«Հարավային Կովկաս. մենք նույն տան պատերն ենք»
Ակակի Ասաթիանի, Վրաստանի տրադիցիոնալիստների միության նախագահ
- Որո՞նք են Վրաստանի անվտանգության գլխավոր բաղկացուցիչները, եւ ինչպե՞ս եք բնութագրում դրանց ներկա մակարդակը:
Վրաստանի գլխավոր վտանգը նրա իշխանությունն է։ Դրսից Վրաստանին ոչ մի վտանգ չի սպառնում։ Տեսականորեն նման սպառնալիքներ կարող են լինել միայն անմիջական հարեւանների կողմից, իսկ նման բան ես չեմ տեսնում։ Սպառազինությունը մեծացնելով՝ մեր երկրի իշխանությունը լուրջ սխալ կատարեց։ Շատ ավելի լավ կլիներ վարժեցնել եւ անհրաժեշտ տեսքի բերել փոքր բանակը։ Բանակը պետք է լինի հանդերձանքով ապահովված, զինված եւ կուշտ։ Անիմաստ է ձեռք բերել ծանր զինատեսակներ. մեր հարեւաններից եւ ոչ մեկի հետ մենք պատերազմելու պատճառ չունենք։ Նման քայլի դիմելու համար պետք է առնվազն խելագար լինել։ Ընդհակառակը, պետք է ձգտել ամեն կերպ բարելավել հարաբերությունները նրանց հետ։ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ դրանք առանց այդ էլ նորմալ են, Թուրքիան իրեն պահում է առավելագույնս կոռեկտ, ինչը չի կարելի ասել Ռուսաստանի մասին։ Վրաստանի համար իրական սպառնալիքը նրա տարածքային մասնատման փաստացի ձեւակերպումն է։ Ռուսաստանը սխալ է թույլ տալիս՝ մոռանալով, որ մեր երկիրը գոյություն ունի առնվազն 3000 տարի։ Բազմաթիվ մեծ տերություններ այստեղ պարտություն են կրել, եւ այդ բանը չպետք է անտեսել։ Շատ վաղուց մեր հյուսիսային հարեւանի հետ հարաբերություններում նման լարվածություն չի եղել։ Չարժե ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի պատճառով կորցնել մի ամբողջ ժողովուրդ, մի ամբողջ երկիր, եթե նույնիսկ Ռուսաստանը լիներ փոքր եւ թույլ։ Առավել եւս, երբ նա մեծ է եւ ուժեղ, երբ ուղղափառ երկիր է, եւ մենք էլ նրանից շատ բանով կախված ենք։ Իսկ մենք պետք է գլուխ հանենք մեր խնդիրներից եւ ծանրութեթեւ անենք բոլոր «դեմ» եւ «կողմ» հանգամանքները։ Մենք ձգտում ենք դեպի Եվրամիություն եւ ՆԱՏՕ, բայց հասկանալի է, որ առաջիկա տասը տարում մենք այդ նպատակին չենք հասնի։ Ուստի, չարժե շտապել։
- Ինչպե՞ս եք ընկալում «եվրոպական անվտանգություն» հասկացությունը, արդյո՞ք այն լիովին համապատասխանում է Վրաստանի շահերին:
Այո, անշուշտ, եթե խոսքը եվրոպական անվտանգության մասին է։ Բայց, ավաղ, Եվրոպան այդքան ուժ չունի, որպեսզի ապահովի Վրաստանի անվտանգությունը։ Հետեւաբար, չարժե շտապել դեպի Եվրոպա։ Եթե խոսքը ՆԱՏՕ-ի մասին է, ապա դա այլ բան է։ Իհարկե, առաջին հերթին հենց ամերիկացիներին է ձեռնտու, որպեսզի Վրաստանը մտնի ՆԱՏՕ եւ մուծի պահանջվող անդամավճարները։ Իսկ եթե Վրաստանը եւ Ամերիկան պայմանագիր ստորագրեն ռազմաբազաների վերաբերյալ, ապա ստիպված կլինեն վճարել ամերիկացիները. սա սթափ հաշվարկ է։ Մինչդեռ Եվրոպան ունի բարոյական հեղինակություն։ Նրա հետ հաշվի են նստում ե՛ւ Ամերիկան, ե՛ւ Ասիան, ե՛ւ Ռուսաստանը։
Ինձ զարմացնում է Ռուսաստանը, որը, լինելով այդ մշակույթի մի մասը, պարզապես հրաժարվեց նրանից։ Իսկ Թուրքիան, ընդհակառակը, այսօր ձգտում է մտնել այդ ընտանիք։ Բայց Եվրոպա մտնելու համար մեզանից շատ ժամանակ կպահանջվի. նախ՝ պետք է դառնալ եվրոպական երկիր։ Ենթադրենք, թե մեզ ընդունում են հենց այսօր։ Դա կլինի սարսափելի մի բան։ Եվրոպան ընդմիշտ կատի վրացիներին որպես այդպիսիք։ Դժվար չէ երեւակայել, թե ինչ կկատարվի ամբողջ Եվրոպայում… Օրինակ՝ հիմա Իսպանիայում, Ավստրիայում ավելի լավ է չտալ վրացիների անունը։ Պատճառը մեր հայրենակիցների վարքն է։
Բայց անվտանգության ապահովումը բարդ հարց է։ Ըստ էության, ՆԱՏՕ-ն իր ուժերով անվտանգությունն ապահովում է եվրոպական խորը թիկունքում։ Բայց երբ երկիրը գործնականում գտնվում է առաջին ճակատում, ապա անվտանգության հարցը վիճահարույց է։ Իսկ զինված հակամարտության դեպքում Վրաստանը կհայտնվի հենց առաջին գծում։
Ճիշտ կլիներ պայմանավորվել մեր անմիջական հարեւանների հետ։ Այսօրվա դրությամբ իսլամը Վրաստանը եւ նրա ժողովրդին թշնամի չի համարում։ Չնայած այն բանին, որ դարերի ընթացքում պատերազմներ են եղել, մենք չենք թողել այնպիսի հիշողություն, որը ստիպեր ատել մեզ։ Իսլամական աշխարհի հետ նորմալ հարաբերությունները նույնպես կապիտալ է, որը պետք է հաշվի առնել։
- Կարո՞ղ է, արդյոք, եվրաինտեգրման կուրսը, իրական ինտեգրումը ապահովել Վրաստանի կայուն անվտանգության ամրապնդումը:
Ոչ, չի կարող։ Մեր անվտանգությունը կարող է ապահովել միայն սեփական անկախ եւ ռացիոնալ քաղաքականությունը։ Մեզ պետք չէ, որ մեր հարեւաններից որեւէ մեկը՝ Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանը կամ Ադրբեջանը, հիմքեր ունենա մտածելու, որ մեր տարածքը կարող է օգտագործվել իր դեմ։ Իսկ եվրաինտեգրման հայտարարված կուրսն առայժմ ոչինչ չի ապահովում։ Եւ դա սկզբից եւեթ պարզ էր։ Բայց, սկզբունքորեն, այսօրվա դրությամբ ՆԱՏՕ-ն միակ կազմակերպությունն է, որն իրապես կարող է ապահովել անվտանգությունը։ Բայց ինչի՞ հաշվին, հանուն դրա ի՞նչ պետք է զոհաբերել։ Սա նույնպես պետք է պարզել։ Եթե դրա համար մենք կորցնում ենք մեր տարածքները, իսկ Ռուսաստանի ու Հայաստանի հետ մեր հարաբերությունները ընդմիշտ դառնում են թշնամական, ապա հազիվ թե դա մեզ ձեռք կտա։ Եթե տան մի պատը չկա, եւ անընդհատ քամի է փչում, ապա դժվար թե քեզ լավ զգաս՝ նույնիսկ հեռավոր անկյունում թաքնվելով։ Անհրաժեշտ է ամեն բան ինչպես հարկն է ծանրութեթեւ անել, ինչը մենք նոր ենք սովորում։
- Վրաստանի կայուն ապագան անվտանգության ո՞ր համակարգերին մասնակցության հետ եք կապում Դուք, երկրի պաշտոնական շրջանակները:
Իհարկե, մենք որպես տարածք պետք ենք ՆԱՏՕ-ին։ Ոչ ոք չի կասկածում, որ ամերիկացիներին, նախագահ Բուշին պետք են դաշնակիցներ։ Հատկապես Իրաքում ընթացող պատերազմի ձգձգման պայմաններում։ Իրականում, բազմաթիվ եվրոպական տերություններ, որոնք Ամերիկայի իսկական դաշնակիցներն են, այնտեղից դուրս են բերում իրենց զորքերը։ Գերմանիան առհասարակ այնտեղ զորք չի մտցրել։ Պետք է լավ մտածել` Վրաստանն ապագայում դրա կարիքն ունի՞, թե՞ ոչ։
- Համարվո՞ւմ են, արդյոք , Վրաստանի եվրաինտեգրումը եւ Եվրոպայի ընդլայնումը եվրոպական պրեվենտիվ անվտանգության տարրեր:
Եվրոպայի համար՝ անկասկած։ Ճիշտ է, որ դա այնքան էլ շուտ չի պատահի։ Կմիավորվի տարածքը, որը ոչ այնքան աշխարհագրական, որքան պատմամշակութային եւ քաղաքական առումներով համարվում է Եվրոպա։ Այս իմաստով, իհարկե, մենք Եվրոպայի մասն ենք։ Վրաստանը Հռոմեական կայսրության ավանպոստն էր դեռեւս 2000 տարի առաջ, եւ նրա բնակիչները կարող էին անարգել ճամփորդել Եվրոպայում։ Պատմությունն անհետ չի անցնում, թեեւ մեր ներկա իշխանությունները եւ նեոլիբերալները, գլոբալիստները համարում են, որ դա այդպես չէ։ Նրանք համարում են, որ գտնվում են ստերիլ լաբորատորիական պայմաններում։ Ամեն մարդ կրում է իր ծագման, դաստիարակության, ի սկզբանե տրված հատկությունների բեռը։ Դա փաստ է, եւ դա հաշվի չառնելը սխալ է։
- Որո՞նք են Վրաստանի ներքին եւ արտաքին անվտանգության սպառնալիքները: Դրանցից որո՞նք են գլխավորները Ձեր եւ Վրաստանի հասարակայնության տեսանկյունից:
Գլխավոր սպառնալիքը հասարակության մեկուսացվածությունն է։ Այն, որ հասարակությունը լռում է, ոչինչ չի նշանակում։ Լարվածությունը կուտակվում է։ Այսօր հասարակության մեջ առնվազն ապատիա է տիրում։ Բացակայում է իրական ժողովրդավարությունը, վարվում է անպատասխանատու տնտեսական քաղաքականություն, բյուջեն լցվում է գործարարներին «խուզելու» հաշվին, գործում է «ամեն ինչ՝ վաճառքի» սկզբունքը։ Ընդ որում՝ խոսում են հրաշալի մակրոտնտեսական ցուցանիշների մասին… Նույնիսկ պաշտոնապես գործազրկությունը հասնում է 40%, իսկ իրականում շատ ավելի շատ է։ Եւ սա ամենաիրական սպառնալիքն է։
Ինչպես նաեւ այն, որ մենք ոչ մի կերպ չենք կարողանում հասկանալ, որ մեր տարածքային խնդիրները ռազմատենչ հայտարարություններով չեն լուծվի, եւ պահանջվում է աբխազների եւ օսերի հետ կատարել դժվարին, շատ դժվարին աշխատանք։ Պետք է պատրաստ լինել ամեն ինչի, բազմաթիվ զիջումների։ Գուցե այդ ժամանակ գործը կշարժվի մեռյալ կետից։
Ինչ վերաբերում է արտաքին սպառնալիքին, ապա ես չեմ կարծում, թե որեւէ մեկը կարող է մեզ բացահայտորեն սպառնալ։ Համենայն դեպս, եթե խոսքը մեր հարեւանների մասին է։ Հազիվ թե որեւէ մեկը փորձի մեզ սպառնալ՝ անցնելով նրանց վրայով։ Վրաստանի համար հիմնական արտաքին սպառնալիքը իշխանությունների ստեղծած պատրանքներն են։ Դրանցից մեկը Ռուսաստանի սպառնալիքի պատրանքն է, մյուսը՝ շուտափույթ եվրոպական ինտեգրման կամ ՆԱՏՕ մտնելու։
- Ինչպե՞ս եք վերաբերվում «սահմանակից պետության անվտանգությունը մեր երկրի անվտանգության բաղկացուցիչն է» ձեւակերպմանը: Սահմանակից ո՞ր պետություններն են նպաստում Վրաստանի անվտանգության ամրապնդմանը, եւ հակառակը` խոչընդոտում են դրան:
Անկասկած, դա այդպես է, եւ ոչ միայն Վրաստանի դեպքում։ Հազիվ թե առանց Կանադայի անվտանգության կարելի լիներ խոսել ԱՄՆ-ի անվտանգության մասին… Ի միջի այլոց, նրանք ունեն հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգ։ Դա է՛լ ավելի հրատապ է փոքրիկ երկրի համար։ Եթե Ռուսաստանը համարի, որ Վրաստանի տարածքից իրեն ինչ-որ բան է սպառնում, ապա դա իսկապես կլինի սպառնալիք։ Իսկ եթե մեր երկիրը համարի նորմալ, բարեկեցիկ երկիր, ապա իրադրությունը սրելու իմաստ էլ չի լինի։ Բայց, մյուս կողմից, Ռուսաստանն այսօր չի հասկանում, որ եթե Վրաստանում իրադրությունը լինի նորմալ, հանգիստ, ապա նա կապրի եւ հաշվի կառնի իր մեծ հարեւանի շահերը։ Սակայն, Ռուսաստանն այսօր այդ գործընթացին չի նպաստում։ Դա փաստ է։ Թուրքիան չի խառնվում, իսկ եթե ինչ-որ բան ենք խնդրում, օգնում է։ Թուրքիան առավելագույն կոռեկտ վերաբերմունքն ունի Վրաստանի նկատմամբ։ Այդպես ստացվել է պատմականորեն, դեռ Աթաթուրքի ժամանակից։ Ո՛չ հայերին, ո՛չ ադրբեջանցիներին պետք չէ, որ Վրաստանում տիրի քաոս, անկայունություն։ Դա նրանց բացարձակապես ձեռնտու չէ։ Իսկ Ռուսաստանի հայացքն այս պահին լի է բարկությամբ, եւ այդ պատճառով նա գործնականում շուրջը ոչինչ չի տեսնում։
Ցավոք, այդ խնդիրը վերաճել է զգայական վիճակի, եւ Ռուսաստանում քաղաքական գործիչները միավորներ են հավաքում մեր երկրի հասցեին բոլորովին արտառոց հայտարարություններ անելով։ Դա մի քիչ խեղկատակության, խենթության է նմանվում։ Բազմաթիվ հիմքեր կան ենթադրելու, որ Ռուսաստանին ձեռք կտա, եթե մեր երկրում անկարգություններ եւ խառնաշփոթ սկսվի։ Առնվազն Ռուսաստանը չի ցանկանում, որ այստեղ գտնվեն ՆԱՏՕ-ի զորքերը, քանի որ դրանով կխախտվի նախկին խորհրդային տարածքների վրա կայսրության ազդեցության հավասարակշռությունը։ Նրան հետաքրքրում են նաեւ Վրաստանով անցնող էներգետիկ միջանցքները՝ գազատարներն ու նավթատարները։
- Հնարավո՞ր է, արդյոք, Հարավային Կովկասում տարածաշրջանային ու սուբտարածաշրջանային անվտանգության համակարգերի ձեւավորումը միջազգային հարաբերությունների արդի իրողությունների պայմաններում, ի՞նչ այլընտրանքներ կան:
Եթե Հարավային Կովկասի երկրների միջեւ լարվածություն չլիներ, ապա Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը կարող էին ստեղծել ուղղակի եզակի տարածաշրջան, փոքրիկ միացյալ Եվրոպա։ Ո՛չ այն Անդրկովկասյան ? Ֆեդերացիան, որը պարտադրեց Խորհրդային Միությունը։ Թեեւ Խորհրդային Միության շատ հակառակորդներ ընդունում էին, որ տնտեսական իմաստ այդ միավորումն ուներ։ Այդուհանդերձ, մնում են էթնիկական, կրոնական խնդիրները։ Մենք չենք պատերազմում, բոլոր քաղաքակիրթ ժողովուրդների նման վրացիներն ու հայերը մշտապես մրցակցում են։ Եւ դա բոլորովին էլ վատ չէ։
Պետք է համագործակցել, աշխատել, զարգանալ։ Ադրբեջանի հետ հարաբերությունները նույնպես վատ չեն, բայց բոլոր երեք երկրների մասին արդեն չենք կարող նույն բաներն ասել։ Եւ մեր` Հարավային Կովկասի բնակիչներիս համար դա լուրջ խնդիր է։ Եթե մենք կարողանանք հաղթահարել այդ խնդիրները, հրաժարվել որոշ բաներից, ապա տարածաշրջանում կարելի է ստեղծել զարգացման փայլուն պայմաններ։
Երեք պետությունները միասին կարող էին իրենց պայմանները թելադրել նույնիսկ ամենախոշոր եւ ուժեղ տերություններին՝ վերահսկելով եւ միավորելով հյուսիսը, արեւմուտքը, հարավը եւ արեւելքը։ Առանց մեզ չի կարող յոլա գնալ ո՛չ Արեւմուտքը, ո՛չ Արեւելքը։ Դա կարող էր լինել շատ ուժեղ տնտեսական եւ ռազմական տարածություն։
Թեեւ առանձին-առանձին մենք փոքր ենք, միասին կարող էինք լինել ուժ։ Մեզ հետ կարող էր հաշվի նստել ամբողջ աշխարհը։ Ցավոք, այդպիսի հեռանկարը հեռավոր ապագայի հարց է, թեեւ ես դրա համար կօգտագործեի բոլոր հնարավորությունները։ Եւ դա է գլխավորը, ինչով պետք է զբաղվեն Հարավային Կովկասի բոլոր երեք պետությունները։ Բայց, ավաղ, այսօր յուրաքանչյուր երկիր ձգտում է դեպի տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ։
Այսօր Վրաստանը կարող է միավորվել հարեւաններից որեւէ մեկի հետ։ Իսկ այդպես վարվել, նշանակում է փչացնել հարաբերությունը մյուս հարեւանի հետ։ Թեեւ Ադրբեջանի հետ սերտ կապեր ունենք էներգակիրների ոլորտում առկա համահունչ շահերի շնորհիվ, բայց սրա հետ կապված են նաեւ տարածքային խնդիրներ։ Իսկ Հայաստանի մոտ ճիշտ հակառակն է։ Դրան ավելանում է եւ հայ-թուրքական հարցը։ Ինչպես էլ որ այն անվանենք, գոյություն ունի խնդիր, որը տարածվում է նաեւ այդ երկու երկրների հարաբերության վրա։ Հասկանալի է, որ հայերն ունեն որոշ տագնապներ։ Եւ է՛լ ավելի անիմաստ են թվում որոշ ռուս քաղաքական գործիչների հայտարարությունները, ովքեր մեղադրում են Հայաստանը այն բանում, որ նա «երբեմն հայացքը գցում է դեպի Արեւմուտք»։
- Արդյո՞ք եվրոպական արժեքների հաստատումը բավարար պայման է Վրաստանի անվտանգության ապահովման համար:
Կարծում եմ, որ իրական հաստատումը կնպաստի դրան։ Եթե երկիրն իսկապես ժողովրդավարական է, ապա, իհարկե, նրան կպաշտպանեն։ Իսլամական երկրները հաճախ դժգոհում են, որ ԱՄՆ-ը օժանդակում է Իսրայելին։ Ամբողջ բանն այն է, որ, անշուշտ, Իսրայելը ժողովրդավարական երկիր է, որն իր մեջ է առել եվրոպական արժեքները. քաղաքական եւ տնտեսական համակարգերը, մշակութային իրադրությունը, ներհասարակական համակարգը։ Իսրայելն ունի հրաշալի բանակ, բայց, առանց Արեւմուտքի օժանդակության, չէր գոյատեւի։ Լավ կլիներ, եթե Վրաստանում էլ լիներ ժողովրդավարություն, պահպանվեին մարդու իրավունքները։ Մինչդեռ մեզ մոտ սերմանվում եւ խրախուսվում են միանգամայն արտառոց բաներ։ Իսկ եթե ժողովրդավարական արժեքներն իսկապես իրականություն դառնան, դա հնարավորություն կտա, որպեսզի երկիրը ստանա քաղաքակիրթ հասարակությանը վայել օժանդակություն։
Անվտանգություն եւ եվրաինտեգրում
«Եվրաինտեգրման երեք փորձ. հարավկովկասյան երկրների անվտանգություն եւ եվրաինտեգրում, եվրոպական արժեքներ» ծրագրի շրջանակներում, որին աջակցում է Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակությունը, Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» հետազոտական կենտրոնն անց է կացրել Հարավային Կովկասի երեք երկրների քաղաքական կուսակցությունների առաջնորդների հարցում «Հարավային Կովկասի երկրների անվտանգություն եւ եվրաինտեգրում» թեմայով: Տիպային հարցերին պատասխանել են երեք երկրներից 5-ական գործիչներ: Հարցումներն անցկացրել են ` Հայաստանում` Ռաֆայել Թեյմուրազյանը, Վրաստանում` Նինա Արգուտինսկայան, Ադրբեջանում` Շահին Ռզաեւը: Մենք շարունակում ենք ներկայացնել հարցազրույցների շարքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել