HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կայսրը մեռավ, կեցցե կայսրը». Իսպանիան գահընկեց արվեց, աշխարհը նոր չեմպիոն կունենա

Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնության երկրորդ տուրը, ինչպես հայտնի է, սկսվել էր A խմբի Բրազիլիա-Մեքսիկա (0-0) խաղով: Այսօր լույս գիշեր ավարտվեց նաեւ երկրորդ հանդիպումը, որում Հորվաթիան 4-0 հաշվով ջախջախեց Կամերունին: Բալկանցիները պայքար են մղում ուղեգրի համար, եւ առաջին տուրում բրազիլացիներից կրած պարտությունը նրանց չէր ընկճել: Արդեն 11-րդ րոպեին Օլիչը եզրափակեց գրոհը՝ նպատակին հասցնելով աջ եզրից փոխանցված գնդակը: Պաշտպանը չկարողացավ խանգարել հարձակվողին: 40-րդ րոպեին դաշտից հեռացվեց Ալեքսանդր Սոնգը: Աֆրիկացի ֆուտբոլիստը նենգ խախտում թույլ տվեց՝ հետեւից արմունկով հարվածելով Մանջուկիչի մեջքին, որն անմիջապես հայտնվեց խոտածածկին: 

48-րդ րոպեին Պերիշիչն օգտվեց դարպասապահի սխալից ու գրավեց դարպասի մոտակա անկյունը՝ 2-0: 61-րդ եւ 73-րդ րոպեներին էլ Մանջուկիչը դուբլ ձեւակերպեց: Կամերունը կարող է հավաքել ճամպրուկները. աֆրիկացիները դեռ մի խաղ ունեն բրազիլացիների հետ, իսկ հորվաթները վճռորոշ խաղ կանցկացնեն մեքսիկացիների հետ, որը, ըստ էության, կլինի երկրորդ տեղի ուղեգրի համար պայքար:

Հանդիպման կարճ տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

B խմբում իսկական կենաց-մահու պայքար ծավալվեց երկրորդ տուրում: Պարզ դարձավ, որ աշխարհը նոր չեմպիոն կունենա, քանզի Իսպանիան գահընկեց արվեց: Բայց մինչ Չիլին վերջնական հարված կհասցներ պիրենեյցիներին, Հոլանդիան ուժերը չափեց Ավստրալիայի հետ: Շատերը մտածում էին, որ Իսպանիային 5-1 հաշվով հաղթելուց հետո հեշտությամբ կհաղթահարեն նաեւ կանաչ մայրցամաքի ներկայացուցիչների արգելքը: Բայց ստացվեց հակառակը: 20-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ռոբենը՝ խփելով առաջնությունում իր 3-րդ գնդակը: Արդեն հաջորդ գրոհի ժամանակ Քեհիլը ընթացքից հուժկու հարվածով տխրեցրեց հոլանդացիներին՝ 1-1: 54-րդ րոպեին ավստրալացիների ավագ Յեդինակը հստակ իրացրեց 11-մետրանոցն ու առաջ մղեց ավստրալացիներին: Սակայն 58-րդ րոպեին հոլանդացիների ավագը՝ վան Պերսին, վերականգնեց հաշվի հավասարակշռությունը՝ նույնպես խփելով իր 3-րդ գոլը, ինչպես որ Ռոբենն ու գերմանացի Մյուլլերը: 68-րդ րոպեին էլ փոխարինման մտած Դեպայը առաջ մղեց «թռչող հոլանդացիներին»՝ հաղթանակ պարգեւելով կարեւոր այս խաղում: Հոլանդիան փլեյ-օֆի ուղեգիր ձեռք բերեց, մնում է երրորդ տուրում որոշել, թե Չիլիի հետ վճռորոշ խաղում որ թիմը կզբաղեցնի առաջին տեղը՝ ըստ էության, խուսափելով 1/8-րդ եզրափակիչում բրազիլացիների ճանապարհին կանգնելուց:

Ավստրալիա-Հոլանդիա հանդիպման դիտարժան պահերը՝ այստեղ:       

Խաղային օրվա գլխավոր հանդիպումը Իսպանիա-Չիլի խաղն էր: Եթե իսպանացիները պիտի ամեն կերպ փորձեին հաղթել՝ փլեյ-օֆի ուղեգրի պայքարից դուրս չմնալու համար, չիլիացիներն էլ պակաս շահագրգռված չէին, ինչը երեւաց հենց խաղասկզբից: 20-րդ րոպեին Վարգասը առաջ մղեց Չիլիին՝ շոկի մեջ գցելով իսպանացիների երկրպագուներին: Սակայն դա դեռ վերջը չէր: Իսկ 43-րդ րոպեին Արանգիսը երկրորդ անգամ ստիպեց Կասիլյասին դուրս բերել գնդակը ցանցից: Կարմիր ֆուրիան ջախջախվեց երկրորդ անգամ, ու դուրս չի գա խմբից՝ անկախ Ավստրալիայի հետ վերջին հանդիպումից:

Հանիպման տեսանյութը՝ այստեղ

Իսպանացիների անհաջողության պատճառը պետք է փնտրել թիմի տրամադրվածության, խաղաոճի ու մրցակցիների խաղի մեջ: Դեռ վերջերս դել Բոսկեն ասել էր, որ ամենադժվարը իր սաների համար շարժառիթ գտնելն է: Այո, պիրենեյցիները 2008 եւ 2012 թթ. նվաճել են Եվրոպայի չեմպիոնի կոչումը, 2010-ին դարձան աշխարհում լավագույնը, այսինքն՝ արդեն 6 տարի նրանք համաշխարհային ֆուտբոլի բարձունքում են, ամեն ինչ նվաճել են ու հոգեբանորեն նոր պայքարի, նոր մարտահրավերների ցանկությամբ կարծես չեն այրվում: Դա երեւաց նաեւ 2013 թ. Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ժամանակ:

Մյուս կողմից՝ եթե իրենց փայլուն ժամանակաշրջանում իսպանացիները չէին խաղում մաքուր առաջ քաշված հարձակվողով, չնայած այդպիսիք ունեին իրենց կազմում, ապա այժմ տակտիկան փոխվել էր: Նախկինում կենտրոնական գրոհայինը «կեղծ 9 համարի» խաղացող էր, նրան օգնում էին աջ ու ձախ եզրային հարձակողական ոճի կիսապաշտպանները, իսկ հիմա տեսնում ենք մեկ ընդգծված գրոհային՝ սուր եզրում գործող Դիեգո Կոստա, որը, փաստորեն, չկարողացավ իր հետեւից տանել թիմի գրոհները: Գվարդիոլայի բարսելոնական «տիկի-տակա» ոճը, որի շնորհիվ, մասնավորապես, Իսպանիայի ընտրանին տիրում էր գնդակին ու նախաձեռնությանը, այժմ աստիճանաբար քանդվում է: Նույն «Բարսելոնում» Չավիի եւ Ինիեստայի պես կառուցող ֆուտբոլիստները այս մրցաշրջանում խաղային անկում ունեցան ամբողջ թիմի հետ, դրա անդրադարձը տեսանք նաեւ հավաքականում, որտեղ ողնաշարը այս երկուսն են, նաեւ մեկ այլ բարսելոնցի՝ Բուսկետսը, ու «Ռեալից» Ալոնսոն (այս երկուսն ավելի շատ քանդող խաղացողներ են, քան կառուցող):

Երրորդ. «Բարսելոնի» ու Իսպանիայի ընտրանու խաղաոճը ոչ միայն հենց նրանց խաղացողների որոշակի նահանջի, այլեւ մրցակիցների հակախաղի «շնորհիվ» արդյունք չտվեց: Մրցակից ակումբների (օրինակ՝ Մադրիդի «Ատլետիկո») ու հավաքականների (Հոլանդիա, Չիլի) բարձր տեմպի, մեծ արագության, գրագետ պրեսինգի արդյունքում պիրենեյցիները չէին կարողանում խաղ կառուցել, մանր ու միջին փոխանցումներով տակտիկական գրոհներ կազմակերպել, որովհետեւ հակառակորդն անմիջապես հայտնվում էր հարեւանությամբ ու խափանում փոխանցումը կամ զարգացող գրոհը:

Փաստորեն, արագության ու շարունակական պրեսինգի շնորհիվ հնարավոր դարձավ անպարտելի թվացող խաղաոճը չեզոքացնել: Վաղ թե ուշ գալու էր Իսպանիայի նահանջի ժամանակը, քանի որ ոչ մի թիմ չի կարող նույն տեմպի մեջ մնալ երկար տարիներ, սակայն քչերը կարող էին մտածել, որ դա տեղի կունենա այս առաջնության հենց մեկնարկային երկու տուրում: Ֆուտբոլային բարձունքը դեռ նվաճված չէ, սակայն արդեն այսօր կարելի է ասել. «Կայսրը մեռավ, կեցցե կայսրը»:    

ՀԳ. Այսօր՝ 20:00-ին, կմրցեն C խմբում ընդգրկված թիմերը՝ Կոլումբիա-Կոտ դ՛Իվուար, 02:00-ին՝ Ճապոնիա-Հունաստան:23:00-ին կկայանա D խմբի Ուրուգվայ-Անգլիա մրցավեճը:

Լուս.-ը՝ Getty Images   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter