«Թռչող հոլանդացին» խորտակեց «անպարտելի արմադան». Իսպանիա-Հոլանդիա՝ 1-5
Աշխարհի առաջնության Իսպանիա-Հոլանդիա հանդիպումը իսկական ռեւանշ դարձավ հոլանդացիների կատարմամբ, որոնք 4 տարի առաջ՝ նածորդ առաջնության եզրափակիչում, աշխարհի չեմպիոնի կոչման պայքարում զիջել էին նվազագույն հաշվով զիջել էին իսպանացիներին: Առաջինը հաջողության հասան Եվրոպայի ու աշխարհի գործող չեմպիոնները: Դիեգո Կոստային գցեցին տուգանային հրապարակում, եւ նշանակված 11-մետրանոցը հստակ իրացրեց Շավի Ալոնսոն: Սակայն հոլանդացիներն էլ ավելի մեծացրին առանց այդ էլ թիմային բարձր արագությունը, եւ իսպանացիների ուղղակի չդիմացան այդ տեմպին: Հատկապես կենտրոնական պաշտպաններ Ռամոսն ու Պիկեն անզոր էին Ռոբենի ու վան Պերսիի անցումների դեմ:
44-րդ րոպեին վան Պերսին գեղեցկագույն գոլի հեղինակ դարձավ՝ եզրից կատարված օդային փոխանցումը դիմավորելով թռիչքով եւ գլխի հավածով: Կասիլյասի գլխավերեւով գնդակը հայտնվեց ցանցում: 53-րդ րոպեին արդեն Ռոբենը խուճապ առաջացրեց իսպանացիների կենտրոնում: Պիկեն ու Ռամոսը չկարողացան կանգնեցնել նրան: Հաշիվը դարձավ 1-2: 64-րդ րոպեին դե Վրեյը գլխով եզրափակեց անկյունայից եկած գնդակը, չնայած արդարության համար ասենք, որ վան Պերսին այդ դրվագում խախտեց Կասիլյասի դեմ խաղի կանոնները, եւ ճիշտ կլիներ, եթե արձանագրվեր խախտում՝ հարձակում դարպասապահի վրա: Ինչեւէ: 72-րդ րոպեին անփույթ գործեց աշխարհի չեմպիոնների ավագ Կասիլյասը: Վան Պերսին գնդակը փախցրեց նրանից ու խփեց իր երկրորդ եւ թիմի հինգերորդ գոլը: Դա իսկական ֆիասկո էր ու մղձավանջ իսպանացիների համար: 80-րդ րոպեին էլ Ռոբենը դրեց խաղի վերջակետը՝ ձեւակերպելով խայտառակ հաշիվ չեմպիոնների համար: Ռեւանշը կայացավ, այն էլ ինչպես:
B խմբի մյուս խաղում մրցեցին Չիլին եւ Ավստրալիան: 12-րդ րոպեին հարավամերիկացիներին առաջ մղեց Ալեքսիս Սանչեսը, 2 րոպե անց հաշիվը կրկնապատկեց Խորխե Վալդիվիան: 44-րդ րոպեին Թիմ Քեհիլը գլխի հարվածով կրճատեց տարբերությունը՝ 2-1: Սակայն խաղավերջում Ժան Բոսեժուրը վերականգնեց 2 գնդակի տարբերությունը, եւ Չիլին հաղթանակ տարավ 3-1 հաշվով:
Այսպիսով՝ առաջին տուրից հետո Հոլանդիան եւ Չիլին ու 3-ական միավոր, իսկ Ավստրալիան ու Իսպանիան առայժմ ձեռնունայն են: Հատկանշական է, որ միայն Մեքսիկա-Կամերուն խաղում է գարնցվել մեկ գոլ, մյուս կայացած 3 հանդիպումներում երկրպագուները տեսել են նվազագույնը 4 գոլ, ինչն ուրախալի է: Եթե այս տեմպը շարունակվի, 20-րդ առաջնությունը պատմության մեջ կդառնա ամենագոլառատը:
Այսօր՝ Երեւանի ժամանակով 20:00-ին կմեկնարկի C խմբի Կոլումբիա-Հունաստան մրցավեճը: 23:00-ին տեղի կունենա D խմբի Ուրուգվայ-Կոստա Ռիկա խաղը, իսկ կեսգիշերն անց՝ 02:00-ին, նույն խմբի եւ տուրի կենտրոնական Անգլիա-Իտալիա հանդիպումը: 05:00-ին էլ կմեկնարկի C խմբի Կոտ դ՛Իվուար-Ճապոնիա մրցավեճը:
Լուս.-ը՝ Getty Images-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել