HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

3 կգ սմբուկի գողության փորձ. աղջիկը իրավախախտի համբավ է ձեռք բերել և հաշվառվել ոստիկանությունում

Կարինեն անցյալ տարվանից հաշվառված է ոստիկանության Կապանի բաժնում: Պատճառն այն է, որ առանց թույլտվության համագյուղացու բակից 3 կգ սմբուկ է հավաքել, վերջինս էլ ոստիկանությունում բողոք է գրել:

Գողության փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել, սակայն քրեական գործ չի հարուցվել՝ հանցակազմի բացակայության հիմքով: Ըստ նյութերի՝ «2013թ. սեպտեմբերի 11-ին ժամը 7.30-ի սահմաններում Կապան քաղաքի X բանավանի բնակիչ անչափահաս Կարինեն ապօրինի մուտք է գործել Լյուդվիգ Սրապյանի նույն բանավանի այգի, որտեղից պոկել է մոտ 3կգ սմբուկ եւ այգուց դուրս գալուց նկատվել է վերջինիս կողմից: Թողել է սմբուկները եւ հեռացել»:

Կարինեին հանդիպեցինք Կապանի մանկական կենտրոնում: Կենտրոն հաճախելու հարցում նրան ուղղորդել են ոստիկանության անչափահասաների գծով տեսուչները:

Նա պատմեց, որ ընտանիքում 7 երեխա են: Ծնողներն ամուսնալուծված են, իսկ իրենք ապրում են միայն նպաստով: Կողմնակի եկամուտ չունեն, մեկ-մեկ միայն հայրն է օգնում: Աղջիկը սմբուկ չի սիրում, համագյուղացու բակից հավաքած սմբուկը քրոջ համար պետք է տաներ: Սկզբում նա չի հասկացել, որ գողություն է կատարել, ոստիկաններին եւ հոգեբաններին ասել է, թե ոչ մի լուրջ բան չի արել, ընդամենը մի քանի սմբուկ է հավաքել, իսկ բակում շատ սմբուկներ կային եւ բոլորը չէ, որ հավաքել է:

«Մի երկու անգամ անցել եմ տարածքով, նկատել եմ ու հետո քաղել: Ընդամենը 3 հատ բադրիջան էի քաղել, տերը դուրս եկավ ու բռնեց: Ես չեմ փախել, կանգնել եմ մինչեւ նա մոտենա: Ինքը մի 50 տարեկան տղամարդ էր, բարկացավ իմ վրա, հետո գնացի տուն ու մոտ երկու շաբաթ հետո ոստիկանները եկան մեր տուն»,- պատմում է Կարինեն:

Դեպքի ժամանակ աղջիկը 17 տարեկան է եղել, մոտ մեկ ամիս առաջ է լրացել նրա 18 տարին: Նա այժմ միջին մասնագիտական կրթություն է ստանում Կապան քաղաքում, իսկ մանկական կենտրոն հաճախում է դասերից հետո: Կարինեն լավ է սովորում, դասախոսները որեւէ դժգոհություն չունեն, վարքային շեղումներ էլ չկան, սակայն աղջիկն ինքնամփոփ է, ամաչկոտ: Կենտրոնում նրա հետ աշխատում են հոգեբաններ, սոցիալական աշխատողներ: Ուսումնական հաստատությունում չգիտեն, որ նա 3կգ կամ 3 հատ սմբուկի համար հաշվառված է ոստիկանությունում: Այդ մասին խոսելուց Կարինեն կարմրում էր, հայացքը թեքում. «էլ նման բան չեմ անի»,-ասում էր աղջիկը:

Նա միակը չէ, որ իրավախախտի «համբավով» հայտնվել է մանկական կենտրոնում: Վերջինիս տնօրեն Մայա Միրզոյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ կենտրոնը գործում է արդեն 3 տարի: Այդ ընթացքում իրենք աշխատել են 72 երեխայի հետ: Այժմ կենտրոն է հաճախում 11 երեխա, որոնք ոչ բոլորն են իրավախախտ: Նրանց մի մասը ընտանեկան վիճակի, սոցիալական պայմանների կամ վարքագծի պատճառով են հայտնվել ոստիկանության ուշադրության կենտրոնում եւ որպես պոտենցիալ իրավախախտներ ուղղորդվել են կենտրոն:

Մայա Միրզոյանն ասաց, որ իրավախախտ երեխաները հիմնականում ոստիկանների տեսադաշտում են հայտնվում մարմնական վնասվածքներ պատճառելու եւ գողություն կատարելու համար: Տղաներից ոմանք դպրոց չեն հաճախում եւ ազատ ժամանակն օգտագործում են ոչ օգտակար բաների համար, իսկ աղջիկներն ունեն վարքագծի շեղումներ: Օրինակ, կենտրոն հաճախած 14-ամյա Մարինեն հրաժարվել է դպրոց գնալ եւ իր ժամանակն անցկացրել է Կապանի զորամասի զինվորների հետ՝ նրանց հետ հաստատելով սերտ հարաբերություններ:

«Այս ամենի հիմնական պատճառը աղքատությունն է, ընտանեկան պայմանները եւ երեխաների չզբաղվածությունը: Երեխաների մի մասը նույնիսկ ընտանիք է պահում: Ցավոք ծնողների մի մասը դա փորձում է շահարկել: Դեպք ենք ունեցել, երբ ծնողը երեխային ասում էր, ոչ թե մի գողացի, այլ՝ բա որ գողանաս ու իմանան: Դա ինձ ապշեցրեց: Մեծ է նաեւ դպրոցի դերը, որովհետեւ երեխաները երբեմն իրավախախտում են թույլ տալիս այդպես էլ չհասկանալով, որ իրենց կատարածը իրավախախտում է: Մանկավարժները, ծնողները պետք է նկատեն երեխաների վարքային շեղումները եւ ժամանակին քայլեր ձեռնարկեն»,-նշում է Մայա Միրզոյանը եւ հիշում, որ Կապանում անչափահաս մի աղջիկ անուշադրության արդյունքում ինքնասպան է եղել՝ իրեն նետելով բարձրահարկ շենքից: Նա օրերով փակվել է սենյակում, նամակներ է գրել, իսկ ծնողի մտքով չի անցել պարզել, թե աղջիկն ում կամ ինչ է գրում, ինչու է առանձնանում:

Նույն վիճակում գտնվում է նաեւ մեկ այլ աղջիկ: Նա հասցրել է երկու անգամ ինքնասպանության փորձ կատարել, մի անգամ կամուրջի վրայից քաղաքացիներն են նրան հետ պահել: Մայա Միրզոյանը չի բացառում, որ հարմար պահի աղջիկը եւս մեկ անգամ նույն քայլին գնա:

Երբեմն էլ երեխաները իրավախախտ են դառնում հենց ծնողների ապրելակերպի ու վարքագծի պատճառով: 11 տարեկան Նարեկը հեռուստատեսությամբ պատահաբար տեսել է, թե ինչպես են ոստիկաններն իր մայրիկին այլ մարմնավաճառների հետ միասին Երեւանի Ծերեթելի փողոցից տեղափոխում բաժանմունք: Դա տղայի համար շոկ է եղել: Ընկերների հետ խմել է, ինչի ազդեցության տակ ավտոմեքենա են գողացել, Նարեկն էլ չկարողանալով ոտքի վրա կանգնել, վայր է ընկել ու վնասվածքներ ստացել:

Մայա Միրզոյանի մոտ տպավորվել էր 16 տարեկան երկու ընկերների գողության փորձը, որի համար նրանք պայմանական ազատազրկվել են  երկու տարի ժամկետով: Տղաները 2011թ. մայիսին Կապան քաղաքի բնակիչներից մեկին պատկանող պատշգամբից ցանկացել են գողանալ մետաղյա մահճակալ: Նկատելով, որ հարակից ճանապարհով մարդ է անցնում, իսկ պատշգամբից դեպի տուն տանող դուռը բաց է, թաքնվելու նպատակով ներս են մտել: Նկատելով իրեր փորձել են իրենց հետ տանել 4.500 դրամ ընդհանուր արժողությամբ երկու շիշ շամպայն, մեկ ալյումինե կաթսա եւս, սակայն հանցագործությունն իրենց կամքից անկախ հանգամանքներով ավարտին չեն հասցրել`բռնվելով հարեւանի կողմից: Վերջինս նաեւ ոստիկան է կանչել եւ երեխաներին տարել են բաժին: Հետագայում երեխաները պատմել են, որ մահճակալը ցանկացել են գողանալ ցանցի պատճառով, որպեսզի իրենց ճագարների համար վանդակ պատրաստեն:

Դեպքից հետո տղաներից մեկը ցանկացել է զինվորական դառնալ, սակայն դատվածության պատճառով չի կարողացել:

Բոլորովին այլ է Աննայի դեպքը, որն իր վարքագծով ու կատարած արարքով տարբերվում է մյուսներից: Աղջիկը դասընկերներից շարունակաբար մի քանի հարյուր դրամ է գողացել, սակայն այդ գումարով ոչ թե իր համար է ուտելիք գնել, այլ գնած ուտելիքը հյուրասիրել է դասընկերներին: Մի օր երեխային բռնացրել են դասընկերոջ պայուսակից գումար վերցնելուց եւ նրան հանձնել ոստիկաններին: Այնտեղից էլ երեխային բերել են կենտրոն:

Մանկական կենտրոնի տնօրենը երեխաների կրթության, դաստարակութան, ինչպես նաեւ նրանց ճակատագրի վրա մեծ ազդեցություն ունենալու հարցում մեծ տեղ է տալիս լրատվամիջոցներին:

«Չի կարելի հաղորդում պատրաստել, ասել, որ երեխայի մայրը, օրինակ՝ անբարոյական է, հայրը հոգեկան հիվանդ է, հետո ցույց տալ երեխային, ինչ է թե 10.000 դրամ օգնություն են տալիս: Նա ապրելու է այդ միջավայրում, նրան մատով են ցույց տալու, ասելու են՝ դու այսինչն ես, քո մայրը անբարոյական է, հայրդ հոգեկան է: Պետք չէ երեխային օգտագործել PR-ի համար, շատ ուշադիր է պետք լինել»,-նշում է Մայա Միրզոյանը:

Հ.Գ. Նյութում երեխաների անունները փոխված են: 

Մեկնաբանություններ (2)

Աիդա
վայ ամոթ ձեզ հազար ամոթ ձեզ իրավապահ ասողին
Txreci
ժողովուրդ ամոթ է, էս ուր ենք հասել, հո աշխարհի վերջը չի; մարդ չի կարող մի քանի սմբուկի համար համարվել իրավախախտ և վերցվել հաշվառման... քաղցած երեխեք են , ուտել են ուզում; բա ուր մնաց ձեր մեծահոգությունը, փոխանակ մի դույլ էլ լցնեք դնեք հետը, որ ամբողջ կյանքում ձեր մեծահոգությունը հիշի, կոտրում եք մարդուն ձեր դաժանությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter