HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԶԼՄ-ները ձեւավորում են հասարակական կարծիքը

Հարցազրույց «Թուրան» տեղեկատվական-վերլուծական գործակալության տնօրեն, «Խոսքի ազատության պաշտպանության» Կոորդինացիոն խորհրդի նախագահ Մեhման Ալիեւի հետ

- Ադրբեջանում կա՞ խոսքի ազատություն։

- Ադրբեջանում խոսքի ազատություն կա զուտ ձեւականորեն, այնքանով, որքանով կան «Հեռուստատեսության մասին» եւ «Զանգվածային լրատվության միջոցների մասին» օրենքները։ Բայց մեծ հարց է, թե ինչ չափով է հաջողվում իրականացնել լրագրողների` այդ օրենքներում ամրագրված իրավունքները, մասնավորապես տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Հետեւաբար, բառի լայն իմաստով Ադրբեջանում չկա խոսքի ազատություն։ Այսօրվա դրությամբ հայրենական ԶԼՄ-ներն ունեն բավական սահմանափակ միջոցներ, եւ այդ պատճառով առաջանում է յուրատեսակ փակ շրջան։ Օրինակ՝ լրագրողին տարբեր տեղեր գործուղելու, երկրում կատարվող տարբեր իրադարձությունների վերլուծության վրա աշխատելու, լրագրողական հետաքննությունների համար ֆինանսական հնարավորությունների բացակայությունն անպատճառ ազդում է տպագրվող նյութերի մակարդակի վրա։

Այդ ամենը հանգեցնում է նրան, որ լրագրերի նկատմամբ ընթերցողական հետաքրքրությունը մեծ չէ, եւ ադրբեջանական տպագիր լրատվամիջոցները լույս են տեսնում ընդամենը մի քանի հազար տպաքանակով։ Բնականաբար, այդպիսի ոչ մեծ տպաքանակներից ստացվող շահույթը նույնպես մեծ չէ։ Ինչպես տեսնում ենք, շրջանը փակվում է։ Այդ փակ շրջանը կարելի էր բացել գովազդի օգնությամբ։ Աշխարհում ոչ մի տեղ թերթերը չեն գոյատեւում տպաքանակի հաշվին, այլ ՝ գովազդի, որի առկայությունը հանգեցնում է հրատարակության ինքնարժեքի իջեցման։ Բայց հենց այստեղ է ժամանակակից ադրբեջանական լրագրության գլխավոր խնդիրներից մեկը։ Ընդհանուր առմամբ, ըստ մեր հաշվարկների, բոլոր ադրբեջանական ԶԼՄ-ներում գովազդի վրա ծախսվում է մոտ 25 միլիոն դոլար։ Դրանից մոտ 2 միլիոնը բաժին է հասնում տպագիր մամուլին, իսկ մնացածը ՝ էլեկտրոնային լրատվամիջոցներին։ Այս չնչին գումարները բնավ չեն նպաստում հայրենական ԶԼՄ-ների խնդիրների լուծմանը։ Ինչպես տեսնում ենք, ադրբեջանական լրատվամիջոցները շատ խնդիրներ ունեն։

- Դուք շոշափեցիք տպագիր ԶԼՄ-ների խնդիրները, իսկ ի՞նչ տեղ են գրավում էլեկտրոնային ԶԼՄ-ներն ու Հանրային հեռուստատեսությունը երկրում կատարվող իրադարձությունների լուսաբանման մեջ եւ ի՞նչ խնդիրների են բախվում։

- Ընդհանրապես, էլեկտրոնային ԶԼՄ-ները եւ, մասնավորապես, Հանրային հեռուստատեսությունը մեծ ազդեցություն ունեն հասարակական կածիքի վրա այն պարզ պատճառով, որ բնակչության մեծ մասը նրանց միջոցով է իմանում երկրում կատարվող իրադարձությունների մասին։ Սա ունի իր բացատրությունները, որոնց շարքում կարելի է հիշատակել ինչպես բնակչության մեծ մասի մոտ թերթեր եւ ամսագրեր գնելու համար անհրաժեշտ փողի բացակայությունը (հատկապես Տարի ֆային խորհրդի վերջին որոշումից հետո, որը հանգեցրեց մեր երկրում կենսաապահովման բոլոր բաղադրիչների թանկացման), այնպես էլ տպագիր մամուլի տարածման հետ կապված խնդիրները։

