն, հարևաններն էլ նույնպես: Ես որ Երևան եմ գալիս, բիտոններով ջուրը դնում եմ մեքենայի մեջ ու տանում եմ տուն»,- ասում է Բաբկեն Մկրտչյանը:
Մինչդեռ 2012թ. Բաբկենը իր 7 հարևանների հետ հավաքվել և 300 մետր նոր ջրագիծ են անցկացրել, որպեսզի այլևս ջրի խնդիր չունենան. «Հայջրմուղի» նախկին ինժեները խորհուրդ էր տվել «տակից խողովակ անցկացնել», որպեսզի այլևս խնդիր չառաջանա: Անցյալ տարի ջուր ունեցել են, բայց այս տարի նորից չունեն: Բնակիչներին տարբեր պատճառներ են նշել՝ ջրագծերի խնդիր կա, ջրամբարներում ջուր չկա: «Ժողովրդի մեջ էլ խոսակցություն է գնում, որ Աշտարակի ձորում օբյեկտները կան, իրենք գումար են վճարել, ջուրն օգտագործում են, լողավազան են լցրել, թե չգիտեմ ինչ են անում, ջուրն իրենց են տալիս»,- ասում է Բաբկեն Մկրտչյանը:
«Էս տարի, բացի մեզանից, շրջակայքում մոտ մեկ ամիս ջուր չունեին, հիմա իրենց սկսել են էս քանի օրը ջուր տալ, բայց մեզ էլի ջուր չի հասնում: Երեկ 12-ից հետո մտել եմ «Ջրմուղ» դռները բաց, մարդ չկա: Ինժեներ Նարեկի հետ խոսացել ենք, ինքն ասում է՝ կարող է խողովակն է ծռվել, կարող է եսիմ ինչն է եղել, էսօր կգնանք կնայենք: Երկու ամսվա մեջ մի օր գիշերը ջուր է եկել ու վերջ»,- պատմեց Բաբկեն Մկրտչյանը:
«Հայջրմուղկոյուղու» Աշտարակի տեղամասի ինժեներ Նարեկ Ավետիսյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ խնդիրը ջրի պակասությունն է, որը ավելացրել են: Բայց ոչ թե ընդհանրապես ջուր չի եղել թաղամասում, այլ քիչ է եղել: «Երկու ամիսը երկու ամիս չէ, ճիշտ է, էդ փողոցներում խնդիրներ ունենք, զբաղվում ենք, որ նորմալանա: Փականներ ունենք, բնակիչները գալի ձեռք են տալիս, կարգավորենք, կողպեք գցենք»,- ասաց ինժեներ Ավետիսյանը:
Վերջինս նշեց, որ ճիշտ է, տուն կա, որ ջուր չի հասնում, որովհետև մի քիչ բարձր դիրքում է, և երբ ճնշումը քիչ է լինում, իրենց չի բարձրանում: «Ջրի քանակը ավելացնում ենք, որ ճնշումն ավելանա, մարդկանց ջուր հասնի»,- ասաց ինժեները:
Ինչ վերաբերում է Աշտարակի ձորի օվյեկտներին, ինժեները այս կերպ բացատրեց. «Ճիշտ է, կան բասեյն-մասեյն, չեմ իմանում՝ լցնում են, չեն լցնում, բայց մենք մեր բասեյններից բնակիչներին ենք ջուր տալիս: Իսկ եթե ձորից վերցնում են, իրենք մինչև բասեյնն են վերցնում: Իսկ մենք բասեյններն ընդհանուր լցնում ենք, նոր իրենց ենք տալիս»:
Մեր հարցին, թե հիմա ավազանում ջուր կա, ինժեներ Ավետիսյանն ասաց՝ չկա, հիմա լցվում են:
Խնդիրը ավազաններում ջուր չլինելն է, թե, այունուամենայնիվ, փականները, ինժեները դժվարացավ հստակ հիմնավորել՝ ասաց՝ երկուսն էլ:
«Հայջրմուղկոյուղու» Աշտարակի տեղամասի պետ Արտյոմ Խաչատրյանը հաստատեց, որ այդ թաղամասերում իսկապես խնդիր եղել է, սակայն, ըստ նրա, «պետք է որ արդեն կարգավորված լիներ»: Բացի դրանից, Արտյոմ Խաչատրյանը ջուր չլինելու պատճառ լրիվ այլ գործոն նշեց. «Ջուր չլինելու հիմնական պատճառը ջրագծերի վատ լինելն է»:
Ըստ Արտյոմ Խաչատրյանի՝ Համաշխարհային բանկի ծրագրով ջրագծերը փոխում են, և այս օրերին էլ շինարարություն է ընթանում: Ավարտից հետո խնդիրներ չեն լինի:
Արտյոմ Խաչատրյանն ասաց, որ այդ թաղամասը ամեն տարի էլ ջրի խնդիր ունենում է, որովհետև ամռանը սպառումն ավելանում է, խողովակների թողունակությունը չի հերիքում այդ թաղամասերին, և տարեց տարի այդ թաղամասի ցանցի վիճակը վատանում է:
Մեր դիտարկմանը, թե Թամազյան փողոցի որոշ բնակիչներ երկու տարի առաջ 300 մ ջրի խողովակ են անցկացրել, Արտյոմ Խաչատրյանը առաջին անգամ էր լսում. «Չկա նման բան»:
Տեղամասի պետը նշեց, որ Աշտարակի ձորում բաժանորդ ունեն, բայց դա այն քանակը չէ, որ ազդեր կոնկրետ այդ երկու փողոցների վրա: Նշված փողոցները քաղաքի ամենացածրադիր կետում են, որտեղ ինչ էլ լիներ, ջուրը պիտի հասներ, սակայն ջրագողությունն է շատ, խողովակների անսարքությունը, ինչի հետևանքով էլ ճանապարհին ջուրը կորում է:
Ըստ տեղամասի պետի՝ Աշտարակի ձոր 1 լ/վրկ ջուր են թողարկում, իսկ Թամազյան փողոց՝ 8 լ/վրկ: Այս 8 լ/վրկ ջուրը թաղամասի մեջ սպառվում կամ կորում է, դրա համար որոշներին չի հասնում:
Թե ինժեների, թե տեղամասի բացատրությունները տարաբեր էին և հակասական: Այդպիսի պարզաբանումներով նրանք շուրջ երկու ամիս է՝ բնակիչներին են ճանապարհ դնում:
Այդուհանդերձ, Արտյոմ Խաչատրյանը հավաստիացրեց, որ Թամազյան փողոցի ջրագծերը մոտ մեկ ամիս հետո արդեն շահագործման կհանձնվեն, Շահազիզինը՝ երկու ամսից: Իսկ Համաշխարհային բանկի ջրագծերի փոփոխման ողջ ծրագիրը ավարտին կհասնի այս տարվա վերջին:
Լուսանկարը՝ wikipedia-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել