HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհի առաջնությունը հիացնում է. բոլոր խաղերում կան գոլեր

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը թափ է հավաքել: Արդեն կայացել է 9 խաղ, սակայն դրանցից ոչ մեկը ոչ-ոքի չի ավարտվել, եւ բոլորում էլ գոլ է խփվել: Սա խոսում է անհաշտ պայքարի մասին, ինչը բացառապես երկրպագուների շահերից է բխում. կա կիրք, պայքար, գոլեր...

C խմբի Կոլումբիա-Հունաստան (3-0) խաղին արդեն անդրադարձել ենք: Երեկ, իսկ ավելի ճիշտ, Երեւանի ժամանակով այսօր կայացավ խմբի մյուս` Կոտ դ'Իվուար-Ճապոնիա մրցավեճը: Չնայած 16-րդ րոպեին Կեյսուկե Հոնդան գեղեցիկ հարվածով առաջ մղեց ծագող արեւի երկրի ներկայացուցիչներին, սակայն «փղերը» (աֆրկական այս երկրի անունը թարգմանվում է Փղոսկրի ափ) չհանձնվեցին: 64-րդ եւ 66-րդ րոպեներին Վիլֆրեդ Բոնին ու Ժերվինյոն գլխի գրագետ հարվածներով կշեռքի նժարը թեքեցին իրենց թիմի կողմը: Խաղն այդպես էլ ավարտվեց` 2-1:

Կոտ դ'Իվուարը 3 միավորով հավասարվեց Կոլումբիային, Ճապոնիան ու Հունաստանը միավոր չեն վաստակել:

 

Իսկական ճակամարտեր տեղի ունեցան D խմբում, որտեղ առաջինը մրցեցին Ուրուգվայն ու Կոստա Ռիկան: 24-րդ րոպեին հարավամերիկացիներին 11-մետրանոց հստակ իրացված հարվածով առաջ մղեց Կավանին: Սակայն աշխարհի կրկնակի չեմպիոնները չկարողացան զարգացնել իրենց հաջողությունը: Եվ «մեղավորը» հենց Կոստա Ռիկան էր, որը, փաստորեն, դարձավ առաջին սենսացիայի հեղինակը: 54-րդ րոպեին Քեմփբելը հավասարեցրեց հաշիվը, իսկ դրանից 3 րոպե անց Օսկար Դուարտեն գլխով սուր անկյան տակ հարվածեց դարպասի ուղղությամբ, եւ գնդակը կորագծով հայտնվեց ցանցում: Կենտրոնական Ամերկայի ներկայացուցիչները ոգեւորվեցին սրանով եւ 84-րդ րոպեին Ուրենան եւս մեկ անգամ խոցեց մրցակցի դարպասը: Դա իսկական անակնկալ էր, քանի որ Ուրուգվայը խմբում ընդգրկված Իտալիային ու Անգլիային իրական մրցակից էր համարվում: 

Եվ ահա կայացավ Անգլիա-Իտալիա շատ սպասված խաղը: Անգլիացիները ապենինցիներին զիջել էին «Եվրո-2012»-ի 1/4-րդ փուլում եւ սա յուրատեսակ ռեւանշ էր, որը... չկայացավ: Ռեւանշը տեղի չունեցավ, քանի որ իտալացիներն ավելի ուժեղ գտնվեցին, չնայած խաղը հավասար էր: Երկու թիմերն էլ պայքարում էին մինչեւ վերջ, յուրաքանչյուր գնդակի համար: 35-րդ րոպեին Մարկիզիոն հեռու տարածությունից խոցեց Հարթի դարպասը, որը չհասավ գնդակի հետեւից` 0-1: Սակայն 2 րոպե անց Սթարիջը հավասարեց ստատուս-քվոն` 1-1: Այդուհանդերձ, 50-րդ րոպեին իր խոսքն ասաց Մարիո Բալոտելին, որը գլխով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ: Անգլիա-Իտալիա` 1-2:

Կոստա Ռիկան ու Իտալիան 3-ական միավորներով գլխավորում են D խմբի աղյուսակը, անգլիացիներն ու ուրուգվայցիները կփորձեն միավորներ վաստակել մյուս երկու խաղերում: 

Այսօր ավարտվեց նաեւ E խմբի Շվեյցարիա-Էկվադոր խաղը: 22-րդ րոպեին Վալենսիան առաջ մղեց Էկվադորին: Առաջին կեսում այլ գոլեր չգրանցվեցին: Սակայն երկրորդ կեսի սկզբնամասում` 48-րդ րոպեին, Մեհմեդին Վալենսիայի հարվածի նմանությամբ գլխով հավասարեցրեց հաշիվը` 1-1: Իսկ հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին Սեֆերովիչը հաղթանակ պարգեւեց Շվեյցարիային: Հատկանշական է, որ այս առաջնությունում քիչ չեն վերջին րոպեներին խփվող գոլերը: Սա նմանատիպ արդեն 4-րդ գոլն էր: Այսինքն` թիմերը չեն խաղում ոչ-ոքիի կամ հաշիվը պահելու համար: 

  

23:00-ին կսկսվի E խմբի Ֆրանսիա-Հոնդուրաս հանդիպումը, իսկ կեսգիշերն անց` 02:00-ին, F խմբի Արգենտինա-Բոնսիա եւ Հերցեգովինա խաղը: 

Լուս.-ը՝ Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter