Ռուսաստանի հայերի միությունը չի արգելել
Հայաստանյան կայքէջերից մեկը նախօրեին գրել էր, որ «Ռուսաստանի հայերի միության տեղական բաժանմունքների որոշմամբ արգելվել են Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Կրասնոդարի երկրամասում իրականացվելիք միջոցառումները: Այս առնչությամբ Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա միջոցառումները չեն «արգելվել» և չէին կարող «արգելվել» ՌՀՄ կենտրոնական ղեկավարության կողմից»:
«Դրանք ավանդաբար անցկացվել և անցկացվելու են ՌՀՄ բոլոր մասնաճյուղերի նախաձեռնությամբ Ռուսաստանի դաշնության ամբողջ տարածքում: Մասնավորապես, Մոսկվայում ապրիլի 23-ին ժ.10.00 ՌԴ Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի կունենա բողոքի ակցիա, իսկ ժ.15.00՝ հանրահավաք: Ապրիլի 24-ին ժ.10.00 ծաղկեպսակ կտեղադրվի Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարին, իսկ 11.00 հայկական եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:
Ռուսաստանի հայերի միությունը անընդունելի է համարում նման ապատեղեկատվության տարածումը և գտնում է, որ նման ձևակերպումները սադրիչ են և վիրավորում են ազգային արժանապատվությունը»,- նշված է հաղորդագրությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել