Ստորագրել են ավտոմատացված ստորգետնյա ավտոկայանատեղիի նախագծման, կառուցման և շահագործման մասին հուշագիր
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և «Տեոտեք Ս.Ա.» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են քաղաքապետարանի և ընկերության գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:
Թեոխառակիս ընկերությունների բիզնես զարգացման տնօրեն, «Տեոտեք Ս.Ա.» գլխավոր տնօրեն Կոնստանտին Ալոուպիսը քաղաքապետին ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործունեության հիմնական ուղղությունները, որոնք ընդգրկում են են բարձր տեխնոլոգիաների, ավտոկայանատեղերի ավտոմատ կառավարման, առողջապահական, հյուրանոցային, հանրային սպասարկման և մի շարք այլ ոլորտներ:
Շնորհակալություն հայտնելով ընկերության և քաղաքապետարանի միջև կառուցողական աշխատանքի համար՝ Կոնստանտին Ալոուպիսը հույս է հայտնել, որ գործակցությունը արդյունավետ և շարունակական կլինի:
Նշելով, որ բանակցային գործընթացն արդեն գործնական դաշտ է տեղափոխվել, Երևանի քաղաքապետն ընդգծել է մայրաքաղաքում ներդրումային նոր, բարենպաստ մթնոլորտի առկայությունն ու ներդրումային ծրագրերին ըստ ամենայնի աջակցելու քաղաքապետարանի պատրաստակամությունը:
Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և «Տեոտեք Ս.Ա.» գլխավոր տնօրեն Կոնստանտին Ալոուպիսը ստորագրել են մտադրությունների մասին հուշագիր: Հուշագրի համաձայն կողմերը մտադրվում են համաձայնության գալ և իրականացնել Երևանի կենտրոնում ավտոմատացված ստորգետնյա ավտոկայանատեղիի նախագծման, կառուցման և շահագործման ծրագիր:
Նախատեսվում է իրականացնել նաև Երևան քաղաքի բոլոր ենթակառուցվածքների, ներառյալ կապուղիների, մալուխային համակարգի նախագծմանը, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների վերակառուցմանը, շահագործմանն ու սպասարկմանն առնչվող ծրագրեր:
Առաջիկայում աշխատանքային խումբը հուշագրով ամրագրված նախագծերի վերաբերյալ հաշվետվություն կներկայացնի և կողմերը կսկսեն բանակցությունները ներդրումային ծրագրերի վերաբերյալ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել