HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հասարակ» քաղաքացին անպաշտպան է բոլոր ոլորտներում

Ալվարդ Գասպարյան

Բժշկի անփութության պատճառով 2005թ. հոկտեմբերի 28-ին «Արմենիա» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, առանց գիտակցության գալու, մահացավ Երեւանի Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի, 21-ամյա Նունե Բաղդասարյանը:

Նունե Բաղդասարյանի մահվան պատմությունը ստիպեց անդրադառնալ տեղական բուժհամակարգի հետ կապված սեփական փորձառությանս։ Վստահ եմ, որ այն ծանոթ է շատերին, ովքեր առողջության հետ կապված խնդիր են ունեցել եւ ստիպված եղել այցելելու հայաստանյան որեւէ հիվանդանոց կամ պոլիկլինիկա։ Ընդ որում, դրանց «բարձրակարգ» կամ «ժամանակակից» լինելը պատկերն առանձնապես չի փոխում։

Այս տպավորությունը տարբեր բուժհիմնարկներ այցելելու եւ շատերին հարցուփորձ անելու արդյունք չէ միայն։ Այն, որ այստեղ «հասարակ» քաղաքացին հաճախ իրեն զգում է անօգնական եւ անպաշտպան՝ ստիպված լինելով մարսել բժշկի եւ ողջ համակարգի անտարբերությունը սեփական առողջության եւ կյանքի նկատմամբ, զարմանալի չէ։ Ավելին, պատրաստ ենք անգամ ընդունելու մեր «նվաստ» կարգավիճակը եւ կուլ տալու որոշ վիրավորական ակնարկներ, երբ ստիպված ենք դիմել պրոֆեսիոնալի որոշակի համբավ ձեռք բերած բժշկի՝ «գոնե լավ կվիրահատի ... »։

Սրա համար պետք չեն հատուկ ջանքեր, «հասարակ» հայաստանցին որտեղ ասես չի բախվում նման իրադրության։ Միանշանակ կարելի է արձանագրել, որ Հայաստանում հասարակական եւ տնտեսական շատ ոլորտներ այսօր գործում եւ ձեւավորվում են որոշակի սկզբունքների շուրջ, որոնցում քաղաքացու արժանապատվության եւ նրա հիմնական իրավունքների հանդեպ նվազագույն հարգանքը տեղ չունի։

Ո՞ր մեկը թվարկեմ ... Այդպիսին է հասարակական տրանսպորտը, որտեղ հեշտությամբ տրորվում է ամեն տեսակ հպարտություն եւ արժեք։ Այդպիսին են այն պայմանները, որոնցում շատերս ենք աշխատում. այստեղ ստրկատիրոջ հակումներ ունեցող գործատերերը, թերեւս, ամենամեծ ազատությունն ունեն. չէ՞ որ մեր պետությանը նախ եւ առաջ հետաքրքրում են մասնավոր ոլորտում ներդրումները։

Եվ բնական է, որ համատարած ու բացահայտ խախտումների եւ կառավարության անտարբերությամբ լի այս իրականության մեջ պաշտպանվելու հուսալի լծակներ չունեցող քաղաքացին հաճախ նախընտրում է լռել, հանդուրժել եւ համակերպվել։ Այսպես է հատկապես, երբ նժարի վրա դրված է սեփական կամ հարազատի առողջությունն ու կյանքը, եւ հայտնվում ենք բժշկից ու բուժհիմնարկից անմիջական կախվածության մեջ։

Եթե մեր ճաշակին ու պահանջներին հարմար սրճարան ընտրելու ազատություն այսօր ունենք, բժիշկ եւ հիվանդանոց ընտրելու հնարավորությունը ոչ միշտ է, որ առկա է։ Պատճառներից մեկը, թերեւս, այն է, որ բուժսպասարկման կազմակերպումը գործարարից կպահանջեր շատ ավելի մտավոր կարողություններ եւ ջանք, քան, ասենք, սրճարանների հիմնումը։ Այսուհանդերձ, ակնհայտ է, որ բուժհիմնարկներին բնորոշ շատ խնդիրներ, որոնց բախվում է քաղաքացին, պայմանավորված են որակի եւ պատասխանատվության ապահովման մեխանիզմների բացակայությամբ, որոնք պետք է գործադրվեն պետության կողմից՝ պաշտպանելու քաղաքացու շահերը։

Եթե անգամ ամբողջությամբ վճարում ես բժշկական ծառայության դիմաց պահանջվող գումարը, միեւնույն է, այս հիմնարկներում սովորաբար «ընդունելի» կեցվածք է համարվում «խնդրողի» դերը։ Հնազանդ դեմքի արտահայտությամբ պետք է սպասես դռան ետեւում եւ չհանդգնես ընդվզել, եթե քեզանից առաջ է ընկնում «կարեւոր» մեկի կողմից ուղարկվածը կամ էլ ստիպված ես ժամերով անոթի սպասել անալիզներ հանձնելու թույլտվություն ստանալու համար ... Այլապես, «Նաիրի» բուժկենտրոնում օրինակ, հետեւանքը կարող է լինել այն, որ վիրահատությունը հետաձգվի եւս մեկ շաբաթով, ընդ որում՝ բժշկի կողմից առանց դրսեւորելու նվազագույն հետաքրքրություն, թե տվյալ պահին ինչպես է զգում իրեն հիվանդը եւ հետաձգումն ինչպես պիտի անդրադառնա նրա առողջության վրա ... Փոխարենը՝ «հիմա հանգիստ կարող եք գնալ եւ ճաշել» ...

Եթե բժշկական խորհրդատվության գումարը հիմնականում ֆիքսված է՝ 3000-ից 5000 դրամ, ապա որեւէ կերպ կարգավորված չէ խորհրդատվության տեւողությունը կամ որակը։ Ասենք՝ կարելի՞ է մի ձեռքում ունենալ անընդհատ զանգող բջջային հեռախոս, մյուսում՝ հիվանդի նյարդերը ստուգելու գործիք, կամ՝ կարելի՞ է «ոտքի վրա», 1-2 րոպեում ընդունել վիրահատության խնդրով դիմող հիվանդին՝ ասելով, թե վիրահատության վճարի ու այլ մանրամասների մասին չի խոսի, մինչեւ չհամոզվի, որ հաստատ իր մոտ պիտի վիրահատվես ...

Իհարկե, արդար չէ ընդհանրացնել իրադրությունը, քանի որ իսկապես կան բարեխիղճ մասնագետներ։ Սակայն «Նաիրի» եւ հատկապես «Էրեբունի» բժշկական կենտրոնի հետ ունեցած շփումս առավելապես տհաճ հուշեր է արթնացնում։ Հետագայում, երբ հետվիրահատական խնդիրներով մի անկախ բժշկի դիմեցի, նա ասաց՝ «պետք չէր գնալ Էրեբունի, այն միայն հարուստների համար է»՝ թերեւս նկատի ունենալով, թե այնտեղ լիարժեքորեն ուշադիր են այս կարգի մարդկանց հանդեպ ...

Սուրճ խմող ու աթոռից ծուլությամբ կտրվող, դեմքի դժգոհ արտահայտությամբ աշխատակիցներ, հայտարարված վճարից ավելին կորզելու խղճուկ եղանակներ, մշտապես շտապող բժշկի կոպիտ եւ անտարբեր վերաբերմունք, աղմկոտ հիվանդասենյակ ... ահա սա եմ մտապահել Էրեբունի հիվանդանոցից։ Ո՛չ վիրահատությունից առաջ, ո՛չ էլ հետո քիթ-կոկորդի մասնագետը հարկ չհամարեց ինձ ներկայացնել վիրահատության էությունը, դրա նշանակությունը, հետեւանքները եւ այլն։

Այստեղ դու պարզապես հոսքագծի անշունչ, ստանդարտ մի առարկա ես, որին վիրահատելուց անմիջապես հետո մոռանում են, իսկ քո մարդկային զգացումները ամենեւին հետաքրքիր չեն նրանց ( «քիթ է, էլի, ի՞նչ ես խառնվել») ։ Վիրահատությունից առաջ ստիպված էի Ինտերնետում փնտրել ինձ հետաքրքրող տեղեկությունները։ Թեեւ նախկինում ունեցել էի այլ վիրաբույժերի ու պոլիկլինիկայի բժիշկների հետ զրույցներ, դրանցից ոչ մեկը լիարժեք եւ համոզիչ չէր. վիրաբույժը շահագրգիռ է վիրահատել, պոլիկլինիկայի բժիշկը՝ տեւականորեն բուժել ... Ինտերնետում գտա մի փաստաթուղթ, որը ստորագրում է հիվանդը վիրահատվելուց առաջ։ Այնտեղ կան այսպիսի տողեր. «Ես/մենք ունեցել ենք հնարավորություն տալու հարցեր մեր վիճակի, բուժման այլընտրանքային ձեւերի, չբուժվելու ռիսկերի, օգտագործվելիք պրոցեդուրաների, ներգրավված ռիսկերի եւ վտանգների մասին, եւ ես/մենք ստացել ենք բավարար տեղեկատվություն՝ տալու այս տեղեկացված համաձայնությունը։ Ես/մենք հաստատում ենք, որ այս փաստաթուղթը մեզ ամբողջությամբ բացատրվել է, եւ մենք հասկանում ենք դրա բովանդակությունը ... »։ Մեր «բազմազբաղ» բժիշկների եւ բուժհիմնարկների համար, անշուշտ, «հասարակ» մարդու հանդեպ նման ուշադրությունը շռայլություն կդիտվեր ...

Քանի որ վիրահատության շուրջ բժշկի հետ հանգամանալից զրուցելու հնարավորություն չէի ունեցել եւ չունեի վստահություն, թե վիրահատելիս նա ինձ կմտաբերի եւ կկատարի բոլոր գործողությունները, որոնք ես ակնկալում էի համատեղել մեկ վիրահատության շրջանակում, վիրահատության հաջորդ օրը բժշկին խնդրեցի նկարագրել, թե ինչպես անցավ վիրահատությունը, ինչ կատարվեց։ «Ինչ պետք էր, արել ենք»,- սա էր միակ պատասխանը։ «Իսկ միջնապատն ուղղե՞լ եք» հարցիս պատասխանեց՝ այո։ Այնինչ, վիրահատությունից անմիջապես հետո վիրահատարանում մեկ այլ բժիշկ հակառակ պատասխանն էր տվել ...

Հետագայում առիթ եղավ հանդիպել եւ խոսել «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանի հետ (նա է «Էրեբունի» եւ «Նաիրի» բժշկական կենտրոնների սեփականատերը ) ։ Հ. Քուշկյանը նշեց, թե շատ է կարեւորում նման զրույցները եւ որ անպայման պիտի հաշվի առնի դիտարկումներս։ Սակայն նրան հետաքրքրում էր առավելապես վճարման հետ կապված հարցերը` ում եմ վճարել, ինչքան եւ այլն։ Չգիտեմ, թե արդյունքում ինչ-որ բան փոխվե՞լ է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Երբ պարզվեց, որ վիրահատությունից հետո ինձ էպիկրիզ չի տրվել, տնօրենը խիստ զարմացավ, վրդովված զանգեց հիվանդանոց եւ պահանջեց ներկայացնել այդ փաստաթուղթը՝ խոստանալով, թե ստանալուն պես այն ինձ կփոխանցի։ Այն ինձ չտրվեց, եւ հետագայում նրա օգնականին ուղղված SMS հարցումս արձագանք չունեցավ։ Հավանաբար, նրանք պարզել էին ինչ իրենց հատկապես հետաքրքրում էր՝ արդյոք տվյալ բժիշկը պարտաճանաչ կերպով «կիսվու՞մ է» ....

Այսօր բուժսպասարկման ոլորտում կատարվող ներդրումների արդյունքում նորոգվում են շինություններ, ներմուծվում նոր տեխնոլոգիաներ, բժիշկներին ընձեռվում արտերկրում վերապատրաստվելու հնարավորություններ եւ այլն։ Այսուհանդերձ, բարեփոխումների ներկա գործընթացներն առանձնապես մտահոգ չեն քաղաքացու իրավունքների պաշտպանությամբ։ Միանշանակ է, որ այսօր տեղական բուժհիմնարկներում կարիք կա մեխանիզմների, որոնք կապահովեն, որ յուրաքանչյուր քաղաքացի ստանա հարգալից վերաբերմունք եւ լիարժեք ու որակյալ բժշկական սպասարկում՝ ըստ պետության կողմից սահմանված չափանիշների։ Քաղաքացին պետք է հնարավորություն ունենա պահանջելու պատշաճ բժշկական աջակցություն, եւ նրան պետք է մատչելի լինեն բժշկին ու բուժհիմնարկին պատասխանատվության հրավիրելու գործուն եղանակներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter