
Գորիսի ընտրատեղամասում, որտեղ քվեարկելու է թեկնածու Ադունցը, վիճեցին հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը
Այսօր առավոտյան Գորիսում մեկնարկել են քաղաքապետի ընտրությունները, որում իրենց թեկնածություններն են առաջադրել երկու թեկնածու՝ անկուսակցական Հրայր Յոլյանն ու ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը:
37/4 ընտրատեղամասում ժամը 10:10-ի սահմաններում հանձնաժողովի նախագահի ու քարտուղարի միջև վեճ ծագեց: Արամայիս Փարսյանը՝ հանձնաժողովի քարտուղարը, զայրացավ, թե մեծահասակ ընտրողներից շատերի փոխարեն, ովքեր ի վիճակի չեն ընտրել, օգնում են նրանց` առանց գրանցվելու: «Խախտումներ եք անում, էս ի՞նչ ա… Կարա օգնի, ոչ թե ինքը վերցնի անի»,- ասաց Փարսյանը:
Հանձնաժողովի նախագահ Հրաչյա Աղաբեկյանն էլ արձագանքեց. «Է, գրանցեք»: Աղաբեկյանը հորդորեց Փարսյանին ձայնը չբարձրացնել, հանգիստ խոսել իր հետ:
«Իմ ձայնս էս ա... կարողա բարձրացնեմ եթե պետք ա, հանգիստ դու եղի»,- ասաց Փարսյանը: «Տեսնում եք խախտում գրանցեք, բայց չեք կարա, որովհետև խախտում չի եղել»,- դիմելով Փարսյանին ասաց հանձնաժողովի նախագահը, ապա խորհուրդ տվեց ընթերցել ընտրական օրենսգիրքը:
Իսկ երբ փորձեցինք հանձնաժողովի քարտուղարին հարցեր տալ՝ հասկանալու համար, թե կոնկրետ ի՞նչ խախտում է նա նկատել, Փարսյանը արձագանքեց այսպես. «Ինձ մի նկարեք հա՞, գնացեք հանձնաժողովի նախագահին նկարեք»:
Ի դեպ, այս տեղամասում շուտով քվեարկելու է անկուսակցական թեկնածու Հրայր Յոլյանը: Նշենք, որ 10:30-ի սահմաններում այս տեղամասում արդեն իսկ քվեարկել էր երկու հարյուր հոգի, ի տարբերություն մյուս տեղամասերին, որտեղ հասցրել էին քվեարկել առավելագույնը հիսուն հոգի:
Մանրամասները` Հետք-ի տեսանյութում
Մեկնաբանել