HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրազիլիա-Գերմանիա՝ 1-7. բրազիլացիները տնային առաջնությունում իրենց խոշորագույն պարտությունը կրեցին

Բրազիլիա-Գերմանիա՝ 1-7. այսպիսի հաշիվ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում ոչ ոք չէր կարող պատկերացնել: Նույնիսկ գերմանացիների մոլի երկրպագուները:

Հարձակման առաջատար Նեյմարի ու թիմի ավագ, պաշտպանության հենասյուն Տիագո Սիլվայի բացակայությունը, թվում էր, տանտերերին պետք է դրդի համախմբված ու մարզական չարությամբ առաջ նետվել դեպի Նոյերի դարպասը, սակայն նման բան չտեսանք: 11-րդ րոպեին Մյուլլերի գոլը դարձավ առաջին սառը ցնցուղը հնգակի չեմպիոնների համար: 23-րդ րոպեին էլ ֆուտբոլի կախարդների թիմը կոտրվեց, ինչը, մեծ հաշվով, անակնկալ էր: Քլոզեն ոչ միայն խփեց աշխարհի առաջնություններում իր պատմական՝ 16-րդ գնդակը ու այդպես հենց Բրազիլիայում գերազանցեց բրազիլացի «ֆենոմենի»՝ Ռոնալդոյի ռեկորդը, այլեւ դրեց մրցակցի քիչ թե շատ կոմպակտ կոլեկտիվի քայքայման հիմքը: Հոգեբանորեն կոտրված բրազիլացիները սկսեցին բաց թողնել մեկը մյուսի հետեւից: Իսկ գերմանացիները, ինչպես սպասելի է նրանցից, խաղացին իրենց «մեքենայի» ոճով՝ խփել այնքան, որքան հնարավոր է, ինչը մյուս թիմերի մոտ դժվար թե տեսնես. վերջիններս 3-4 գոլից հետո հիմնականում սկսում են գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել, խաղալ հանդիսատեսի համար: Բայց գերմանացիները 2002 թ. աշխարհի առաջնության եզրափակիչի վրեժն էին կարծես լուծում բրազիլացիներից նրանց իսկ հանդիսատեսի առաջ: Քլոզեի գոլից 1 րոպե անց հաշիվը 0-3 դարձրեց Կրոսը, 2 րոպե անց վերջինս նորից աչքի ընկավ, 29-րդ րոպեին էլ նույնիսկ հենակետային Խեդիրան աչքի ընկավ՝ 0-5: Ֆիասկոն կայացած էր:

Սակայն էլ ինչ Գերմանիա, եթե բավարարվեր այդքանով. երկրորդ խաղակեսում բունդեսթիմը մի փոքր հետ քաշվեց սեփական նախաձեռնությամբ, ինչը, սակայն, որեւէ կերպ չկարողացավ օգտագործել Բրազիլիան: Թիմը պարզապես չգիտեր ինչ անել խաղադաշտում, քանի որ խաղը փրկելու հույս այլեւս չկար, իսկ սեփական երկրպագուների աչքի առաջ նման կերպ պարտվելը ծանրագույն հարված էր: 69-րդ եւ 79-րդ րոպեներին էլ աչքի ընկավ փոխարինամն մտած Շլուռլեն: Եվ միայն հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին Օսկարը կարողացավ թրջել հաշիվը՝ 1-7:

Գերմանիան եզրափակիչում է, իսկ Բրազիլիան կփորձի ինչ-որ կերպ մեղմել երկրպագուների զայրույթը՝ պայքարելով 3-րդ տեղի համար, չնայած դժվար թե դա բավարարի առավելագույնը պահանջող ֆանատներին: 

Այս խաղում արձանագրվեց մի քանի ռեկորդ. մասնավորապես Միրոսլավ Քլոզեն 16 գոլով դարձավ աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկու: Բրազիլիան կրկնեց 1920 թվի իր հակառեկորդը, երբ 0-6 հաշվով պարտվել էր Ուրուգվային: Բնականաբար, Գերմանիան ռեկորդային հաշվով հաղթեց Բրազիլիային, որի հետ ընդհանուր խաղերում բացասական հաշվեկշիռ ունի:

