
“Glendale Life” իրապատում շոուն զայրացրել է Լոս Անջելեսի հայերին
Կարինե Դանիելյան
Արշավ է սկսվել “Գլենդելյան կյանք”-ի նկարահանումներն ու հեռարձակումը դադարեցնելու համար
Իրապատում /reality show/ շոուն նոր ժանր է Կալիֆոռնիայի հայկական հեռուստաիրականության համար եւ “Glendale Life” անվանվածն առաջինն է լինելու: Ասենք, որ այս շոուների ընթացքում ցուցադրվում են իրողություններ, դեպքեր, որոնք կատարվում են հենց տեսարանները նկարահանելու ընթացքում: Իրապատում շոուի մասնակիցներն իրական կերպարներ են եւ իրենց գործողություններով ու վարքագծով ներկայացնում են առօրյա կյանքը:
Սակայն “Glendale Life”-ի թրեյլերի մասնակի տեսարանները, որոնք գրեթե ամեն օր ցուցադրվում են US Armenia հեռուստատեսությամբ, եւ որոնց ամբողջական ցուցադրումները սպասվում են առաջիկայում, իսկական փոթորիկ են առաջացրել Լոս Անջելեսի հայ համայնքում:
Ամերիկյան change.org հանրահայտ կայքում “Stop Glendle Life” վերտառությամբ արշավ է սկսվել, որի նախաձեռնողները կոչ են արել ողջ հայ համայնքին` միանալու իրապատում շոուի արտադրությունն ու ցուցադրումն ընդհատելու վերաբերյալ իրենց պաշտոնական խնդրագրին:
Դատելով հաճախակի պտտվող գովազդային թրեյլերից՝ նոր շուն պատկերում է մարդկանց, կերպարների ու իրողություններ, որոնք ամենեւին էլ հատկանշական չեն Կալիֆոռնիայի հայ համայնքի ներկա կենսաձեւի համար: Թրեյլերի անհամեստ տեսարանները, որոնք ներկայացնում են հարբեցողության, շքեղ մեքենաների, ջրավազանների ու պլաստիկ վիրահատությունների, զեխ ապրելակերպի սիրահար երիտասարդության եւ հավակնում են հայ համայնքին ներկայացնել, միայն տարակուսանք են հարուցում:
Շոուի ընդդիմախոսները կարծում են, որ այն աղավաղում է հայ մշակութային ավանդական արժեքները եւ ամերիկացիների մեջ կարող է սխալ պատկերացում ստեղծել հայերի ու հայ համայնքի մասին: Առավել եւս այս ընթացքում, երբ համայնքը նախապատրաստում եւ ներկայացնում է 1915 թվականի ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները:
Անշուշտ, կան երիտասարդներ, ովքեր իսկապես շվայտ կենսաձեւ ունեն, սակայն նրանք չնչին տոկոս են կազմում Լոս-Անջելեսի հայ համայնքի կազմում: Առավել եւս տնտեսական չընդհատվող ճգնաժամի պայմաններում՝ գլենդելահայ երիտասարդության գերակշռող մեծամասնությունը կեցության ու կրթության խնդիրները լուծելու ամենօրյա վազքի մեջ է:
Facebook սոցալական ցանցի նորաբաց “Stop Glendle Life” էջում նույնպես օրեցօր ստվարանում է շոուի հակառակորդների թիվը: Մի քանի շաբաթվա ընթացքում շարժումն արդեն 8583 “like”-եր է հավաքել: Սոցիալական ցանցերում զետեղված տասնյակ մեկնաբանությունների մեջ հեղինակները մտավախություն են հայտնում, որ շուուն կարող է բացասաբար ազդել նաեւ դեռահասների վրա եւ հոգեւոր ու վարքագծային շեղումների պատճառ դառնալ: Քննադատական տողեր են գրվել նաեւ ամերիկահայ եկեղեցու սպասավորների հասցեին, ովքեր չեն միջամտում իրադարձությունների ընթացքին:
“Stop Glendle Life” պետիցիայի հեղինակները դիմել են նաեւ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին, «Ասպարեզ» թերթին, շոուի հովանավորներին` միանալու իրենց շարժմանը եւ օժանդակելու ընդհատել շոուի հեռարձակումն ու արտադրությունը:
Նույն ընթացքում, ի հակակշիռ “Stop Glendle Life” էջի, Facebook-ում բացվել է “Start Glendale Life”-ը, որը փորձում աջակցել իրապատում շոուի հեղինակներին: Այն 4254 կողմնակիցներ ունի եւ շոուի ընդդիմադիրների եւ կողմնակիցների իսկական վիրտուալ մարտադաշտի է վերածվել:
Մեկնաբանել