HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիան ու Արգենտինան մեկնարկեցին հաղթանակով

Աշխարհի առաջնության E խմբի Ֆրանսիա-Էկվադոր հանդիպումը անցավ աշխարհի նախկին չեմպիոնների բացահայտ առավելությամբ: Հանդուրասցիները գործում էին բավականին կոշտ, երբեմն էլ` կոպիտ: Մրցավարը խաղի ընթացքում Կենտրոնական Ամերիկայի ներկայացուցիչներին ցույց տվեց 6 դեղին քարտ, որոնցից երկուսը` Պալասիոսին: Վերջինս երկրորդ դեղինը ստանալուց հետո հեռացվեց դաշտից արդեն 43-րդ րոպեին, եւ նշանակվեց 11-մետրանոց հարված: 45-րդ րոպեին այն հստակ իրացրեց Բենզեման: 48-րդ րոպեին դարպասապահ Վալյադարեսը դարձավ ինքնագոլի հեղինակ այն բանից հետո, երբ Բենզեման հարվածեց դեպի դարպասը, գնդակը ուղղահայաց դարպասաձողից հայտնվեց դարպասապահի մոտ, սակայն նրա անփութության պատճառով հատեց դարպասի գիծը, ինչը ֆիքսվեց դարպասի գրավման համակարգի կողմից:

72-րդ րոպեին Բենզեման դուբլ ձեւակերպեց` շեշտակի հարվածով ոչ մի հնարավորություն չթողնելով Վալյադարեսին:

Այսպիսով` Դիդյե Դեշամի սաները վաստակած 3 միավորով հավասարվեցին Շվեյցարիային, որը 2-1 հաշվով մինչ այդ հաղթել էր Էկվադորին, սակայն խփած եւ բաց թողած գնդակների հարաբերակցությամբ առաջին տեղում ֆրանսիացիներն են:

Կեսգիշերն անց կայացավ նաեւ F խմբի Արգենտինա-Բոսնիա եւ Հերցեգովինա խաղը, որն ավարտվեց Մեսիի թիմի հաղթանակով` 2-1: Արդեն 3-րդ րոպեին Կոլասինաչը ինքնագոլի հեղինակ դարձավ: Երկրորդ գոլին հարկ եղավ մի ժամ սպասել, երբ 65-րդ րոպեին Մեսին կրկնապատկեց հաշիվը: 84-րդ րոպեին Իբիշեւիչը հաշվի տարբերությունը հասցրեց նվազագույնի, սակայն բալկանցիներին ավելին անել չհաջողվեց:

Այսօր 23:00-ին կկայանա F խմբի Իրան-Նիգերիա հանդիպումը: 20:00-ին էլ դաշտ կմտնեն G խմբի առաջատարները` Գերմանիան եւ Պորտուգալիան: Ամսի 17-ին` 02:00-ին, կկայանա նույն խմբի Գանա-ԱՄՆ մրցավեճը: 

Լուս.-ը՝ Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter