
Ռետրո 70-ականներ. երբ հաջողությունն անսպասելի թակում է դուռը
Նաիրա Հայրապետյան
«Maggie May » - 1971թ. ձայնագրված այս երգն ընդգրկվեց բրիտանացի երգիչ, երգահան Ռոդ Ստյուարտի «Every Picture Tells A Story » ալբոմում՝ սովորական դասակարգմամբ` առանց որևէ հատուկ մոտեցման և ակնկալիքների. … և ով իմանար, որ այն շատ արագ կդառնար ոչ միայն բրիտանական, այլև ամերիկյան հիթ-շքերթների «թոփ» անվանակիրը ` մնալով երկու ցուցակներում էլ հինգ շաբաթ շարունակ: Ինչպես նշվեց, «Maggie May» երգն ընդգրկվել էր ի միջիայլոց, ավելին, սկզբում այն ընդամենը որպես կցորդ ներգրավվել էր «Reason to Believe » սինգլի սկավառակին՝ մի կերպ տեղավորվելով հակառակ կողմում: Բայց այս «նեղլիկ» տեղն ամենևին չխանգարեց մեծ ճանապարհ դուրս գալու՝ դեպի անսպասելի հայտնություն, շնորհիվ ռադիոյի DJ-ների: Կարճ ժամանակ անց, երբ սինգլի թողարկման պատասխանատուները նկատեցին, որ ռադիոյի հաղորդավարները առավել հաճախ սա են հնչեցնում և ոչ թե «Reason to Believe »-ը, մտածեցին «Maggie May»-ն ընդգրկել նաև ալբոմում: Տարիներ անց, վերհիշելով դրան հաջորդած վերելքային հաջողությունը` բրիտանացի երգիչ, երգահան Ռոդ Ստյուարտը կատակով պիտի ավելացներ. «Եթե դիջեյների մտքով չանցներ շրջել սկավառակն ու լսել հակառակ կողմը ևս, ես պարզապես կվերադառնայի իմ նախկին աշխատանքին` գերեզման փորելուն»:
Թերևս այսպես էր կանխորոշված սկսելու Ստյուարտի աստեղնային ուղին և, անպայման, «Every Picture Tells A Story» ալբոմի հետ միասին, որի կազմում էր «Maggie May» – ը: 2004թ-ին երգն ընդգրկվեց ռոլինգսթոունյան “Բոլոր ժամանակների լավագույն 500 երգերը” ցուցակում` զբաղեցնելով 130-րդ հորիզոնականը:
70-ականներին ամերիկյան հայտնի մի խումբ կար, որը շատ սիրված էր և շատ ճանաչված հատկապես փոփ երաժշտության ասպարեզում՝ «Tony Orlando և Dawn»: Այն մեծ հաջողությունների հասավ «Candida», «Knock Three Times», «Tie a Yellow Ribbon Round the Ole Oak Tree» և «He Don't Love You» (Like I Love You) հիթային սինգլների շնորհիվ: Խումբը ներկայացնում էր եռյակ՝ հիմնական երգիչ Թոնի Օռլանդոն՝ շրջապատված բեք վոկալիստ գեղեցկուհիներով՝ Թելմա Հոփկինս և Ջոյս Վինսենթ, որոնց հետագայում միացավ նաև Պամելա Վինսենթը:
Մինչ 70-ականների սկիզբը Թոնին պայմանագիր ուներ երաժշտական մի ընկերության հետ և իր ոչ այնքան հաջող կարիերան ամբողջանում էր հիմնականում այս կամ այն հայտնի երգի կատարմամբ: Առաջին երգը, որին տրված էր ապացուցելու Թոնիի տեղը ժամանակի երաժշտական դաշտում և մի լավ դաս տալ նրան մերժող պրոդյուսերներին, «Candida»-ն էր: Մասնագիտական և պայմանագրային բախումներից խուսափելու նպատակով երգը հայտնվեց ոչ թե Օռլանդոյի անվամբ, այլ «Dawn» խմբի, որը ներկայացնում էին Թոնի Ուայնը, ով նաև երգի համահեղինակն էր, Լինդա Նովեմբերը և Թոնի Օռլանդոն: Այն կտրուկ շրջադարձային էֆեկտ հաղորդեց դեռ երեկ, արդեն հրաժեշտի տրամադրությամբ լցված գործընկերներին, Թոնիին և, իհարկե, երաժշտասեր հանրությանը: Այս երգը հաջողության դռներ բացեց ոչ միայն երգչի ստեղծագործական կյանքում, այլև առիթ դարձավ կազմավորելու «Tony Orlando և Dawn» քառյակը: 1970թ. թողակված «Candida»–ն մի քանի շաբաթվա մեջ վերածվեց համաշխարհային հիթի, իսկ արդեն նոյեմբեր ամսին հանրությանը ներկայացվեց «Knock Three Times» սինգլը: Նրան ևս նախորդ երգի նման սպասում էր ջերմ ընդունելություն և արագընթաց վերելք` 1971թ. հունվարին «Billboard Hot 100»-ում թիվ մեկ հիթ, Մեծ Բրիտանիայի առաջատար հիթ-շքերթներում` դարձյալ առաջին հորիզոնականներ և ավելի քան 6 մլն. օրինակով վաճառք: Ընդամենը մեկ օրում Նյու Յորքում 100 000 օրինակ վաճառվեց, այնուհետև, երբ իր հանրաճանաչության գագաթնակետին էր, ընդգրկվեց նաև մի քանի ֆիլմերում:
1973թ. մեծ լսարաններ գրաված երգիչն, այնուամենայնիվ, չբավարարվելով իր բաժին հաջողությամբ, որոշեց ազատվել պարզամիտ փոփ երգեր կատարողի իր համբավից: Նա պրոդյուսերներ Հենք Մեդրեսի և Դեյվ Ապելի հետ սկսեց աշխատել նոր ալբոմի ուղղությամբ, որի արդյունքում թողարկվեց «New Regtime Follies» կոնցեպտուալ ալբոմը: Համաձայն Allmusic-ի, սա հանդիսանում է ամենահետաքրքիր աշխատանքը խմբի պատմության մեջ:
Լուսանկարը՝ Ռոդ Ստյուարտի պաշտոնական կայքից
Մեկնաբանել