«Աննորմալ» սեր, որը նաև վարակիչ է
12-րդ խաղացողին կարմիր քարտերով չես վախեցնի
Ինչպես կամ ում շնորհիվ եք սկսել ֆուտբոլ դիտել... Երևի որևէ գրանդ ակումբի անուն հիշեցիք: Իսկ այսօր դժվար թե գտնվի մեկը, ով միանշանակ չտա Հայաստանի հավաքականի անունը: Մեզ վաղուց էին պետք եռագույնով ներկված տասնյակ հազարավոր երկրպագուներ, ովքեր թերահավատորեն չեն վերաբերվի մեր հաղթանակին: Բայց եթե ոմանք վերջերս են սկսել հավատալ մեր ֆուտբոլիստներին, ապա «Հայկական առաջին ճակատը» արդեն չորս տարի է, ինչ ձևավորում է իսկական ֆան ակումբ, որն ունի իր կանոնադրությունն ու պարտականությունները:
Երևի կարծում եք՝ բոլոր ֆուտբոլասերները կընդգրկվեն ՖԱՖ-ում (First Armenian Front- Առաջին հայկական ճակատ). ոչ, այդպես չէ, ու հավանաբար հենց վերոնշյալ կանոնադրության ու պարտականությունների պատճառով, քանզի այստեղ յուրաքանչյուրն ապրում է ֆուտբոլով` երգեր գրում, յուրաքանչյուր ֆուտբոլիստի անունով օրագրի մեջ էջ սարքում, հագնում ֆուտբոլիստների նկարներով շապիկներ, տխրում և ուրախանում ֆուտբոլիստի հասցեին ասված խոսքից, իսկ երբեմն էլ չհասկացված մնում շրջապատի կողմից: Եվ եթե արդեն իսկ կան նման երկրպագուներ, ովքեր անմոռաց տարված են ֆուտբոլով, պետք է ենթադրել, որ երկրպագելու կուլտուրա է ձևավորվում, որտեղ անմասն չեն կարող լինել հենց իրենք` ֆուտբոլիստները, չէ՞ որ սա երկկողմանի հարաբերություն է:
Անկեղծ ասած, այն թե ինչպես է աջակցում ՖԱՖ-ը, հեռուստացույցով էլ կարող ենք տեսնել, այդ պատճառով, կարծում եմ, ձեզ առավել կհետաքրքրի նրանց հարաբերությունների ձևավորումը, ընթացքն ու վերաբերմունքը միմյանց հանդեպ, ինչի մասին էլ կզրուցեմ ՖԱՖ-ի անդամների հետ: Սա հենց այն է, ինչի մասին երբեք չի բարձրաձայնվել:
-Ինչպե՞ս եք ներգրավել ՖԱՖ-ի մեջ:
Արուս Մխիթարյան
-ՖԱՖ-ում առաջին աղջիկը Ամալիկն է եղել, և հենց նա է ինձ ու Մարիամին ներգրավել: Սկզբում շատ ամաչկոտ էինք, հետո քիչ-քիչ «բացվեցինք» ու հիմա շատ ենք ենք փոխվել:
-Ինչպե՞ս եք հարաբերություններ հաստատել ֆուտբոլիստների հետ:
Մարիամ Պողիկյան
-Սկզբում սայթով էի շփվում, «Փյունիկի» պլակատով նկար էի դրել, հետո երբ արդեն սկսեցի անձամբ շփվել, բոլորը ինձ այդպես էին հիշում` պլակատով աղջիկ: Միայն հիշում եմ՝ երբ առաջին անգամ տեսա Մանոյանին, ոչ մի կերպ չէի կարողանում մոտենալ, բարևել, չնայած որ երկուսս էլ միմյանց ճանաչում էինք:
-Գիտեմ, որ ձեր`FAF-ի ծննդյան տարեդարձին անակնկալ անվանակարգեր էիք պատրաստել ֆուտբոլիստների համար:
Արուս Մխիթարյան
-Այո, ավելի ճոխ էինք նախատեսել նշել, բայց շատ լավ անցավ, տարբեր մրցանակներ հանձնեցինք: Օրինակ՝ Սարգիս Հովսեփյանին ամենահեռանկարային ֆուտբոլիստ տիտղոսը տվեցինք, բոլորն իրենց ծաղրանկարները ստացան: Անգամ այդ ժամանակ Յուրա Մովսիսյանը պետք է մեկներ, բայց երբ իմացել էր, որ իր համար էլ մրցանակ կա, չէր գնացել: Հիմա մեզ միանալ ցանկացողները շատ-շատ են, անընդհատ հարցնում են, փնտրում, մեր կայքէջում ծանոթանում պայմաններին ու միանում մեզ:
-Ի՞նչ աջակցություն եք ստանում ֆեդերացիայից:
Արուս Մխիթարյան
-Ասեմ, որ մենք մեր ֆոնդն ունենք, յուրաքանչյուրս որոշակի գումար է ներդնում տարբեր ակցիաների համար, որոնք ՖԱՖ-ը կազմակերպում է: Ի դեպ, կանոն կա, որ նույն ակցիան երկրորդ անգամ չենք կարող անել, տասնմեկ հոգուց բաղկացած ղեկավար խորհուրդ ունենք, որ զբաղվում է այդ հարցերով, այդ թվում՝ նաև նրանով, թե ովքեր են մեկնելու արտասահման տղաների հետ, քանզի ամեն անգամ տարբեր կազմ է գնում՝ բացի ղեկավար խորհրդից: Իսկ ֆեդերացիան սկզբնական շրջանում համազգեստներ էր տվել, հիմա էլ տոմսերի հարցում է օգնում:
-Ֆուտբոլիստների վերաբերմունքն ինչպիսի՞ն է:
Մարիամ Պողիկյան
-Ես զարմացա, երբ հասկացա, որ նրանք անգամ խաղի ընթացքում են մեզ հետևում: Պաստառ էի սարքել Մանոյանի համար, ուզում էի ոգևորել, քանի որ վնասվածք ուներ, գրված էր «We love you Manoyan», խաղից հետո նա եկավ և շնորհակալություն հայտնեց:
Արուս Մխիթարյան
-Վատ շրջան եղավ, երբ անընդհատ պարտվում էինք, այդ ժամանակ էլ մենք մինչև վերջ մնում էինք ստադիոնում և երկրպագում, թվում է, թե պարտությունից հետո տրամադրություն չեն ունենա, բայց վերջում անպայման գալիս էին մեզ ծափահարում, հասկանում էինք , որ նրանք էլ մեզ են հարգում:
-Արտասահմանում ընդունված է մականուններով դիմել ֆուտբոլիստներն, մեզ մոտ է՞լ է այդպես:
-Լսել ենք, որ շատերը մականուն ունեն, ուղղակի ոմանք չեն սիրում, երբ իրենց այդպես ես դիմում: Օրինակ`Գրիգոր Մելիքսեթյանին Գիգզ են ասում, Արթուր Յուզբաշյանին` Յուզ, Յուրային` Տերմինատոր, բայց ինքը չի սիրում այդ մականունը:
-Ի՞նչ գիտեք ֆուտբոլիստների մասին, որ մնացածը չգիտեն:
Արուս Մխիթարյան
-Կան, իհարկե, նման բաներ: Օրինակ՝ վերջերս Արթուր Եդիգարյանը բալիկ էր ունեցել, գնացել էինք շնորհավորելու: Գիտեմ մեր ամենաամաչկոտ ֆուտբոլիստներին` Արտակն ու Կառլենը, Հենրիկը երբեմն նեղացկոտ է, իսկ Էդգար Մանուչարյանի հետ պետք չէ գործ ունենալ, երբ տրամադրություն չունի՝ ի հակադրություն եղբոր: Չնայած դա էլ է հասկանալի. մարդ են:
-Շփման մեջ ո՞ւմ հատ է ավելի հեշտ:
Մարիամ Պողիկյան
-Հենրիկ Մխիթարյանի, Դավիթ Մանոյանի, Էդգար Մալաքյանի, Մարկոս Պիզելիի, Վարազդատ Հարոյանի: Ի դեպ, երբ Մարկոսը գնաց, անընդհատ արտասվում էի, կարծում էի՝ կմոռանա իր երկրպագուհուն, բայց մի օր Գևորգ Ղազարյանն ասաց, որ Մարկոսն ինձ բարևում է:
Արուս Մխիթարյան
-Նույնը, միայն ավելացնեմ Պաչաջյանին և Արտակ Ալեքսանյանին, Յուրայի հետ էլ է հեշտ:
-Իսկ հակառակ երևույթը ո՞ւմ մոտ եք զգացել:
-Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան: Իրենց հետ առանձնապես շփում չկա, չենք կարող ասել՝ ինչի հետ է դա կապված: Մարդիկ կարծում են, թե Էդգար Մալաքյանը մեծամիտ է, բայց ուզում ենք ասել, որ այդպես չէ:
-Ի՞նչ խենթություն եք արել ֆուտբոլիստի համար:
Արուս Մխիթարյան
-Չգիտեմ՝ ինչքանով է խենթություն, բայց Դավիթ Մանոյանի ծննդյան օրը տորթ էի պատվիրել ու քանի որ գործի էի, խնդրեցի առաքեն, սակայն, մոռացա ասել՝ ում կողմից է, նա հարցրել էր՝ ով է հեղինակը, բայց Մարիամն էր պատասխանել, միևնույնն է հաճելի էր:
***
Ինչ խոսք, բոլորս ենք նկատում, որ այժմյան հավաքականը մի ընտանիքի նման է, անկախ նրանից, թե ով ինչ բնավորություն ունի, կարևորն այն է, որ իսկական ընկերներ են, և թերևս դա է մեր հաջողության գրավականներից մեկը: Երկրպագուներն էլ հավելում են, որ պատրաստ են բոլոր նորեկներին ընդունել և սիրել սեփականի նման: Վերջին խաղերին ոգևորության ալիքն այնքան մեծ է. բոլոր ակցիաները, եռագույնով շորերն ու գրված երգերը անկասկած անում են իրենց գործը, իսկ ֆուտբոլիստները տեսնում և գնահատում են:
Յուրա Մովսիսյան
-Մեզ համար շատ կարևոր է ձեր աջակցությունը, մեզ ուժ տվողը մեր ազգն ու երկրպագուներն են, և, կոպիտ ասած, նրանք են մեզ «դուխ» տալիս: Մենք գիտենք, որ հաղթենք, թե պարտվենք, նրանք մեր կողքին են, օգնում են, հարգում, սիրում:
Լևոն Հայրապետյան
-Երկրպագուները զարմացրեցին, շատ լավ էին երկրպագում և մեզ ուժ էին տալիս:
Հենրիկ Մխիթարյան
-Ժողովուրդը շատ մեծ դեր խաղաց, շնորհակալ ենք, որ եկել էին, հուսով եմ սրանից հետո միշտ այսպիսի լեփ-լեցուն մարզադաշտ կունենանք:
Վարդան Մինասյան
-Շատ մեծ աջակցություն կա երկրպագուների կողմից, գիտեմ՝ մեծ աժիոտաժ է, դա մեզ միայն օգնում է:
***
Անկախ ամեն ինչից այս հանդիպումներն ու ֆանտաստիկ գոլերը արդեն անցել են պատմության մեջ, և, ինչպես ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն է ասում, մենք բոլորս էլ այսպիսի մթնոլորտ ենք ցանկացել տեսնել Երևանի փողոցներում: «Մենք ուժեղ ենք, մենք հզոր ենք, մենք այսօր պիտի հաղթենք»... Կարծես բոլորս վարակված լինենք ֆուտբոլով...
Սաթենիկ Հունանյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել