Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
Հանդիպման սկզբում Բակո Սահակյանը շնորհավորել է ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Պիեռ Անդրեին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նախագահը հույս հայտնել, որ նա կշարունակի ակտիվ մասնակցություն ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Ժակ Ֆորին անաչառ եւ արդյունավետ աշխատանքի համար:
Անդրադառնալով հակամարտության կարգավորման գործընթացին` Բակո Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը հավատարիմ է Մինսկի խմբի շրջանակներում դրա խաղաղ կարգավորմանը:
Երկրի ղեկավարը շեշտել է, որ Արցախի համար անկախությունն ու ազատությունը բացառիկ արժեքներ են եւ վերադարձ անցյալին` թե կարգավիճակի, թե սահմանների առումով, անհնարին է:
Անդրադարձ է կատարվել նաեւ սահմաններում տիրող իրավիճակին եւ տարածաշրջանային գործընթացներին:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել