
Շվեյցարիան կաջակցի Հայաստանին
Այսօր Շվեյցարիայի Մոնտրո քաղաքում մեկնարկել է ԵԱՀԿ 22-րդ տնտեսական և բնապահպանական ֆորումին ընդառաջ երկրորդ նախապատրաստական հանդիպումը: ԵԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչները հավաքվել են, որպեսզի քննարկեն աղետների, դրանց կառավարման և կանխարգելման խնդիրները: Նպատակը, ինչպես իր բացման խոսքում նշեց դեսպան Թոմաս Գրեմինջերը (Thomas Greminger), ԵՀԱԿ անդամ երկրների միջև համագործակցության եզրեր գտնելն է: Դեսպանը նշեց, որ աղետները, բացի մի շարք բացասական ազդեցություններից, կարող են արտագաղթի պատճառ դառնալ:
Հայաստանը նույնպես բնապահպանական աղետներից զերծ չէ: ԵԱՀԿ-ի Շվեյցարիայի առաքելությունը պատրաստվում է աջակցել Հայաստանում աղետների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ծրագրին: Այն պետք է իրականացվի Օրհուս կենտրոնների միջոցով: «Մենք կարծում ենք, որ կանխարգելումը կարևորագույն գործոնն է, և մենք կարող ենք Օրհուս կենտրոնների միջոցով հասնել տեղի բնակչությանը»,-«Հետքի» հետ զրույցում նշում է ԵԱՀԿ Շվեյցարիայի առաքելության հյուպատոս Աննա Իֆկովիթսը:
Ա. Իֆկովիթսը պատմում է, որ այցելել է Հայաստան և տպավորված է Հայաստանում գործող Օրհուս կենտրոններով, հատկապես, թե ինչպես են նրանք քիչ ռեսուրսներով այդչափ մեծ աշխատանք իրականացնում:
«Հետքի» հարցին, թե ինչու է Շվեյցարիան որոշել աջակցել Հայաստանին, Աննա Իֆկովիթսը պատասխանում է. «Շվեյցարիան ավանդույթ և փորձառություն ունի աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում, մենք այս տարի ԵԱՀԿ նախագահությունն ենք ստանձնել, և այս տարի մեր առաջնահերթություններից է աղետների ռիսկերի նվազեցումը»,- պատմում է Աննա Իֆկովիթսը: Նա ավելացնում է՝ երբ տեսնում են, որ ծրագիրն արժեքավոր է, գտնում են, որ իմաստ ունի զբաղվել դրանով և ֆինանսավորել:
Մեկնաբանել