«Կարֆուր» ցանցի տարածաշրջանային պատասխանատու Քրիստիան Դը Նալն ընտրվել է ֆրանս-հայկական գործարար ակումբի նախագահ
Ֆրանս-հայկական գործարար ակումբի (CAFA) ամենամյա ընդհանուր ժողովում այսօր` հուլիսի 8-ին, նոր նախագահ է ընտրվել: Ակումբի վարչական խորհուրդը այսուհետ կղեկավարի «Կարֆուր» ցանցի, որը առաջիկայում իր առաջին խանութը կբացի Երևանում, Միջին Արևելքի տարածաշրջանի պատասխանատու Քրիստիան Դը Նալը:
Ֆրանս-հայկական գործարար ակումբը ստեղծվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի նախաձեռնությամբ 2012 թվականի հոկտեմբերին: 2013 թվականի հունիսից Ֆրանսիայի առևտրաարդյունաբերական պալատների անդամ Ֆրանս-հայկական գործարար ակումբն ունի նոր ղեկավար մարմին`կազմված Հայաստանում հաստատված ֆրանսիական խոշոր ձեռնարկությունների՝ «Օրանժ», «ԱԳԲԱ-Կրեդի Ագրիկոլ», «Գրանտ Թորնտոն», «Վերիտասի գրասենյակ», «Կարֆուր» ընկերությունների 8 ներկայացուցիչներից:
Դեսպան Անրի Ռենոն իր գոհունակությունն է հայտնել Ակումբին ստեղծման պահից առ այսօր իրականացրած աշխատանքի համար, մասնավորապես` ակումբի վարչական խորհրդի նախագահ «Գրանտ Թորնտոն» ընկերության նախագահ Արման Փինարբասիին:
Ինչպես նշված է դեսպանատան տարածած մամլո հաղորդագրության մեջ, Անրի Ռենոն ընդգծել է գործարար ակումբի ապագա գործունեության կարևոր խնդիրը, այն է՝ օժանդակել Ֆրանսիա-Հայաստան տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը՝ գերակայություն, որը հաստատվեց նախագահներ Օլանդի և Սարգսյանի կողմից մայիսին կայացած Ֆրանս-հայկական գործարար համաժողովի ընթացքում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել