HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստակամ են հարաբերությունները խորացնելու հարցում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզեյին:

Ընդգծելով, որ  վերջին տարիներին երկու երկրների միջև հարաբերությունները կանոնավոր զարգացում են ապրում, Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը խորապես շահագրգռված է երկու ժողովուրդների շահերից բխող այդ հարաբերությունները շարունակաբար զարգացնելու: «Մենք բարձր ենք գնահատում «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության տարած հաղթանակը խորհրդարանական ընտրություններում: Այդ առիթով, խնդրում եմ, շնորհավորանքներս փոխանցել նախագահ Կոմորովսկուն և վարչապետ Տուսկին: Պարոն նախագահի հետ այս տարի հանգամանորեն խոսել ենք մեր հարաբերությունների ապագայի մասին: Իսկ վարչապետ Տուսկի հետ վերջերս առիթ ունեցանք շփվելու Վարշավայում կայացած ԵՄ արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ»,- ասել է նախագահ Սարգսյանը` նկատելով, որ երկկողմ շփումների հաճախականությունը և արդյունավետ քննարկումները նոր դինամիկա և բովանդակություն են հաղորդում երկկողմ հարաբերություններին:

Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավարը այցի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության քարտուղարի հետ ունեցած քննարկումներն ու փոխայցելությունները համարել է արդյունավետ` նշելով, որ ձեռք են բերվել համագործակցության շատ որոշակի պայմանավորվածություններ: «Նախագահ Կոմորովսկին, ինչպես և Դուք,  շատ բարձր է գնահատում հայ-լեհական սերտ հարաբերությունները և խնդրել է ևս մեկ անգամ  իր   շնորհակալությունը փոխանցել Լեհաստանում կազմակերպված ԵՄ գագաթնաժողովին մասնակցության համար»,-ասել է Ստանիսլավ Կոզեյը և ընդգծել, որ իր երկիրը պատրաստակամ է զարգացնելու հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում` հնարավորինս օժանդակելով Հայաստանի բարեփոխումներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter