
Լեռնապատի գյուղապետն ընդդեմ իր համայնքի բնակչի և լրատվամիջոցների
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում լսվեց Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչ Գևորգ Մելքոնյանի վերաքննիչ բողոքն ընդդեմ գյուղապետ Վանո Եղիազարյանի:
Հիշեցնենք, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Վանո Եղիազարյանի հայցն ընդդեմ Գևորգ Մելքոնյանի: Պատասխանող` երրորդ կողմում հանդես էր գալիս նաև «Ժամանակ» օրաթերթը, որը վերարտադրել է Գևորգ Մելքոնյանի խոսքերը վիճարկվող հոդվածում:
Հիշեցնենք, որ վիճարկվում է «Ժամանակ» օրաթերթի 2010 թվականի սեպտեմբերի 1-ի համարում տպագրված «Էս թուրքին մեր միջից հանեք» վերնագրով հոդվածը: Համայնքի ղեկավարը պնդում է, որ հոդվածով արատավորվել են իր պատվիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը, և պահանջում է հատուցել պատճառված վնասը:
Այսօրվա նիստին կողմերը ներկա չէին, սակայն դատաքննությունը շարունակվեց, և դատարանը դատական ակտի հրապարակման օր նշանակեց հոկտեմբերի 26-ը:
Վանո Եղիազարյանը սույն գործի շրջանակներում դատի է տվել նաև «Հետքի» լրագրող Ադրինե Թորոսյանին՝ «Գյուղապետի հասցեին ասված «արածել» բառն արժե 1 միլիոն» հոդվածի համար:
Մեկնաբանել