Մարդիկ պարզապես ստիպված են տեղեկանալ հեռուստատեսային ալիքներով, իսկ բոլոր հեռուստակայանները գտնվում են իշխանությունների լիակատար վերահսկողության տակ։ Ընդդիմադիր կեցվածք ունեցող հեռուստաալիքներ բացել առայժմ չի հաջողվում։ Համենայնդեպս, 2005 թվականին անկախ լրագրողները փորձեցին հիմնել իսկապես անկախ հեռուստաալիք, բայց այդ նախաձեռնությունը տապալվեց իշխանությունների կատաղի դիմադրության պատճառով, որոնք վախենում են, որ երկրի բնակչությունը զանգվածաբար եւ կանոնավոր ձեւով կստանա հավաստի տեղեկատվություն։

- Ինչպիսի՞ն է հարաբերակցությունը էլեկտրոնային եւ տպագիր, իշխանամետ, ընդդիմադիր եւ անկախ լրատվամիջոցների միջեւ:

- Սկսենք հեռուստատեսությունից։ Այսօրվա դրությամբ Ադրբեջանի իշխանությունները վերահսկում են բոլոր հայրենական ալիքները։ Մինչեւ վերջերս որոշակի անկախություն ունենալու ձգտում դրսեւորում էր ANS հեռուստակայանը, բայց մենք շատ լավ գիտենք, որ դա վերջացավ հեռուստակայանի փակմամբ։ Այժմ նրա հեռարձակումը վերսկսվել է, բայց մատուցվող տեղեկատվության բնույթը նկատելիորեն փոխվել է դեպի վատը։ Իսկ ընդդիմադիր եւ իշխանամետ տպագիր ԶԼՄ-ների քանակական հարաբերակցությունը հետեւյալն է. 2 ընդդիմադիր լրատվամիջոցներին բաժին են ընկնում 10 իշխանամետներ։ Ինչ վերաբերում է անկախ տպագիր միջոցներին, ապա դրանց քանակն Ադրբեջանում չնչին է, եղածներն էլ գործում են ինքնագրաքննության պայմաններում եւ խուսափում են սուր թեմաներից եւ արտահայտություններից։ Սա կապված է այն բանի հետ, որ այս ԶԼՄ-ները վախենում են զրկվել գովազդի թեկուզ չնչին շահույթից։ Բացի դրանից, վերջերս ծեծի են ենթարկվել նաեւ անկախ ԶԼՄ-ների լրագրողներ, ինչը հանգեցրել է այն բանին, որ իրենց հրապարակումներում նրանք դարձել են ավելի զգուշավոր։

- Ներկայումս խոսքի ազատությունը սահմանափակելու առումով ճնշում գործադրելու ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկվում լրագրողների նկատմամբ:

- Այդ ձեւերը շատ են։ Վերցնենք, օրինակ, Տարի ֆային խորհրդի արդեն հիշատակված որոշումը, որը մի քանի անգամ մեծացրեց օգտագործվող էլեկտրականության, բենզինի եւ գազի գները։ Սա հանգեցրեց կյանքի համար անհրաժեշտ բոլոր ապրանքների ու ծառայությունների գների աճին։ Մեծացան նաեւ ԶԼՄ-ների ծախսերը։ Որոշ ԶԼՄ-ներ փորձում են գոյատեւել իրենց պարբերականի գինը բարձրացնելու հաշվին, բայց սա հղի է ընթերցողների քանակի կրճատման վտանգով։ Բացի այդ, պետք է հաշվի առնել եւ այն, որ լրագրողները, որոնք այս աներեւակայելի պայմաններում հնարավորություն են գտնում ոչ միայն գոյատեւելու, այլեւ ընթերցողներին ապահովելու գրագետ, ճշգրիտ եւ ճշմարտացի վերլուծություններով ու հետաքննություններով, հետապնդվում են իշխանությունների կողմից։ Դա կարող է կատարվել դատական վճիռների միջոցով, որոնք ընդունվում են պետական մակարդակով եւ յուրատեսակ մեղադրական ակտ են լրագրողների դեմ։

Այդ գործողությունների վերջնական նպատակը լրագրից լիցենզիան վերցնելը եւ այն փակելն է։ Եթե դա չի օգնում, ապա իշխանությունների համար անցանկալի լրագրողներին նախ սպառնում են, ապա ծեծում են եւ վերջապես` սպանում։ Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանում առկա են խոսքի ազատության վրա ազդելու բոլոր մեխանիզմները։

Բայց ամենասարսափելին այն է, որ առաջիկա տարիներին չի նախատեսվում ոչ մի փոփոխություն դեպի լավը։ Ես փոփոխություններ չեմ ակնկալում ԶԼՄ-ների` ինքնաբավության մակարդակի հասնելու հարցում։ Իսկ քանի դեռ Ադրբեջանում չկա ինքնածախսածածկվող եւ ինքնաբավ մամուլ, խոսքի ազատության մասին խոսելն ավելորդ է։ Ինչ վերաբերում է լրագրողների նկատմամբ կիրառվող ճնշումներին, ապա ես չեմ կարծում, որ այս տարի դրանց թիվը կպակասի։

- Կարծիք կա, որ մեր երկրում, ըստ էության, լրատվամիջոցները հասարակական կարծիք չեն ձեւավորում: Եթե դա այդպես է, ուրեմն ինչու՞ են իշխանությունները, քաղաքական ուժերը լրատվամիջոցների` իրենց հասցեին արված քննադատական նյութերը հիվանդագին ընդունում:

- Ես համաձայն չեմ, որ իբրեւ թե ԶԼՄ-ները հասարակական կարծիք չեն ձեւավորում։ Այո, հայրենական ԶԼՄ-ները հսկայական քանակությամբ խնդիրներ ունեն, բայց, չնայած դրան, մեր երկրում հենց լրագրությունն է ձեւավորում հասարակական կարծիք։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ մարդիկ հենց ԶԼՄ-ներից են տեղեկատվություն ստանում։ Բացի այդ, եթե չլիներ հասարակական կարծիքի վրա լրատվամիջոցների ազդեցության հանգամանքը, ապա Ադրբեջանի իշխանություններն այդքան ուժեղ ճնշում չէին գործադրի` ինչպես ֆիզիկապես, այնպես էլ տնտեսապես ոլորելով դեռեւս ոտքի վրա մնացած այն լրատվամիջոցների ձեռքերը, որոնք չեն դարձել կառավարամետ։ Հավատացեք, Ադրբեջանի իշխանությունները, որոնք հսկայական ջանքեր են գործադրում ազատ խոսքը ճնշելու համար, շատ ուրախ կլինեին, եթե մեր երկրում ոչնչացվեին ազատ եւ ընդդիմադիր մամուլի մնացորդները։

- Ինչպիսի՞ն է կապը լրատվամիջոցների ու հասարակության միջեւ:

- Ուղիղ։ Մեր էլեկտրոնային ԶԼՄ-ները հեռարձակում են լրատվական եւ վերլուծական հաղորդումներ, որոնք դիտում են հեռուստադիտողները, իսկ տպագիր լրատվամիջոցները հրապարակում են լրատվական, վերլուծական, ռեպորտաժային նյութեր, որոնք նախատեսված են ընթերցողների համար։ Այլ հարց է, թե մեր ժողովուրդը որքանով է վստահում այս կամ այն ԶԼՄ-ին։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հասարակության վստահության մակարդակը անկախ եւ ընդդիմադիր ԶԼՄ-ների նկատմամբ շատ ավելի բարձր է, քան պետականների նկատմամբ։ Իշխանությունը հասկանում է այդ բանը, ուստի ձեռնարկում է ամեն բան, որպեսզի խզվի փոխազդեցությունը անկախ եւ ընդդիմադիր մամուլի եւ բնակչության միջեւ։ Առայժմ մենք կարողանում ենք գոյատեւել, բայց օրեցօր այդ խնդիրն ավելի ու ավելի է բարդանում։

Հարցազրույցը` Աքպեր Հասանովի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter