Աշխարհի առաջնությունում մնացին նախկին չեմպիոններն ու գործող փոխչեմպիոնը. Բրազիլիա-Գերմանիա, Հոլանդիա-Արգենտինա
Աշխարհի առաջնության 1/4-րդ եզրափակիչ վերջին երկու հանդիպումները իրենց հետաքրքրությամբ չզիջեցին Բրազիլիա-Կոլումբիա եւ Ֆրանսիա-Գերմանիա խաղերին:
Արգենտինա-Բելգիա խաղում աչքի ընկավ Գոնսալո Իգուաինը: 8-րդ րոպեին Վերտոնգենից գնդակը հաջող անդրադարձով հայտնվեց արգենտինացու մոտ, որն առանց հապաղելու հարվածեց դեպի դարպասը. դարպասապահ Կուրտուան անակնկալի եկավ` 1-0: Երկրորդ կեսում Իգուաինը ձեռքից բաց թողեց եւս մի լավ առիթ` հարվածելով հորիզոնական դարպասաձողին: Կուրտուան իր թիմին փրկեց Մեսիի հարվածից: Իրենց հերթին բելգիացիները մի շարք առիթներ ունեին հաշիվը հավասարեցնելու համար, սակայն մրցակցի պաշտպանները զգոն էին: Խաղն այդպես էլ ավարտվեց` 1-0. Արգենտինան մտավ կիսաեզրափակիչ, ինչը վաղուց չէր հաջողվում կապտասպիտակներին: 2006, 2010 թթ. առաջնություններում հարավամերիկացիները դուրս էին մնացել հենց 1/4-րդ փուլից` երկու դեպքում էլ զիջելով գերմանացիներին:
Հոլանդիա-Կոստա Ռիկա խաղում Կենտրոնական Ամերիկայի ներկայացուցիչները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ շատ ամուր ընկույզ են նույնիսկ եվրոպական գրանդ հավաքականների համար: Ուրուգվային ու Իտալիային հաղթած թիմը անձնազոհաբար պաշտպանվում էր նարնջագույնների գրոհների դեմ: Հանդիպման լավագույնը, բնականաբար, դարպասապահ Նավասն էր: Հանդիպման հիմնական ժամանակի 90 եւ ավելացված 30 րոպեները ոչ մի արդյունք չտվեցին. Նավասը, պաշտպաններն ու դարպասաձողը Կոստա Ռիկային հասցրին մինչեւ 11-մետրանոց հարվածաշար: Սակայն մինչ այդ վան Գաալը դարպասապահի փոփոխություն կատարեց` դաշտ դուրս բերելով Կրուլին: Հենց վերջինս էլ երկու անգամ հետ մղեց մրցակցի հարվածները` հաղթանակ բերելով իր թիմին: Հոլանդիան 11-մետրանոցներով հաղթեց 4-3 հաշվով, ինչն էլ թիմին դուրս բերեց կիսաեզրափակիչ:
Այսպիսով` հուլիսի 8-ին` 24:00-ին, կմրցեն Բրազիլիա-Գերմանիա, իսկ ամսի 9-ին` նույն ժամին, Հոլանդիա-Արգենտինա զույգերը: Պայքարում մնացել են գերհզոր թիմեր, որոնցից 3-ը աշխարհի նախկին չեմպիոններ են, իսկ մեկը` գործող փոխչեմպիոն:
Լուս.-ը՝ Getty Images-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել