«Քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել»
Արթուր Բաղդասարյան, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ
- Որո՞նք են Հայաստանի անվտանգության գլխավոր բաղկացուցիչները, եւ ինչպե՞ս եք բնութագրում դրանց ներկա մակարդակը:
Հայաստանի անվտանգության գլխավոր բաղկացուցիչներից առաջինը ժողովրդավարության լիակատար հաստատումն է: Ժողովրդավարությունը հնարավորություն կտա ստեղծել ուժեղ, ազատ եւ մրցունակ տնտեսություն, որը կօգտվի գլոբալացման ընձեռած հնարավորություններից եւ կլինի բաց մրցակցային, այլ ոչ թե հովանավորչական: Նման տնտեսական համակարգը հնարավորություն կտա նաեւ ունենալու ուժեղ եւ մարտունակ բանակ, որն անվտանգության մեկ այլ բաղադրիչ է: Մեր երկրի անվտանգության համակարգի կարեւոր բաղադրիչ պետք է լինի նաեւ տարբեր ռազմա-քաղաքական կազմակերպությունների հետ հավասարակշիռ հարաբերությունների խորացումը: Մենք մեր անվտանգության բաղադրիչների ներկա մակարդակը գնահատում ենք խիստ անբավարար: Հայաստանում նկատվում է ժողովրդավարության, քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների անկում, տնտեսության մոնոպոլացում, որն արդեն հասել է ահագնացող չափերի: Այս գործոնները, անխուսափելիորեն, բացասաբար կարող են ազդել թե՛ երկրի բնակչության, եւ թե՛ բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա:
- Ինչպե՞ս եք ընկալում «եվրոպական անվտանգություն» հասկացությունը, արդյո՞ք այն լիովին համապատասխանում է Հայաստանի շահե րին:
«Եվրոպական անվտանգություն» հասկացությունն ունի երեք բաղադրիչ` Եվրամիության անդամ երկրների անվտանգություն, Եվրամիության «Նոր հարեւանության» ծրագրի անդամ երկրների անվտանգություն եւ համաշխարհային, գլոբալ սպառնալիքների առկայություն, որոնք վտանգ են ներկայացնում նաեւ ընդլայնված Եվրոպայի համար: Եվրոպական անվտանգությունը լիովին համապատասխանում է մեր երկրի շահերին: Որքան ընդլայնվում են Եվրոպայի ինստիտուցիոնալ եւ աշխարհագրական սահմանները, այնքան ամրանում է այդ համակարգում ընդգրկված երկրների անվտանգությունը:
- Կարո՞ղ է, արդյոք, եվրաինտեգրման կուրսը, իրական ինտեգրումը ապահովել Հայաստանի կայուն անվտանգության ամրապնդումը:
Եվրաինտեգրման քաղաքականությունը Հայաստանի անվտանգության ապահովման հիմնական երաշխիքն է: Տարածաշրջանում առկա պետությունների խաղաղ եւ անվտանգ գոյակցումը հնարավոր է նշված պետությունների` մեկ քաղաքական, տնտեսական եւ արժեքային համակարգում ընդգրկվելու դեպքում, ինչպիսին է Եվրամիությունը: Այլապես տարածաշրջանի տարբեր պետություններ` ձգտելով ընդգրկվել անվտանգության տարբեր համակարգերում, կարող են խորացնել փոխադարձ անվստահությունը եւ լարվածությունը:
- Հայաստանի կայուն ապագան անվտանգության ո՞ր համակարգերին մասնակցության հետ եք կապում Դուք, երկրի պաշտոնական շրջանակները:
Մեր երկրի ապագան մենք կապում ենք եվրոպական անվտանգության համակարգի հետ: Եվրամիության անվտանգության եւ պաշտպանական համակարգերը դեռեւս ձեւավորման փուլում են, եւ առաջիկայում դրանք կյանքի կկոչվեն: Իսկ Հայաստանի համար անվտանգության միակ կանխատեսելի համակարգը կլինի Եվրամիության շրջանակներում ձեւավորվող համակարգը: Փորձը ցույց է տալիս, որ Եվրամիության անդամ երկրները վերջին ավելի քան 50 տարիների ընթացքում ունեցել են կայուն եւ կանխատեսելի զարգացում, եւ կասկածից վեր է, որ այդ կանխատեսելիությունն ապագայում եւս ավելանալու է, ներառյալ անվտանգության համակարգը:
- Համարվու՞մ են, արդյոք, Հայաստանի եվրաինտեգրումը եւ Եվրոպայի ընդլայնումը եվրոպական պրեվենտիվ անվտանգության տարրեր:
Մեր երկրի եւ, ընդհանրապես, տարածաշրջանի եվրաինտեգրումը կարող են համարվել եվրոպական պրեվենտիվ անվտանգության տարրեր, քանի որ Եվրոպայի հարեւանությամբ առկա անվտանգության վակուումը լուրջ սպառնալիք է Եվրամիության կայուն եւ կանխատեսելի զարգացման համար: Խնդիրը ոչ միայն զուտ ռազմական անվտանգությունն է, այլեւ այնպիսի կարեւոր հարցերը, ինչպիսիք են միջազգային ահաբեկչությունը, թմրանյութերի եւ զենքի ապօրինի շրջանառությունը, մարդկանց թրաֆիկինգը եւ աղքատության խորացումը:
- Նշեք, խնդրեմ, Հայաստանի ներքին եւ արտաքին անվտանգության սպառնալիքները: Դրանցից որո՞նք են գլխավորները Ձեր եւ երկրի հասարակայնության տեսանկյունից:
Ինչպես արդեն նշեցի, Հայաստանում ժողովրդավարության անկումը, տնտեսության մոնոպոլացումը, կլանային համակարգի ծաղկումը եւ որպես այդ ամենի հետեւանք` բոլոր բնագավառներում կոռուպցիայի աննախադեպ աճը Հայաստանի ներքին անվտանգության գլխավոր սպառնալիքներն են: Արտաքին անվտանգության սպառնալիք է շարունակում մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորված վիճակը, որը խոչընդոտում է տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների արագացմանը: Չի կարող չանհանգստացնել Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծ աճը: Սպառնալիքի մեկ այլ աղբյուր է թուրք-հայկական հարաբերությունների փաստացի բացակայությունը: Մտահոգիչ են նաեւ Իրան-Արեւմուտք հակադրությունը` Իրանի միջուկային ծրագրի հետ կապված, եւ օրեցօր սրվող ռուս-վրացական հարաբերությունները:
- Ինչպե՞ս եք վերաբերվում «սահմանակից պետության անվտանգությունը մեր երկրի անվտանգության բաղկացուցիչն է» ձեւակերպմանը: Սահմանակից ո՞ր պետություններն են, Ձեր տեսանկյունից, նպաստումՀայաստանի ա նվտ անգության ամրապնդմանը, եւ հակառակը` խոչընդոտում են դրան:
Իմ կարծիքով` ժամանակակից աշխարհում անվտանգության համակարգը կարող է կայանալ միայն այն դեպքում, երբ կարգավորված եւ կայուն են հարեւան երկրների հետ հարաբերությունները: Չի կարող մեր երկրի անվտանգությունը կայանալ հարեւան երկրների անվտանգության հաշվին, եւ չի կարելի կարեւորագույն պետական փաստաթղթերում հարեւանների մասին այնպիսի ձեւակերպումներ անել, ինչպիսին է, ասենք, «թշնամի պետություն» ձեւակերպումը: Նույնը վերաբերում է նաեւ մեր հարեւան երկրներին: Իսկ մեր երկրի անվտանգության ամրապնդման գործում չպետք է կախված լինենք որեւէ մեկ այլ պետության կողմից մեր երկրի անվտանգության ամրապնդմանն ուղղված երաշխիքների առկայությունից:
- Հնարավո՞ր է, արդյոք, Հարավային Կովկասում տարածաշրջանային ու սուբտարածաշրջանային անվտանգության համակարգերի ձեւավորումը միջազգային հարաբերությունների արդի իրողությունների պայմաններում, ի՞նչ այլընտրանքներ կան:
Քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել, եւ սուբտարածաշրջանային անվտանգության համակարգի ձեւավորման շնորհիվ կարելի է պատկերացնել մեր տարածաշրջանի ամբողջական ինտեգրումը եվրոպական կառույցներին: Այն հնարավոր է, երբ մոտ ապագայում լուծում կստանան այս երկրների ներքին, ինչպես նաեւ արտաքին խնդիրները, որոնք, ի դեպ, մեծապես կախված են այդ պետությունների ներքին իրավիճակից: Սուբտարածաշրջանային անվտանգության կայացումից հետո կարելի կլինի խոսել նաեւ ընդլայնված տարածաշրջանային անվտանգության համակարգի ձեւավորման մասին. այսինքն` ընդլայնված Հարավային Կովկասի կամ Հարավային Կովկասի եւ նրա հարեւանների միջեւ անվտանգության համակարգի ձեւավորման մասին (խոսքը Հարավային Կովկասի երեք պետությունների եւ նրանց սահմանակից Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի մասին է): Սակայն առավել նախընտրելի տարբերակը Հարավային Կովկասի սուբտարածաշրջանային անվտանգության համակարգի ներառումն է եվրոպական անվտանգության համակարգի մեջ, ինչին կարելի է հասնել Հարավային Կովկասի երեք երկրների` Եվրամիությանն անդամակցության ճանապարհով:
- Արդյո՞ք եվրոպական արժեքների հաստատումը բավարար պայման է Հայաստանի անվտանգության ապահովման համար:
Եվրոպական քաղաքական արժեքների հաստատումը Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ է ժողովրդավարական կառավարման արմատավորման եւ եվրաինտեգրման գործընթացի զարգացման համար: Այս երկու գործոններն իրենցով մեծապես պայմանավորում են Հայաստանի անվտանգությունը, մրցակցայնության մակարդակի բարձրացումը եւ զարգացումն ազատական ուղով: Հայաստանի Հանրապետության անվտանգության ոլորտում անհրաժեշտ բարեփոխումները մեծապես պետք է խարսխվեն ոլորտի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների վրա, ինչն այսօր գոյություն ունի եվրոպական երկրներում եւ մեծ չափով ապահովում է անվտանգության համակարգերի արդյունավետության բարձր մակարդակը:
Անվտանգություն եւ եվրաինտեգրում
«Եվրաինտեգրման երեք փորձ. հարավկովկասյան երկրների անվտանգություն եւ եվրաինտեգրում, եվրոպական արժեքներ» ծրագրի շրջանակներում, որին աջակցում է Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակությունը, Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» հետազոտական կենտրոնն անց է կացրել Հարավային Կովկասի երեք երկրների քաղաքական կուսակցությունների առաջնորդների հարցում «Հարավային Կովկասի երկրների անվտանգություն եւ եվրաինտեգրում» թեմայով: Տիպային հարցերին պատասխանել են երեք երկրներից 5-ական գործիչներ: Հարցումներն անցկացրել են ` Հայաստանում` Ռաֆայել Թեյմուրազյանը, Վրաստանում` Նինա Արգուտինսկայան, Ադրբեջանում` Շահին Ռզաեւը: Մենք շարունակում ենք ներկայացնել հարցազրույցների շարքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել