
Բարեգործական համերգ. հասույթը կտրամադրվի ձիերի օգնությամբ հաշմանդամ երեխաների անվճար թերապիային
Հուլիսի 6-ին՝ ժամը 18.00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ժողովրդական երգի բարեգործական համերգ:
Համերգին մասնակցում են ժողովրդական երգի կատարողներ Արաքսյա Ամիրխանյանը, Սուրեն Ավոյանը, Գրիգոր Միրզոյանը, Եվա Թաշչյանը, Նարեկ Պողոսյանը, Դավիթ Խաչատրյանը, Եվա Եգանյանը, Նշան Մանուչարյանը և Արմեն Դավթյանը: Համերգին կլինի ժողովրդական գործիքների կենդանի նվագակցություն:
Համերգի ողջ հասույթը կտրամադրվի հաշմանդամ երեխաների հետ ձիերի օգնությամբ անվճար թերապիային «Կենտավր» հիպոթերապիայի կենտրոնում:
«Կենտավրը» իրականացնում է ձիերի օգնությամբ թերապիա ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հետ: Ստեղծվել է 2008 թվականին և մինչ այժմ միակն է Հայաստանում: Հիպոթերապիան հունարենից թարգմանաբար նշանակում է «բուժում ձիու օգնությամբ»: Նրա հիմքում ընկած է ձիու շարժումը և էմցիոնալ շփումը ձիու հետ: Այն միակն է վերականգնողական միջոցներից, որ ապահովում է միաժամանակյա ֆիզիկական, մտավոր և հոգեբանական ազդեցություն: Հիպոթերապիան համարվում է ամենաազդեցիկ վերականգնողական միջոցներից մեկը մի շարք խնդիրների դեպքում, որոնք են. մանկական ուղեղային կաթվածը, աուտիզմը, տարբեր ողնաշարային, նյարդային և հուզական խնդիրներ, Դաունի համախտանիշը, մտավոր հետամնացությունը և այլն:
Մեկնաբանել