Փորձը ցույց է տալիս, որ աշխարհի չեմպիոն դարձած մարզիչների՝ ֆուտբոլային Օլիմպոսը գրավելու երկրորդ փորձը խայտառակությամբ է ավարտվում: 2000-ին Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո ֆրանսիացի Ռոժե Լեմերի թիմը, որը 1998-ի գործող չեմպիոնն էր, չհաղթահարեց խմբային արգելքը: 2006-ին Իտալիային չեմպիոն դարձրած Մարչելո Լիպպին 2010-ին իր թիմին նույնպես չկարողացավ դուրս բերել խմբից: Այս տարի նույն բախտին արժանացավ իսպանացի Վիսենտե դել Բոսկեն, որը 2010-ին նվաճեց աշխարհի գավաթը: 2002-ին բրազիլացիներին 5-րդ չեմպիոնության հասցրած Լուիս Ֆելիպե Սկոլարին էլ հիմա այս բախտին արժանացավ (միայն իտալացի Վիտորիո Պոցցոն է դարձել աշխարհի կրկնակի չեմպիոն 1934-ին եւ 1938-ին):

Բրազիլական հասարակությունը, սոցիալական կարիքից դրդված, դեմ հանդես եկավ աշխարհի առաջնությունը սեփական երկրում անցկացնելուն, ինչը երբեւէ դժվար էր պատկերացնել, քանի որ ֆուտբոլն այստեղ սրբության պես մի բան է: Բրազիլացիները դեռ 2013 թ. Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ժամանակ աչքի ընկան բողոքի լուրջ ակցիաներով: Նրանք կոչ էին անում առաջնության համար ծախսվող միլիոնները ուղղել սեփական ժողովրդի բարեկեցությանը: Երկրորդ անհաջողությունը մարզադաշտերի շինարարության շուրջ ծագած սկանդալն էր: Առաջնությունը մեկնարկել էր, բայց շինաշխատանքները դեռ շարունակվում էին որոշ մարզադաշտերում, մինչ այդ էլ մի քանի բանվոր էր զոհվել:

Այսքանից հետո թիմը, որից միայն չեմպիոնություն է ակնկալվում, ցույց է տալիս ոչ դիտարժան խաղ թե խմբում, թե փլեյ-օֆում, ինչի գագաթնակետը դառնում է 1-7 խայտառակ պարտությունը: Դժվար չէ հասկանալ, թե ինչ է զգում ու մտածում բրազիլացի երկրպագուն:

Ընդհանրապես, այս Բրազիլիան շատ եւ շատ չափանիշներով զիջում է նախորդ հավաքականներին: Սկոլարիին սկսեցին քննադատել այն պահից, երբ նա չհրավիրեց Ռոնալդինյոյին եւ Կակային: Թիմում այժմ կան այնպիսի խաղացողներ, որոնք նախկին աստղերի համեմատ ուղղակի միջակություններ են: Ֆրեդի, Հալկի ու Բեռնարդի նման խաղացողները այսպիսի գերհզոր թիմին համարժեք չեն: Նույնը կարելի է ասել Ֆեռնանդինյոյի, Վիլիանի մասին: Այս թիմում միայն պաշտպաններն են հզոր խաղացողներ եւ հարձակման առաջատար Նեյմարը, բայց ի՞նչ կարող են անել նրանք, եթե թիմի կիսապաշտպանությունն ու մյուս խաղացողները զիջում են իրենց մի քանի գլուխ: Բրազիլիայի ազգային հավաքականում առաջիկայում կարող ենք լուրջ փոփոխություններ տեսնել:

Այսօր՝ 24:00-ին, կկայանա Հոլանդիա-Արգենտինա հանդիպումը: Հաղթողը գերմանացիների հետ կվիճարկի չեմպիոնի կոչումը, իսկ պարտվողը 3-րդ տեղի համար կպայքարի բրազիլացիների դեմ:

Լուս.-ը՝ Getty Images          

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter