Պատգամավորներն ակտիվ ու արդյունավետ են գնահատել ԱԺ պատվիրակության աշխատանքը ՆԱՏՕ-ի ԽՎ-ում
Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանի եւ պատվիրակության անդամ Ստյոպա Սաֆարյանի մամլո ասուլիսը, որը վերաբերում էր Բուխարեստում հոկտեմբերի 7-10-ը գումարված ՆԱՏՕ ԽՎ-ի աշխատանքներին, եւ վեհաժողովում ԱԺ պատվիրակության գործունեության յուրօրինակ ամփոփումն էր:
ԱԺ պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ սա պատվիրակության վերջին մասնակցությունն էր վեհաժողովի աշխատանքներին. հաջորդին արդեն կմասնակցի ԱԺ նոր խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորված պատվիրակությունը:
Ամփոփելով վեհաժողովում ԱԺ պատվիրակության չորսուկես տարվա կատարած աշխատանքը` Կարեն Ավագյանն ու Ստյոպա Սաֆարյանը արձանագրեցին, որ իրենց մասնակցությունը ՆԱՏՕ ԽՎ-ում եղել է ակտիվ եւ արդյունավետ, մասնակցել եւ ելույթներով հանդես են եկել տարբեր խնդիրներին, մասնավորապես Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին առնչվող քննարկումներին, ներկայացրել իրենց դիրքորոշումներն ու առաջարկները եւ կարողացել են թույլ չտալ, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շահերին հակասող բանաձեւ ընդունվի, ինչը փորձում էր իրականացնել ադրբեջանական պատվիրակությունը: Նրանք տեղեկացրին, որ վեհաժողովի վերջին նիստում ներկայացված նախագիծը, ի տարբերություն նախորդների, ամբողջովին չեզոք ու հավասարակշռված էր, ինչն էլ ադրբեջանական կողմի վրդովմունքի ու հիասթափության պատճառ էր դարձել:
ԱԺ պատվիրակության գործունեության արդյունավետությունը, ըստ բանախոսների, թիմային փոխպայմանավորված աշխատանքի արդյունք էր, որում իրենց նպաստն ունեին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարը, նախարարության աշխատակիցներն ու դեսպանները:
ԱԺ պատգամավորներ Կարեն Ավագյանը եւ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել