Բրազիլիան պյուրոսյան հաղթանակ տարավ Կոլումբիայի հանդեպ. Բրազիլիա- Գերմանիա` կիսաեզրափակիչում
Աշխարհի առաջնության Ֆրանսիա-Գերմանիա եւ Բրազիլիա-Կոլումբիա 1/4-րդ եզրափակիչները, ինչպես եւ սպասվում էր, անցան լարված ու դիտարժան պայքարում:
Ֆրանս-գերմանական դիմակայության ելքը վճռեց բունդեսթիմի պաշտպան Մաթս Հումելսի` 13-րդ րոպեին խփած միակ գոլը: Տուգանայինի խաղարկման ժամանակ Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպանը օդային պայքարում հաղթեց «Ռեալի» խաղացող Ռաֆայել Վարանին, ու գնդակը հորիզոնական դարպասաձողից անդրադարձով հայտնվեց ցանցում: Դարպասապահ Լյորիսը չհասավ գնդակին: Ֆրանսիացիները մի շարք հիանալի պահեր ունեին Նոյերի դարպասի մոտ, սակայն գերմանացիներին կամ դարպասապահն էր օգնում, կամ պաշտպանները, կամ էլ մրցակիցն էր շեղ հարվածում: Այսպիսով` Ֆրանսիա-Գերմանիա` 0-1:
Գերմանիայի զույգը կիսաեզրափակիչում կկազմի Բրազիլիան: Փաստորեն, կտեսնենք 2002 թ. աշխարհի առաջնության եզրափակչի կրկնությունը: Բրազիլացիները 2-1 հաշվով հաղթեցին կոլումբիացիներին, սակայն դա նրանց թանկ արժեցավ: Արդեն 7-րդ րոպեին թիմի ավագ Տիագո Սիլվան առաջինը կողմնորոշվեց անկյունայինի խաղարկման ժամանակ ու, դուրս գալով պաշտպանի թիկունքից, գնդակը ծնկով ուղարկեց դարպասը` 1-0: Սակայն 64-րդ րոպեին Սիլվան տխրեցրեց թիմի երկրպագուներին` անիմաստ ստանալով դեղին քարտ, որը երկրորդն էր նրա համար այս առաջնությունում: Ավագը բաց կթողնի գերմանացիների հետ անչափ կարեւոր խաղը: Դրանով բրազիլացիների դժվարությունները չավարտվեցին: 69-րդ րոպեին հրաշք գոլի հեղինակ դարձավ պաշտպան Դավիդ Լուիսը, որն իրավամբ ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող: Նրա տուգանային հարվածից հետո գնդակը կախվեց մրցակցի դարպասի վրա հետաքրքիր կորագծով, ու դարպասապահ Օսպինայի թռիչքն էլ չօգնեց կոլումբիացիներին` 2-0:
78-րդ րոպեին դարպասապահ Սեզարը վայր գցեց մրցակցի հարձակվողին իր տուգանայինում, ինչը 11-մետրանոցի պատճառ դարձավ: 80-րդ րոպեին այն հստակ իրացրեց Խամես Ռոդրիգեսը` խփելով այս առաջնությունում իր 6-րդ գոլը, ինչը լավագույն արդյունքն է: Ճիշտ է, կոլումբիացիները դուրս մնացին պայքարից, սակայն Խամեսը կարող է դառնալ մրցաշարի լավագույն ռմբարկուն, քանի որ 2 գնդակով առաջ է մոտակա հետապնդողներից` 2-1:
88-րդ րոպեին կոլումբիացիների ամենակոպիտ խաղացողը` Սունիգան, արեց իր սեւ գործը` հետեւից ծնկով հարվածելով Նեյմարի մեջքին, ով սկսեց ցավից գալարվել խոտածածկին: Զարմանալի էր, որ իսպանացի մրցավար Վելասկոն այդպես էլ դեղին քարտ ցույց չտվեց կոլումբիացուն, որն անընդհատ խախտում էր կանոնները, իսկ Նեյմարին հասցրած հարվածը արժանի էր նույնիսկ կարմիր քարտի: Արդեն հայտնի է դարձել, որ կոտրվել է Նեյմարի ողը, ինչը նրան դուրս է բերել շարքից մի քանի շաբաթով: Հավաքականի բժիշկն ասել է, որ հարձակվողը պետք է գոտի կրի մի քանի շաբաթ` վերականգնվելու համար: Փաստորեն, առաջնությունը Նեյմարի համար ավարտված է, իսկ Բրազիլիան առանց իր հարձակման առաջատարի պիտի մրցի «գերմանական մեքենայի» հետ ու հաջողության դեպքում վիճարկի աշխարհի գավաթը: Սկոլարիի թիմն իսկապես դժվար իրավիճակում է:
Այսօր` 20:00-ին, կմրցի Արգենտինա-Բելգիա զույգը, իսկ 24:00-ին` Հոլանդիա-Կոստա Ռիկա: Զույգերի հաղթողները կիսաեզրափակիչում կխաղան իրար հետ:
Լուս.-ը՝ Getty Images-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել