
Պատմություն Ջոյի մասին, ով սպանել էր կնոջը և փախչում էր Մեքսիկա
«Hey Joe». սա 1960-ականներից եկած ամերիկյան հանրահայտ երգ է, որը դարձավ ռոքի ստանդարտներից մեկը: Այցեքարտ, որն իր ստեղծման օրվանից կատարվել և մեկնաբանվել է հարյուրից ավելի հասնող թվաքանակով՝ ամենատարբեր ժանրերում ստեղծագործող երաժիշտների կողմից` սկսնակներից մինչև հռչակավոր երաժիշտներ և երաժշտախմբեր:
Պատմությունը մեկ անգամ չէ, որ փաստում է՝ կան երգեր, որոնք ինչ-որ առեղծվածային ուժով համաշխարհային հիթեր են դառնում՝ չունենալով առանձնապես խորիմաստ տեքստ կամ յուրահատուկ երաժշտություն: Երաժշտական մեկնաբաններից շատերի կարծիքով դրանց փայլուն վկայություններից մեկն էլ «Hey Joe»-ն է:
Երգի սյուժեն շատ պարզ ու սովորական է՝ ամուսինը սպանել է դավաճան կնոջը և որոշել է փախչել Մեքսիկա, որպեսզի չդատվի: Այսքան բան: Սակայն, եթե տեքստի հետ ամեն ինչ պարզ է և հասկանալի, ապա երգի ստեղծման պատմությունն ամբողջովին մշուշապատ է:
Մեկնաբանները կամ պարզապես երգի պատմությամբ հետաքրքրվողները մինչ օրս փորձում են հասկանալ, թե երբ և ինչպես է ստեղծվել այն՝ թեև հեղինակային իրավունքը 1962թ.-ից հաստատված է ամերիկացի երաժիշտ և երգահան Բիլլի Ռոբերտսի անվամբ:
Բայց ահա երգի առաջին կատարողներից մեկը՝ ֆոլք-ռոք երաժիշտ Թիմ Ռոուզը, գտնում է, որ «Hey Joe»-ն ժողովրդական երգ է, մեկ այլ առիթով նշել է՝ կովբոյական երգ, որն ավելի քան հարյուր տարեկան է: Ամերիկացի մեկ այլ երաժիշտ՝ Չեսթեր Փաուերսը, ով հայտնի է նաև Դինո Վալենտի և Ջեսի Ֆարոու կեղծանուններով, պնդում է, որ երգի հեղինակը ինքն է:
Ինչևէ, «Hey Joe»-ի ամենահին կատարումը հնչել է 1965 թվականին Լոսանջելեսյան «The Leaves» խմբի կատարմամբ: Թողարկվեց երեք տարբեր ձայնագրություն, որոնցից մեկը «Billboard Hot 100»-ում հասավ 31-րդ հորիզոնականին:
Հենց «Հե՛յ, Ջո՛»-ն ճանաչում և մեծ հեղինակություն բերեց խմբին.այն դարձավ 1966թ-ի հիթը՝ ինը շաբաթ շարունակ առաջատար դիրքեր զբաղեցնելով համաշխարհային հիթ-շքերթներում: Այնուհետև հաջորդեց համանուն ալբոմը, որը ևս մեծ հաջողություն ունեցավ՝ գլխավորելով դարձյալ երաժշտական հորիզոնականները` հինգ շաբաթ շարունակ: Խումբը սկսեց հայտնվել հեռուստատեսային տարբեր շուո- նախագծերում, համերգասրահներում և… մի խոսքով` ուշադրության թերևս ամենակենտրոնում:
Երգը մեծ հեղինակություն էր վայելում լոսանջելեսյան երաժշտական, հատկապես գարաժային ռոքի միջավայրում, 1965-66թթ. այն կատարեցին The Standells, The Surfaris, Love, The Music Machine և The Byrds խմբերը: Երգը կատարվում է մինչ օրս և, այնուամենայնիվ, չնայած այս լայնամասշտաբ հետաքրքրությանը՝ «Hey Joe»-ի ամենահաջողված տարբերակը, ինչ խոսք, պատկանում է լեգենդար Ջիմի Հենդրիքսին` ձայնագրված «The Jimi Hendrix Experience»-ի կողմից, որպես դեբյուտային սինգլ: Բրիտանական «The Animals» խմբի նախկին բասիստ Չես Չենդլերը, ով խմբի կազմալուծվելուց հետո զբաղվում էր պրոդյուսերությամբ, վաղուց էր լսել Թիմ Ռոուզի տարբերակը, որով ներշնչված՝ սկսել էր կենտրոնանալ երգի ուղղությամբ: Նա մտածում էր, որ հենց այդ տեմպի կամ մոտեցման մեջ կարելի էր նոր տրամադրություն մտցնել գործիքավորմամբ.երգը անհավանական փայլ կունենար ռոք մշակման մեջ:
Չենդլերը սկսեց այդ մտահղացմանը արժանի երաժիշտ փնտրել, և նյույորքյան «Cafe Wha?»-ում հայտնաբերեց Ջիմի Հենդրիքսին: Շուտով Չենդլերի առաջարկով նրանք տեղափոխվեցին Անգլիա, որտեղ ձայնագրվեց երգի նոր տարբերակը և որտեղից սկսվեց միաժամանակ Հենդրիքսի համաշխարհային ճանաչման մեկնարկը:
Այս կատարումից հետո «Hey Joe»-ի պատմության հաջորդող էջերը միայն հաջողությունների մասին են պատմում: Այն թողարկվեց 1966թ. դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում և արդեն հունվարին UK Singles Chart-ում ներգրավվել էր լավագույն տասնյակի մեջ: Մայիսի 1-ին սինգլը թողարկվեց նաև ԱՄՆ-ում: Ճանաչվելով որպես երգի լավագույն կատարում՝ հենդրիքսյան «Հեյ Ջոն» «Բոլոր ժամանակների 500 լավագույն երգերը» ցանկում զբաղեցնում է 201-րդ տեղը, 2009թ. ճանաչվել է բոլոր ժամանակների 100 լավագույն հարդ-ռոք կատարումների մեջ 22-րդը` ըստ VH1-ի:
ԱՄՆ-ում հայտնվելուց հետո, երգը լայն ճանաչումից բացի սկսեց նոր իմաստ ստանալ: Այդ ժամանակ ԱՄՆ-ի նախագահը Լինդոն Բեյնս Ջոնսոնն էր, ում նախագահության ընթացքում այլ միջոցառումների փոխարեն, մեծ թիվ էին կազմում, թաղման արարողությունները. աշխարհը Վիետնամական պատերազմի ժամանակաշրջան էր ապրում: Այդ պատճառով «Հեյ Ջո» արտահայտությունը ուղղվեց դեպի նախագահը. ժողովրդի մեջ տարածված էր` «Հեյ դու՛` Լ. Բ. Ջեյ, քանի՞ երեխա ես սպանել» կամ «Հեյ, Ջո՛, էլ ի՞նչ ես պատրաստվում անել քո ձեռքի զենքով»:
Ջ. Հենդրիքսը 1969թ. Վուդսթոքում կայացած փառատոնի ժամանակ երգը կատարեց որպես փակման երաժշտություն՝ հանգստացնելու համար 80 000-անոց հանդիսատեսին, որը շարունակում էր տեղում մնալ՝ հոտնկայս ծափահարություններով հաստատելով երգի և Հենդրիքսի հանդեպ ջերմությունը: Այն հնչում է մի քանի ֆիլմերում, այդ թվում՝ «Ֆորեսթ Գամփ»-ում: Իսկ Ֆիլիպիններում «Հեյ, Ջո՛»արտահայտությամբ տեղացիները հաճախ են ողջունում իրենց ամերիկացի հյուրերին:
Մեկնաբանել