Տեղի է ունեցել գույքահարկի և հողի հարկի առցանց վճարման համակարգի շնորհանդեսը
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի եւ «Իդրամ» ՍՊԸ-ի կողմից գործարկվել է գույքահարկի և հողի հարկի առցանց վճարման համակարգը:
«Բոլոր նրանք, ովքեր ունեն աշարժ կամ շարժական գույք եւ համապատասխան հարկային պարտավորություններ, այսուհետ ոչ միայն կարող են ծանոթանալ գույքի և հողի մասով իրենց հարկային պարտավորություններին, այլև վճարումներ կատարել առցանց վճարման համակարգի միջոցով, այդ թվում նաև եթե նույն հարկատուն ունի պարտավորություններ մի քանի վարչական շրջաններում միաժամանակ»,- նշել է «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Արա Յաղջյանը:
Համակարգը եռալեզու է եւ հնարավորություն է ընձեռում վճարումներ կատարել աշխարհի ցանկացած կետից:
«Իդրամ» ՍՊԸ տնօրենի խորհրդական Գեւորգ Պողոսյանն էլ ներկայացրել է առցանց վճարումների համակարգի գործարկման քայլերի հաջորդականությունը եւ ընդգծել, որ համակարգը կիրարկման մատչելիությամբ հասանելի է տարիքային բոլոր խմբերի հարկատուներին:
Ըստ այդմ, հարկատուն նախ մուտք է գործում համակարգ (www.idram.am կամ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից` www.yerevan.am -ի աջ հատվածից), գրանցում է վիրտուալ հաշիվ, ստանում հատուկ կոդ, որի արդյունքում պարտքերի եւ տուգանքների վերաբերյալ տեղեկատվության հարցում ուղարկելու հնարավորություն է ստանում: Քաղաքացին նաև կարող է անձամբ որոշել, թե ո՞ր տարվա եւ ո՞ր հարկն է ցանկանում վճարել եւ, վիրտուալ հաշիվը լիցքավորելով, կատարում է իր հարկային պարտավորությունները: Համակարգում գրանցված անձնական տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը երաշխավորված է:
Ծրագիրն աշխատում է բանկային համակարգի միջոցով և առաջիկայում ստացած կոդերով հնարավոր կդառնա վճարումներ կտարել նաեւ առցանց վճարման համակարգի բոլոր տերմինալներից: Բացի այդ, նշվեց, որ ներկայում մշակման փուլում է աղբահանության հարկի առցանց վճարման համակարգը:
Շնորհանդեսի վերջում Հայաստանի բանկային համակարգի ներկայացուցիչների հետ քննարկվել են համակարգի գործարկման մանրամասներ եւ անհատական ծրագրերի առաջարկներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել