Կսպասենք ավելին
ԼՂՀ-Ազրպեյճան շմփան գիծին վրա Ազրպեյճանի կողմե կառուցվող պատը, երեւութապես ռազմագիտական նշանակություն ունի, սակայն խորքին մեջ քարոզչական գործողություն է, որուն կձեռնարկե Ազրպեյճանը:
Նախ հայտնենք, որ ծրագիրը նոր չէ. այս մասին լրատվություն հրապարակված է 2006ին, ուր խոսված է պատի կառուցման անհրաժեշտության մասին: Նման ծրագիր անշուշտ կհիշեցնե «չինական պարիսպ»ը, «Պերլինի պատը» կամ հրյաներն ու պաղեստինցիները իրարմե անջատող միջոցը:
Նախ իմանանք, թե ո՞ւր կկառուցվի պատը եւ ի՞նչ երկարությամբ է անիկա: Ապա` Ազրպեյճանի տված ռազմագիտական բացատրությունը պատը կառուցելու անհրաժեշտության մասին, արցախյան կողմի արձագանգը եւ ի վերջո այս բոլորի քարոզչական երեսը:
Ուրեմն. Չրաղլի գյուղի մոտ, որ սահմանակից է ԼՂՀ Մարտակերտի շրջանին արդեն կառուցված է 700 մ երկարությամբ եւ 3 մեթր բարձրությամբ պատ: Աղդամի շրջանի Քարվանդ գյուղեն պատը պիտի երկարի մինչեւ Թարթառի շրջանի գյուղերը:
Ըստ ազրպեյճանական պաշտոնական բացատրության պատի կառուցման նպատակն է պաշտպանել Ազրպեյճանի բնակչությունը հայկական զինյալ ուժերու հարուածներեն:
Չրաղլիի գյուղապետին համաձայն պատի կառուցումը կապահովե խաղաղ բնակչության անվտանգությունը, հնարավորություն կու տա գաղթականներուն վերադառնալու իրենց տուներըը: Ասիկա մեծ խնդիր է ,որովհետեւ գյուղի 78 տուներեն 24ը դատարկ է տրված ըլլալով, որ գյուղը միշտ կգնդակոծվի: Իսկ եթե պաշտպանությունը ստեղծվի, մարդիկ կրնան այդտեղ ապրիլ:
Բնականաբար չէր ուշանար ԼՂՀ բանակի մամլո ծառայության հստակացումը, թե արցախյան ուժերը որեւէ ատեն չեն գնդակոծած խաղաղ բնակչությունը, առ այդ Ազրպեյճանի պաշտոնական հայտարարությունը իրականության չի համապատասխաներ:
2006-ին ազրպեյճանական քննարկումները` պատ կառուցելու ծրագրին առնչությամբ կխոսեին հայ դիպուկահարներեն պաշտպանվելու անհրաժեշտության մասին.այժմ խոսքը գյուղ մը գնդակոծումե պաշտպանելու մասին է:Իսկ այստեղ 3 մեթր բարձրությամբ պատը ի՞նչ տեսակի պաշտպանվածություն կրնա հառաջացնել կմնա ազրպեյճանական ռազմագիտական բացատրությամբ բացատրելի... :
Պատի կառուցման ծրագիրը հոգեբանական եւ քարոզչական բնույթ ունի:Շատ պարզ է: Նախ ազրպեյճանցի դիպուկահարներու իրողության վրա ծխածակույթ հառաջացնելու եւ ամբասատանությունը հակառակորդին ուղղելու փորձ է կատարվածը: Դիպուկահարներեն անդին խաղաղ բնակչությամբ ամբողջ գյուղ մը գնդակոծելու եւ այդպիսով հրադադարը խախտած ըլլալու մեղադրանքը հայկական կողմի ուսերուն բեռցնելու երկրորդ թիրախն է, որ կփորձվի հարուածել: Հստակ է, որ միջազգային ընտանիքին ուղղված քարոզչական գործողության շղթայի մը մասին է խոսքը:
Եւ երրորդ թեման` գաղթականներու տուն դարձի անհրաժեշտության հուշումը: Գաղթականներու վերադարձի մանրապատկեր մը կփորձվի ներկայացվիլ այստեղ, միջազգային ընտանիքին պատգամելու համար, որ Ազրպեյճան ի՛նք ճառահատ կդիմե նման քայլի, տրված ըլլալով, որ միջազգաին ընտանիքը չի կրնար համապատասխան միջոցներ ձեռք առնել եւ երաշխավորել ազրպեյճանցի խաղաղ բնակչության պաշտպանվածությունն ու տուն դարձը:
Չրաղլի գյուղեն երկարելիք պատի նախաձեռնության մանրապատկերին մեջ կկայանա պաշտոնական Պաքվի քարոզչական քաղաքականության ամբողջ առանցքը: Պաքվի առաջ քշած թեզերուն կծառայեցվի 700 մեթրով 3 մեթր պատին պատմությունը:
Ազրպեյճանական պաշտպանվածությունը ապահովող այս պատը սակայն միայն Չաղլիեն Թարթառի համար պետք չէ ըլլա սկզբունքով: Պետք է երկարի ամբողջ Արցախը Ազրպեյճանեն բաժնող գիծով: Վերջնականորեն ամրագրելու համար հայկական Արցախի այսօրվան իրողական սահմանները:
Շահան Գանտահարեան՝ «Ազդակի» գլխավոր խմբագիր
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել